HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016-ին անասնագողության դեպքերի թիվն աճել է

Դիանա Ղազարյան 

2015թ. հունիսի 25-ին Ճոճկանի «Նովեր» հանդամասի արոտավայրից գողացել էին ճոճկանցի Վահագ Երիցյանի վեց կովերից չորսը։ Առավոտյան անասուններին տարել էր տանից 100 մետր հեռու գտնվող հանդը՝ արածեցնելու, երեկոյան գնացել էր կովերին հետ բերելու, տեսել՝ չորսը չկան։ Տասն օր շարունակ գյուղերով, հանդերով անասուններին ման էին եկել, ապարդյուն։ Ոստիկանությունում Երիցյանների կովերի գողության դեպքով քրեական գործ է հարուցվել, սակայն մինչ օրս չի բացահայտել: «Գնացել-եկել եմ, ասել են՝ հա սենց կանենք, նենց կանենք, ու ոչ մի բան չի բացահայտվել։ Ես էլ բրախեցի։ Ի՞նչ անենք։ Չորս հատ ապրանքս քշեցին, տարան։ Ասում են՝ դա մեծ կծիկ է, դրա համար չենք կարողանում բացահայտել։ Չեմ էլ ուզում խորանամ, արդեն ձանձրացել եմ»,- ասում է Վահագ Երիցյանը։ 

Ըստ նրա՝ գյուղում լուրեր են տարածվել, թե անասուններին ադրբեջանցիներն են գողացել, սակայն Վահագը այդ ասեկոսեներին չի հավատում. «Ո՞նց կարա թուրքը սահմանն անց կենա, գա, տանի»,-հակադարձում է  նա։ Ընտանիքը երկար տարիներ անասուններ է պահում, բայց չի հիշում գյուղում նման դեպք, որ մասսայաբար անասուն գողանային։ 

Ունեցած երեք կովը պահելու համար որոշել է չոբան ունենալ: «Աչքը տեսածից է վախըմ։ Հիմա եթե ազատ թողենք, տանիլ տին, գիտեմ։ Չնայած՝ էս ամիս ծախիլ տիմ, Ռուսաստան գնամ»,-զրույցի վերջում ասաց ճոճկանցի Վահագ Երիցյանը։ 

Հիշեցնենք, որ Ճոճկանում անասնագողության դեպքերը սովորական են դարձել։ Միայն վերջին երկու տարիներին գյուղացիներից 25-ից ավելի կով են գողացել: Անասնագողության վերջին դեպքը գյուղում գրանցվել է նախորդ  տարվա սեպտեմբերի 18-ին: Ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժինը անցած 2 տարիներին Ճոճկանում անասնագողության ոչ մի դեպք չի բացահայտել: 

Որքան ու որ մարզերում անասուն գողացան 

2016-ին Հայաստանում վերջին յոթ տարիներին ամենամեծ թվով անասնագողությունն է գրանցվել։ 2013-ի համեմատ թիվը կրկնակի աճել է։

Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ 2012-2013-ին զգալիորեն կրճատվել են անասնագողության դեպքերը, սակայն 2014-ից սկսած՝ դրանց թիվը նկատելիորեն աճել է: 

Անասնագողության 2010-2016 թվականների մարզային տվյալները փաստում են, որ գողության ամենից շատ դեպքեր արձանագրվել են Արագածոտնի մարզում՝ 106, ապա՝ Լոռու մարզում։ 

Վայոց ձորի մարզում անասնագողության ամենաքիչ դեպքերն են գրանցվել՝ 7 տարվա ընթացքում ընդամենը 16 դեպք։ Այս մարզում 2016-ին անասնագողության դեպք տեղի չի ունեցել: 

Այս քարտեզում որքան բաց է մարզի գույնը, այնքան փոքր է այդ մարզում անասնագողության թիվը:

Եթե մարզային անասնագողության 2010-2016թթ. տարեկան տվյալները միջինացնենք, ապա կստացվի, որ Արագածոտնում, Արարատում, Լոռիում, Կոտայքում և Արմավիրում, մեծամասամբ, ամսական առնվազն մեկ անասուն է գողացվել։

Գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան այդպես էլ չկարողացան պարզաբանել, թե  ոստիկանության գրանցած անասնագողության փաստով հարուցված գործերից քանիսն է ուղարկվել դատարան։ Պատճառաբանեցին, թե նման առանձնացված վիճակագրություն դատախազությունը չի իրականացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter