HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամեն երեկո աշակերտներս զանգահարում են ու հիշեցնում, որ պատշգամբի լույսն անջատեմ, վտանգավոր է». Վազաշենի մաթեմատիկայի ուսուցչուհի

Ամալյա Մարգարյան

«Գիտեմ, թե երեխաներն ինչքան են վախենում մաթեմատիկայից: Ասում են՝ չենք կարող սովորել և հաճախ անհաղորդ են մնում այդ գեղեցկությանը, որովհետև չեն ունենում ուսուցիչ, որը կարողանա նրանց պատմել այդ մասին: Իմ նպատակն է ցույց տալ, որ ոչ միայն գրականությունը, բանաստեղծությունը, երաժշտությունն են գեղեցիկ, այլև մաթեմատիկան ևս գեղեցիկ է: Ուզում եմ մաթեմատիկայի հանդեպ իմ սերը փոխանցել երեխաներին»,- պատմում է սահմանամերձ Վազաշեն համայնք տեղափոխված ուսուցչուհի Սաթենիկ Պետրոսյանը, հետո ավելացնում, որ հանրակրթական դպրոցի ծրագրերը բարդ են ու հաճախ հասու չեն աշակերտներին։

«Շատ հաճախ չեն հասկանում, թե ինչ են սովորում, սկսում են չսիրել առարկան»,- ասում է Սաթենիկը:

Սաթենիկ Պետրոսյանը ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը, մասնակցել «Դասավանդիր Հայաստան» ծրագրին, դասընթացներին և սեմինարներին մասնակցելուց հետո տեղափոխվել սահմանամերձ Վազաշեն գյուղ ու աշխատանքը սկսել տեղի միջնակարգ դպրոցում: Դասավանդում է մաթեմատիկա 5-12-րդ դասարաններում:

««Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասին լսեցի ընկերներիցս: Ցանկանում էի Արցախի բնությանը մոտ մի տեղ գտնել, գնալ. հոգնել էի Երևանից, աղմուկից, Արցախը ծրագրում ներառված չէր: Մանկավարժական կրթություն չունեմ, փորձ չեմ ունեցել: Մտածում էի` ի՞նչ պիտի անեմ, ո՞նց պիտի դասավանդեմ ծրագրի շրջանակում, իսկ հիմա գիտեմ, թե դասին ինչ մեթոդներ է պետք կիրառել»,- ասում է Սաթենիկը:

Սաթենիկը ծնվել ու մեծացել է Երևանում, արդեն ութ ամիս ապրում է Վազաշենում` տանտիրուհի Զինայի և «Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակից Էսթերի հետ:

կենտրոնում` Էսթերը, Զինան և Սաթենիկը

«Երբեք գյուղում չեմ ապրել: Գյուղ տեղափոխվելն ինձ համար էկզոտիկ էր: Գյուղի կենտրոնում ենք բնակվում` գյուղապետարանի շենքի մոտ: Տունը բարձրադիր է և ադրբեջանական դիրքերից լավ երևում է: Ամեն երեկո աշակերտներս զանգահարում են ու հիշեցնում, որ պատշգամբի լույսն անջատեմ. վտանգավոր է»:

25-ամյա ուսուցչուհին ասում է, որ աչք է փակում դժվարությունների վրա։  

«Ապրելու պայմաններն են բարդ, որովհետև նման պայմաններ իմ կյանքում չէի տեսել, թեև մինչև գյուղ գալը պատկերացնում էի դժվարությունները: Երբ ջուր եմ խմում, աչքերս փակում եմ, որ գույնը չտեսնեմ, հետո հիշում, որ նույն ջրից խմում են նաև աշակերտներս: Իրենք եթե ապրում են, սովորում են այդ պայմաններում, ես էլ եմ հարմարվում: Կրակոցների ձայներ լսելուց հետո էլ շարունակում ենք դասը` փորձելով չկենտրոնանալ դրանց վրա»,- պատմում է Սաթենիկ Պետրսյանը:

Սաթենիկն ասում է, որ դասերին փորձում է այնպես անել, որ աշակերտները իրար օգնել սովորեն, խմբերով աշխատեն, կիրառում է նոր տեխնոլոգիաներ և փորձում գրաֆիկաների, տեսանյութերի միջոցով սովորեցնել մաթեմատիկան:

Հանգստյան օրերին ևս երեխաների հետ շփվում է: Պատմում է, թե ինչպես է 5-րդ դասարանցիներին հրավիրել մուլտֆիլմ դիտելու, 8-9-րդ դասարանցիների հետ բասկետբոլ խաղացել, մասնակցել սեղանի թենիսի ու ֆրիսբիի առաջնությունների: «Ես չեմ մտածում, որ իմ գործը միայն մաթեմատիկա սովորեցնելն է, երեխաները շատ բացթողումներ ունեն: Փորձում եմ ծանոթացնել նաև մշակութային այլ արժեքների հետ, որոնք անհասանելի են նրանց: Հաճախ միասին տեսանյութեր ենք նայում, երաժշտություն լսում»,- ասում է Սաթենիկը:

Սաթենիկ Պետրոսյանն իր աշակերտների մասին ոգևորությամբ է պատմում և նշում, որ նրանք տարբեր են՝ իրենց երազանքներով ու ցանկություններով: Ասում է, որ փոքրերի հետ ավելի հեշտ է, քանի որ նրանք սովորելու ցանկություն ու հետաքրքրասիրություն ունեն, իսկ ավագ դասաարաններում սովորելու ցանկությունը գնալով պակասում է: Սաթենիկը նկատել է նաև, որ գյուղի երեխաները նույնիսկ երազանքներով տարբերվում են քաղաքում ապրող իրենց հասակակիցներից:

«Իմ աշակերտները յուրօրինակ են: Առաջին օրը, երբ դասարան մտա, մտածում էի` էս երեխեքն ինչո՞ւ են այսքան տխուր: Իմ հիմնական նպատակը հիմա նրանց ուրախացնելն է: Մեկ-մեկ մտածում եմ` ծաղրածու չեմ, բայց ինքս ինձ ասում եմ` ոչինչ, թող ծիծաղեն, ուրախանան, խոսեն, աղմուկ լինի: Նրանք խոսելու, բացվելու պահանջ շատ ունեն: Փոքրերի մեջ ըմբոստ աշակերտներ ունեմ, հետաքրքրասեր են, ուզում են ամեն ինչ իմանալ: Բարձր դասարաններում ապագայի հարցն է բացվում: Գյուղի երեխաները փակ են, նույնիսկ վախենում են երազել, ցածր դասարանի երեխաներին երբ հարցնում ես նպատակներից, խոսում են շատ մանր բաների մասին: Նրանք իրենց թույլ չեն տալիս երազել»,- ասում է Սաթենիկը։

Մաթեմատիկային ուսուցչուհին պատմում է, որ կոլեկտիվին հարմարվել է, դպրոցում իրեն լավ են վերաբերվում: Սաթենիկ Պետրոսյանն ասում է, որ երբեք չի մտածել ուսուցիչ դառնալու մասին, բայց որոշել է գնալ սահմանամերձ գյուղ և ցույց տալ, որ հնարավոր է նաև այդ պայմաններում ապրել ու աշխատել:

«Ես մտածում եմ, որ «Դասավանդիր Հայաստան» ծրագրին հնարավորինս շատ երիտասարդներ պետք է դիմեն, որպեսզի ցույց տանք, որ սահմանամերձ գյուղերին պետք է ուշադրություն դարձնել: Հնարավորություն տանք, որպեսզի գյուղերում ապրող երեխաները տեսնեն, լսեն իրենցից տարբերվող ու իրենց նման ուսուցիչներին և հետևեն նրանց»,- ասում է Վազաշենի մաթեմատիկայի ուսուցչուհին:

լուսանկարները` «Դասավանդիր Հայաստան» ծրագրի և Սաթենիկ Պետրոսյանի

Մեկնաբանություններ (6)

Ռազմիկ
Հայաստանի ապագան կերտում են Սաթենիկի նման անհատականությունները:
Գևորգ
Խոնարհվում եմ: Հայրենասիրությունն էսպես ա արտահայտվում նաև: Առանց աղաղակների ու աղմուկի, իրական քայլերով, նոր սերունդ դաստիարակելով:
Գայանե Անդրեասյան
Չեք կարող պատկերացնել, թե ինչ մեծ հպարտություն և ոգևորություն ունենք բոլորս, քանի որ աշխատում ենք գյուղերում, Երևանից հեռու գյուղերում, սահմանամերձ գյուղերում։ Սաթենիկին ճանաչելն ու ընկերություն անելը մի այլ ոգեշնչում է։ Շաաաաատ, անչափ շատ ուրախ եմ, որ Սաթենիկը կա իմ կյանքում #գյուղԳեղամասարի ուսուցչուհի՝ Գայանե Անդրեասյան #ՈգեշնչիրԱպագան #դարձիրԱռաջնորդ #TeachForArmenia
Ofelya
Ապրես, Սաթենիկ ջան,քո օրինակին թող հետևեն մեր հանրապետության երիտասարդները,նրանք, ովքեր աշխատանք չունեն, պարապ-սարապ չնստեն,չդժգոհեն,գնան,աշխատեն,մտնեն նոր աշխարհ, ծանոթանան նոր երեխաների հետ,կյանքը հետաքրքիր դարձնեն....
Արմինե
Սաթենիկն ու էսթերը պարգև են վազաշենցիների համար: Շատ ուրախ եմ, որ շուտով, երբ ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ բարեգործական հիմնադրամը Վազաշենի դպրոցում սկսի իրականացնել իր ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ ծրագիրը (Awesome հիմնադրամի աջակցությամբ), երեխեքն արդեն պատրաստ կլինեն փոփոխությունների գաղափարին: Եվ դա` շնորհիվ այս երկու աղջիկների, որոնք նոր մոտեցումներ ու թարմություն բերեցին դպրոց: Չնայած` արտաքուստ այնքան էլ չեն տարբերվում իրենց աշակերտներից:
Լիլիկ Ստեփանյան
Սաթենիկը բացառիկ մարդ է, տաղանդավոր երիտասարդ, որի մասին լսելու դեռ շատ առիթներ կլինեն, վստահ եմ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter