HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին բանվորական հանրակացարանում ապրող եզդիները գնալու տեղ չունեն, թեեւ շենքը վթարային է

Թումանյանի խոշորացված համայնքում ապրում է 36 եզդի: Նրանցից 17-ը բնակվում է Թումանյանի նախկին հրակայուն աղյուսի գործարանի բանվորական հանրակացարանի վթարային շենքում, որն ամեն րոպե քանդվելու վտանգի տակ է: Այստեղ է ապրում Վազիլ Ռասոյանի 12 անձից կազմված ընտանիքը: Շենքը կառուցվել է 1930-ական թվականներին: Հիմքերը խարխլված են: Բնակիչներից 7-ը անչափահաս երեխաներ են: Ընտանիքից ոչ մեկը վթարային շենքում գրանցված չէ: Հրակայուն աղյուսի գործարանի սեփականատեր Ալբերտ Թադևոսյանի խոսքով՝ անթույլատրելի է այդ շենքում գրանցվելը, առավել ևս՝  բնակվելը: Եզդիներն այդ շենքում մոտ 15 տարի առաջ են հաստատվել՝ իրենց նախաձեռնությամբ, առանց սեփականատիրոջ համաձայնության:

«Մեր տունը փուլ է գալիս: Մեր ընտանիքի վիճակը լավ չի: Մի տան մեջ 12 ջան ենք: Ոչ նպաստ ենք ստանում, ոչ էլ՝ թոշակ: Մեր ընտանիքը հանդուչոլով է ապրում: Դե, ասենք, անտառից պոպոք ու սոկոն, հոն ու մոշ ենք հավաքում, ծախում, որ ապրենք: Էսենց ապրել չի լինում, զոռի գոյություն ենք պաշտպանում, որ երեխեքը սովամահ չըլեն, հը: Այ, էդ մոմենտն ա»,- բացատրեց Վազիլ Ռասոյանը:

Նա մեզ ուղեկցեց իր տուն: Տուն մտնելուն պես 12 անձից կազմված ընտանիքի 11 անդամները հավաքվեցին: Հեռվից կաղալով տուն հասավ նաև Վազիլի կինը՝ Սվետլանան: Բազմանդամ ընտանիքը զբաղեցնում էր 3 փոքր սենյակ: «Երկու երեխա ունեմ՝ անչափահաս: Կարգին տուն չունենք, որ անձրև է գալիս, մեր վրա սաղ կաթում է: Երեխեքը չեն կարա քնեն: Անձրևի ժամանակ երեխեքին հավաքում ենք մեկ կրավաթի վրա: Որտեղ դիմել ենք, ոչ մեկը  մեզ չի օգնել, ասենք՝ տանիքը սարքեն, կամ մի տուն տան մեզ: Քաղաքապետին էլ ենք դիմել, դաժե մարզպետին էլ ենք դիմել»,- ասաց Վազիլի ավագ հարսը՝ Մարինե Ալոյանը:

Վազիլի կինը՝ Սվետլանան էլ պատմեց, որ ամուսնու անձնագիրը թողել են հիվանդանոցում վճարի դիմաց. «Քաղաքապետին դիմեցինք՝ քոմագ անի: Ասաց՝ գնամ էսա զանգեմ, որ պասպորտը ուղարկեն: Ոչ զանգեց, ոչ էլ քոմագ արեց:  Հնարավորություն չունենք օրը 15 հազար դրամ տանք. փող չունենք, աշխատանք չունենք: Բուժումը կիսատ մնաց: Պասպորտը հիվանդանոցում թող եմ արել, երեխեքի արև, Վանաձորի Դիմաց թաղամասի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում է, էս մի ամիս է, այնտեղ է: Վազիլին ինֆարկտ է խփել, թոքերը ջուր է լցվել: Մի մասը՝ 40 հազար դրամը կարողացել ենք մուծել, 50 հազարն էլ մնում է: Դաժե ուզեցել են դատարան տան, որ մենք չենք կարողանում փողը տանք: Ես էլ հնարավորություն չունեմ»,- պատմեց Սվետլանան:  

Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ Վազիլ Բասոյանը սրտաբանական բաժանմունքում պառկել է 7 օր, բուժվել է սրտաբան Դավիթ Մելքոնյանի մոտ: Բուժման համար պահանջվող 125 հազար դրամից վճարել է 40 հազար դրամը, մնացածը  արդեն մեկ ամսից ավելի է չի վճարել: Վազիլն ինքն է առաջարկել անձնագիրը բաժանմունքում թողնելու պայմանով հետաձգել իր բուժման մնացած գումարի վճարումը:

«Իմ 14 տարեկան տղայի դեմքին քնած ժամանակ առաստաղի փլվածքը թափվեց: Երեխան էնքան վախեցավ, գոռաց՝ մամ, տունը քանդվում է: Էս տան պոլերը փտել ա: Արդեն 15 տարի է` այս տանն ապրում եմ, 3 դպրոցական տղա երեխա ունեմ:  Ամուսինս ասաց՝ մի քիչ երեխեքի բերանից կտրենք, սարքենք տունը, մարդավարի ապրենք, բայց էլի նույն վիճակում ենք: Էնքան պատերի անցքերը մեծ էր, ձեռքերներս մտցնում էինք, կողքի սենյակից երևում էր: Ահավոր վիճակ է: 2002թ.-ից այս շենքում եմ ապրում: Ես քաղաքապետից շիֆեր ուզեցի, մեզ շիֆեր չտվեցին, ասացին՝ էդ շենքը պատկանում է քարփիչի զավոդին, ես ո՞ւմ շենքի համար շիֆեր տամ: էնքան խնդրել ենք, որ քաղաքապետի օգնականի մեղքն եկավ, տեսավ առաստաղը լրիվ քանդվել ա, ինձ 6 հատ շիֆեր է տվել, էդ էլ կես մին կոտրած, էտա մի կերպ տանիքին ենք դրել, բայց դա էլ հույս չի: Նույն վիճակն ա»,- հայտնեց Վազիլի ընտանիքի հարևանությամբ բնակվող Լեյլի Բադոյանը:

Եզդի բնակիչները դժգոհեցին, որ շենքի սեփականատերը իրենցից պահանջում է ազատել բնակարանները, իսկ իրենց ապրելու այլ տեղ չեն առաջարկում: Վթարային շենքում բնակվողների մասին Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը հայտնեց. «Շենքը քաղաքապետարանինը չէ, այն հրակայուն աղյուսի գործարանի սեփականատեր Ալբերտ Թադևոսյանի սեփականությունն է: Եթե այդ շենքը մեզ հանձնվի, անձամբ ես կամրացնեմ շենքի հիմքերը և կվերանորոգեմ մեր եզդի բնակիչների բնակարանները: Բայց հիմա ու՞մ շենքի վրա քաղաքապետարանի ֆինանսական միջոցները ծախսեմ»:

«Եզդիները իմ տնտեսությանը մեծ վնասներ են պատճառում: Նրանք սոցիալապես ծանր վիճակում են, այդ պատճառով իմ տնտեսությունից գողացել են 12 տոննա շարեր և պղնձի կաբելներ: Ինչպիսի հսկողություն ուզում է սահմանեմ, նրանք հնարքը գտնում են իմ ունեցվածքը գողանալու»,- դժգոհեց Ալբերտ Թադևոսյանը: Վերջինս խոստացավ վթարային շենքում բնակվող եզդիների բնակարանային խնդիրը քննարկել քաղաքապետ Լևոն Զավարյանի հետ:

Զինաիդա Մամուդովան 40 տարի է` Թումանյան համայնքում է ապրում, սակայն անձնագիր չունի: 1977թ. նա եկել  է Հայաստան և ամուսնացել Գերման Ռասոյանի հետ: «Ամուսնուս մերը հայ է՝ դսեղցի է, հերը եզդի է: Իմ 17 տարեկանը Թումանյան քաղաքում է լրացել»,- պատմեց Զինաիդան: Մինչ ամուսնանալը նա  Վրաստանում է ապրել:

«Սկզբից ուզում էի գնալ Վրաստան, էնտեղ հերթագրվեմ, տուն ստանամ, մարդս էլ ասեց՝ խի՞, որտեղ ես ապրում եմ, թող իմ երեխեքը էնտեղ ապրեն»: Զինաիդան սովետական հին անձնագիր է ունեցել, որն ուժի մեջ է եղել մինչև 1989թ.-ը: Ամուսնանալուց հետո նա ցանկացել է ստանալ Հայաստանի քաղաքացիություն և անձնագիր: Թումանյանի անձնագրային բաժնում, սակայն, նրան ասել են՝ անձնագրի կնիքը սխալ է և մերժել են:

«Ես 1997թ. դուրս եմ եկել Վրաստանի գրանցումից, մինչև հիմա ինձ պասպորտ չեն տալիս: Հիմա էլ չգիտեմ, ես հիվանդ կնիկ եմ, ուղարկել են Երևան, պասպորտ չունեմ, ինչո՞վ գնամ: Ասում են՝ կուրծքդ հիվանդ է, եթե առաջը չառնես, հիվանդությունդ դեպի ուռուցքի վրա կգնա: Հիմի հնարի դուռ չունեմ, ի՞նչ տեմ անիլ, երկու սարի մեջին մնացել եմ մոլորված»,-ասաց Զինաիդան: Թումանյանի անձնագրային բաժնում նրան խորհուրդ են տվել գնալ Վրաստանում անձնագիր հանել: Դրան ի պատասխան՝ Զինաիդան ներկայացրել է Գերման Ռասոյանի հետ իր ամուսնության  վկայականը:

«Տարել եմ ամուսնության վկայականս: Ամուսնությունը գրանցվել է 1978թ. մարտի 25-ին: Ոչ մի դեպքում ինձ իմ ամուսնու հետ չեն գրանցել, 100 անգամ դիմել եմ, 100 հետ գնացել եմ: Ալավերդու միլիցիան ուղարկել է Երևան: Գնացել եմ Երևան, ասել են՝ էնտեղ չոբան են, ո՞նց չեն կարա քեզ գրանցեն: Այդպես էլ չեն գրանցել»,- պատմեց նա:

Զինաիդայի դուստրը՝ Մանե Ռասոյանը, 7 տարեկանում ինսուլտ է ստացել. «Իմ անձնագրի պատճառով  Մանեն չի կարողացել թոշակ և նպաստ ստանալ: Էսա մեկ տարի է: Բացի այդ, պասպորտ չունեմ, որ գնամ բժշկի»: Զինաիդայի ընտանիքը նույնպես դժվարությամբ է ապրում: «Ես մուրացկանություն չեմ անի, ձեռք ունեմ, ոտք ունեմ: Անձնագիր չեն տալիս, որ մի տեղ էլ աշխատեմ»,- դժգոհեց Զինաիդան:  

Զինաիդա Մամուդովայի անձնագրի հետ կապված մեր հարցմանն ի պատասխան՝ Թումանյանի անձնագրային բաժնի պետ Գևորգ Հակոբյանը խնդրեց Զինաիդա Մումուդովային ուղարկել իր մոտ՝ նրա անձնագրի խնդիրը լուծելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter