HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ձնեմարդուկների փառատոն Ջերմուկում

Տաք ջրերի ըմպելասրահ տանող ճեմուղու սկզբնամասում կուտակված սառցաբլուրների մոտ աշխույժ եռուզեռ է: Բահերով, դույլերով ու բրիչներով զինված տարբեր տարիքային խմբի պատանիներ ու աղջիկներ մարդաբոյ ձնաբեկորներից փորձում են ստանալ թղթի վրա դրոշմված էսքիզների կրկնապատկերները: Ի՞նչ կքանդակեն եւ ինչպես՝ պարզ կդառնա օրվա վերջում: Ուշադրությունս գրավում է Ջերմուկի փոքրիկ բնակիչներից մեկը՝ Նորայրը, որ ջանադրաբար ձնից մաքրում է իրեն հատկացված տարածքը՝ ոչ մի սառցասար, միայն հարթ տարածք: Քանդակվող կերպարի մոտավոր պատկերացում հնարավոր չէ ստանալ՝ նայելով տղայի գործողություններին:

«Պուճուր, ա՛յ պուճուր, դու ինչ որ բան պատրաստելու՞ ես»,-հարցնում եմ տղային: Նորայրը սկզբում չի կռահում, որ հարցն իրեն է ուղղված, քանի որ շրջապատած հանդիսատեսն ու խորհուրդ տվողները եւս «պուճուր»-ների դասից են: «Թունել եմ սարքելու»,-ի վերջո գլխի ընկնելով, որ հարցն իրեն է ուղղված՝ լարվածությունից կարմրած դեմքին տարածելով լայն ժպիտը՝ պատասխանում է Նորայրը: Հարեւանությամբ աշխատող երեք խմբերն արդեն իսկ սկսել են ձյան քառակուսի մեծ կույտերից ստանալ նախանշված կերպարները: Փորձում եմ կռահել՝ կանացի կոշիկնե՞ր, գլոբու՞ս, Պիզայի աշտարա՞կ: Հետո արդեն երկրորդ օրվա վերջում պիտի պարզ դառնար, որ իմ երեւակայած կերպարներն իրականում գայլեր էին(կանացի կոշիկները), արջ(գլոբուսը) եւ ԱՄՆ խորհրդանիշ Ազատության արձանը(Պիզայի աշտարակը):

«Ձնեմարդուկ-2017» սառցե քանդակների փառատոնի մեկնարկն այս անգամ ազդարարվեց փետրվարի 17-ին: Ջերմուկում վերջին հինգ տարիներին կազմակերպվող փառատոնի մտահղացման հեղինակներն են 2012 թ-ին ստեղծված «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վազգեն Գալստյանն ու «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Սյուզաննա Ավետիսյանը: Առաջին անգամ «Ձնեմարդուկ» փառատոնը կազմակերպվել է 2012թ-ին, միայն թե քաղաքային մասշտաբով՝ ցանկացել են հասկանալ, թե ինչ հաջողություններ կգրանցեն: Հաջորդ տարի ընդգրկել են մարզը՝ Եղեգնաձորից եւ Վայքից մասնակիցներ են եղել, ովքեր քանդակներ են պատրաստել:

2014թ-ից սկսած փորձել են համապետական նշանակության անել՝ արձագանքողներն եղել են միայն մայրաքաղաքից: Այդ տարի Երեւանից մոտ 300 մարդ է այցելել, որոնցից 80-ը գիշերակացով մնացել են Ջերմուկում: 2015թ-ի կարելի է ասել փառատոնի կազմակերպիչների համար այցելուների քանակով «բում» է եղել՝ Երեւանից Ջերմուկ այցելած հյուրերի թիվը հասել է 700-ի:

Նրանցից 189-ը գիշերակացով մնացել են Ջերմուկում: 2016թ-ին փառատոնը չի կազմակերպվել: Այս տարի կազմակերպիչներն հույս ունեին Ջերմուկ բերել 1000 մարդու, սակայն ակնկալիքները չարդարացան՝ մոտ 400 հյուր Երեւանից, Վայքից ու Եղեգնաձորից:

«Ճիշտն ասած տեղեկատվության տարածումն ուշ արեցինք, ֆինանսավորումն էլ կարելի է ասել վերջին պահին եղավ,-բացատրում է Վազգեն Գալստյանը,-անցած 4 փառատոններն առանց աջակցության ենք արել՝ ընկերների, ծանոթների միջոցով: Այս տարի համայնքապետարանը մոտ 1,5 մլն դրամի աջակցություն ցույց տվեց, որից 700 հազարն էր գումարի տեսքով, մնացածը տեխնիկական էր կարելի է ասել: Մարդկային ռեսուրսի առումով դրական էր համագործակցությունը Ջերմուկի երիտասարդական կենտրոնի կամավորների հետ: Ափսոս, որ չկարողացանք կրկնել 2015 թ-ի ցուցանիշը, թեպետ այս տարի նորարարություն էլ էինք մտցրել՝ օրինակ սառցամագլցումը: Կարող եմ ասել, որ այս տարի ծրագիրն ավելի բազմազան էր, բայց արձագանքողներ քիչ եղան: 7 արշավախումբ ենք ընդունել, կոպիտ հաշվարկով մոտ 350-400 հյուր ենք ունեցել, բայց գիշերակացով մնացել է 120 հոգի»:

Slackline, սառցամագլցում, կրակներով պար, Winter Cold Party եւ հեծանվային Downhill

Ըմպելասրահի սյուներին ամրացված ճկուն ժապավենների վրա քայլելու իրենց հմտությունը փորձել ցանկացողները շատ են՝ տարածությունն ինքնուրույն եւ մինչեւ վերջ հաղթահարողներն՝ եզակի: Մինչեւ Արփայի կիրճ իջնելն ու սառցամագլցմանը մասնակցելը դեռ ժամանակ կա եւ արշավականներն իրենց ուժերն են փորձում լարախաղացության բարդ ասպարեզում, որ փառատոնի կազմակերպիչները կոչել են մեկ բառով՝ Slackline(անգործության գիծ):

Ըմպելասրահում ավարտելով լարախաղացության ընկերական մրցույթը, արշավականների 2 խումբ ուղեւորվում է Ջերմուկի ջրվեժ, որի հարեւանությամբ նախատեսված է սառցամագլցումը: Նրանք, ովքեր փորձելու են հաղթահարել սառցասարը՝ հիմնականում ունեն միայն լեռնամագլցման փորձ: «Պիտի փորձենք,-խոստովանում է «Արահետ» բնապահպանական գիտամշակութային հկ-ի ԱրՇավիղ ակումբի նախագահ Արա Հարությունյանը,-էստեղ գտնվողներս այսպես, թե այնպես լեռնամագլցման փորձ ունենք, բայց սառցե մակերեսով առաջին անգամ ենք մագլցելու»:

Արան խոստովանում է, որ «Ձնեմարդուկ» փառատոնին առաջին անգամ է մասնակցում: Նախորդ տարիներին ցանկություն ունեցել է աջակցել փառատոնի կազմակերպմանը, փորձել խմբեր բերել,սակայն չի ստացվել ժամանակի առումով: Համարում է, որ Ջերմուկում տուրիզմի զարգացման հետ կապված դեռ շատ անելիքներ կան՝ գիշերակացի էժան տարբերակներ, երեկոյան զվարճանքի վայրեր, բյուջետային տուրիստին գրավող այլ ատրիբուտները հիմնականում բացակայում են. «Պետք է մատչելի լինի, որ եկողը ցանկանա էդ երեք-չորս օրը մնալ»,-նկատում է Արա Հարությունյանը:

Նույն կարծիքին է նաեւ արշավականների խմբին միացած Կարինե Հակոբյանը: «Ես լեռնագնացությամբ արդեն 1,5 տարի է զբաղվում եմ, «21 աստիճան» լեռնային խմբից եմ, ձգտում ենք Հայաստանում տարածել տուրիզմի այս ձեւը՝ մեր մոտ էլ ինչն է շատ՝ լեռները,-Կարինեն ծիծաղում է,-անցյալ տարի հայկական լեռնագնացության համար կարելի է ասել նվաճումների տարի էր՝ երկու անգամ Էվերեստը նվաճեցին հայ լեռնագնացները: Ինչ վերաբերում է Ջերմուկին՝ երկրորդ անգամ եմ գալիս, իսկ սառցամագլցմանը մասնակցելու եմ առաջին անգամ: Շատ ուրախացա, որ նման փառատոն կա, ու որ այս տարի սառցամագլցում են ներառել: Վստահաբար կասեմ՝ եթե մյուս տարի էլ լինի, անպայման գալու եմ»:

Իսկ ահա Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան երկրորդ անգամ է մասնակցում «Ձնեմարդուկ> փառատոնին: «Դե, ըստ ծրագրի, փառատոնի 3-րդ օրը նվիրվելու էր հեծանվային սպորտին,-ասում է ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը,-մենք արդեն երկրորդ անգամ ենք գալիս, առաջին անգամ 2015 թ-ին անցկացված փառատոնին ենք մասնակցել, այս տարի էլ որոշեցինք Վազգեն Գալստյանի նախագծին ավելի ճոխություն հաղորդել ու Հայաստանի սիրողական հեծանվասպորտի մարզային գավաթի 5-րդ մրցաշարն անցկացնել Ջերմուկում: Ուզում ենք ապացուցել, որ ձյան վրա էլ կարելի է հեծանիվ վարել այնպես, ինչպես ասֆալտին ու առավել հաճույք ստանալ, քանի որ էստեղ էքստրիմ շատ է: Նաեւ ցանկություն կա Ջերմուկը ներկայացնելու որպես զբոսաշրջային գոտի եւ հեծանվասպորտի մրցաշարերի կազմակերպման հիանալի վայր»:

Կդառնա՞ Ջերմուկը ձմեռային տուրիզմի կենտրոն

«Այո՛,- հաստատակամ պատասխանում է Վազգեն Գալստյանը,-եթե լինի սրտացավություն եւ համապատասխան ֆինանսավորում: Ես հաշվարկել եմ, որ փառատոնը Հայաստանի մակարդակով նորմալ կազմակերպելու համար հարկավոր է 3 մլն դրամ: Իսկ եթե ուզում ենք շրջանակն ընդլայնել՝ ապա կարծում եմ ներդրումն էլ պիտի ավելին լինի: Տեսեք, մենք երկրորդ տարին է պայմանավորվածություն ունենք Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի հետ, հրավիրում ենք բարձր կուրսերի ուսանողներին եւ նրանց ծախսերը մենք ենք հոգում: Այս տարի վեց հոգու ենք հրավիրել՝ այսինքն երեք խումբ, բայց կարող էինք չէ՞ ավելի շատ մարդ ընդգրկել, եթե գումարները բավարարեին: Նաեւ մեծ է ցանկությունը փառատոնը ճանաչելի դարձնել արտասահմանցիների համար ու նրանց բերել Ջերմուկ՝ ձմեռային տուրիզմը վայելելու»:

Վազգենը համոզված է, որ եթե կարողանան փառատոնին մասսայականություն ապահովել, պահպանել անընդհատականությունը, կարողանան մարքեթինգը ճիշտ կազմակերպել, որ մարդիկ գան եւ մնան Ջերմուկում՝ օգտվելով հյուրանոցներից եւ վարձով տներից, ապա կարելի է վստահաբար ասել, որ զբոսաշրջային սեզոնն էլ կերկարի:

«Հիմա մեր առաջ նպատակ ենք դրել Ջերմուկը դարձնելու ձմեռային տուրիզմի կենտրոն: Կարծում ենք կհաջողենք»,-ասում է Վազգեն Գալստյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter