HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ջերմուկի բնակիչ. «Որ զանգում ենք շտապօգնություն՝ կատաֆալկեն էլ հետն ենք պատվիրում»

«Մահացածի մասին կամ լավ, կամ ոչինչ, եթե չկա դրական ասելիք» սկզբունքով առաջնորդվելով՝ ջերմուկցիները «արդյո՞ք գոհ եք քաղաքում գործող միակ առողջության կենտրոնի գործունեությունից» հարցին ի պատասխան հիմնականում բավարարվում են ուսերը թոթվելով: «Ուրա ըտեղ առողջության կենտրո՞ն,-հարցիս հարցով է պատասխանում զրուցակիցներիցս մեկը,-ինձ որ պետք է լինում՝ ես Երեւան եմ գնում՝ ըստեղ իմաստ չունի դիմելը»:

Մարդկանց հիշողություններում դեռ թարմ է անցած տարի տեղի ունեցած դեպքը, երբ սխալ սրսկման պատճառով մահացել էր բնակիչներից մեկը: 2016թ. նոյեմբերի 3-ին, «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի շտապբուժօգնության ծառայության բժիշկ Արտակ Գեւորգյանն ու բուժքույր Նվարդ Հակոբյանը կանչով մեկնել էին Ջերմուկ քաղաքի բնակիչ Գ. Գրիգորյանի բնակարան։ Տանտերն ունեցել է բարձր ճնշում եւ կրծքավանդակի սուր ցավեր: Նախնական տվյալներով՝ առանց հաշվի առնելու հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքը՝ կատարել էին մի շարք ներարկումներ, ինչի հետևանքով Գ. Գրիգորյանը կորցրել էր գիտակցությունը և մահացել:

 

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Բնակչին ներարկում կատարած բժիշկ Արտակ Գեւորգյանը մասնագիտությամբ գինեկոլոգ է, հիվանդանոցի երկարամյա եւ փորձառու բժիշկներից է համարվում: Նա հիմա էլ է շարունակում աշխատել կենտրոնում, մինչեւ նախաքննությունն ավարտվի եւ հաստատվի կամ հերքվի մեղադրանքը:

«Էս դեպքից հետո, որ զանգում ենք շտապօգնություն՝ կատաֆալկեն էլ հետն ենք պատվիրում»,-կատակում է ջերմուկցի զրուցակիցս: 

Բուժաշխատողի անտարբերության պատճառով մեկ այլ ցավալի դեպքի մասին էլ են պատմում ջերմուկցիները: Դեպքը տեղի է ունեցել անցած տարի: Կրծքավանդակում զգացած սուր ցավերի գանգատով տղամարդը Գնդեվազից սեփական մեքենայով հասել է Ջերմուկ ու ցանկացել հետազոտվել առողջության կենտրոնում: Բուժքույրը հայտնել է, թե բժիշկը տանն է, չեն կարող կանչել եւ հիվանդին առաջարկել է հաջորդ օրը գալ: Տղամարդը վերադարձել է տուն ու նույն երեկոյան էլ հանկարածամահ եղել: Ասում են, որ մահացածը նորաթուխ միլիոնատերերից էր, ում հողատարածքը գնել էր «Լիդիան Արմենիա»-ն:

Ջերմուկցիներիցս մեկն այս առիթով նկատում է. «Մարդն իրան կորցրել էր երեւի էդքան փող տեսնելով՝ Երեւան տուն առավ, ավտո առավ՝ չէր կողմնորոշվում ոնց վարվի մնացած գումարի հետ՝ խանութ բացի, թե ինչ անի, անընդհատ մտքերի մեջ էր՝ վերջն ինֆարկտ ստացավ»: 

«Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն միավորում է ստացիոնար, ամբուլատոր բուժօգնության եւ շտապօգնության ծառայությունները՝ սպասարկելով հիմնականում Ջերմուկ եւ Կեչուտ համայնքների բնակիչներին(մոտ 6300 բնակիչ): Կենտրոնում մատուցվում են առաջնային բուժօգնության ծառայություններ եւ խորհրդատվություն: Լուրջ հետազոտության կամ վիրահատական միջամտության համար բնակիչներն ուղեգրվում են Վայքի կամ Երեւանի բուժհաստատություններ:

 

«Պատճառը կադրերի բացակայությունն է, որ չենք կարողանում լիարժեք սպասարկել բնակչությանը, ինչպես նաեւ մի շարք սարքավորումների»,-բացատրում է կենտրոնի տնօրեն Մանուշակ Նալբանդյանն, ով ընդամենը 3-րդ տարին է ինչ ղեկավարում է կենտրոնը: «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն ունի 33 աշխատակից: Որոշ բուժաշխատողներ համատեղում են աշխատանքը ստացիոնարում եւ շտապօգնության ծառայությունում:

«Ցանկալի է, որ առաջնահերթ լրացվի բժիշկ-մասնագետների բացը: Գինեկոլոգ, թերապեւտ, վիրաբույժ, շտապօգնության բժիշկ՝ այս մասնագետների բացն է շատ զգացվում,-ասում է կենտրոնի տնօրենը,-հիմա շտապօգնության ծառայությունում ունենք երկու բժիշկ ընդամենը, մեկը թերապեւտ է, մյուսը գինեկոլոգ, որ համատեղում է աշխատանքը ստացիոնարում»: Սոնոգրաֆիստի եւ մանկաբույժի աշխատանքն է համատեղում նաեւ կենտրոնի տնօրենը:

 

Բժշկական կենտրոնի տարեկան ֆինանսավորումը 40-50 մլն դրամ է, որ ծախսվում է աշխատավարձի, դեղորայքի ձեռք բերման եւ կոմունալ վարձերի վրա: Նման ֆինանասավորման պայմաններում հնարավոր չէ բնականաբար մտածել նոր սարքավորումներ ձեռք բերելու մասին: Կենտրոնում առկա բուժսարքավորումները ժառանգություն են մնացել խորհրդային տարիներից եւ 1970-80-ակաների արտադրության են, ինչպես օրինակ ռենտգեն-ֆլուրոգրաֆիայի ապարատները: Ամենաթարմը սոնոգրաֆիայի սարքավորումն է, որ կենտրոնը ստացել է 2007թ-ին:

 

Շտապօգնությանը պատկանող երկու մեքենաներից միայն մեկն է օգտագործվում ձմռանը: «Մեր ավտոները ամառային ու ձմեռային են,-կատակում է վարորդներից մեկը,-էն մի ավտոն սաղ ձմեռ կանգնած է՝ ամռանն ենք օգտագործում միայն»: Ավտոպարկում որպես թարմացում կարելի է դիտարկել 5 տարի առաջ «Լիդիան Արմենիայից» նվեր ստացած մինիմոբիլը:

 

Կենտրոնի լաբորատորիայում եւս նոր սերնդի սարքավորումներ չես գտնի: Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած սարքավորումները 100 տոկոս ճշգրտություն չեն ապահովում: «Արմենիա» առողջարանի բժիշկ Կամո Ասատրյանն արդեն երկրորդ ամիսն է համատեղության կարգով աշխատում է կենտրոնում թոշակի գնացած լաբորանտ-բժիշկի փոխարեն: Ասում է, որ ձեռքի տակ առկա սարքավորումներով կատարում են կենսաքիմիական հետազոտություններ, սակայն ստացված արդյունքի ճշգրտությունը չեն կարող երաշխավորել:

Ջերմուկցի կանայք շուրջ 8 տարի է ծննդաբերում են Վայքի ծննդատանը: «Էնպես չի, որ մենք պարտադրում ենք, որ գնան Վայք կամ Եղեգնաձոր,-ասում է կենտրոնի տնօրեն Մանուշակ Նալբանդյանը,-մեր ծննդատունը պաշտոնապես փակված չէ, բայց գործում է միայն խորհրդատվական մակարդակով: Երբ հարկ է լինում՝ ծնունդ ընդունում ենք: Օրինակ մեկ ծնունդ ընդունել ենք 2016թ-ի հունվարին: Էդ օրը բուք էր, ճանապարհները փակ ու ծննդկանին հնարավոր չէր տեղափոխել այլ հիվանդանոց»:

Բքի եւ փակ ճանապարհների պարագայում խորհուրդ չի տրվում ջերմուկցիներին կույր աղիքի կամ լեղապարկի հանկարծակի ու շտապ վիրահատական միջամտության կարիք զգալ՝ կենտրոնը չունի վիրահատարան եւ գործող վիրաբույժ: «Բազմիցս դիմել ենք առողջապահության նախարարություն, որ չունենք մասնագետներ, բայց դեռ արձագանք չկա»,-նկատում է Մանուշակ Նալբանդյանը:

 

«Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի ծառայություններից հիմնականում օգտվում է բնակչության մեծամասնություն կազմող անվճարունակ հատվածը: Ջերմուկցիները խոստովանում են. եթե ընտրության հնարավորություն եւ գումար ունենան՝ կօգտվեն մայրաքաղաքի մասնագիտացված բուժկենտրոններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter