HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախկին մոնոպոլիստի ընկերությունների ճակատագիրը. Բաղդասարովից մինչեւ Արա Օսկանյան

Միխայիլ Բաղդասարովը ժամանակին Հայաստանի իշխանությունների վերին օղակների ամենամերձավոր անձանցից էր: Քաղաքական ղեկավարության հետ ունեցած կապի շնորհիվ ձեռք բերած մենաշնորհը ավիացիայում, գերիշխող դիրքը վառելիքի շուկայում ու ցեմենտի արտադրության մեջ օլիգարխին դարձրել էր մամուլում եւ հասարակության մեջ ամենաքննարկվող անձանցից մեկը: Վերջին տարիներին, սակայն, Բաղդասարովին առանձնապես չեն հիշում, ինչի պատճառը նրա բիզնես-կայսրության փլուզումն է, որը, թերեւս, հենց գործարարի ձեռքով կատարվեց. Բաղդասարովը որոշեց իր բիզնեսը հանել Հայաստանից ու հեռանալ երկրից: Թե ովքեր զբաղեցրին նրա տեղն ու տեր դարձան բիզնեսներին, կներկայացնենք այս հոդվածում՝ անդրադառնալով խոշոր ընկերություններին:

«Արմավիա»

Այս ավիաընկերության մասին ժամանակին պատմել ենք առանձին հոդվածաշարով: Միայն հիշեցնենք, որ 2003-ից ավիացիայում գերիշխող դիրք զբաղեցրած, իսկ 2005-ից արդեն մոնոպոլիստ դարձած փոխադրողը վատ կառավարման, սխալ ռազմավարության, տարբեր օղակներում բարձիթողի վիճակի, գործընկերների հետ շարունակական վեճերի արդյունքում հայտնվեց այնպիսի իրավիճակում, որ որոշեց դադարեցնել չվերթները 2013-ի ապրիլի 1-ից, իսկ դրա փայատերերից մեկը՝ օֆշորային «Միկա Լիմիթեդը», «Արմավիային» սնանկ ճանաչելու դիմում ներկայացրեց դատարան, որը բավարարվեց 2014-ի հոկտեմբերին: Նկատենք, որ բացի սեփական սխալներից, կային այլ բացասական գործոններ եւս, ինչպես օրինակ ռուսական հզոր ավիաընկերությունների հետ անհավասար մրցակցությունը, որում ՀՀ կառավարությունը սատար չկանգնեց հայկական փոխադրողին (խոսքը, մասնավորապես, «Արմավիայի» շահերից բխող եւ մինչեւ 2009 թ. գործող «թռցվող նստատեղերի» պարիտետի մասին է, որի պայմանները հետո փոխվեցին՝ հօգուտ ռուսական ընկերությունների): Բաղդասարովին ճանաչող մեր աղբյուրը նշել է նաեւ, որ գործարարն ու իշխանությունները միմյանցից դժգոհություններ ունեին, ինչի մասին արտահայտվել են իրենց նեղ շրջապատում:

2013-ի գարնանն արդեն ընթացքի մեջ էին Հայաստանում «բաց երկնքի» ծրագրի ներդրման աշխատանքները, որոնք տրամաբանական ավարտին հասան նույն տարվա հոկտեմբերին, երբ կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց: Այսինքն՝ «Արմավիայի» փոխարեն, որը 2003-2013 թթ., կառավարության հետ, այսպես ասած, մենաշնորհային պայմանագիր ուներ ու երկրի ազգային ավիափոխադրողն էր, նոր ընկերություն նույն պայմաններով շուկա չմտավ: Թափուր տեղը փորձեց լրացնել «Էյր Արմենիան», սակայն ռուսական ընկերությունների ագրեսիվ քաղաքականությունն ու հայկական իշխանությունների պասիվ կեցվածքը դրդեցին նոր փոխադրողին դուրս գալ շուկայից, իսկ 2015-ի նոյեմբերին ավիաընկերությունը սնանկ ճանաչվեց «HSBC» բանկի դիմումի հիման վրա: Եթե «Արմավիան» առողջանալու նպատակ չուներ ու լուծարման ճանապարհով գնաց, ապա «Էյր Արմենիան» փորձում էր վերաբացվել, սակայն չկարողացավ: Երկու ավիաընկերությունների գույքն այժմ հանված է աճուրդի, իսկ եզրափակիչ ակորդը կլինի լուծարման վարույթի ավարտը:

Ներկայում Հայաստանը չունի «Արմավիայի» պես քիչ թե շատ կայացած ավիափոխադրող, մեր երկնքում շարունակում են տոն տալ հատկապես ռուսական ընկերությունները, իսկ տեղականներից դեպի Հայաստան ու Հայաստանից դուրս թռիչքներ է կատարում միայն «Արմենիան», որը հասկանալի պատճառներով խուսափում է արտասահմանյան գիգանտների հետ մրցակցությունից: 

2013-ի գարնանը, երբ արդեն հայտարարվել էր «Արմավիայի» գործունեության դադարեցման մասին, իր հարցազրույցներից մեկում Բաղդասարովն ընկերության վերադարձի մասին ասել էր. «Այս կյանքում ոչինչ չի բացառվում, բացառվում է իմ վերադարձը, իսկ «Արմավիան» կարող է վերադառնալ։ Ես այլեւս չեմ ուզում ավիացիայով զբաղվել, դա անշնորհակալ գործ է, անգամ եթե պայմանները փոխեն։ Կարծում եմ՝ առանց ինձ էլ «յոլա» կգնան, իսկ ես ինձ ավելի հանգիստ բիզնես կգտնեմ»։ Լրագրողի՝ «հուսանք՝ այստեղ» դիտարկմանն էլ պատասխանել էր. «Ամեն ինչ կախված է բիզնեսից։ Հնարավոր է՝ այստեղ, հնարավոր է՝ արտերկրում։ Բայց, ամենայն հավանականությամբ, արտերկրում։ Այստեղ էլ ինչ-որ բան կմնա, բայց ոչ ավիացիան, իհարկե։ Գաղտնիք չէ, որ արտագաղթն ավելացել է, ինչու՞ ես չեմ կարող լինել այն արտագաղթողների թվում, որոնք հեռանում են։ Երկրորդ, ես այնպես չէ, որ գնում եմ, ուղղակի ուրիշ տեղ էլ եմ բիզնես անելու»:

Բաղդասարովի բիզնես-համակարգում մայր ընկերությունը բրիտանական Ջերսի կղզում գրանցված «Միկա Լիմիթեդն» է: «Արմավիայի» 35 տոկոսը պատկանում է հենց այս ընկերությանը, իսկ 65 տոկոսը՝ երեւանյան «Ավիաֆին» ՍՊԸ-ին: Մյուս կողմից՝ ներկայում չգործող «Ավիաֆինի» միակ փայատերը հենց օֆշորային կազմակերպությունն է:

Գործարարի վերոնշյալ հայտարարությունից հետո լայն թափ ստացավ բիզնեսը Հայաստանից հանելու գործընթացը:

«Միկա-Ցեմենտ»

Բաղդասարովին պատկանող Հրազդանի ցեմենտի գործարանը (2001-2014 թթ.՝ «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ) 2013-ին վարկ է ստացել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից: Հետաքրքիր է, որ այդ մասին բանկը մամուլին հաղորդագրություն է ուղարկել եւ իր կայքում ինֆորմացիա տեղադրել, սակայն դրանք տարբերվում են միմյանցից:

Հուլիսի 18-ին հաղորդագրությամբ բանկը հայտարարել է, որ «Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ-ի անունով չվերականգնվող վարկային գիծ է բացել: «Բանկի կողմից տրված գումարի մի մասը «Ցեմենտ Սերվիսն» ուղղելու է «Միկա-Ցեմենտ» ընկերությանը նպատակային փոխառություն տրամադրելուն՝ վերջինիս կրեդիտորական պարտքերի, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների գծով (աշխատավարձերի մասով եւ բնական գազի համար պարտավորությունների մարում), ինչպես նաեւ որպես դրամական միջոցների գրավ՝ ի ապահովումն «ՎՏԲ-Հայաստան Բանկի» կողմից «Միկա-Ցեմենտի» պարտավորությունների կատարման ապահովման համար տրամադրվող բանկային երաշխիքների»,- նշել է բանկն իր հաղորդագրությունում: Ըստ այդմ՝ վարկի մի մասն էլ ուղղվելու էր ցեմենտի գործարանի գործարկման համար սարքավորումների կարգաբերման եւ այլ ծախսերի իրականացմանը: Սակայն իր կայքում բանկը «Ցեմենտ Սերվիսի» անունը չի շոշափել:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ վարկի չափը 20 մլն դոլար էր, ինչի դիմաց բանկում գրավադրվել են «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ի գույքն ու բաժնետոմսերը:

Իսկ ահա «Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ-ն ստեղծվել էր այս ՓԲԸ-ի կառավարումը ստանձնելու համար: Այն 2013-ի մայիսին 50/50 բաժնեմասերով հիմնադրել են Տիգրան Մարտիրոսյանն ու Էդմոնդ Ասիրյանը: Վերջինիս անունը կարելի է գտնել Բաղդասարովի տարբեր ընկերություններում: Այդուհանդերձ, մեկ ամիս անց Ասիրյանն իր փայը փոխանցել է Արթուր Մուրադովին, ով զուգահեռաբար՝ 2013-2014 թթ., նաեւ «Ցեմենտ Սերվիսի» տնօրենն էր: Ավելորդ չէ նշել, որ «Ցեմենտ Սերվիսի» եւ Բաղդասարովի տարբեր ընկերությունների հասցեն նույնն է՝ Երեւան, Բելյակովի 5:

Պատահական չէ, որ մայիսին հիմնադրված «Ցեմենտ Սերվիսի» անունով է բացվել «ՎՏԲ»-ի վարկային գիծը: Այդ ընկերությունն արդեն 2013-ի հոկտեմբերին դարձել է «Միկա-Ցեմենտի» կառավարիչ: Մինչ այդ ցեմենտի գործարանի տնօրենը 2001-ից ի վեր Նաիրա Մարտիրոսյանն էր: Բայց կառավարիչ ընկերության մուտքով Մարտիրոսյանն ասպարեզից դուրս չի եկել, որովհետեւ 2014-ին հենց ինքն է փոխարինել «Ցեմենտ Սերվիսի» տնօրեն Արթուր Մուրադովին, այսինքն՝ շարունակել է ղեկավարել Հրազդանի գործարանը: 2016-ի սեպտեմբերից գործարանի նոր տնօրեն է դարձել Հարություն Պողոսյանը:

«Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ն վարկ վերցնելուց մեկ տարի անց՝ 2014-ի նոյեմբերին, անվանափոխվել է՝ դառնալով «Հրազդան-Ցեմենտ»: Չնայած վերջինիս ու չեխական «PPF banka» ընկերության միջեւ 2015-ին սկսված դատական վեճում նշվել է, որ գործարանի միակ բաժնետերը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն է, ցեմենտի գործարանին հարկային արտոնություն տալու մասին օրինագծում եւ քննարկումների ժամանակ անցյալ տարի նշվել է, որ «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ի գույքն ու բաժնետոմսերը գրավադրված են «ՎՏԲ»-ում, այսինքն՝ խոսք չկա բանկի սեփականություն լինելու մասին: Այդուհանդերձ, փաստ է, որ ՓԲԸ-ի հանդեպ առաջնային իրավունքներ ունի հենց վարկատու «ՎՏԲ»-ն:

Բաղդասարովի ընկերությունների ու «ՎՏԲ»-ի կապն, ի դեպ, շատ ավելի հեռուն է գնում: 2010 թվականին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն մի քանի միլիոն դոլարի վարկ էր տրամադրել «Արմավիային» ու «Միկա Լիմիթեդին», սակայն վարկերի մարման պարտավորությունների չկատարման պատճառով դիմել էր դատարան:

Բոլոր 4 հայցերի մերժման հիմքում դատարանը դրել էր նույն փաստարկը. 2013-ի հուլիսի 15-ին Միխայիլ Բաղդասարովը, «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ն, «Արմավիա-Ավիաընկերություն» ՍՊԸ-ն եւ «Միկա Լիմիթեդ» ընկերությունը մի կողմից ու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն մյուս կողմից կնքել են բաժնետոմսերի առուվաճառքի եւ հաշվանցի մասին պայմանագիր, որի համաձայն՝ բաժնետոմսերը բանկին ի սեփականություն են անցել, ինչից հետո առաջին կողմի պարտավորությունները դադարած են համարվել: Դատական ակտերում, սակայն, չի նշվում, թե Բաղդասարովի ընկերություններից որի բաժնետոմսերն են հանձնվել «ՎՏԲ-Հայաստանին»:

«Միկա-Ցեմենտի» իրավահաջորդի տերը Վարդան Օսկանյանի որդին է

Հրազդանի ցեմենտի գործարանը իրավահաջորդ ունի: Դա 2008-ի օգոստոսին հիմնադրված «Բետոն Մարկետ» ՍՊԸ-ն է: Վերջինս իրավահաջորդ է դարձել դեռ այն ժամանակ, երբ ՓԲԸ-ն կոչվում էր «Միկա-Ցեմենտ»: Ըստ էության, այս դեպքում իրավաբանական անձից («Միկա-Ցեմենտ» ՓԲԸ) առանձնացել է մեկ այլ իրավաբանական անձ («Բետոն Մարկետ» ՍՊԸ), ինչի դեպքում, ըստ օրենքի, յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները տարանջատվում են՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան: «Բետոն Մարկետի» գործունեությունը, սակայն, ցեմենտի արտադրությունը չէ, այն զբաղվել է սեփական կամ վարձակալած տարածքները վարձով տալով կամ այլ գործառույթներով: Հիմնադրել են Մ. Բաղդասարովն ու «Միկա Լիմիթեդը»: 2014-ի մայիսին «Բետոն Մարկետի» միակ փայատեր է դարձել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի (լուսանկարում) «Օյրա» ՍՊԸ-ն, որի գործունեությունը ցեմենտի, ավազի, գաջի եւ խճի մեծածախ առեւտուրն է: Մինչեւ «Բետոն Մարկետը» ձեռք բերելը Ա. Օսկանյանը մամուլին հայտնել էր, որ «Միկա-Ցեմենտից» ու «Արարատցեմենտից» ցեմենտ է գնում եւ օգտագործում բետոնի արտադրության մեջ: Ավելի ուշ նա հերքել էր Հրազդանի գործարանը ձեռք բերելու մասին խոսակցություններն ու կրկին նշել, թե ոչ մի կապ չունի «Միկա-Ցեմենտի» հետ:

2016-ի դեկտեմբերի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի դատարանը ՊԵԿ-ի դիմումի հիման վրա սնանկ է ճանաչել «Բետոն Մարկետ» ՍՊԸ-ն, որը պետությանը 6,6 մլն դրամի հարկային պարտավորություն ուներ:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter