HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սառցե ստալագմիտների քարանձավ Գնդեվազում

Երանուհի Սողոյան

Արփայի կիրճ իջնող նեղ արահետից չշեղվելու համար կրկնապատկում եմ ուշադրությունս: Ձյան շերտը տեղ-տեղ փափկացել է եւ ոտքը սխալ դնելիս պարզապես թաղվում եմ ձյան մեջ: Լեռնամագլցման մեջ առավել հմուտ ուղեկիցներս՝ Վաչագանն ու Հրաչն օգնում են չսահել ներքեւ: «Ոտքդ դնելիս նախ կրունկդ թաղի ձյան մեջ, տեղդ ամրացրու, նոր քայլդ արա»,-հրահանգում է Վաչագանը: Մոտ 1 կմ քայլելու ենք, ավելի ճիշտ ոլորապտույտ ճանապարհով իջնելու ենք Գնդեվազ գյուղի հարակից ձորը: Նպատակակետը սառցե ստալագմիտների (stalagmite) քարանձավն է:

Ստալագմիտ եւ ստալակտիտ հասկացություններն առաջին անգամ գրականության մեջ հայտնվել են 1655թ-ին՝ դանիացի բնագետ Օլե Վորմի շնորհիվ: Նեղ իմաստով ստալակտիտներ կոչում են կաթիլից ձեւավորված սառցալեզվակները, որոնք շատ հաճախ ներսում ունենում են սնման խողովակներ՝ դրանք խողովակաձեւ ստալակտիտներն են: Կարող են առաջանալ քարանձավի թե առաստաղին, թե հատակին: Ստալագմիտների ու ստալակտիտների միաձուլումից սովորաբար ձեւավորվում են սյուներ՝ ստալագանտներ (stalagnates):

Ստալագմիտ բառն առաջացել է հունարեն ( στάλαγμα) կաթիլ բառից: Առավել հաճախակի հանդիպում են կրաքարի, հազվադեպ գիպսի եւ աղի բյուրեղներից ստալագմիտներ: Աշխարհում ամենաբարձրը եւ Լատինական Ամերիկայում ամենախոշոր ստալագմիտը հայտնաբերվել է Կուբայի Սիենֆուեգոս(Cienfuegos) շրջանում գտնվող Մարտին Ինֆերնո (Martín Infierno) քարայրում՝ բարձրությունը 67,2 մ, իսկ Եվրոպայում ամենաբարձրը համարվում է Սլովակիայում գտնվող Բուզգով(Buzgov) քարանձավի ստալագմիտը՝ 35,6 մ:

Գնդեվազի անձեռակերտ քարայրն առայժմ անուն չունի, այնտեղ ձեւավորվող սառցե ստալագմիտների բարձրությունն էլ դեռեւս որեւէ մեկը չի չափել՝ ասել կուզի համաշխարհային ռեկորդի հավակնություններ չկան: «Բայց այն գոնե Հայաստանի մասշտաբով ճանաչելի դարձնելու ցանկություն կա»,-նշում են ուղեկիցներս: Քարանձավի սառցե ստալագմիտներով հիանալու շրջանը սկսվում է դեկտեմբեր ամսից եւ ավարտվում տաքերն ընկնելուն պես, երբ արեւը սկսում է ինտեսիվ կերպով տաքացնել կիրճը:

«Եղբորս հետ փոքր տարիքից ձմռանը հատուկ իջնում էինք ձոր սահելու,-պատմում է Գնդեվազի 21-ամյա բնակիչ Հրաչ Բաբաջանյանը,-ջուրը, որ թափվում էր՝ սահադաշտ էր ձեւավորվում՝ մեր ուրախությունն էր: Էս վերջին տարիներին, որ ցուրտ օրերը սկսեցին գերակշռել՝ սառցե աշտարակն առաջացավ, որ հեռվից գուցե չէ, բայց մոտիկից արդեն մի հրաշք գեղեկություն է»:

Քարայր տանող բավական էքստրեմալ ճանապարհն ունի երկու դրական կողմ. նախ՝ ամեն ոք չի կարող առանց ուղեկցողի հասնել այնտեղ, եւ երկրորդ՝ քարայրում ձեւավորված ստալագմիտները զերծ են մնում մարդկանց կողմից ավիրվելուց: «Արշավախմբեր են գալիս նայելու: Սովորաբար զանգում են ինձ՝ ուղեկցում եմ,-ասում է Հրաչը,-ինքնուրույն գնալու դեպքում կարող է շեղվեն, ուրիշ տեղ գնան: Բացի դրանից հետեւում եմ, որ որեւէ բանի ձեռք չտան, հանկարծ սառույցները չկոտրեն»:

Ցանկացողներին երբեն-երբեմն քարանձավ հասցնում է նաեւ ջերմուկցի Վաչագանը: «Պատահական ցանկացողներին առանց պատրաստության բերել նման ճանապարհով ճիշտ չէ,-նկատում է Վաչագան Մաթեւոսյանը,-պիտի մարդիկ պատրաստված լինեն, համապատասխան հագուստ, կոշիկ՝ լեռ չենք մագլցում, բայց դե կիրճ ենք իջնում՝ այն էլ բավական բարդ ճանապարհով: Իմիջայլոց, քարանձավը շատ սիրուն է նաեւ ամռանը, երբ տարածքն ամբողջովին կանաչապատ է»:

Տղաներն անգիր գիտեն ոչ միայն քարայր տանող կածանը, այլեւ բուն քարանձավի ներսում տեղաշարժվելու համար հենման կետերը: Քարանձավի հատակը մուտքի մոտ ծածկված է ժայռից պոկված քարաբեկորներով, որոնց վրա աշնանից կուտակված չոր բուսածածկույթը թույլ չի տալիս հստակ տեսնել, թե ոտքդ ինչի վրա ես դնում՝ քարի՞, թե՞ փափուկ խոտածածկույթի: «Վնասվելու վտանգ իրոք կա, դրա համար էլ ոտքը դնելիս թեթեւակի շարժում ենք քարը, որ հասկանանք կարո՞ղ ենք արդյոք կայուն հենման կետ ունենալ»,-բացատրում է Վաչագանը:

Տղաներն ափսոսում են, որ արշավը կեսօրին է կազմակերպվել: Արժեր քարանձավ հասնել մայրամուտին եւ տեսնել դիմացի սարերի հետեւում ծածկվող արեւի ճառագայթների ներքո հսկայական եգիպտացորեն հիշեցնող սառցե ստալագմիտի գունափոխումները: «Բառերով նկարագրել հնարավոր չէ՝ տեսնել է պետք,-ծիծաղում է Հրաչը,-ծիածանի մի քանի գույն կարող ես տեսնել՝ հիմնականում կապույտի մանուշակագույնի ու նարնջագույնի երանգներ»:

Հրաչը հիշում է, որ երբ օտարերկարցիների էր տարել քարանձավ, առաջին պահին տեսածից քարացել էին(նույն զգացողությունն ունեցա ես, երբ հերթական ոլորանից հետո երեւաց սառցե ջրվեժը-հեղ.) հետո նրանցից մեկը մի քանի անգամ կրկնել է՝ офигеть (նշանակում է՝ կորցնել արտահայտվելու ունակությունը-հեղ.): «Քարանձավը ձմռան ամիսներին շատ լավ նախադրյալ կարող է լինել մեր գյուղի համար տուրիզմի զարգացման առումով: Երեք ամիս, որ հաստատ կարող են հետաքրքրվողները գալ, նայել: Ձեռքի հետ էլ գյուղական տուրիզմը կզարգանա»,-Հրաչը ծիծաղում է:

Անցած տարի, երբ խմբերի է ուղեկցել՝ լրջորեն չի մտածել այս մասին: Այս տարի արշավախմբերի համար նաեւ գիշերակացի հնարավորություն է ստեղծել հայրենի գյուղում: Հրաչը ուսանող է, սովորում է Պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում, տուրիզմի կառավարում բաժնում, որն այս տարի ավարտում է: Մտադիր է վերադառնալ գյուղ եւ զբաղվել զբոսաշրջության զարգացմամբ:

«Հիմա քչերն են ավարտելուց հետո աշխատում իրենց մասնագիտությամբ: Ես կլինեմ այդ քչերից մեկն երեւի,-տղայի աչքերը ժպտում են,-շրջանը տուրիստական է, Ջերմուկը մի 10-12 կմ է հեռու ու կարելի է նույն հանգստացողների համար շատ մատչելի տարբերակով այցելություններ կազմակերպել Գնդեվազի քարայր ու Գնդեվանք»:

Մեկնաբանություններ (2)

Ara
Ստալակտիտներ, շթաքար (հուն.՝ Σταλακτίτης - հոսանքանստվածք կաթիլով), հոսանստվածքային (հաճախ կրաքարային) գոյացումներ են, որոնք սառցալեզվակների, սանրի, խողովակաձև, ծոպերի և դրանց նման տեսքերով կախվում են քարայրերի առաստաղներից։ Ստալագմիտներ, պտկաքար (հուն. σταλαγμίτης - կաթիլ), հոսանստվածքային (հաճախ կրաքարային) սյունաձև, կոնաձև գոյացումներ են, որոնք առաջանում են քարայրերի հատակին:
Գագիկ
Այո, մեր Մայրենի բնությունը իսկական հրաշք է, գեղեցիկ, հարուստ ու նմանը չունեցող։ Այսօր որ լավ պրպտենք Հայաստանի գրեթե ցանկացած բնակավայրում մի հրաշալի ու գրավիչ վայր կգտնենք որը եթե ոչ Հայերի ապա հաստատ արտասահմանից ժամանող տուրիստներին շատ կհետաքրքրի ու կխնդրեն որ Հրաչի ու Վաչագանի նման գիդերը իրենց տանեն ու ցույց տան այդ հրաշքները։ Ես պատկերացնում եմ թե ինչ հարուստ տպավորություններով նրանք կվերադառնան ու ամեն տարի կավելանա ցանկացողների քանակը ու գյուղը մի այլ կյանքով կապրի, ապրողներն ել կսկսեն գնահատել ու պահպանել բնության տված շռայլ պարգևը։ Իսկ ամենաշատը տպավորվեցի Հրաչի սրտացավությունը քարանձավի նկատմամբ։ Հրաչ ջան ես նույնպես բնության սիրահար եմ, լուսանկարիչ ու Հայաստանում տուրիզմը ճիշտ ու նպատակային զարգացնելուն կողմնակից ու պատրաստ եմ միանալու քո ծրագրերին ու շատ կխնդրեի որ մի օր ել ինձ ու իմ ընկերներին ուղեկցես այդ հրաշք քարանձավը։ Կարող եմ իմ 7 տեղանոց մեքենան ել ծառայեցնել այս գեղեցիկ ծրագրին, տուրիստների բերել ձեր գյուղ։ Խոսում եմ 4 լեզվով (Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն և Բենգալերեն) և կարող եմ թարգմանել քո մեկնաբանություններն ու պատմությունները։ Արի համագործակցենք եղբայր։ Իմ տվյալները կարող ես Հետքից վերցնել։ Ամենալավագույն բարեմաղթանքներս քեզ ու քո նման հայրենասեր ու բնապահպան մարդկանց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter