HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Հայկական հոլիվուդում» մշակույթի կարոտ են․ Հիմնադրամը խոստումը չի կատարել

Տավուշի մարզի Խաշթառակ համայնք տանող խաչմերուկում մոտ 10 տարի է ցուցանակ է տեղադրված այն մասին, որ «Հայաստան»  համահայկական հիմնադրամը վերանորոգելու է գյուղի դպրոցը, բուժկետը եւ մշակույթի տունը։

Ցուցանակն արդեն խունացել է, հիմնադրամի խորհրդանիշի գույներն այլեւս չեն երեւում։ Դպրոցն ու բուժկետը վերանորոգվել են, մշակույթի տունը՝ դեռ ոչ։

Խաշթառակի մշակույթի տունը, ընդ որում, բավականին երկար տարիներ գտնվում է թալանված, քանդված վիճակում։ Տարիներ շարունակ ով ինչ հասցրել՝ գողացել է մշակույթի տնից։ Չնայած դրան, մի քանի տարի շարունակ Խաշթառակի բյուջեից տարեկան միջինը մոտ 4,5 միլիոն դրամ է հատկացվել մշակույթի տան անգործ աշխատակազմի աշխատավարձի համար: Չգործող մշակույթի տունն ունեցել է տնօրեն, գրադարանավար, հավաքարար, պահակ՝ միջինը 60 հազար դրամ աշխատավարձով։

Խաշթառակում դեռ սպասում են, որ մշակույթի տունը կվերանորոգվի, հատկապես, որ նման պարտավորություն է վերցրել Հայաստան համահայկական հիմնադրամը։

Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանն ասում է, որ մշակույթի տան գործունեությունը դադարեցրել է, բայց հույս ունի՝ դա ժամանակավոր է, եւ որ մի օր շենքը կվերանորոգվի։

«Դպրոցն ու ամբուլատորիան շատ լավ վերանորոգել են 2009-2010 թվականներին, ինչի համար շնորհակալ ենք, բայց մշակույթի տան համար ոչ մի բան չի արվել առ այսօր։

Քանի որ Արմեն Գուլակյանը մեր համագյուղացին է եղել, շատ լավ բեմ ենք ունեցել, ինչքան լավ դերասաններ ունենք՝ մեր բեմում խաղացել են, այսօր, սակայն, այդ բեմը գոյություն չունի։ Եթե շենք լիներ, կգործեր գրադարանը, մշակույթի խմբակներ կլինեին։

Բայց այսօր ոչինչ չկա, գրադարանն էլ հանձնել եմ դպրոցին։ Հիմա մշակույթի տանը ոչինչ չես կարող պահել, այնտեղ շենք չկա էլ արդեն»,-«Հետք»-ի հետ զրույցում պատմեց Խաշթառակի գյուղապետը։

Խաշթառակի բնակիչ Սերյոժա Քամալյանն ասում է․ «Ես շատ վատ եմ զգում, որ մեր մշակույթի տունն այս վիճակում ա։ Մեր երեխաները պետք է թատրոնի շենք ունենան, երաժշտության, պարի խումբ ունենան։ Գրեթե բոլոր գյուղերում կա։ Մշակույթը մարդու ներաշխարհի ամենաբարձր կետն է, որը պիտի ամեն գյուղ ունենա։ Համայնքներ կան, որտեղ երեխաների թիվը քիչ է։ Հո դպրոցները չե՞ն փակում։ Չէ՞ որ էդ դպրոցը համայնքի շունչն ա։ Այ, համայնքի շունչը նաեւ մշակույթի տունն ա»։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Գրիգորյանը «Հետք»-ին պարզաբանել է, որ Խաշթառակ համայնքը հանդիսանում է հիմնադրամի գյուղական զարգացման ծրագրի շահառու համայնք: Ծրագրի շրջանակներում, Հայաստանի ավելի քան քառասուն համայնքներում իրականացվել և իրականացվում են տարաբնույթ նախաձեռնություններ ուղղված թե´ ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը, թե´ տնտեսական ակտիվության խթանմանը: Այս առումով, Խաշթառակ գյուղում 2008թ.-ից ի վեր իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր: Ինչ վերաբերում է մշակույթի տան վերանորոգմանը, ապա․

«Մշակույթի տան վերանորոգման ծրագիրն իսկապես ի սկզբանե ներառված է եղել Խաշթառակ համայնքի համար նախատեսված ծրագրերի ցանկում: Կատարվել է ծրագրի նախնական ուսումնասիրություն և առկա իրավիճակի գնահատում: Ցավոք, շենքի վերակառուցումը դեռևս իրականություն չի դարձել համապատասխան հետաքրքրված բարերարի բացակայության պատճառով: Ծրագիրը շարունակում է մնալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջարկվող ծրագրերի ցանկում և, հույս ունենք, որ ապագայում այս ծրագիրը ևս կկարողանանք կյանքի կոչել»,-իր գրության մեջ նշել է հիմնադրամի հանրային կապերի բաժնի ղեկավարը:

Խաշթառակը անվանի դրամատուրգ, ռեժիսոր Արմեն Գուլակյանի ծննդավայրն է։ Այս մշակույթի տանը անվանի դեմքեր են հանդես եկել՝ Գոհար Գասպարյան, Սոս Պետրոսյան, Գեւորգ Էմին, իսկ «Հայֆիլմ»  կինոստուդիան գյուղի տարածքում նկարահանել է մի շարք սիրված ֆիլմեր, որոնց թվում՝ «Մենք ենք մեր սարերը»։ Գյուղի տարեց բնակիչները հիշում են, որ ֆիլմի ստեղծագործական կազմը նկարահանումների ընթացքում մնացել է հենց մշակույթի տանը։

2015 թվականին համայնքի նորընտիր գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը աշխատանքից ազատել էր մշակույթի տան անգործ աշխատակիցներին։

2016 թվականին քրեական գործ է հարուցվել «յուրացում» հոդվածով, սակայն քննությունը դադարեցվել էր հիմնական վկայի բացակայության պատճառով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter