HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Լենա Նազարյան. «Երբ կառավարությունը կոռումպացված է, խաղի կանոնները թելադրվում են դրսից»

«Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում մի մեծ բաժին հատկացվել է բնապահպանությանը:

Դաշինքը իշխանության գալու դեպքում նախատեսում է օրենսդրական փոփոխություններ իրականացնել, որպեսզի բնապահպանական վճարներն ամբողջությամբ փոխանցվեն համայնքներին, իսկ բնությանը հասցված վնասի փոխհատուցման գումարները բաշխվեն համայնքների, լիազոր մարմինների եւ իրավախախտումը հայտնաբերած պետական ծառայողների միջև:

«Ելք»-ը դեմ է նոր փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիաների տրամադրմանը: Դաշինքի նախընտրական ծրագրի բնապահպանական բլոկի վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի համապետական ցուցակի 7-րդ համար Լենա Նազարյանի հետ:

- Լենա, տարիներ շարունակ անձամբ զբաղվել եք Թեղուտի և այլ անտառների պաշտպանության հարցերով: Դաշինքի նախընտրական ծրագրում անտառների պահպանության, ավելացման, տնտեսական անտառներ հիմնելու վերաբերյալ ոչինչ նշված չէ: Ինչու՞:

- Անտառների և կենդանական աշխարհի պահպանման հարցին է վերաբերում նաեւ մեր այն առաջարկը, որտեղ ասվում է, որ բնությանը հասցված վնասի փոխհատուցման գումարները կբաշխվեն իրավախախտումը հայտնաբերած պետական ծառայողների միջև: Մենք կարծում ենք, որ եթե լինի օրենսդրական մեխանիզմ, որով հնարավոր կլինի վնասի փոխհատուցման գումարները ոչ թե փոխանցել բյուջե, այլ՝ բաշխել իրավախախտումը հայտնաբերած պետական ծառայողների միջև, ապա այդ կերպ ծառայողները շահագրգիռ կլինեն պատշաճ կերպով պահպանել անտառային տարածքը:

Վստահ եմ՝ կառավարության ծրագիր կազմելու հնարավորություն ունենալու դեպքում, անտառների պահպանման և ավելացման հարցին պետք է լինելու առանձնահատուկ ուշադրություն դարձնել և անպայման ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին ու փորձագետներին:

- Ծրագրում ասվում է, որ նոր ուսումնասիրության կենթարկվի այն հանքերի շահագործման կամ հետախուզման որոշումները, որոնց շուրջ հանրային և փորձագիտական բացասական կարծիք է ձևավորվել: Խոսքն այս դեպքում բավականին խոշոր կազմակերպությունների մասին է: Ինչպե՞ս եք պատկերացնում արդեն գոյություն ունեցող արդյունաբերության կասեցումը: Ի՞նչ ճանապարհով:

- Ինչ փուլում էլ լինի հանքարդյունաբերական գործունեությունը, պետք է վերադառնալ այն կետին, որտեղից սկսվել են ապօրինությունները, իրավունքի խախտումներն ու չարաշահումները և մանրամասն ուսումնասիրել դրանք: Քանի որ խոշոր բիզնես ծրագրերը հաստատվում են ոչ թե համապատասխան գերատեսչություններում, այլ՝ կայացվում է քաղաքական որոշում ավելի բարձր մակարդակով, ինչպես դա եղավ Թեղուտի և Ամուլսարի դեպքում, մասանագետների ուսումնասիրություններն ու ահազանգներն անտեսվում են: Խնդիրն ավելի շատ ոչ թե նոր ուսումնասիրույթունների կարիքն է, այլ՝ հենց քաղաքական կամքի բացակայությունը՝ խախտումների ու չարաշահումների համար պատասխանատվության ենթարկելու համար: Եթե կասեցման բավարար հիմքեր կան, ապա դա կարվի օրենքով:

- Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն են համարում։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի այդ գործընթացը լինի առանց ցնցումների:

- Մեծ ցնցումների կարող է բերել օրենքի անտեսումը, շրջանցումը, օրենքի երկակի ստանդարտներով կիրառումը, չվերականգնվող ռեսուրսների մսխումը, բնությանը պատճառած անվերականգնելի վնասները: Սխալ է օրենքի խախտումներն ու կորուստներն արդարացնել տնտեսության շարժիչ ուժ լինելու հանգամանքով, մանավանդ, որ օրենքի պահպանմամբ էլ են լինում տնտեսական շարժիչ ուժեր և մեկը մյուսին չի խանգարում: Նաև մեծ հարց է, թե ինչպես է կորուստներով ու վնասներով գործունեությունը տնտեսական շարժիչ ուժ համարվում:

Ի դեպ, ոչ ոք չի պատրաստվում հակահանքարդյունաբերական քարոզչություն անել: Բոլորն էլ հասկանում են, որ այդ ոլորտը մեծ մասնաբաժին ունի տնտեսության և աշխատաշուկայի հաշվեկշռում և պետք է գործի: Միևնույն ժամանակ, չի կարելի անտեսել այն վնասները, որոնք կրում է պետությունն այդ ոլորտի ոչ բավարար հարկման կամ խախտումներով գործունեության արդյունքում: Ունենք առաջարկ նաև, որ օրենսդրորեն ու գործնականում խստացվեն պոչամբարների շահագործման և ռեկուլտիվացիայի պահանջները:

Եթե «Ելք»-ը լինի իշխանություն, նաեւ կդադարեցվի նաև նոր փոքր ՀԷԿ-երի լիցենզիաների տրամադրումը: Այն փորձագետները, ովքեր մեզ խորհրդատվություն են տվել ծրագիրը կազմելու ժամանակ, նշել են, որ Հայաստանի գետերն արդեն իսկ հագեցած են ՀԷԿ-երով, ու գետերի ջուրը չի բավարարում համայնքների տարածքների ոռոգման և ձկների կենսագործունեության համար: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք կարող են հիմք լինել լիցենզիաների տրամադրման դադարեցման որոշման համար:

- Հայաստանում բնապահպանական որոշ խոշոր նախագծեր իրականացվում են միջազգային կազմակերպությունների, բանկերի ֆինանսական աջակցությամբ: Ի՞նչ պետք է անել` դրսից խաղի կանոններ թելադրողներին զսպելու համար:

Խնդիր է առաջանում այն ժամանակ, երբ ֆինանսական կառույցներն ու կազմակերպությունները, հաճախ լինելով շատ ավելի ուժեղ, քան կոռումպացված կառավարությունները, որոնք չեն կարողանում զերծ մնալ բիզնեսի հետ շահաբաժին կիսելու գայթակղությունից, ինչպես նաև չեն կարողանում ապահովել երկրում այնպիսի տնտեսական զարգացում, որը հակակշիռ կլիներ այդ կազմակերպությունների առաջարկին, թույլ են տալիս, որ այդ նեդրողներն իրենց ավելի լավ զգան, քան նրանց գործունեության արդյունքում տուժող համայնքների բնակիչները: Որպեսզի խաղի կանոները թելադրվեն ներսից, պետք է կառավարությունը չլինի կոռուպացված, և երկիրը աղքատ ու կախյալ չլինի տարբեր ներդրողների քմահաճույքներից:

- Հանքարդյունաբերական շրջաններում բնակչությունը, հաշվի առնելով երկրում սոցիալական վիճակը, նախընտրում է աշխատատեղ ունենալ, քան հաշվի առնել բնապահպանական ռիսկերը: Ինչպե՞ս եք համոզելու, որ նրանք իրենց քվեն տան «Ելք»-ին:

- Իսկապես որ, օրինաչափություն է Հայաստանի որևէ համայնքում հանքարդյունաբերություն սկսելու տնտեսական նպատակահարմարությունը ներկայացնել աշխատանք և աշխատատեղեր ստեղծելու հիմնավորումներով:

Նույնիսկ խոստումի տեսքով «աշխատանք կլինի ձեզ համար» ասված պայմանը համայնքի բնակիչների մոտ իսպառ չեզոքացնում է մնացած բոլոր՝ տնտեսական, առողջապահական և բնապահպանական հարցերի վերաբերյալ քննարկում անցկացնելու, առավել ևս՝ դիմադրություն ցուցաբերելու ցանկությունը: Համայնքների բնակիչների դրսևորած նման անհեռատեսությունն ու հապճեպությունն ունի պատճառ. խորհրդային համակարգի փլուզումից հետո, Հայաստանի նորաստեղծ կառավարությունը գյուղական համայնքների բնակիչների միջև բաշխեց կոլեկտիվ տնտեսությունների ունեցվածքը և համարեց, որ այսուհետ գյուղաբնակներն ինքնազբաղ սուբյեկտներ են: Սակայն, իրականում այդպես չեղավ. գյուղական համայնքների բնակիչները չդարձան ինքնազբաղ տնտեսվարողներ:

Ակնհայտ է, որ խորհրդային կարծրատիպերով ծանրաբեռնված մարդը չկարողացավ և դեռ չի կարողանում վերաիմաստավորել անցման արդյունքում կորցրածն ու ձեռքբերածը: Մարդիկ հիշում են, որ Խորհրդային Միության ժամանակ ունեցել են մշտական աշխատանք և կորցրել են այն: Վախի և անորոշության զգացողությունը կուրորեն մղում է նրանց ետ՝ դեպի գործարաններ: Եվ եթե անգամ նրանց առջև բացվում են նոր գործարանների դռներ, ապա, չկա գիտակցում, որ դրանք լրիվ ուրիշ տրամաբանությամբ և կարգուկանոնով գործող գործարաններն են:

Այսպես եղավ նաև Թեղուտում: Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ ու հնարավորություններ, որպեսզի մարդիկ կարողանան ադապտացվել նոր տնտեսական պայմաններին ու շուկային, ինքնակազմակերպվեն, միևնույն ժամանակ պաշտպանեն իրենց իրավունքները: Մեզ որքան հայտնի է, համայնքի բնակիչների պահանջներից մեկը եղել է, որ բնապահպանական վճարները ամբողջությամբ կփոխանցվեն համայնքներին և մենք այդպիսի առաջարկ մեր ծրագրում արել ենք:

լուսանկարը՝ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter