HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 անչափահաս մեծացնող Մանուկյանները թոռների համար նաև հայր ու մայր են

«Մացո, տղես, գնա շալվարդ փոխի, սաղ ջուր ա»,- արևի մի փունջ ընկնում է Սիրանուշի դեմքին, ձեռքով արագ մաքրում է թաց աչքերը, ձայնը խզվում է: Լռում ենք:

10-ամյա Մացակը երկաթե թափոնների մոտից քայլում է մեր կողմ, ուշադիր նայում է ինձ, ժպտում է: Մացակի ժպիտի մեջ անբացատրելի բարություն կա, ամեն բան հասկանում է, նույնիսկ գիտի, թե ընտանիքն ինչքան պարտք ունի խանութներին, պապիկի հետ ամեն օր աղբանոց է գնում՝ երկաթ հավաքելու, ասում է՝ օգնում է տնեցիներին:

Արտաշատի փողոցներից մեկի ծայրամասում է բնակվում Մանուկյանների ընտանիքը: Ինչպես իրենք են ասում՝ փողոցի վերջին տունն է: Փոսաշատ ու ցեխառատ ճանապարհով հասնում ենք նրանց տուն: Բակով անցնող գազի խողովակի վրա լվացք է փռված, տան դիմաց հարևանի անասնագոմն է, դրանից փոքր-ինչ վերև՝ աղբանոցը: Ընտանիքի հոր՝ Վրեժ Մանուկյանի պատմելով՝ ամեն օր գնում է այդտեղ երկաթ գտնելու հույսով:

Սիրանուշն ու Վրեժը

Մի հարկանի տունը մոտ 15 տարի առաջ կառուցել են ամուսիններով: Վրեժն ասում է՝ մինչև հիմա տան ցեմենտի պարտքը չեն տվել, վաճառողը բարի է, ասել է՝ մի օր լույս կբացվի, գումարը կտաս: Տունը քիչ թե շատ կահավորել է Վրեժի հանգուցյալ որդին՝ Հայկը:

Տունը խոնավ է, բետոնե հատակը՝ ցեխոտ: Հյուրասենյակի պատին Հայկի լուսանկարն է: Վառարանի մեջ ցախ կա, չեն վառել: Մահճակալներից մեկի ոտքերի փոխարեն մեծ քարեր են: Ձմեռը, պատմում են, ինչ ասես վառել են՝ դրսից պլաստմասսե շշեր են բերել, հին անասնագոմի տանիքն են վառել, երբ այլևս վառելիք չունեին, վերմակի տակ էին մտնում: Սիրանուշն ասում է՝ համարյա ամբողջ ձմեռ վերմակի տակ են եղել, ուրիշ ելք չունեին:

9-ամյա Գոռը

45-ամյա Վրեժը գլխիկոր է լսում մեր զրույցը: Նախկինում վարորդություն է արել, մեքենա է վերանորոգել, կինը մի ժամանակ առևտրով է զբաղվել, հիմա իր առողջությունը վատացել է, շնչելը դժվարացել է, ծանր գործ չի կարողանում անել:

Վրեժը սեզոնային աշխատանքներ է անում հարևանների դաշտերում, ձմռանը ստիպված երկաթ է հավաքում՝ 1 կիլոգրամը 5 դրամով են գալիս տանում: Բակում երկաթե թափոնն է ցույց տալիս՝ հուսով է, որ գոնե 2 հազար դրամ կտան դրա դիմաց:

45-ամյա տղամարդն ասում է, որ վարորդական վկայական ունի, գործի համար շատ տեղեր է դիմել, բայց ապարդյուն: Սա ասելուն պես դարձյալ հեռանում է դեպի լվացքի կողմը: 

Սիրանուշն ասում է՝ ամուսնու առողջական վիճակը լավ չէ, միջոցներ չունեն, որ բժշկի տանեն: Տղայի մահից հետո երկուսն էլ ուշքի չեն գալիս:

«Տղաս էստեղ աշխատում էր քարի ցեխում, քարեր էր կտրում: Ասեց՝ գնամ Ռուսաստան, աշխատեմ, որ գամ տուն առնեմ, ընտանիքիս հետ տեղափոխվեմ: Մի ամիս էր աշխատել Ռուսաստանում, Վարդավառին քրոջս տղան թռել էր գետ՝ լողանալու, Հայկը տեսել էր, որ խեղդվում է տղան, ինքը չնայած լողալ չգիտեր, թռել էր փրկելու, բայց սուզվեց... Քրոջս տղային փրկեցին, իրեն չկարողացան: 2013-ն էր»,- պատմում է Սիրանուշը: Որդին 23 տարեկան էր:

10-ամյա Մացակը

Հայկն ամուսնացած էր, 3 երեխա ուներ՝ Մերին, Մացակը, Գոռը: «Հարսս տղայիս մահից հետո թողեց-գնաց: Երեխաներին ես եմ պահում»,- ասում է 46-ամյա կինը: Այնուհետև նշում է, որ հարսի գնալու օրն ինքը տանը չէր, երեխաներն են պատմել, որ փաստաթղթերը վերցրել ու հեռացել է: Այս տարիներին որևէ զանգ կամ լուր չունեն նրանից:

«Պատկերացնո՞ւմ եք՝ իմ թոռներն ինձ մամա են ասում, ամուսնուս՝ պապա: Շատ ժամանակ հարևաներիցս ասում էին՝ էրեխեքին տար որբանոց հանձնի, բայց չեմ կարա, իմ տղայի էրեխեքն են, իմ արյունն են»,- Սիրանուշը ձեռքը դնում է բերանին, կոպերը թացանում են:

Սիրանուշի 7 երեխաներից ողջ են երկուսը՝ 16-ամյա Քրիստինեն ու 10-ամյա Ռուստամը, մյուսները տարբեր պատճառներով մահացել են: Այս մասին մենք գրեթե չենք խոսում, միայն ասում է, որ երեխաներից մեկը 1,5 տարեկանում հիվանդությունից է մահացել, 9-ամյա աղջկա գլխին դպրոցից գալուց գազի խողովակն է ընկել (ավտոբուսը խփել էր գազի խողովակին, որի մոտ կանգնած է եղել երեխան):

10-ամյա Ռուստամը

Մացակը դարձյալ մոտենում է մեզ: Մենք տան բակում ենք: Պատուհաններին ապակիներ չկան, ցելոֆանները պատռված են:

Սիրանուշն ասում է՝ հիմա միայն մտածում են երեխաներին հագուստով ու սննդով ապահովելու մասին: 54 հազար դրամ նպաստ են ստանում երեխաների համար, բայց դրա մեծ մասը կոմունալ են վճարում: Հիմնական եկամուտը աղբանոցներից հավաքած երկաթն է: Հարևանուհին է օգնում՝ սնունդ է տալիս ժամանակ առ ժամանակ, հագուստ երեխաների համար, բայց ամաչում են այդ օգնությունից, ասում են՝ իրենց գործ է պետք:

«Խանութներում արդեն պարտքով հաց չեն տալիս, կողքի գյուղն եմ հասնում: Ես դաժե ուզեցել եմ ինձի կախաղան հանեմ»,- ասում է Վրեժը: Ես այլևս հարցեր չեմ տալիս, Սիրանուշը նայում է ինձ, Վրեժը գնում է դեպի ջրի աղբյուրը:

«Ինքը դեպրեսիայի մեջ ա, գիշերները չի քնում մեր էս վիճակից… Եթե Հայկոն հիմա կենդանի լիներ, մեզ կօգներ…»,- երեխաներին նայելով՝ ասում է Սիրանուշը:

«Պապ, մեր պարտքն ինչքա՞ն ա»,- Մացակը պապին է հարցնում:

Վրեժի ձայնը հեռվից է լսվում՝ մի միլիոն: Սիրանուշը պատմում է, որ տղայի հոգեհանգստի, գերեզմանաքարի համար էլ են պարտք արել:

«Մացակ, էսօր դպրոց գնացե՞լ ես»,- հարցնում եմ տղային: Ուսերը վեր է քաշում, հետո թե՝ չէ: «Ինչի՞ չես գնացել»,- շարունակում եմ ես: «Եսիմ…»: «Շորերը չէին չորացել, փոխնորդ էլ չունի, դրա համար»,- պատասխանում է Սիրանուշը, որ և տատ է, և մայր:

Երեխաները ձմռանը մեկ ամսից ավելի դպրոց չեն գնացել: Սիրանուշն ասում է՝ չէր ուզում, որ հետ մնան դասերից, բայց տանը ցուրտ է եղել, երեխաների շորերը չէին չորանում: «Կիսատ-պռատ շորեր ունեն, էլի»,- նշում է նա: «Մացոն գիտե՞ս ինչ դհոլ է նվագում, հետն էլ «Որբուկ» երգն է երգում»,- ավելացնում է Սիրանուշը: «Երգիչ եմ դառնալու»,- ասում է Մացակը: «Հա, բալես,- ի պատասխան ասում է տատը,- երգի ենք ուղարկում Մացոյին: Էրեխեքը շատ խելոք են»: Սա, թերևս, մեր զրույցի միակ պահն էր, երբ ընտանիքի մայրը  ժպտում է, Մացոն գլուխը կախում է:

Մացակը, Գոռը, Ռուստամը

«Մի քիչ պայմանները դզվեն, առողջ լինեմ, կարողանամ էս երեխաներին մեծացնեմ, հասցնեմ իրենց նպատակին, ուրիշ բան չեմ ուզում»,- ասում է 46-ամյա տատը:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter