HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սփյուռքի նախարարության միջոցառումների հերթական «խմբաքանակը» կարժենա մոտ 18 միլիոն դրամ

Սփյուռքի նախարարությունը շատ միջոցառումներ է կազմակերպում և այդ նպատակով վարձակալում տարածքներ, դահլիճներ, ինչը զգալի ծախս է պետության համար: Մասնավորապես՝ «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ը փետրվարի 20-ին հերթական «խմբաքանակ» միջոցառումների վերաբերյալ պայմանագրերն է կնքել՝ մոտ 18 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:

Հայաստանում սփյուռքյան հայկական կազմակերպությունների հետ միջոցառման կազմակերպման համար 1 օրվա դահլիճի ձևավորման պայմանագիր է կնքվել: Դահլիճը պետք է նախատեսված լինի առնվազն 400 մասնակցի համար: Պետք է վարագույրներով ձևավորված լինի, ինչպես նաև համապատասխան սարքավորումներով կահավորված՝ 5 հատ բարձրախոսեր հեռակառավարման և լարային իրենց հենակներով, իսկ դահլիճը պետք է ձևավորված լինի բնական ծաղիկներով: Բացի այդ, տվյալ միջոցառման համար անհրաժեշտ է ապահովել բեմական զգեստներ վարձակալական կամ այլ հիմունքներով:

Ծրագրի մասնակիցներին անհրաժեշտ է ապահովել նաև մեկ օր 1 հատ 50 տեղանոց տրանսպորտային միջոցով՝ Երևանում տեղափոխում կազմակերպելու համար:

Նույն ծրագրի շրջանակում պետք է կազմակերպվի նաև սննդի ծառայություններ՝ 2 օրվա համար 50 մարդու հաշվով օրական 2 անգամ: Այն ներառում է 2 տաք ճաշատեսակ, 1 սառը ճաշատեսակ, մսի և պանրի հավաքածու, 3 տեսակի աղցաններ, ձիթապտուղ, հացի հավաքածու, ոչ ոգելից ըմպելիքներ` բնական հյութեր, գազավորված խմիչքներ, սովորական ջուր, սուրճ, թեյ, միրգ և խմորեղեն:

Իսկ 200 հատ հրավիրատոմսի համար նախատեսվում է համակարգչային ձևավորում և գունավոր տպագրություն: Այս ապայմանագրի արժեքը կազմում է 1 միլիոն 600 հազար դրամ:

Սփյուռքի նշանավոր անհատների միջոցառումների կազմակերպման համար նախատեսված է երկու միջոցառումների կազմակերպում: Մի դեպքում 1 օրով պետք է լինելու դահլիճ Հանրապետության հրապարակից 5 կմ ոչ հեռու: Դահլիճը պետք է նախատեսված լինի առնվազն 450 մասնակցի համար՝ գրեթե նույն պայմաններով, ինչ վերը նշվածը: Բացի այդ, թվով 15 մասնակիցներին 2 օր Երևանում պետք է ապահովել կեցություն՝ նախաճաշով: Կեցության վայրը պետք է լինի ոչ հեռու քան 5 կմ շառավղով Հանրապետության հրապարակից:

Մյուս միջոցառման համար դահլիճը պետք է նախատեսված լինի առնվազն 300 մասնակցի համար, իսկ կեցության ծառայություններ մատուցվելու է 16 մասնակիցների համար:

Ծրագրի մասնակիցներն երկու օր ապահովված են լինելու 3 հատ 50 տեղանոց տրանսպորտային միջոցով՝ Երևանում տեղափոխում կազմակերպելու համար:

Առաջին միջոցառման համար 80 մարդու համար, երկրորդին՝ 60, լինելու է 2 օր՝  օրական երկու անգամ սննդի սպասարկում:

Այստեղ նույնպես նախատեսված է 200 հատ հրավիրատոմսի տպագրություն առաջին միջոցառման համար, իսկ երկրորդին՝ 100:

Բացի այդ՝ իրազեկման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր միջոցառմանը 1 հատ  մեծ չափսի պաստառ, ապահովելով նաև պաստառի տեղադրումը ըստ Պատվիրատուի նախանշված տեղի` գունավոր, պոլիէստիրոլից, ցանցի բաների վրա: Միջոցառումների կազմակերպման ընդհանուր արժեքը կազմել է մոտ 5 միլիոն դրամ:

«Համայնքային օրերի կազմակերպում» ծրագիրը երեք անգամ է նախատեսվում իրականացնել: Հանրապետության Հրապարակից 5 կմ ոչ հեռու ՀՀ սփյուռքի նախարարի կողմից կազմակերպվելու է ընդունելություն 70 մարդու համար: Ճաշացանկը շատ բազմազան է. մեկ անգամ, 3 տաք ճաշատեսակով՝ խառը խորոված` տավարի, խոզի, գառան տապակած կարտոֆիլով, խաշած ձուկ, տապակած ճուտ հաճարի և սնկի փլավով կամ ֆրիով, 3 սառը ճաշատեսակով՝ կարմիր լոբով, Կանաչ լոբին ընկույզով, տավարի մսով ռուլետ կամ համարժեքը, 4 հատ աղցաններ՝ կեսար, ամառային, հունական, մայրաքաղաքային, մսի և պանրի հավաքածու, թարմ պղպեղ, լոլիկ և վարունգ, ձիթապտուղ,  ոչ ոգելից զովացուցիչ գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ յուրաքանչյուր անձին 0.5լ՝ կոկա կոլա, ֆանտա, սփրայթ, Նոյ, Ապարան, Բջնի, Ջերմուկ, բնական հյութ կամ դրանց համարժեքը, լիմոն, մածուն, աղանդեր, միրգ առնվազն 7 տեսակի, սուրճ և թեյ՝ անսահմանափակ, քաղցրավենիք յուրաքանչյուր անձին երկու կտոր:

Բացի այդ 1 օրվա համար 140 մարդու հաշվով կազմակերպվելու է ֆուրշետի կազմակերպում` սառը և տաք խորտիկներ, կանապեներ առնվազն 4 տեսակի, զամբյուղիկով աղցաններ առնվազն 3 տեսակի, քաղցրավենիք՝ պատրաստված լինի միջոցառման իրականացման ոչ ուշ քան օրվան նախորդող օրը, մրգային կոմպոզիցիաներ՝ առնվազն 5 տեսակի մրգից պետք է պատրաստված լինեն նույն օրը, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքներ՝ գինի կամ շամպայն, խմիչքներ, սուրճ, թեյ:

Նախատեսված է նաև  11 հատ ծաղկեփունջ՝ առնվազն 11 հատ բնական վարդերով, առնվազն 80 սմ երկարությամ: Գույնը որոշելու է պատվիրատուն: Այլ ծառայություններ ևս նախատեսված են, օրինակ՝ տրանսպորտային միջոց, դահլիճ, հրավիրատոմս և այլն:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 միլիոն 300 հազար դրամ:

«Սփյուռքահայերի և/կամ սփյուռքահայ կառույցների մեծարման միջոցառումների կազմակերպում» միջոցառումը կազմակերպվելու է երկու անգամ: Այստեղ ևս ճոխ հյուրասիրություն է նախատեսված: Ավելացել է նաև HDD ֆորմատով տեսանկարահանումն ու առնվազն 12 mpix  թվային լուսանկարահանումը:

Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 8 միլիոն 240 հազար դրամ:

Նշենք, որ վերը նշված բոլոր միջոցառումները կազմակերպելու է «Պիտոն Արս» ՍՊԸ-ն: Հենց այս ընկերության հետ է կնքվել պայմանագիրը:

լուսանկարը` www.nyut.am -ի 

Մեկնաբանություններ (2)

Hayk
She needs to be in Jail along with whole Armenian government!
Հայկ
Այս ամենը ինձ հիշեցնում է «Հայֆիլմի» նկարահանած «Մեքսիկական դիվանագետը» ֆիլմը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter