HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Օրորոցային երգեր

2003 թվականից ռուսական «Մետրոնոմֆիլմ» կինոընկերությունը «Снегири» ստուդիայի հետ համատեղ սկսեց իրականացնել նոր նախագիծ` «Աշխարհի օրորոցային երգերը»: Անիմացիոն փոքրիկ ֆիլմերից կազմված այս նախագիծը ներկայացնում էր տարբեր ժողովուրդների օրորոցայիններ` իրենց մայրենի լեզվով, աշխարհի հնագույն լեզուներով:

Դրանց պատկերներում ձայնի և լեզվի յուրահատկությամբ ամբողջանում էր տվյալ ժողովրդի կոլորիտն ու մտածողությունը: Մինչ օրս այս նախագծի արդյունքում ներկայացվել է ավելի քան 60 երգ՝ ճապոներեն, հին հրեական իդիշերեն, ուկրաիներեն, անգլերեն, ֆրանսերեն, հնդկերեն, իսպաներեն, թուրքերեն… լեզուների աշխարհագրությունը լայն ընգրկում ունի՝ տարածվելով աշխարհի բոլոր մայրցամաքներով: Այս աննկարագրելի գեղեցիկ շարքում է նաև Հասմիկ Հարությունյանի կատարմամբ «Ակնա օրոր»-ը:

«Աշխարհի օրորոցային երգեր» նախագծի ղեկավարներն էին պրոդյուսեր Արսեն Գոտլիբը և մուլտիպլիկատոր Ելիզավետա Սկվորցովան: 2012թ. Գոտլիբը իր ֆիլմերից մեկով մասնակցում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնին և առիթը բաց չթողնելով՝ փորձեց գտնել Հասմիկ Հարությունյանին: Բայց տարօրինակն այն է, որ այդ օրերին նրան այդպես էլ չհաջողվեց դա, քանի որ, հավանաբար, ոչ ոք այդպես էլ հստակ չէր կողմնորոշվել, թե ում մասին է խոսքը: Որոշ ժամանակ անց նա, այնուամենայնիվ, գտավ Հասմիկին, զրուցեցին նախագծի, օրորոցային երգի առանձնահատկության և անիմացիոն այդ շարքի կարևորության մասին:

«Նա կարողացել էր իրականացնել այն, ինչը ես տարիներ շարունակ փորձում էի անել հայկական օրորոցայինների համար,- պատմում է «Շողակն» համույթի մենակատար Հասմիկ Հարությունյանը,- ես այդ տարիներին հանդիպել եմ տարբեր հիմնադրամների, կազմակերպությունների, նաև մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ, և նրանք պատրաստ էին իմ ներկայացրած ծրագիրը ֆինանսավորել: Բայց ոչ մի ռեժիսոր չհամաձայնեց աշխատել այդ ժանրի հետ: Չգիտես ինչու, նրանք՝ մեր իրականության մեջ լավագույն համարվող ռեժիսորներ, այդ օրորների գլխավոր նպատակը համարում էին քնեցնելու ֆունկցիան: Մինչդեռ դրանք ճիշտ հակառակը պիտի անեին՝ և՛ արթնացնեին, և՛ գիտելիք փոխանցեին, և՛ սերունդների միջև կամուրջ հաստատեին. չէ՞ որ այդ ամենը օրորոցայինների տեքստերում կա»:


«Հասմիկ Հարությունյանի «Հայկական օրորոցայինները» եզակի հավաքածու է` հուզականությամբ, արժանապատվությամբ ու նրբագեղությամբ լի, և մատուցված է բնական և հարազատ ձայնով՝ զերծ թանգարանային ոճի մեկնաբանությունների չորությունից կամ ձայնագրման զարդարանքներից: Սրանք կենդանի երգեր են՝ պարուրված մեղմ դրամատիզմով և ոգեղենությամբ»:

Թոմ  Ջուրեկ, ԱՄՆ,  «All Music Guide»

Օրոր, նանիկ, նեննի, հայրուր, հեյրուր, նանի, լուրիկ, րուրի, դանդան, օրորերգ…  աշխարհի ամենամաքուր, ամենազգայուն, ամենախաղաղ երգը, որը կարող է ստիպել մարդուն կանգ առնել ու տեսնել իրեն՝ իրական մարդուն: Դրանք այնքան հին են, որքան ինքը՝ աշխարհը, ազգերը,երաժշտությունը:

Պատմական Հայաստանի տարբեր գավառներում օրորները կոչվել են տարբեր անուններով՝ կախված տեղի բարբառից: Բայց ինչ անուն էլ ունենան դրանք, թեկուզ տարբեր լեզուներով և ծննդավայրերով, նույն ջերմությունն ունեն, որովհետև մոր, ծնողի բարեմաղթանքն են, սերն  ու լույս-երազանքները՝ երգի միջոցով ուղղված իրենց զավակներին: Օրորոցայինի ժանրին բազմիցս դիմել են դասական երաժշտության մեջ ստեղծագործող մեծանուն կոմպոզիտորներ, ջազի, ռոքի, ավանգարդի մեջ ապրող երաժիշտներ՝ լավ հասկանալով դրանց ուժն ու մեծությունը:

«Օրորցային երգելը ինձ մոտ կյանքի բերումով ստացվեց,- ասում է Հ. Հարությունյանը,- և ես այնքան շնորհակալ եմ այդ մեղեդիներին, այդ հայ կանանց, ովքեր օրորոցի կողքին նստած, նայելով աստղերին, հաշտ ու խաղաղ իրենց կեցության ու աշխարհի հետ, ստեղծել են այդպիսի գանձեր, որոնցով ես հիմա կարողանում եմ ապրել»: Այդ մեղեդիները երգչուհուն ծանոթ էին մանկուց: Հասմիկի մշեցի տատը հաճախ էր երգում, ճիշտ է, ոչ միշտ օրորոցային, բայց դրանք ժողովրդական երգեր էին, որոնք արդեն ծիլեր էին գցել նրանց մանկական ներաշխարհում: Սակայն օրորոցայինի հանդեպ երգչուհու հետաքրքրությունն ամրապնդվեց ու մեծ սիրո վերածվեց այն պահից, երբ «Ակունք» ազգագրական համույթում նա առաջին անգամ կատարեց «Քեսաբի օրորը»: Հասմիկ Հարությունյանը պատմում է, որ այդ օրվանից հետո նա սկսեց խորանալ այս աշխարհի մեջ, հավաքագրել, ուսումնասիրել հայկական օրորոցայինները:

«Օրորոցայինն այն ժանրն է, որը բացառիկ անկեղծություն, ազնվություն ու մաքրություն է պահանջում,- ասում է Հ. Հարությունյանը,- Օրորոցայինի հետ առնչվող մարդը պիտի անպայման ազնիվ լինի»:

Այս երգերի մասին մի հիմնական կարծրատիպ կա. թվում է, թե դրանք միայն երեխային քնեցնելու համար են ստեղծվել: Նրանց խաղաղությունը, թախծոտ մեղեդայնությունը, մոր սերն ու քնքշությունն արտահայտող խոսքերը կարծես հենց դա են վկայում: Բայց բավական է ուշադրությամբ լսել դրանցում հնչող յուրաքանչյուր բառ և արդեն պարզ է դառնում, որ այդ երգերից յուրաքանչյուրն իր խորքում նաև այլ, շատ ավելի կարևոր առաքելություն է ունեցել:  

«Մոր խնդիրը միայն երեխային քնեցնելը չէր: Օրորոցային երգելով հայ կինը, հայ մայրը նաև գիտելիք և խորհուրդ փոխանցելու խնդիր ուներ»,- ասում է Հ. Հարությունյանը:

Իր մանկանը քնեցնող մայրն այդ պահին նաև մենակ էր ու առավել ազատ անկեղծանալու մեջ, ուստի իր սերը, նվիրումն ու ցանկություններն արտահայտող այդ խոսքերը հաճախ միախառնվում էին անձնական ապրումներով: Իմ դիտարկման հետ, թե հայկական օրորոցայինները սովորաբար լի են տխրությամբ և իրենց էության խորքում նաև մեր ժողովրդի դժվար կյանքի մեղեդային տրամադրությունն են արտահայտում, Հասմիկն այդքան էլ համաձայն չէ:

«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու են հայկական երգերը տխուր: Բայց ես չեմ կարծում, որ դրանք տխուր են, ուղղակի խորն են: Մեր երաժշտությունը մտածելու,կարևորելու, արժևորելու ճանապարհն է ցույց տալիս, ոչ թե ընկճվելու»:- ասում է նա:

«Մի տեսակ կիսատ երազանքներ կան նրանցում ամփոփված,- ասում եմ ես՝ փորձելով ավելի ու ավելի բացել Հասմիկի մեկնաբանությունը,-  և զավակների մեջ դրանք իրականացած տեսնելու ցանկություն կա այդ խոսքերում: Ավելի լավ, գեղեցիկ ու երջանիկ կյանքի երազանք, որն էլ հավանաբար տխրություն է հաղորդում երգին»: Որպես հավելում՝ նշում եմ եվրոպական մի քանի երկրների օրորոցայիններ, որոնցում իսկապես լույս կա, երջանկություն և թեթև կյանքի զգացողություն:

«Դրանք (խոսքերը, մոր մաղթանքները- Ն.Հ.) բոլոր ժողովուրդների օրորոցայիններում գրեթե նույնն են, մայրը նույն բանն է ցանկանում իր երեխային և դրանք թարգմանվելու կարիք անգամ չունեն: Պարզապես մեր երաժշտությունն է ընդերքային,- ասում է Հ. Հարությունյանը,- Իրականում այնքան լույս կա այդ օրորոցային երգերում: Այսօր աշխարհում հատուկ համերգներ են նվիրվում օրորոցային երգերին: Ֆոլկ երգչուհիներից շատերն իրենց զարմանքն ու հիացմունքն են հայտնել, երբ տեսել են, որ ես ժամերով կարող եմ երգել հայկական տարբեր օրորներ: Իսկ դրանք մեկը չեն, երկուսը չեն, և նրանք երբեմն նույնիսկ չեն էլ հավատում, որ երգածս օրորոցային է, որովհետև կառուցված են երաժշտական այնպիսի բարձր, էպիկակա՛ն մեղեդային մտածողությամբ:  Մեր երաժշտությունը դեպի ընդերք է խորանում, հետո միանգամից էնտեղից էլ դեպի տիեզերք  բարձրանում, արբանյակի նման՝ գետին-երկինք է կամուրջ կառուցում: Էդպիսին է նրա մտածողությունը»:

Լեհաստանում կազմակերպված օրորոցային համերգն ամենաշատն է տպավորել Հասմիկին: Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված կին կատարողներ էին մասնակիցները, ովքեր հերթով, բեմը միմյանց ընդմիջելով երգում էին իրենց ավանդական օրորները: « Ես մինչև հիմա փշաքաղվում եմ, երբ հիշում եմ այդ համերգային երեկոն,- պատմում է Հասմիկ Հարությունյանը,- թե ինչ կուտակում եղավ այդ դահլիճում, պարզապես ֆանտաստիկ մի ուժ էր, շատ հզոր ուժ, և այդ ձայներով, խոսքերով տիեզերք ուղարկելը  այդքան դրական կուտակում, աներևակայելի զգացում էր, ապշեցնող, անմոռանալի…»:

Իսկ  ինչու՞ մենք չենք կարողանում նման համերգներ իրականացնել, այն դեպքում, երբ օրորոցային երգերի ամենամեծ ժառանգությունը ունենք:  Սա, թերևս, ամենացավոտ հարցերից մեկն է երգչուհու համար: Ասում է, որ ունենալով նման հարստություն, մենք դեռ մի բան էլ չենք կարողանում ճիշտ արժևորել, գնահատել ու ներգրավել այն մեր կրթական համակարգում ևս:

«Ես տխուր առիթներ ունեցել եմ, երբ տարբեր ասպարեզներում փորձել եմ ներկայացնել այս ժանրի կարևորությունն ու անհրաժեշտությունը:- ասում է նա,- Բայց հասկանու՞մ եք, օրորոցային ժանրը կոմերցիոն չէ, նույնիսկ՝ համերգային առումով:  Բացի այդ՝ շատ բարդ է լսելը: Այն լսելու և ընկալելու համար տրամադրվելու խնդիր կա, քեզ ճանաչելու, ինքնամաքրվելու խնդիր: Մինչդեռ հիմա ոչ ոք չի ուզում հիշել, թե ինքն իրականում ով է: Մի հարթություն կա, որտեղ բոլորս հավասար ենք: Երբ փորձում ես երգի միջոցով իջեցնել նրանց այնտեղ՝ դեպի արմատը, խորքերը, որտեղ նրանք արդեն պիտի հասկանան, թե ի վերջո որտեղ է իրենց իսկական տեղը երկրի, այս ժողովրդի մեջ, որն է ամեն մեկի անելիքը իր տան համար, նրանք նախընտրում են հակադրվել: Գիտե՞ք ինչու, որովհետև դժվար բան է ինքնաճանաչման գիտակցությունը կամ վերադարձը, երբ չափից դուրս կեղտոտված ես լինում: Իսկ այսօրվա կյանքն իր դժվարություններով ու փորձություններով այդ առումով շատ բան է աղավաղել, և մարդն արդեն չի ուզում նույնիսկ հիշել իր անցած ճանապարհը»:

Հ. Հարությունյանն այս ճանապարհին հաղթանակի հավասար ձեռքբերում է համարում «Հայկական օրորոցայիններ» ձայնասկավառակի թողարկումը 2004թ.: Պատմական Հայաստանի տարբեր գավառներից հավաքագրված և տարբեր բարբառներով ներկայացվող այս երգաշարը 2005թ. «The New York Times» հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է որպես «Աշխարհի երաժշտության լավագույն ձայնասկավառակ»:

«Հասմիկ Հարությունյանի օրորոցայինները պարուրված են մաքրությամբ և կախարդված անխախտ հանգստությամբ: Երգերի բառերը  մանկիկին օրորելով քնեցնելու մասին են, իսկ մեղեդին մեղմորեն ալիքվում է: Հասմիկ Հարությունյանն, իր դյութիչ ձայնի միջոցով, պարզ մեղեդին դարձնում է մեղմ ու թախծոտ: Երգերի մեծ մասն ուղեկցվում է  մեկ կամ երկու նվագարանով: Դուդուկի ընդամենը մեկ անփոփոխ նոտայի հետ ներդաշնակ տարածվում  է նրա ձայնը: Ներգործությունն անսահման մտերմիկ ու մնայուն է, իսկ այդ երաժշտությունը լսող մանկիկի երազներն` աներևակայելի»:

Ջոն Փարելս, «Նյու Յորք Թայմս»

Արտասահմանյան համերգներից մեկի ժամանակ օտարերկրացի ունկնդիրը հուզված մոտեցել է Հասմիկին ու ասել, որ իր մայրն այդ երգերից մեկն էր երգում՝ նկատի ունենալով հայկական օրորը: Սակայն նրա ոչ մայրն էր հայ, ոչ էլ հայերեն երգել է իմացել: Հասմիկն ասում է, թե օրորոցայինի ուժն այնքան մեծ է, որ նույնիսկ պատկանելության սահմանից է դուրս գալիս: «Եվ ցանկացած մարդու կարող է տանել ետ՝ իր հիշողությունների միջով դեպի սկիզբ ու նրան կթվա, թե հենց այդ մեղեդին էր երգում իր մայրը, նույնիսկ ձայնն է նմանեցնում»:

Հին հայոց կենցաղում օրորոցայինները տարբեր էին տղաների ու աղջիկների համար: Դրանք երբեմն ռազմի կոչեր էին` տունը, հայրենիքը պաշտպանելու, կորցրածը ետ բերելու, թշնամուն հաղթելու: Օրորասացի դերում կարող էին երբեմն հանդես գալ նաև հայրերը և ոչ միայն հայկական օրորներում:

«Րուրիգ էնեմ, դու րուրենաս,

Դու պստիկիս բարով մեծնաս:

Ասքյար բռնե սարեր բոլոր,

Հայոց հարսներ մացե մոլոր…

Րուրիկ էնեմ գրկանոցին,

Անդրանիկի քաջ զինվորին,

Ա՜խ, րուրիկ էնեմ գրկանոցին,

Անդրանիկի քաջ զինվորին»…  և այլն:

«Տղաներին առաջին հերթին թագավորի մեծությամբ էին արժևորում և այդ երգերում մեծացնում էին ապագա թագավորների,- մեկնաբանում է Հասմիկ Հարությունյանը,- դա մեր ավանդական կենցաղից է գալիս, որտեղ տղա երեխան միշտ ավելի սպասված է եղել, իսկ աղջիկը, հայ կինը՝ առավել իրավազուրկ, երբեմն էլ՝ մինչև ժառանգ ունենալը, անձայն: Բայց աղջկա վերաբերյալ էլ այնքան գեղեցիկ տեքստեր կան: Օրորոցի մոտ երգող մայրը դստեր աչքերը համեմատում է ժամի խորանի հետ, երկնքի աստղերի: Այո, տղան բոլոր ժամանակներում կարևորվել է որպես գերդաստանի ժառանգն ու շարունակությունը, բայց եթե նրանք թագավորներն էին, ապա աղջիկները՝ թագուհիները»:

«Երգչուհի Հասմիկ Հարությունյանի «Հայկական օրորոցայիններ» շարքի ստեղծագործությունները վերջին տարիների ամենագրավիչ ու անզուգական վոկալ կատարումներն են:  Նրա ձայնը, որ նման է Սեզարիա Էվորայի կամ Մարթա Սեբաստիանի ձայնին, հարկադրում է քեզ կանգնեցնել ընթացքդ և ստիպում պահել շունչդ»:

Պատրիկ Ռապա, ԱՄՆ, «Ֆիլադելֆիա Սիթի Փեյփր» շաբաթաթերթ

Հարցը, թե բացի ձայնագրություններից և առանձին նյութ-ուսումնասիրություններից, արդյո՞ք բավարար չափով գրականություն կա հայկական օրորոցային երգերի մասին, որպեսզի հետաքրքրվողն անկաշկանդ ստանա իրեն հուզող հարցերի պատասխանը, նոր հարցեր է բացում:

«Բացի մեզ հասանելի գրականությունից, ես հավատացած եմ, որ մեզ համար թանկարժեք նյութեր, ուսումնասիրություններ կան ակադեմիայի պահոցներում, բայց, ցավոք, առայժմ մեզ անհասանելի են:- պատասխանում է Հ. Հարությունյանը,- Ես չգիտեմ էլ, թե դրանք հիմա ինչ վիճակում են, որովհետև հնարավոր է՝ այնտեղ նաև հին ձայնագրություններ կան, որոնք, եթե նորմալ պահպանված լինեն, պետք է թվայնացվեին, ուսումնասիրությունների հետ հրատարակվեին, որպեսզի ուսումնասիրողները, այդ թվում նաև ես, կարողանայինք օգտվել»:

Եվ այստեղ տեսանելի է դառնում արդեն հաջորդ խնդիրը: Այն, որ չկա կապը նաև ուսումնասիրող-մասնագետի և կատարողի միջև: Այն մարդու, երաժշտագետի, բանահավաքի, ով տեղյակ է այդ ամենից և պատրաստակամ է իր գիտելիքն ու նյութին տիրապետողի նրբությունները փոխանցել կատարողին: Չմոռանանք այստեղ հիշեցնել մեր խառնվածքին բնորոշ «սեփականատիրոջ» առանձնահատկության մասին:

«Ես ուզում եմ, որ հայ երեխան իր մանկական խաղով ու ի՛ր երգով մեծանա,- ասում է Հասմիկը,- անհնար է, որ մեր ունկնդիրը, երեխան, հայ մարդն այսօր այնքան հեռացած լինեն իրենց արմատից, որ այս երգերի անհրաժեշտությունն այլևս չունենան: Անհնար է: Ճիշտ է, դժվար է դիմանալ այդ երգերի ոգեղենությանն ու ամեն առավոտ, այդ կուտակումը ներսումդ, կարողանալ նաև նայել մեզ շրջապատող իրականության աչքերին: Բայց այն, ինչ դու քո մեջ կրում ես ի սկզբանե, ոչ մի ազդեցություն, ոչ մի ժամանակավոր միջամտություն, թեկուզ «տեխնիկայի դար» անվան տակ, չի՛ կարող ամբողջովին ջնջել: Ես չեմ կարծում, թե էնքան պատժված է մեր ժողովուրդը, որ իր երեխաներն այլևս չուզենան, կամ չկարողանան առնչվել այդ մաքրամաքուր շերտի հետ, քայլել զուգահեռ այս արժեքի հետ: Սուտ է, արյունը երբեք ջուր չի դառնում: Պարզապես մենք ենք մեղավոր, որ մեր զավակներին ճիշտ ճանապարհով չենք ուղղորդում»:

Ժողովրդական երգի դերը մեր օրերում կարևորելու, այն է թե՝ մեր զավակների հանդեպ գործած սխալներն ուղղելու քայլերից մեկն էլ կարելի է համարել «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը : Ձայնագրել և վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և եկեղեցական երաժշտությունը, պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը, ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան և այլն. նախագծի կարևորագույն նպատակներն են: Այստեղ կարող ենք գտնել օրորոցայինների գեղեցիկ կատարումներ, հասանելի են նաև դրանց տեքստերը, նոտաները:

Ի դեպ, նախագծում հայկական ժողովրդական երգի անզուգական կատարող, գիտակ, աշխարհի բեմերում հայկական երաժշտությունը բարձր հնչեցնող Հասմիկ Հարությունյանի ձայնը չկա: Դա, իմ համոզմամբ, առնվազն տարօրինակ է ու անարդար մեր՝ ունկնդիրներիս հանդեպ: Բայց քանի որ նախագիծը շարունակական է, հուսով ենք, որ այդ սխալն էլ առաջիկայում կուղղվի:

Լուսանկարները` Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Suren Petrosyan
Ընտիր, լավագույնս շարադրված հոդված էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter