HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հեռախոսակապն ընդդեմ OTT ծառայությունների. հարված բջջային շուկային

Թե' Հայաստանում, թե' ամբողջ աշխարհում գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում OTT (անգլ. Over the Top) ծառայությունները։ Դրանց ամենահայտնի օրինակներից են Skype-ը, Viber-ը, Messenger-ը, WhatsApp-ը և այլն։ Այս ծառայությունները թույլ են տալիս հաղորդակցվել և´ ձայնի, և´ տեքստի միջոցով։ Այս երևույթը լուրջ մտահագության տեղիք է տալիս բջջային օպերատորներին, քանի որ OTT ծառայությունների տարածումը հանգեցնում է հեռախոսակապի դերի նվազմանը, և պակասում է բջջային օպերատոների հասույթն այս շուկայում։

Այն, որ OTT տեխնոլոգիաները հարվածում են բջջային օպերատորների աշխատանքին նաև Հայաստանում, մոտ երկու շաբաթ առաջ բարձրաձայնվել է «Յուքոմ»-ի ներկայացուցիչների և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանդիպմանը։ Ընդգծվել է, որ բջջային օպերատորների համար ներկայում կարևորագույն մարտահրավերներից են այդ հավելվածները:

2016 թվականը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի համար անբարենպաստ տարի էր։ Ու ենթադրվում է, որ գլխավոր պատճառներից մեկն էլ հենց OTT հավելվածների դերի ամրապնդումն է մեր իրականության մեջ։

Ինչպես վկայում են ոլորտի ցուցանիշները` նախորդ տարին ամենաանհաջողն էր վերջի 10 տարիների կտրվածքով։ Ոլորտի հասույթը մեկ տարում կրճատվել է 21,5%-ով. տարվա ընդհանուր հասույթը կազմել է 143 մլրդ դրամ։ Դրանում ներառվում է և´ բջջային, և´ ինտերնետ հասանելիության, և հեռախոսային (լարային), և այլ ծառայությունների հասույթը։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ հեռահաղորդակցության ոլորտի համար վերջին 10 տարում լավագույն տարին (ըստ հասույթի) եղել է 2013 թվականը։ Մինչև այդ տարին ոլորտը հիմնականում աճի միտում է գրանցել, որից հետո անկումային «տրամադրություններ» են մինչ այսօր։

Գծապատկերում հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր հասույթի ցուցանիշներն են վերջին տարիներին։ Ինչպես երևում է` 2007 թվականից ի վեր նախորդ տարի գրանցված արդյունքն ամենացածրն է։

Հ. Գ. Տվյալները ներկայացված են ընթացիկ գներով։ Սակայն իրական դինամիկան (աճը կամ նվազումը) հասկանալու համար ԱՎԾ-ն հիմք է ընդունում համադրելի գները։ Երբ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է համադրելի գներով տվյալները, հաշվի է առնում երկրում արձանագրված գնաճը կամ գնանկումը։ Երբեմն համադրելի գները գրեթե չեն տարբերվում ընթացիկ գներից։

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հասույթի առյուծի բաժինն ապահովում է բջջային շուկան։ 2013-ից սկսած այս շուկայում անշեղորեն անկումներ են գրանցվում։ Միայն 2016-ին շուկայի հասույթը, համադրելի գներով, նվազել է 16%-ով։

Տարիների ընթացքում զգալի նվազել է նաև լարային հեռախոսակապի դերը մեր իրականության մեջ։ Եթե 2007 թվականին ոլորտում, ընթացիկ գներով, 53 մլրդ դրամի հասույթ է գոյացել, ապա 2016-ին այն կազմել է ընդամենը 14,8 մլրդ դրամ։

Ի հակադրություն բջջային շուկայի, որտեղ պետք է հիմնականում նկատի ունենալ բջջային հեռախոսկապի շուկան, ինտերնետի դերը Հայաստանում գնալով մեծանում է, շուկայի ծավալներն էլ՝ ընդլայնվում։ Նախորդ տարի ինտերնետ հասանելիության ծառայություններից գոյացող հասույթն ավելացել է 2%-ով։ Սակայն այս աճն, այնումամենայնիվ, չի փրկել ընդհանուր իրավիճակը, և հեռահաղորդակցության ոլորտում անկումը շարունակվել է, քանի որ ինտերնետի մասնաբաժինը դեռևս զգալիորեն զիջում է բջջային շուկային։ Հետևաբար, բջջային շուկայի անկումը մեծ ազդեցություն է թողել հեղահաղորդակցության ընդհանուր հասույթի ցուցանիշի վրա։ Իսկ ինտերնետի շուկայի համեստ աճը էական դեր չի ունեցել ընդհանուր շուկայի վրա։ Այլ խոսքով՝ հեռահաղորդակցության շուկայում եկամուտների նվազման հիմնական «մեղավորը» բջջային շուկան է։

Ներքևում գտնվող գծապակերում մեկտեղել ենք Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հասույթն ըստ ենթաոլորտների։ Այստեղ արդեն ավելի պարզ է երևում, թե ինչպես է նվազել լարային հեռախոսակապի մասնաբաժինը, ավելացել ինտերնետի կշիռը։ Իսկ բջջային կապի կշիռը 10 տարի առաջ էլ մեծ է եղել ոլորտում, պարզապես ոլորտի հասույթը մինչև 2013 թվականը պարբերաբար աճել ու նվազել է։ Իսկ 2013-ից այս կողմ անկում է ապրում։

Հայաստանում մարդիկ այսօր բջջային կապի վրա ավելի քիչ գումար են ծախսում նաև այն պատճառով, որ ոլորտում բավականին սուր ընթացող մրցակցությունը ստիպել է երեք խոշոր ընկերություններին՝ «Ղ-Տելեկոմ»-ին (ապրանքանիշը՝ vivacell), «ԱրմենՏել»-ին (ապրանքանիշը՝ beeline) և «Յուքոմ»-ին (ապրանքանիշը՝ ucom), որը շուրջ երկու տարի առաջ փոխարինելու եկավ «Օրանժ»-ին, պարբերաբար նվազեցնել սակագները։

Իսկ OTT ծառայությունների տարածումը ցույց է տալիս, որ դրանցից օգտվողները սկսել են նախապատվությունը տալ համացանցին, քան հեռախոսակապին։ Պատճառն էլ տրամաբանական է՝ այս ծրագրերը նախևառաջ ավելի էժան են, քան ավանդական sms-ների ու հեռախոսազանգերի համար սահմանված սակագներն են։ Արդյունքում լարային և բջջային հեռախոսակապի կշիռը գնալով նվազում է, փոխարենն ավելանում է ինտերնետ ծառայությունների կշիռը: Ու այս ամենի հետևանքով կրճատվում են բջջային շուկայի եկամուտները։ Այս միտումն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի, հասույթի նվազմանը զուգահեռ, բջջային երեք օպերատորների վճարած հարկերի ծավալի անկում էր գրանցվել։ Թեև նրանց հարկերը պայմանավորված են նաև ֆիքսված կապի ծառայություններով, տրամաբանական է, որ բջջային շուկայում գրանցված անկումը մեծ ազդեցություն է ունեցել հարկերի նվազման վրա։

Ինչպե՞ս են դիմագրավելու օպերատորները OTT ծառայությունների հետ պայքարում. առաջիկայում «Հետք»-ը կփորձի ներկայացնել բջջային երեք օպերտորների մեկնաբանություններն այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև ոլորտի ցուցանիշները` ըստ ընկերությունների։

Մեկնաբանություններ (1)

aram
Այսինքն ցանկանում եք վերադառնալ հին և բարի ժամանակներին, երբ բջջային հեռախոսի քարտը վաճառվում էր 500 դոլարով և մեկ րոպեն արժեր 250 դրամ: Անձամբ ես նախընտրում եմ OTT ծառայությունները և որևէ մեկը չի կարող պարտադրել ինձ օգտվել բջջային կապից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter