HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհը, որի վրա մեռնում են ճագարները

Մանե Գրիգորյան

Ճանապարհը մեքենայի ապակուց երևացող ծառերն են, օրվա տարբեր ժամերին, խիտ ճյուղերով, դրանց արանքում հերթափոխող օրվա լույսերն են: Անընդհատ զարմանում եմ, որովհետև Հայաստանում ծառերը մի տեսակ ուրիշ են, հատկապես ճյուղերը տարբեր են. ավելի ցանցառ են, հախուռն, անմշակ:

Այստեղ կարծես մեկը նկարել է ծառերը, բնությունը ավելի գրավիչ  դարձրել, այդ թուփուծաղկի միջից դուրս եկող կենդանուն ընտանի ես պատկերացնում. պատկերացնում ես, որ առյուծի բաշին ընկնում են երեկոյան արևի մնացորդները, լույսը խաղաղ է, այն անհամբեր չէ, և չի հավակնում քեզ բռնի առնել իր մեջ.  իր խաղաղ ներկայությամբ  այն հետզհետե, աննկատ անցումներով կլանում է քեզ: Առյուծը հանգիստ նստած է ծառերի տակ, ու 100 մետր այն կողմ քո տունն է, մշակված կանաչի վրա տարածված, իսկը կինոյի կադր, անձրևներին թաց է, բայց խոտածածկույթը ցերեկային լույսի ճառագայթներն աննկարագրելի սիրուն է անդրադարձնում,  այն պսպղում է այնպես, ինչպես շուկայում վաճառվող նոր ցողված համեմը՝ ջրի մանր կաթիլներով արևի բարակ շողերի ներքո: Թաց խոտը իր արմատներով չի ներծծում նեխահոտը, թարմ գարնան հոտ է գալիս, եթե անգամ ձմռան վերջին ամիսն է:

Ռադիոյով ասում են, որ մոտակա անտառից  ճագարներ են մայրուղի դուրս եկել: Կանգնել են ճանապարհին ու չեն հեռանում, թեպետ սիրտը նրանց  մարմնի վրա նոր կտրած միս է. այդ բացվածքի մեջ է ճագարների սիրտը: Վախենում են, ուզում են փախչել: Սպիտակ են, փափուկ, անկեղծ, մենակ:

Մտնում եմ Հիսուս Քրիստոս եկեղեցի: Երգում ենք: Եկեղեցու սպասավորն այնքան լուրջ է և տագնապած, որ թվում է՝ վերջը մոտ է. սիրտս թփրտում է, սպասավորն ասում է` ինչպես ծանր հիվանդներ  խնդրում ենք քեզ, Տեր, հետո թվարկում է, թե ինչ ենք խնդրում, մենք համաձայնվում ենք, ես՝ վախենում. նա շարունակում է  ներում հայցել, մեղանչել,գովաբանել Տիրոջը, մատնանշել ուղի Տիրոջով, և նորից կրկնել, որ այս ամենը մենք խնդրում ենք քեզնից` ամենազոր, որպես ծանր հիվանդներ: Ամեն, ամեն, ամեն... մեկը մյուսին հաջորդող ձայները կարծրացնում են կոկորդիս կանգնած  հուզման ալիքը: Այժմ այն շեղբ է արդեն: Գերմանուհիները ծնկի են իջնում, իսկ ես մտածում էի նստարանին ամրացրած այդ փայտի կտորը ոտքերդ բարձր դնելու համար է, որպեսզի  չհոգնես, հետո կարողանաս  երկար քայլել: Նստել եմ առաջին նստարանին, ոտքերս բարձր, նայում եմ տրիբունային գլխիվայր ոսկեգույնով ծեփած թռչունին. կարո՞ղ էր չէ թռչուն լիներ թռիչքի մեջ, կամ նստած, կամ  գլուխը վերև, կամ խոնարհած, բայց չէ, գլուխը ներքև է, մարմինը թևերով հանդերձ՝ վերև, թռչունը ներքև է սլանում, ասես ուր որ է ծակելու է գետինը ու ընդհատակ անցնի, Տեր, մտածում եմ թռչունի մասին ու ինչպես բոլորը երգում, որ ներես մեզ, երգում եմ, որ Մարիամը  ժողովրդի միջից ընտրված կին էր, ամեն Տեր, ամեն:

Մենք երգում ենք, որ Հիսուսն է մեր հերոսը, եկեղեցու սպասավորը Լև Տոլստոյի անունն է տալիս՝ ի նպաստ եկեղեցու մասին վերջինիս արտահայտած ինչ-որ մտքի:

Կանայք բառերն այնպես են արտաբերում, որ դրանք վախենալու են թվում:

Պատին վառ համակարգչային գույներով մի երիտասարդ գերմանուհի Հիսուսին է նկարել, ասես լուսանկարչական ապարատը դրել է հրավառություն ռեժիմի վրա ու քաղաքի գիշերային լույսերի մեջ նկարել է Հիսուսին: Մազերից կարելի է հասկանալ` Հիսուսն է:

Ռադիոյով հայտարարում են, որ  մթնշաղի մեջ, եթե վարորդները սպիտակ մորթի տեսնեն, թող արգելական մեքենան, որովհետև ճագարները ոչ մի կերպ չեն ուզում շարժվել տեղից: Ավելի ուշ ռադիոյով լսում ենք, որ քաղաքում տարածված ճագարներին փրկելու համար, ոստիկանները փորձում են նրանց  տեղաշարժել, գրկել ու տանել, բայց վախից նրանց թաթերը մխրճվել են գետնի մեջ:

Մեքենաներից մեկից մի շիկահեր աղջիկ է իջել, փաղաքշել ճագարին, թաթը թեթև տեղից շարժվել է, ինչպես լինդին ամրացված ատամ, որ անսպասելի սկսում է խաղալ բերանում: Աննկատ, շատ թեթև, հպումներից շարժվում է: Բայց հանկարծ մեկը փորձել է լուսանկարել ճագարին,  ճագարի մարմինը նորից պրկվել է, թաթը ջղաձգվել ու ներս՝ գետնի մեջ է սուզվել:

Նստած եմ գերմանական մի պանդոկում, տարեց գերմանուհիներից մեկը մյուսին պատմում է գույների մասին, ասում, որ սիրում է բաց մոխրագույնը, մուգ մոխրագույնը, և որ սևն էլ լավ գույն է, հետո ամառային զեղչերի ու առաջարկների մասին է խոսում, հպանցիկ հիշում դստերը, նախաճաշերը, ճաշերը, երեկոյան կրիմինալ դետեկտիվը:

Մեքենայում ասում եմ՝ գիտես, այդ կանայք ամբողջ կյանքում աշխատել են, որ ծերության տարիներին պանդոկներում նախաճաշեն, ճաշեն կամ գոնե ընթրեն, որ վերադառնան տները իրենց ու կյանքն ի վար կուտակված իրերով շրջապատված նայեն հեռուստացույց, գուցե թեյախմություն կազմակերպեն տարին մեկ-երկու անգամ, եկեղեցի, թատրոն գնան, այցելեն բժիշկների, մի քանի ժամը մեկ հիշեն դեղերի մասին, ու ավելին չհիշեն, հասկանո՞ւմ ես, ես վախենում եմ դրանից:

Ո՞րն է կյանքի իմաստը, հարցնում եմ, ո՞ւմ կյանքի,ասում է նա, մեր,քո, ասում եմ, թե կուզես` ընդհանրապես: Ասում է, որ Աստված, ինչ-որ գոյ, կամ նման մի էներգիա, մարմին, մի բան, որի մասին չգիտենք, հենց այդ անհասկանալին իր ստեղծած կյանքի միջոցով ուզում է ճանաչել ինքն իրեն, դա մեկ տարբերակ, երկրորդ տարբերակն այն է, որ կա մի առանցք մեր ներսում, որ վերածնվում է այնքան, մինչև այլևս չսխալվի, երբ դադարի սխալվել, կապրի իր վերջին կյանքը:

-Իսկ ընդհանրապես թքած փիլիսոփայության վրա, իմ ապրելու իմաստը քեզ հետ այս կյանքում հանգիստ ու երջանիկ լինելն է,- եզրափակում է նա, մինչ ես մտքումս հաշվում եմ ճագարներին:

-Ի՞նչ ես անում,-հարցնում է:

-Հաշվում եմ,-պատասխանում եմ:

- Ասա տեսնեմ, ո՞ր քաոսն ես հաշվում:

Շուտով զատկի տոնն է: Խանութներում վաճառում են ձվերը խայտաբղետ գույներով ներկող ու պարտեզում դրանք թաքցնող ճագարներին. արծաթագույն ականջներով կարմրափայլ  մարմնով, ուրախ ժպիտներով, ձվերը ձեռքերում, ու ոտքերի տակ. ամենից շատ ինձ դուր են գալիս հախճապակուց ճագարները, լղոզված  աչքերով, սպիտակ` առաջին ձյան պես:

Ես միշտ ներկած հախճապակի էի տեսել, երբեք չէի մտածել, որ զուգարանն էլ է հախճապակուց:  Ամենակեր պարոն Պոռցելան,  կատակում է նա, երբ հերթական փչացած մթերքն ենք լցնում զուգարանը:

-Ի՞նչ տեսար այսօր, -հարցնում է նա:

Պատմում եմ, որ Բադ-Հերսֆելդում եկեղեցու ավերակների շրջակայքում Կոնռադ Զուսի և Կոնռադ Դուդենի արձաններն են. Զուսն ասել է` ես շատ ծույլ եմ հաշվելու համար, դրա համար էլ ստեղծել է առաջին համակարգիչը, իսկ ես տկար ու թույլ եմ  ապրելու համար եղածն այնպես, ինչպես կա, դրա համար էլ գրում եմ, հասկանո՞ւմ ես, դրա համար էլ մտածում եմ ճագարների մասին, երբ դու հայհոյում ես վարորդներին, դրա համար էլ մտքումս ճանապարհներ եմ գծում, երբ դու ծրագրեր ես կազմում, ճանապարհներ, որոնց վրա կանգնում են հենց այդ նույն ճագարները, պատռված, ձեռքից կախված մսի կտորներ որպես դուրս են  ընկած նրանց սրտերը.նրանք նման են ինձ, այդ ճագարները ես եմ, որովհետև ես նա եմ, հենց նա, որը ուզում է փախչել, բայց վախից քարացել  է, ես նա եմ, որի մասին կարելի է գրել, որ կարդան ու մոռանան, որ կարդան ու շարունակեն ապրել, որ կարդան ու հանգիստ թողնեն ինձ, որ կարդան ու չխնայեն, չբարևեն, խեթ նայեն, խղճան, արհամարհեն, ժպտան:

Ես չասացի այդքանը, ես ասացի միայն, որ Զուսը ծուլանում էր հաշվել, որ եկեղեցին ունի խաչաձև մուտք: Ես չպատմեցի քարին գրված բանաստեղծությունների մասին, չասացի, որ բանաստեղծություններից մեկը մակագրված էր՝ սևամորթ լեսբի բանաստեղծուհի ու պայքարող Օդռի Լոռդ (Audre Lorde) չասացի, որ  պայքարող բառն այդքան արհեստական է հնչում ինձ համար, ես չեմ կարողանում գտնել համապատասխան բառը, որովհետև գտածս բոլոր բառերը կարծես հղում լինեն պատերազմին: Հիշում եմ պատմությանս ուսուցչուհուն, որն ասում էր՝ պատերազմի տարիներին կռվում էի գրչով, ասում ու լրացնում էր դասամատյանը, իսկ մենք ծիծաղում էինք, չէինք հավատում, որ գրիչը զենք է, պաշտպանություն է, թիրախ է:

Հետագայում պատմությանս ուսուցչուհին ասաց, որ հոգնել է կյանքից, որ ամուսինը ծեր է և հիվանդ, ու չհիշեց պատերազմը ու գրիչը չհիշեց, հասկանո՞ւմ ես:

Ես չասացի քեզ, որ սևամորթ բանաստեղծուհին ասում է` իմ լռությունը ինձ չպաշտպանեց, քո լռությունն էլ քեզ չի պաշտպանի:

Ես շարունակեցի լռել:

Այս անգամ բադերի մասին եմ մտածում, ջրային այլ թռչունների, որոնց տեսա Բադ-Հերսֆելդում: Երբեք չէի տեսել թե ինչպես են նրանց բարակ ոտքերը ամրացած փարթամ մարմիններին:

Փարթամ են թվում, որովհետև ոտքերն են բարակ: Ջրբաժան ասֆալտի վրայով մարդիկ քայլում են, իսկ թռչունները ցատկի բարձրությամբ թռչում: Դեռ երբեք այդքան մոտ ջրային թռչունը չէր եղել մարդուն, մոտ, որովհետև կողքովդ քայլում են, տեսնում ես ջրում նրանց հետագիծը, նկարում ես նրանց մարմինը շարժման մեջ, զգում ես հայացքը վրադ, փախցնում ես աչքերդ, ականջներումդ նրանց խոսքերն են՝ կռինչներ:

Իսկ ընդհանրապես քեզ ամենուր հետևում են, Բրեմենում կառույցներից մեկի պատին մի ուրվական է պատկերված. շենքի ներքևում, այնտեղ, որտեղից սկսվում է մուտքը, որտեղից սկսվում և չի երևում մուտքը` մեքենայի առջևում բարակ ծառ կա: Աչքդ տեսնում է այն, իսկ երբ լուսանկարում ես` լույսերը կուլ են տալիս ծառը, մի պահ թվում է` ծառն իսկապես չկա:

Կա, այն հետզհետե բարակող գիծ է, որ շարունակում է ճանապարհը. այն ճանապարհը, որի վրա դանդաղ մեռնում են ճագարները:

Լուսանկարները՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter