HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Մեր փոքր երկրի՝ մեզ բաժին հասած մեծ արևի մասին

Օպերային երգչուհի, սոպրանո Անուշ Հովհաննիսյանը արդեն մի քանի տարի է՝ ապրում և աշխատում է Լոնդոնում: Երևանի պետական կոնսերվատորիայի նախկին սանն այսօր հանդես է գալիս միջազգային տարբեր բեմերում՝ համագործակցելով այս ասպարեզի հեղինակավոր դիրիժորների և երաժիշտների հետ: Անուշը միջազգային մի շարք մրցույթների հաղթող է, օպերային արվեստում նշանավոր փառատոների և մրցույթների մասնակից, որտեղից սովորաբար վերադառնում է հաղթանակով, մեդալներով և ջերմ արձագանքներով: Էլիզաբեթ թագուհու անվան համերգասրահում 2015թ.  նրա Սիտայի դերերգից հետո («Լահորի արքան» օպերա) «The Art Desk»-ի երաժշտկան քննադատ Դեյվիդ Նայսը գրել է. «Սիտան՝ հիպնոտիկ և շլացուցիչ հայ սոպրանո Անուշ Հովհաննիսյանը, արդեն իր հետքը թողել է Օպերայի արքայական թատրոնի երիտասարդ արտիստների ծրագրում: Նա ցնցող բարձր նոտաներ ցուցադրեց, բայց ավելի տպավորիչ է այն, որ նրա ձայնը հազվադեպ ինքնատիպություն ունի: Հետաքրքիր կլինի հետևել նրա մասնագիտական զարգացմանը»:  

Օրերս հայտնի դարձավ, որ Անուշը BBC Քարդիֆի «Աշխարհի երգիչը» հեղինակավոր մրցույթում  անցել է եզրափակիչ փուլ և համաշխարհային պրեմիերայով կներկայացնի Հայաստանը : Այս մրցույթը, որը Ուելսի ամենամեծ մշակութային իրադարձություններից է, համարվում է դասական երգարվեստի ամենահեղինակավոր ստուգատեսը` միջազգային մակարդակով: Անուշ Հովհաննիսյանը եզրափակիչ փուլում հանդես է գալու ստրկուհի Միրայի դերերգով՝ Ֆրանս Լիստի «Սարդանապալ» օպերայում: Ելույթները հեռարձակվելու են «BBC» հեռուստատեսության և ռադիոյի ուղիղ եթերներով և համացանցով: Այս օպերան անավարտ է համարվել մինչ վերջերս, սակայն արխիվներում գտնելով համապատասխան նյութերը՝ որոշվել է այն վերականգնել և առաջին անգամ ներկայացնել հանրությանը: Այս երիտասարդ հայուհուն է վստահված ստեղծագործության առաջին կատարումը և նա ներկայացնելու է Հայաստանը»:

Անուշ Հովհաննիսյանը անկախության սերնդի մեր այն գոհարներից է, ովքեր կարողացել են ճանապարհ բացել միջազգային հարթակներում և հնչեցնել իրենց անունն ու պատկանելությունը բարձրաձայն: Մշակույթի, սպորտի, գիտության և ՏՏ ոլորտներում նրանք ոչ միայն մեր հպարտությունն են, այլև հույսը՝ ինչ-որ բան ավելացնելու, ինչ-որ բան փոխելու:

Օպերային արվեստի, ժամանակակից տենդենցների, հանդիսատեսի մասին խոսելիս՝ նա համեմատում է տարբեր երկրների մոտեցումն ու ներկայիս զարգացումները: Ասում է, որ նորամուծություններն ու կապը ժամանակակից ընկալումների հետ անմիջականորեն կախված է հանդիսատեսի արձագանքից, ով կարող է ծափահարել, սուլել, մերժել և քննադատել՝ պարզապես ոչնչացնելով գործը: «Բրիտանիայում հանդիսատեսն ավելի պահպանողական է, Իտալիայում՝ նույնպես, իսկ Գերմանիայում օպերային արվեստը ժամանակակից կյանքից միջամտություններ է անում և շատ հաճախ,-ասում է Անուշը,-  Ամերիկյան թատրոնը փորձում է հնի ու նորի հավասարակշռությամբ առաջնորդվել:  Հանդիսատեսն էլ տարիքային առումով տարբեր է: Երբեմն կարծիք է շրջանառվում, որ հանդսատեսը հիմնականում տարիքն առած մարդիկ են, բայց այդպես չէ, տարբեր քաղաքներում և տարբեր թատրոններում այդ հանդիսատեսը տարբեր է»:

 

Լայն բացված աչքերով

Խոսելով իր անցած և դեռ անցնելիք ճանապարհի մասին՝ Անուշը մշտապես շեշտում է ծննդավայրից սկսվող կարևորագույն հիմքի ու ստացած կրթության նշանակությունն իր կյանքում: Տարբեր բեմերում ու թատրոններում ունեցած շփումների արդյունքում նա էլ իր համար հստակ եզրահանգումներ արդեն արել է և փորձում է ճանապարհն անցնել՝ ունեցածն առավել զարգացնելու, հարստացնելու և կատարելագործելու ձգտումով:

«Մեր կոնսերվատորիայում ես սովորել եմ հղկել իմ ձայնը և փորձել եմ գտնել ինձ իմ տարբեր դերերի մեջ:- ասում է նա,- Օպերային արվեստը առավելապես հայտնի է որպես եվրոպական արվեստ և հայտնվելով մի միջավայրում, որն անմիջականորեն այդ արվեստի կրողն է, քեզ մնում է լայն բացել աչքերդ ու սրել լսողությունդ՝ տեսնել և լսել: Ես հայտնվեցի այն մարդկանց մեջ, ովքեր կրում են այս արվեստը և շփվելով նրանց հետ՝ շատ անգամ նույնիսկ անգիտակցաբար այդ ամենը լցվում է քո մեջ: Անծայրածիր այդ աշխարհը՝ իր բոլոր հմայքներով ու նրբություններով, ուղղակի տանում է քեզ իր հետ»:

 Անուշն ասում է, որ արվեստի մեջ ապրող ու ստեղծագործող մարդկանց, հատկապես երիտասարդների համար կարևոր են այլ երկրների հետ շփումներն ու փորձառությունները: Իսկ օպերային արվեստը պարզապես անհրաժեշտություն ունի այս առումով. «Շատ ավանդույթներ կան, որոնք նույնիսկ նույն արվեստում տարածքային տարբեր հիմքեր ունեն, և դու պետք է անպայման դրա մեջ ընդգրկվես այն լիարժեք կրելու համար: Արվեստագետը պետք է անպայման շրջագայի ու հնարավորություն ունենա տեխնիկան զարգացնելուց բացի, տարբեր էությունների, հոգեբանության ու նրբությունների մեջ թաթախվել: Դա միայն զարգացնում և հարստացնում է նրան»:

«Անուշ Հովհաննիսյանի կարամելի պես թանձր լիրիկ սոպրանոն մի չափ մեծ է Լինբուրի թատրոնի համար։ Նա տիկնիկ Արքայադուստրի դերում նրբագույն երգեցողություն ներկայացրեց հանդիսատեսին»:

Քրիստոֆեր Վեբեր, Օպերա Ամսագիր, Դեկտեմբեր 2013

 

«Քովենթ Գարդեն» . իրականացող երազանքների պարտեզը

Երաժշտության և արվեստի հետ շփումն Անուշ Հովհաննիսյանի կյանքում սկսվել է ընտանիքից:  Մայրը՝ Օֆելյա Ասատրյանը,  Հանրային ռադիոյի արվեստի բաժնի երկարամյա աշխատակից, այսօր՝ մշակութային ծրագրերի գլխավոր խմբագիրն է, երգել է նաև Հովհ. Չեքիջյանի երգչախմբում:  Հայրը ռեժիսոր, բեմադրիչ , կոնսերվատորիայի պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանն է, ում ներկայացումները տարիներ շարունակ բեմադրվում էին Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում, Արցախում, ԱՄՆ-ում և այլն: Եվ չնայած Անուշը սովորում էր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում՝ ջութակի, հետո ալտի բաժնում` ինչպես ինքն է խոստովանում, ուշքն ու միտքը երգն էր ու օպերային ներկայացումները: «Մանկությանս տարիներին ես համարյա ներկա էի հայրիկիս բոլոր ներկայացումներին, անգամ փորձերին ու միշտ հմայված հետևում էի, թե ինչպես է նա աշխատում երգիչների հետ, ինչպես է նրանց բազմաթիվ փորձերի արդյունքում ծնվում օպերային ներկայացումը: Երաժշտության այս աշխարհն ինձ ավելի էր հետաքրքրում, քան նվագելն ու գործիքս»:  Այդ աշխատանքային պրոցեսում Անուշը հաճախ ոչ միայն լուռ ու հետաքրքասերի հայացքով հետևող փոքրիկն էր, այլև՝ երբեմն մասնակիցը: « Ես ուշադիր հետևում էի նրանց երգին ու բեմական աշխատանքին, բայց երբեմն հայրս ինչ-որ բան ավելի պատկերավոր բացատրելու համար դիմում էր նաև իմ օգնությանը. և գիտե՞ք ինչպես, օրինակ ես դեկորացիայի դեր կարող էի կատարել ,- կատակում է նա,- օրինակ ասում էր՝ «Անուշ ջան, կանգնիր էնտեղ», հետո դառնում էր երգիչներին ու բացատրում. «Պատկերացրեք՝ Անուշս ծառն է», կամ «Դանդաղ քայլելով գնա մինչև Անուշի կանգնած տեղն ու շրջվելով ետ նայիր…»: Ու էս տեսակ այլ պատմություններ: Բայց այս ուրախ ու թեժ ստեղծագործական մթնոլորտում իմ առջև բացվում էր օպերայի անսահման աշխարհն՝ իր բոլոր գույներով»:

Անուշի կյանքում կարևորագույն սկիզբ էր և թե՛ կրթության, թե՛ հետագա գործունեության համար նշանակալից դեր ունեցավ շոտլանդական Գլազկոյի թագավորական կոնսերվատորիայի դասախոսների առջև նրա քննական ելույթը:  Ընդունված կարգի համաձայն՝ այս կոնսերվատորիան ժամանակ առ ժամանակ այցելում է աշխարհի տարբեր երկրներ՝ նոր ձայներ և կատարողական արվեստում նոր կադրեր գտնելու, ապա կրթության հնարավորություն տալու նպատակով: Գործնական այդ այցերից մեկի ժամանակ նրանք Երևանում էին և տարբեր ձայներից ընտրեցին Անուշին: Բոլորս էլ գիտենք, որ Եվրոպաում ուսանելը թանկ հաճույք է, առավել ևս երբ խոսքը վերաբերում է Մեծ Բրիտանիային: Սակայն իրենց գործին և արվեստին լուրջ վերամերմունք ունեցող ասապարեզներում նաև լուրջ մոտեցումներ են գործում: Խնդիրները լուծում գտան, Անուշին անպայման իրենց կոնսերվատորիայում տեսնելու ցանկությունն էլ իրականացավ, երբ նա սահմանված կրթաթոշակով մեկնեց կրթությունն այնտեղ շարունակելու: Երեք տարի Գլազգոյի թագավորական կոնսերվատորիայում սովորելուց հետո նա հրավեր է ստանում պայմանագրային երկու տարով աշխատելու հանրահայտ «Քովենթ Գարդենի» արքայական թատրոնում:

«Jette Parker Young Artist Programme»՝ Երիտասարդ երգիչների զարգացման ծրագիր. Այսպիսի մի կրթական նախագիծ է իրականացնում այս հեղինակավոր օպերային թատրոնը, որն ամեն տարի չորս փուլից բաղկացած մրցույթ է անցկացնում՝ իր կազմում երիտասարդ և նոր ձայներ, դիրիժորներ կամ երաժիշտներ ներգրավելու նպատակով: Մրցույթին մասնակցում են 1000-ից ավելի երիտասարդներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Ընտրվում են միայն հինգը: 2013թ. այդ հաջողակներից մեկն էր մեր հայրենակցուհին՝ Անուշ Հովհաննիսյանը:

« Օպերային արվեստը սինթետիկ ժանրին է պատկանում, այն տարբեր արվեստների կոմպլեքս է՝ վոկալ, երաժշտություն, դրամատուրգիա, խորեոգրաֆիա, կերպարվեստ, ուստի օպերային արվեստի հանդիսատեսը պետք է շատ պատրաստված, կրթված լինի: -ասում է Անուշը,- Միգուցե դա է պատճառը, որ այն ավելի փոքր հանդիսատես ունի, քան արվեստի այն ճյուղերը, որոնք համեմատաբար ավելի հասանելի են մեծ լսարաններին: Բացի այդ՝ լեզվի հանգամանքը կա: Հիմնական լեզուն իտալերենն է, ոչ մեծ թվով գործեր կան անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով և հանդիսատեսը, ով չի տիրապետում այս լեզուներին, բնականաբար կարող է այլ հետաքրքրություն փնտրել այս արվեստում: Իմ համոզմամբ՝ օպերային արվեստը երբեք չի մահանա, թեպետև շրջանառվում է այն կարծիքը, որ տարածքները սկսել են նեղանալ»:

 

Փոքր երկրի մեծ արևները

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին «Քովենթ Գարդեն»-ի բեմում միաժամանակ հանդես եկան հայազգի չորս օպերային երգիչներ՝ տենոր Լիպարիտ Ավետիսյանը՝ Երևանից, սոպրանոներ Հրաչուհի Բասենցը՝ Նյուրենբերգից,  Լիանա Հարությունյանը՝ Փարիզից և Անուշ Հովհաննիսյանը՝ Լոնդոնից: Մամուլում գրվեց, որ հայազգի երգիչները գրավել են արքայական թատրոնը: Աշխարհի ամենահեղինակավոր բեմերից մեկում միաժամանակ հանդես գալն իսկապես այդ բեմին արժանանալու մեծ պատվի և նրանց փայլի մասին է խոսում:

«Ուրիշ որևէ այլ երկրում, այսքան փոքրիկ չափերով, դժվար է գտնել այդքան տաղանդավոր մարդկանց: Փորձեմ ավելի պարզ ու պատկերավոր օրինակով ասել. Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնը համարվում է աշխարհի ամենահարգված 5 բեմերից մեկը: Ընդամենը մեկ ամսում այնտեղ երգեցին չորս հայ երգիչ: Բացի այդ՝ մենք շատ երգիչներ ունենք, ովքեր եթե ոչ այս բեմերում, բայց հայտնի և նշանավոր այլ թատրոններում մեծ հաջողություններ ունեն: Եթե հաշվի առնենք մեր փոքրիկ լեռնաշխարհն՝ իր փոքր հնարավորություններով, ապա դա զարմանալի, ապշեցնող և ներուժի մեծ առավելության վկայությունն է այս առումով»:

Միջազգային տարբեր շրջագայությունների, համերգների, տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ շփումների արդյունքում Անուշը նաև այդ կարևոր համոզմունքն է իր համար ամրագրել: Գաղտնիքը բացահայտել է մեր լեռնաշխարհի՝ մեզ բաժին հասած արևի մեջ: «Օտարերկրացի իմ բոլոր ծանոթները, ընկերները շատ հաճախ են նկատում, որ մեր երգի, ձայնի մեջ, մեր ներքին էության ու խառնվածքի մեջ մենք շատ արևոտ ենք: Ասում են, որ այդ արևը մեզնից ուղղակի ճառագում է: Իմ կարծիքով՝ այդ արևը, հողին կպած լինելու ու հողի հետ հաղորդակցվելու ուժը, նրանից վերցրած ջերմությունը, արևից ու հողից շնչած ծիրանաբույրն անգամ իր ներգործությունն ունենում է մեզ վրա և մեզնից էլ փոխանցվում է մարդկանց»:- ասում է Անուշը:

Երաժշտական աշխարհում հեղինակավոր և յուրահատուկ մի մրցույթ կա՝ «Ստելա Մարիս» անվամբ: Թարգմանաբար նշանակում է՝ ծովի աստղ և իր անվանը համապատասխան՝ 2009թ. անցկացվող այս մրցույթն իրականում մի հսկա նավով շուրջերկրյա ճամփորդություն է: Մշակութային հրաշալի իրադարձություններով հագեցած այդ նավարկության մեջ անմասն չէ նաև օպերային արվեստի ներկայությունը

2016թ. Անուշը «Ստելա Մարիս» մրցույթի հաղթող ճանաչվեց (գլխավոր մրցանակակիր և հանդիսատեսի համակրանք), որի արդյունքում հատուկ մրցանակից բացի ստացավ ձայնասկավառակ ձայնագրելու առաջարկ (աշխարհահռչակ «Deutsche Grammophon»-ի կողմից) և Դանիայի արքայական օպերային թատրոնում համերգի հնարավորություն:

«Դա փակ մրցույթ է, որը կազմակերպվում է միջազգային ութ օպերային թատրոններում ընդգրկված մասնակիցների համար:- մեկնաբանում է Անուշը,- ներկայացված էին Սան ֆրանցիսկոյի, Դրեզդենի, Ֆրանկֆուրտի, Զայցբուրգի, Վիեննայի, Լոնդոնի և Կանադայի երկու օպերային թատրոններից մեկական մասնակիցներ:  Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև պրոդյուսերներ, ձայնագրման ստուդիայի տնօրեններ, հեղինակավոր մասնագետներ: 2016թ. ժյուրիի ղեկավարը աշխարհահռչակ տենոր Միշայել Շադեն էր»:

 

Երգող «Արմենիան»

Անդրադառնալով մրցույթներին, ուսման ու վարպետության դասերի նշանակությանը՝ Անուշը առանձնացնում է մի շատ խոսուն առանձնահատկություն. «Մենք անընդհատ սովորում ենք, հղկվում, տեխնիկապես զարգանում: Արվեստն ի՞նչ է սովորեցնում մեզ. ազնվանալ, մաքրվել, կոտրել բոլոր տեսակի կապանքներն ու բեմում ցույց տալ մարդու իրական էությունը՝ մե՛րկ էությունը: Կրթությունը կարևոր է այս ճանապարհին, բայց ես կարծում եմ, եթե մարդու մեջ չլինի այն կարևորագույն հիմքը, որը նա իր մեջ կրում է իր ծնված օրվանից, ոչ մի կրթություն, ոչ մի ուսումնական հաստատություն և ոչ մի վարպետության դաս չի կարող հաջողության հասնել: Ամենամեծ հաջողությունը ներսումդ կրած արժեքի՝ այդ հիմնականի, կարևորագույնի մեջ է»:

Անուշ Հովհաննիսյանը մեկն է այն երջանիկներից, ում բախտ է վիճակվել հանդիպելու և դասեր ստանալու աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեից: Մեծագույն շատ արտիստների նման նա էլ սովորություն ունի մրցույթներ կազմակերպել, նոր ձայներ բացահայտել և աշխատել երիտասարդների հետ: Հատուկ դասերից հետո՝ մրցույթն անցած երիտասարդ երգիչները նաև հնարավորություն են ունենում նրա համերգների ժամանակ ելույթ ունենալու: Այդ հանդիպումներից նա ջերմ ու անկեղծ հիշողություններ է պատմում, որոնք մասնագիտական դասերից բացի՝ խոսում են մեծերի մարդկային տեսակի մասին: Ասում է, որ Կաբալիեն շատ անմիջական է ու շատ կատակասեր: Իսկ համերգներից մեկի ժամանակ, ուսանողների ելույթներում նա ընդգրկել է նաև Անուշին, ում միշտ դիմել է «Արմենիա» անունով:

«Երբ նրա համերգի ժամանակ երգելու իմ հերթը եկավ, նա ուշադիր լսեց մինչև վերջ, դահլիճի հետ ծափահարեց, ժպտաց և այդպես ճանապարհեցին ինձ,- պատմում է Անուշը,-հետո բեմ բարձրացավ հաջորդ մասնակիցը, նա դեռ չէր հասցրել մի հատված ամբողջությամբ երգել, երբ Կաբալիեն, ի սարսափ ինձ (ծիծաղում է ու շարունակում ոգևորված նկարագրել), շատ կտրուկ ընդմիջեց աղջկան ու կանչեց. «Արմենիա՛, ու՞ր գնաց Արմենիան, թող գա մի բան էլ երգի»:

Մեզ մոտ հնարավորություններ կան լավ ներկայացումներ անելու, բայց համակարգի, աշխատելաոճի և մոտեցման խնդիր ունենք: Մուտքից սկսած՝ այդ մոտեցումն ակնհայտ երևում է:

Մեր զրույցի ընթացքում, իհարկե, չենք կարող չանդրադառնալ նաև օպերային արվեստի հայաստանյան իրականությանը: Աշխարհով մեկ սփռված մեր ձայներն իրենց առաջին քայլերն ու կրթությունը սկսում են Երևանից, կոնսերվատորիայից, իսկ հետո, մենք մեր ձեռքով մեր հաջողությունը տնից դուրս ենք տանում ու հարցնում. «Հպարտանում ենք քեզնով, իսկ ե՞րբ ես վերադառնալու»:

«Դա իմ և դրսում ստեղծագործող ընկերներիս ամենացավոտ կողմն է,- ասում է Անուշը,- բոլորս էլ ուզում ենք գալ և երգել մեր բեմում: Ապրել և աշխատել մեր երկրում, զարգացնել մեր արվեստը… բայց մի մեծ խնդրի առջև ենք կանգնում՝ ԻՆՉՊԵ՞Ս: »:

Անուշը թվարկում է հասարակ պայմանների, առողջ մթնոլորտի, մասնագիտական ճիշտ մոտեցման պակասը, ու էլի մի շարք բաներ, որոնք կարևոր են ստեղծագործելու, աշխատելու համար

Ինքս անձամբ եղել եմ «Քովենթ Գարդենում» և Անուշի ուղեկցությամբ շրջել այդ հսկա թատրոնի ներսում՝ ականատեսը լինելով նրա հսկայական հնարավորություններին ու մթնոլորտին: Բրիտանական հրաշալիքներից մեկը համարվող այդ թատրոնը՝ թեկուզ միայն իր ողջ շրջակայքով դրախտային տպավորություն էր թողնում, ուր միայն բաձր արվեստի ու այդ արվեստին ծառայելու զգացողությամբ ես համակվում՝ մուտքից սկսած: Եվ խոսքս նյութական հնարավորության մասին չէ, առաջին հերթին: Այստեղ ծառայողական մուտքից անգամ, բեմի դեկորացիան տեղափոխող բանվորի աշխատելաոճում նույնիսկ ընդգծված հարգանք, ակնածանք ես տեսնում այս արվեստի ու իրենց աշխատանքի հանդեպ:

«Մեզ մոտ՝ Հայաստանում, հնարավորություններ կան լավ ներկայացումներ անելու, բայց համակարգի, աշխատելաոճի և մոտեցման խնդիր ունենք: Մուտքից սկսած՝ այդ մոտեցումն ակնհայտ երևում է:-ասում է Անուշը,- մենք կոլեգաներով հաճախ ենք քննարկում մեր խնդիրներն ու զրուցում այդ մտահոգությունների մասին: Հասկանու՞մ եք, բաներ կան, ուղղակի աններելի է անելը: Էստեղ հնարավոր է դիրիժորին զանգել (ընդ որում հրավիրյալ և հեղինակավոր մարդու) և փորձը հետաձգել մի անհեթեթ պատճառով՝ որովհետև դահլիճն այդ օրը զբաղված է լինելու շոուբիզնեսի հայտնի ինչ-որ աստղի համերգով: Ոչ թե օպերային մեկ այլ ներկայացմամբ, այլ՝ անհայտ ծագման մի համերգով: « Քովենթ Գարդենի» ամբողջ տարվա հաշվետվությունը՝ աշխատանքային գրաֆիկով և նկարագրությամբ, համացանցում տեղադրվում է, այդպես էր նաև իմ կոնսերվատորիայում: Ամեն օրվա ու ամեն ժամի մանրամասն նկարագրությամբ՝ ներկայացումներով, փորձերով, ծախսված գումարներով, ներգրավված անձնակազմով: Թափանցիկ, քաղաքակիրթ, արդարացված: Օպերային արվեստը գագաթում գտնվող արվեստ է: Օպերային թատրոն ունենալը մեր ձեռքբերումներից է և եթե ուզում ենք քաղաքակիրթ ազգ ու պետություն լինել, պետք է համապատասխան արժեքներ զարգացնենք մեր մեջ: Մեր սխալների հիմնական պատճառը մեր կրթությունն է»:

Խոսելով առաջիկա համերգների և ծրագրերի մասին՝ Անուշը կատակով նշում է, որ տարին, այսպես ասած, դեբյուտային է: Միջազգային մի քանի թատրոններում նա հանդես է գալու երեք տարբեր դերերով՝ Ավստրիայում՝  Կլագենֆուրտի թատրոնում Մարիա Ստյուարտի դերեգով («Մարիա Ստյուարտ», Դոնիցետտի), ամռանը Ֆլորենցիայում հանդես կգա Ադինայի ( «Սիրո ըմպելիքը» Դոնիցետտի) և աշնանը Շոտլանդիայում՝ Վիոլետայի դերերգերով («Տրավիատա», Վերդի):

Մեզ մնում է հաջողություն և նորանոր հաղթանակներ մաղթել երիտասարդ երգչուհուն: Հուսանք, որ մի օր, լուրեր կարդալուց, մեր տաղանդավոր երիտասարդների հաղթանակներով ոգևորվելուց, նրանց ազգանունները բազմազգ ու իր ահռելի ձուլարանում կուլ տվող աշխարհի նորություններում փնտրելուց հետո, ուժ ու ցանկություն կգտնենք նրանց մեր կողքին արժևորելու: Հասկանալու, որ եթե չշտապենք հասկանալ դրա կարևորությունը, վաղը մեր երկիրը ջերմացնող արևը բոլորս դրսում ենք փնտրելու:

 

Լուսանկարները վերցված են Անուշ Հովհաննիսյանի պաշտոնական կայքից՝ www.anushhovhannisyan.co.uk

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter