HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Մեր աղքատ, չթե, հրաշալի բալետը․ Վիլեն Գալստյանը բացում է փակագծերը

Մարտի 5-ին Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի առաջնախաղը:

Ինչպես հայտնի է, Արամ Խաչատրյանը Լերմոնտովի «Դիմակահանդես»  պիեսի համար գրել է ոչ թե բալետ, այլ՝ սյուիտ։ Միայն Խաչատրյանի մահից հետո կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը ստեղծել է «Դիմակահանդեսի» բալետային պարտիտուրը, Արամ Իլյիչի ստեղծած երաժշտությանը միացնելով մեծանուն երաժշտի այլ ստեղծագործություններ եւս։

Երեւանյան առաջնախաղի բեմադրությունը թատրոնի գլխավոր բալետմայստեր, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանինն է։ «Բալետի մասին խոսելը դժվար է, պետք է դիտել: Թե՛ պարողները, թե՛ նվագախմբի երաժիշտները շատ են աշխատել, որպեսզի ձեզ ներկայացնեն բարձր մակարդակի բեմադրություն» ,-լրագրողների հետ զրույցում ասաց անվանի բալետմայստերը։

Թատրոնը բալետի վերջին փորձերից մեկը մասամբ բացել էր լրագրողների համար։ Կես ժամ՝ բալետի վերջին ու կուլմինացիոն հատվածը, կատարվեց լրագրողների ներկայությամբ։ Փորձին հետեւեց ասուլիսը։

Հայկական բալետն՝ առանց մեկենասերի

Լրագրողներից մեկը դիտարկում արեց, որ զգեստներն ու դեկորացիաները մռայլ են, եւ տպավորություն է, թե հենց սկզբից հանդիսատեսի համար պարզ է՝ Նինան՝ գլխավոր հերոսուհին, պետք է մեռնի։

Վիլեն Գալստյանն անկեղծացավ, ասելով, որ ընդհանրապես զգեստների եւ դեկորացաների վերաբերյալ դիտողություններ ունի: Նա նշեց, որ «Դիմակահանդեսը» պետք է լիներ թանկ ներկայացում, այնինչ թատրոնին հատկացվել են ֆինանսական ոչ բավարար միջոցներ:

«Ծախսերը շատ փոքր են եղել: Բալետի համար՝ միջին մակարդակի: Երբ հրավիրում են Գրիգորովիչին՝ վճարում են 100 հազար եվրո: Կոստյումները կարում են Կրասնոդարի արհեստանոցներում, որոնք շատ որակով եւ թանկ են: Մոդելավորումն անում է Վերսալաձեն, որին ես հարգում եմ, վճարում են կրասնոդարցի վարպետներին՝ կոստյումների, կեղծամների, դեկորացիաների եւ այլնի համար: Սա խելքից դուրս թանկ ներկայացում է, եւ Գրիգորովիչն ինքը թանկ բեմադրիչ է: Չկարծեք, թե ես դեմ եմ: Ոչ, ես Գրիգորովիչին պաշտում եմ, ես նրա կողմնակիցն եմ: Նա ինձ վերցրել է Մեծ թատրոն, եւ ես 20 տարի թատրոնի հետ պտտվել եմ ողջ աշխարհը: Պարզապես երկրի առաջին դեմքերը Գրիգորովիչի վրա չեն խնայել, իսկ ինձ վրա խնայում են, որովհետեւ ես տեղացի մարդ եմ:

Ես ասում եմ՝ էս ներկայացման մեջ իմ պատկերացրած շքեղությունը չկա: Մենք սա արել ենք աղքատ միջոցներով, մեր փոքր ռեսուրսներով: Ես կրկնեմ՝ երբ Գրիգորովիչն էր անում՝ 100 հազար՝ նրան, 100 հազար՝ կոստյումներին, 100 հազար՝ դեկորացիաներին․․․ Ոչ ոք այդ փողերը չի հաշվել, բայց մենք հո տեղյակ ենք»,-ասաց Վիլեն Գալստյանը:

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը «Հետք»-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ խնդիրներ ունի թատրոնը։

- Ինչու՞ ձեր խարիզման չեք օգտագործում՝ պետական այրերից բալետի համար լրացուցիչ գումար պահանջելու համար։

- Իմ խարիզմայի հետ ես չեմ սիրում գնալ, խնդրել մեկին՝ օգնեք, փող խնդրեք, չեմ սիրում:

- Որքա՞ն գումար է ծախսվել բեմադրության վրա:

- Շատ չնչին: Եթե չեմ սխալվում՝ 35 միլիոն դրամ:

- Աշխարհի բազմաթիվ երկրներում ահռելի փողեր են ծախսում բալետային կամ օպերային ներկայացումների վրա: Մեր թատրոնի պարագայում՝ ինչպիսի՞ն է պետական հոգածությունը:

- Պարզ ասում եմ՝ երբ դրսից է հրավիրվում, շատ են վճարում: Ով էլ դրսից գա՝ ինձնից շատ է ստանալու:

- Ի՞նչ է խնդիրը:

- Խնդիրը մեր երկրի ղեկավարության մեջ է: Գրիգորովիչին հրավիրել էր կառավարությունը՝ Սերժ Սարգսյանը, Ռիտա Սարգսյանը: Մենք կառավարության մշտական հոգածությունը չենք ստանում: Ես «Դիմակահանդեսը» բեմադրում եմ քյասիբ վիճակով, ֆինանսական աղքատիկ վիճակով: Ես կուզեի շատ ավելի շքեղ լիներ, ամեն մի զգեստը մի գույն խաղար: Շատ բան կուզեի: Բայց դա թանկ հաճույք է, որը ինձ չի տրվում:

- Բայց բազմաթիվ լուրջ ու անլուրջ միջոցառումների վրա գումարներ են ծախսվում՝ սրա-նրա հովանու ներքո: Ինչու՞ էդ գումարները չբերել դեպի ակադեմիական արվեստ:

- Բալետը չի հովանավորվում՝ չգիտեմ ինչու: Ըստ իս՝ աշխարհի ամենագեղեցիկ արվեստը բալետն է: Բայց մեր մեծահարուստները բալետ չեն էլ հաճախում:

- Չունե՞նք մեկենասներ:

- Չունենք: Բարձր արվեստ սիրող, բալետ հաճախող բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծահարուստներ չունենք: Մենք աշխատում ենք մեզ հատկացվածի սահմաններում լավը, գեղեցիկը անել: Բայց երբ որ չիթ կտորից են կարում զգեստը եւ թանկանոց կտորներից՝ տարբերությունը մեծ է: Ուրեմն մենք զրկվեցինք դրանից: Նույնը դեկորներում է: Մեր նկարիչը ստիպված անում է էն սահմաններում, որն իրեն հատկացվում է:

Գիտեք, մենք արդեն ընտելանում ենք վատ ճաշակին, էժանին, որ թանկ չլինի: Իսկ բեմում ինչը էժան է, դա էժան էլ ներկայացվում է հանդիսատեսին: Մի գաղտնիք ասեմ, ես չէի ցանկանա, որ այս բեմադրության զգեստները այսպես էժան լինեին: Դա իմ ցավն է, հայկական ցավն է: Եթե այս բալետը բեմադրեմ Սանկտ-Պետերբուրգում, հինգ անգամ ավելի փող կծախսվի:

Ես միայն հպարտանում եմ, որ ունենք լավ կոլեկտիվ, հրաշալի պարողներ, արտիստներ: Այդ առումով ես երջանիկ մարդ եմ:

Ակադեմիական թատրոնին հարիր

«Դիմակահանդես»-ի ներկայացման համար թատրոնը ձեւավորել է երկու կազմ՝ երկու Արբենին, երկու Նինա, եւ ընդհանրապես բոլոր դերերում կան երկու, որոշ դեպքերում՝ երեք արտիստներ։

Արբենինի պարտիան վստահվել է Ռուբեն Մուրադյանին եւ Սեւակ Ավետիսյանին, որոնց Վիլեն Գալստյանը անվանեց թատրոնի պարծանքները: Նույն կերպ արտահայտվեց Սյուզաննա Փիրումյանի եւ Մերի Հովհաննիսյանի մասին, որոնց վստահվել է Նինայի պարտիան:

Այն կես ժամում, որ լրագրողները հետեւեցին բալետի փորձին, շատ հուզական ու տպավորիչ ելույթ ունեցավ Սյուզաննա Փիրումյանը։ Պարուհին իր հերոսուհու մահվան դրվագից հետո՝ երբ Արբենինը նրան թույն է խմեցնում, կուլիսներից վերադարձավ դահլիճ, որտեղ գլխավոր բալետմայստերն էր, պարուսույցները, լրագրողները, եւ արցունքներն աչքերին փլվեց աթոռին:

Բեմում են Սյուզաննա Փիրումյանը եւ Սեւակ Ավետիսյանը

«Մի օր փորձի ավարտին զգում եմ, որ ամեն դեպքում Արբենինը չէր սիրում Նինային: Գնում եմ տուն, ընթերցում նրանց երկխոսությունները, հետո մտածում եմ՝ չէ, խենթի պես էր սիրում: Փորձից փորձ մեր զգացմունքները փոխվում են»,-լրագրողներին պատմեց Սյուզաննա Փիրումյանը:

Վիլեն Գալստյանը որոշել է բալետի ավարտին Արբենինին «սպանել» հին մի տան փլվող պատերի տակ: Բալետմայստերն ասում է, որ դա Լերմոնտովի մոտ չկա, եւ իր գաղափարն է․ «Ես էստեղ հայերեն եմ մտածել: Մենք ասում ենք՝ չէ՞, տունս քանդվեց»:

Վիլեն Գալստյանը ցանկանում է եւ պատրաստ է Չայկովսկու «Կարապի լիճը» բեմադրել Երեւանում, սակայն դրա համար նույնպես մեծ միջոցներ են հարկավոր:

Բալետմայստերը երազում է այդ բալետը բեմադրել: Նրա խոսքով՝ ակադեմիական թատրոնում չբեմադրել, չունենալ «Կարապի լիճը»՝ մեծ մինուս է:

Լուսանկարները՝ հեղինակի

Մեկնաբանություններ (1)

Ara
Ասուլիսի ժամանակ, այն էլ օպերայի շենքում ու բալետին նվիրված, ծխե՞լ... Էլ ի՞նչ ,,մշակույթ,,...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter