HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Նոր ինքնորոշումից մինչև անկախության ճանաչում՝ տարածքային զիջումների դիմաց. ԼՂ հիմնահարցը նախընտրական ծրագրերում

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկային օրերը վկայեցին, որ թե՛ ընտրական մարաթոնին մասնակցող քաղաքական ուժերը և թե՛ հասարակությունը բացարձակապես ոչ մի նշանակություն չեն տալիս նախընտրական ծրագերին: Մասնակից ուժերի ճնշող մեծամասնությունը, ներառյալ` իշխանական, դրան մոտեցել են որպես ընտրարշավային ատրիբուտի՝ զուտ նրա համար, որպեսզի չմեղադրվեն ծրագիր, տեսլական չունենալու մեջ: Իսկ հասարակությանը ծրագրերը չեն հետաքրքրում ոչ միայն այն պատճառով, որ դրանք կարդալու, համեմատելու ցանկություն ու «հավես չկա», այլև որովհետև ոչ ոք չի հավատում ծրագրերին և նրան, որ քաղաքական ուժերն առհասարակ իշխանության են գալիս նախընտրական ծրագրերն ու խոստումներն իրագործելու համար:

Եվ այնուամենայնիվ, այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ դրա արդյունքնում ձևովորված խորհրդարանը, ի տարբերություն նախորդների, ֆորմալ առումով լինելու է իշխանության կրողը: ԱԺ անցնելու և իշխանություն ձևավորելու հավակնություն ներկայացրած ուժերը, ուզեն թե չուզեն, կանգնելու են իրենց ծրագրերի համար քաղաքական պատասխանատվության փաստի առջև, և չի լինելու նախագահական ուժեղ ինստիտուտի ստվերում սեփական քաղաքական պատասխանատվությունից փախչելու հնարավորություն հատկապես Հայաստանի ամենաառաջնային և հստակ կողմնորոշում պահանջող օրակարգային հարցերում: Դրանցից մեկը, եթե ոչ ամենակարևորը, ԼՂ հիմնահարցն է բանակցային գործընթացի փաստացի բացակայության և պատերազմի վերսկսման իրատեսական հեռանկարի համատեքստում: Ի տարբերություն այլ ոլորտների՝ այստեղ լայն մանևրի մեծ տեղ չի մնացել: Եվ շատ կարևոր է հասկանալ, թե որքանով են ընտրություններին մասնակցող ուժերն ադեկվատ մոտեցել առկա իրադրությանը և ինչպիսի այլընտրանքային լուծումների «փաթեթով» են ներկայանում ընտրողներին:

Որքան տարօրինակ, նույնքան էլ, թերևս, օրինաչափ է, որ քարոզարշավին պուպուլիզմի հեղեղ թափող երկու հիմնական ուժերը` «Հայկական վերածնունդ» կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը, արցախյան հիմնահարցի կարգավորման մասին իրենց սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերում փաստացի նորովի ոչ մի անդրադարձ չունեն: «Ծառուկյան» դաշինքը ծրագրում հիմնահարցին առնչվող երեք տողանոց ձևակերպում, այնուամենայնիվ, ունի: Սակայն դա բառացի մեջբերում է ԲՀԿ 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրից, որտեղ դեկլարատիվ ոճով ընդամենը հռչակվում է ԼՂՀ-ի միջազգային ճանաչման նպատակը՝ փոխզիջումների վրա հիմնված բանակցություններով: 2012թ. հետո ի հայտ եկած նոր մարտահրավերները, առավելևս ապրիլյան պատերազմը «Ծառուկյան» դաշինքի, ավելի ճիշտ ԲՀԿ-ի, ինչպես նաև ՀՎԿ-ի մոտեցումների վրա, փաստորեն, որևէ ազդեցություն չեն ունեցել: Դաշինքը դնում է բանակցություններին Արցախի մասնակցության խնդիրը, բայց չի կոնկրետացնում՝ որ փուլից:

Նման կրավորական դիրքորոշման պատճառը, թերևս, այն է, որ կա´մ նրանք կիսում են ԼՂ հարցում ներկայումս իշխանության վարած քաղաքական կուրսը, կա´մ չունեն այլընտանքային առաջարկներ:

Որևէ ծրագրային դիրքորոշում չունի նաև Կոմունիստական կուսակցությունը: Սակայն այս դեպքում պատճառն այն է, որ Կոմկուսը պարզապես նախընտրական ծրագիր չի հրապարակել:   

«Ազատ դեմոկրատներ». նախընտրական ծրագրում ահռելի տեղ է հատկացրել արտաքին քաղաքական օրիենտացիայի փոփոխությանը և Հայաստանի ու Արցախի անվտանգությանը՝ արցախյան հիմնահարցի կարգավորումը դիտարկելով այս համատեքստում: Հիմնական թիրախը Արցախի միջազգային ճանաչումն է, որպես դրա ապահովման միջոցներ՝ բանակցային գործընթացին որպես լիիրավ կողմ Ստեփանակարետի մասնակցությունը, Արցախի և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը, Ադրբեջանի սպառազինման քաղաքականությունը ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում բլոկադայի ենթարկելը: Ըստ էության՝ մերժում է ներկայումս բանակցությունների սեղանին դրված մադրիդյան սկզբունքները, քանի որ կարգավորման ելակետը համարում է Արցախի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումը և տարածքային հարցերի լուծումը, որը նախ նշանակում է ուղիղ բանակցություններ Բաքվի և Ստեփանակերտի միջև և ապա փոխում է կարգավորման սցենարը: Եթե մադրիդյան սկզբունքներով ԼՂ կարգավիճակի հարցը դարձվում է նախկին ԼՂԻՄ-ին հարակից տարածքների հանձնումից ածանցյալ, ապա «Ազատ դեմոկրատներ»-ի հայեցակետով դառնում է առաջնային: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ առաջարկի հիմքում ընկած է «Կարգավիճակի դիմաց տարածնքերի հանձնում» սկզբունքը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք. փաստացի դնում է Ացախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանն ուղղված Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը ինքնորոշման իրացման կուրսով փոխարինելու, այսինքն` Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչման հիմքերի ստեղծումը դիվանագիտության թիրախ դարձնելու հարցը: Սա նման է «Ազատ դեմոկրատներ»-ի հայեցակետին՝ որոշակի նրբերագների տարբերությամբ: Տարածքների հարցը, ՕՐՕ-ի պատկերացմամբ, ածանցվում է ճանաչումից և համարվում է բացառապես Արցախի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիման վրա լուծման ենթակա: Սա փաստացի կարելի է համարել «մադրիդյան գործընթացից» հրաժարվելու և Ադրբեջանին կարգավորման նոր փիլիսոփայություն պարտադրելու առաջարկ՝ օգտագործելով նաև հայ-ադրբեջանական ժողովրդական դիվանագիտության ռեսուրսը: Վերջինս, ի դեպ, այնքան էլ համոզիչ չի թվում, որովհետև այդ մակարդակով շփումներից միակողմանի կտրականապես հրաժարվել է Ադրբեջանը: Որպես այս տարբերակով կարգավորման երաշխիք՝ ՕՐՕ-ն դիտարկում է կողմերի միջև ռազմական հավասարակշռության պահպանումը:

«ԵԼՔ» դաշինք. ՕՐՕ-ի նման` շեշտը դնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վերականգնման վրա, ինչը գործնականում նշանակում է չխուսափել Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի մեջ մտնելուց: Սկզբունքորեն մադրիդյան փաստաթղթի հիման վրա կարգավորման կողմնակից է, քանի որ կարգավորման սկզբնաղբյուրը համարում է Արցախի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի կողմից ճանաչելը՝ առանց բացահայտելու, թե կարգավորման «ճանապարհային քարտեզի» որ մակարդակում է պատկերացնում ինքնորոշման իրացումը: Միակ վերապահումն այն է, որ հրաժարվելու է խոսել փոխզիջումներից, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքը: Սա գրեթե նույն մոտեցումն է, որն այսօր ընկած է Արցախի հարցով Հայաստանի գործող իշխանության քաղաքականության առանցքում:

ՀՀԿ. հանդես է գալիս վարվող «ստատուս քվոն» պահպանելու քաղաքականությունը շարունակելու կանխատեսելի դիրքերից` միաժամանակ լիարժեք հավատարմություն արտահայտելով մարդիդյան սկզբունքներին: Սա նշանակում է, որ իշխանությունը փաստացի կողմ է Արցախին միջանկյալ անհասկանալի կարգավիճակ շնորհելով խնդրի կարգավորմանը՝ այսպես կոչված «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքով: Ինչպես «Ելքը», ՀՀԿ-ն ևս ներկա փուլում առաջնայինը համարում է Ադրբեջանին բանակցություններ պարտադրելը՝ ուժերի հարաբերական հավասարակշռության ապահովման միջոցով պատերազմի մտքից Բաքվին հրաժարեցնելու միջոցով: Ծրագրում նշել է, որ շարունակելու է բանակցություններում Արցախի` որպես լիիրավ կողմ ներգրավելուն ուղղված աշխատանքները: Սակայն նկատի ունենալով մինչ այսօր այդ ուղղությամբ արձանագրած զրոյական արդյունքները՝ պետք է ենթադրել, որ առաջիկայում ևս այս ուղղությամբ գործը հայտարարությունրեից այն կողմ չի անցնելու: Եվ դա հասկանալի է այն պարզ պատճառով, որ ըստ ՀՀԿ-ի կողմից հավանության արժանացած մադրիդյան լուծումների տրամաբանության և միջնորդների հայտարարությունների՝ Արցախը, փաստորեն, կարող է բանակցություններին մասնակցել առավելագույնը այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն կստորագրեն կարգավորման սկզբուքներն ամփոփող շրջանակային փաստաթուղթը և կսկսեն բանակցությունները համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: Այսինքն Արցախը, ըստ ՀՀԿ-ի, կարող է մասնակցել միայն իր` արդեն կանխորոշված «միջանկյալ կարգավիճակի» շրջանակը հստակեցնելու բանակցություններին:

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք. ողջ  քարոզարշավը կառուցել է Արցախի հարցում հանձնողականության տրամաբանության վրա՝ ընտրելով «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» մանիպուլյացիոն կարգախոսը: Բուն նախընտրական ծրագրում կարգավորման որևէ բանաձև չի պաշտպանում՝ փաստացի դնելով Ադրբեջանի թելադրած պայմաններին համաձայնելու միջոցով արագ խաղաղության հասնելու հրամայականը: Որ դաշինքը Ադրբեջանի կապիտուլյացիոն պայմաններին համաձայնելու խուճապային ու պարտվողական գաղափարն է զարգացնում, փաստում է այն հանգամանքը, որ բավարար չի համարում «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևին Երևանի արդեն տված համաձայնությունը և պահանջում է, որ այդ պայմաններում իշխանություններն իրենք խաղաղության պայմանագիր ստորագրելու նոր առաջարկություններով հանդես գան՝ անտեսելով, որ եղածը կյանքի չի կոչվում պատերազմի շանտաժով էլ ավելին ստանալու Ադրբեջանի մաքսիմալիստական ցանկության պատճառով: Սրանով դաշինքի դիրքորոշումը որոշակիորեն տարբերվում է իշխանության քաղաքականությունից, քանի որ վերջինս գոնե փորձում է խուսափել արված ահռելի զիջումներից ավելին տալուց՝ կառչելով հրադադարի ռեժիմը վերականգնելուց հրաժարվելու Ադրբեջանի կարծր և անհաշվենկատ դիվանագիտությունից:

Չի բացառվում, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը այս ընտրարշավն օգտագործում է իշխանության կողմից կամ փոխարեն հասարակությանը զիջումների նախապատրաստելու և այդ զիջումներին գնալու քաղաքական, հասարակական պահանջարկ ստեղծելու նկատառումով: Դաշինքի կողմից նման օրակարգով հանդես գալու միակ դրական կողմն այն է, որ թեմայի շուրջ հասարակական-քաղաքական որոշակի բանավեճ է պարտադրել (գործնականում միակն այս ընտրարշավում) և ստիպում է մասնակից քաղաքական ուժերին, առանց մանևրելու և իշխանության պատասխանատվության տակ թաքնվելու, հստակեցնել իրենց կոնկրետ դիրքորոշումները:

ՀՅԴ. արցախյան հարցը դիտարկում է Հայ Դատի համատեքստում՝ որպես վերջնանպատակ ամրագրելով Արցախի վերամիավորումը Հայաստանին: Սակայն նկատելի է, որ կուսակցությունը չի ձգտել որոշակիացնել այդ նպատակին հասնելու իր պատկերացրած մեխանիզմները և խուսափել է գնահատել ԼՂ կարգավորման ներկայիս հանգրվանը: Այսուհանդերձ, ծրագրի առանձին ձևակերպումներ թույլ են տալիս անելու որոշակի հետևություններ: Նախ՝ նշելով, որ Արցախի անկախությունը մարտավարական խնդիր է Հայաստանին վերամիավորման ճանապարհին՝ կուսակցությունն անուղղակիորեն անընդունելի է համարում Արցախի՝ անկախությունից ցածր որևէ կարգավիճակ: Երկրորդ՝ ծրագրում ընդգծելով, որ մերժում է միակողմանի զիջումների մասին հայտարարությունները՝ ՀՅԴ-ն, ըստ էության, որոշակիացնում է, որ դեմ չէ փոխզիջումներին: Այս երկու անուղղակի պնդումների համադրումը թույլ է տալիս ասել, որ ՀՅԴ-ն, ըստ էության, ընդունելի է համարում նվազագույնը «տարածքային զիջումներ՝ Արցախի անկախության ճանաչման դիմաց» սկզբունքը: Սա հակադրության մեջ է մտնում թե´ մադրիդյան սկզբունքների և թե´ միայն ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա շեշտադրում անելու քաղաքական մեծամասնության դիրքորոշումների հետ: Կարելի է ենթադրել միայն, որ այդ հակադրությունը չսրելու և մեծամասնության հետ իր հարաբերությունների վերանայման գործոն չդարձնելու պատճառնեից մեկը նաև այն է, որ ՀՅԴ-ն ներկայումս վարվող բանակցություններին մոտենում է որպես առկա ստատուս քվոն և, հետևաբար, ԼՂ փաստացի անկախությունը պահպանելու միջոցի:

լուսանկարը` Անուշ Բաբաջանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter