HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեդալների հիթ-շքերթ հարկատուների հաշվին. պարետից մինչև «պետական գաղտնիք» հանդիսացող մեդալակիրները

Սկիզբը

Հայաստանի պետական գերատեսչությունները միլինոավոր դրամներ են ծախսում պետական բյուջեից մեդալներ ու կրծքանշաններ ձեռք բերելու համար: «Հետքը» հարցումներ է ուղարկել պետական մի շարք գերատեսչությունների՝ պարզելու, թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար է հատկացրել մեդալների համար, և ում են շնորհվել դրանք: Այս հոդվածում ներկայացնում ենք նախագահի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, Ազգային ժողովի և իրավապահ համակարգի ձեռք բերած մեդալները: Նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք կառավարության մեդալների գնումներին:

Նախագահի աշխատակազմը 2016 թվականին ձեռք է բերել 450 մեդալ՝ ավելի քան 10 մլն արժեքով: Մեդալների ձեռք բերման համար կիրառվել է շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգը, և մրցութային կարգով հաղթող է ճանաչվել «Գնոմոն» ԲԲԸ-ն:

Նախագահը մեդալներ է շնորհում տարբեր ոլորտների ներկաայցուցիչների,  օրինակ, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև բարեգործական ակտիվ գործունեության համար, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի և հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին, մի շարք անհատ բարերարների, «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և վարչության նախագահ Թոմաս Շուլցին: Երախտագիտության մեդալ է հանձնել նաև «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանին (լուսանկարում):

2016թ.-ին Երևանի քաղաքապետարանի կողմից պատվիրվել է 70 հուշամեդալ Երևանի ոսկերչական   գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ–ից: 

Ձեռք է բերվել 5 հատ «Երևանի պատվավոր քաղաքացի» հուշամեդալ,  60 հատ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ և 5 հատ էլ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալ: Ընդհանուր առմամբ վճարվել է 1 680 000 դրամ։ Մեդալներ ստացողների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

ԱԺ մեդալները՝ Երևանի քաղաքապետարանին

Ազգային ժողովը միակ կառույցն էր, որից ամբողջական տեղեկատվություն ստանալ չհաջողվեց: Էլեկտրոնային հարցումներին հասարակայոնթւան և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը չէր պատասխանում: Հեռախոսով պարզաբանումները տարբեր էին. նախ՝ հարցումը պատշաճ չի կազմված, հետո՝ տեղեկատվությունը գաղտնիք է պարունակում, դրա համար չի տրամադրվելու, երրորդ՝ հարցումը պետք է ուղարկել գրավոր և փոստով՝ չնայած ՀՀ պետական ողջ համակարգին նույնաբովանդակ հարցում էր ուղղվել էլեկտրոնային տարբերակով, և բոլորը պատշաճ պատասխանել էին:  Ի վերջո՝ գրավոր երրորդ հարցմանը ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պատասխանել է, որ «պահանջվող տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարում (www-e-gov.am) ինտերակտիվ բյուջե բաժնում» և տրամադրել է միայն հարցման վերջին հարցի պատասխանը՝ մեդալներ ստացողների ցանկը: Ինտերակտիվ բյուջեի բաժնում մեր պահանջած տեղեկատվությունը չկա: Փոխարենը ԱԺ-ի «քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» տողով ավելի քան 75 մլն դրամի գումարի հատկացում է երևում: Թե մեդալները դրա որքան մասն են կազմում, չի հստակցեցված: Չի երևում նաև, թե գնումներն ումից է կատարվել: Այդուհանդերձ, մենք հիմք կընդունենք Արսեն Բաբյանի վկայակոչած աղբյուրը և 75 մլն դրամը:

145 անձինք ԱԺ-ից 2016-ին մեդալ են ստացել: Ամենազավեշտալին ԱԺ-ից մեդալներ ստացողների ցանկն է, քանզի նրանց մեջ գերակշռում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները:  Ազգային ժողովի պատվավոր մեդալով և ԱԺ նախագահի հուշամեդալով պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի 28 աշխատակից, որոնց թվում են՝ քաղաքապետի խորհրդականներն ու օգնականները, տարբեր բաժինների մասնագետները, վարչության պետերն ու տեղակալները, քաղաքապետարանի քարտուղարի տեղակալը և քաղաքապետարանի պարետը: Մեդալներ է բաժին հասել նաև ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանին, Տաճատ Վարդապետյանին, Կարեն Սարիբեկյանին և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին, դպրոցի ուսուցիչների, օտարերկրյա հյուրերի, դեսպանների, լրագրողների և մշակույթի ոլորտի գործիչների:

Նկատենք, որ նույն անձինք տարբեր գերատեսչությունների մեդալ ստացողների ցանկում երբեմն կրկնվում են: Օրինակ՝ Տաճատ Վարդապետյանին 2016-ին երեք գերատեսչություն մեդալ է շնորհել: Պետբյուջեից մեկ անձի համար երեք մեդալ է գնվել նրա համար: Մինչդեռ անձին կարելի է նաև շնորհակալագրով կամ պատվոգրով խրախուսել, եթե նրա մատուցած ծառայություններն այդչափ կարևոր ու նշանակալի են: Այդպիսով կտնտեսվի նաև պետական բյուջեն:

Ոստիկանությունը՝ իրավապահ համակարգի առաջատար

Մեդալների և կրծքանշանների խոշոր գնորդը իրավապահ համակարգում ոստիկանությունն է: 2016թ.-ին այս կառույցը ձեռք է բերել 1792 մեդալ և դրա դիմաց վճարել ավելի քան 14 մլն դրամ: Ոստիկանության մեդալներով պարգևատրվել է 1599 անձ, այդ թվում՝ 1484-ը ոստիկանության աշխատակիցներ և վետերաններ, որոնցից  1270-ը՝ «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանների մեդալներով, իսկ 115-ը՝ այլ գերատեսչությունների աշխատակիցներ և քաղաքացիները:

Հաջորդում են քննչական կոմիտեն, գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Ա. Զալինյանը հայտնել է, որ շրջանակային համաջայնագրերի միջոցով՝ մրցույթով Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ից ավելի քան 2,5 մլն դրամով ձեռք է բերել 157 հատ մեդալներ և կրծքանշաններ իրենց տուփերով: Իսկ քննչական կոմիտեի մեդալները և կրծքանշանները շնորհվում են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով հաստատված կարգի համաձայն:

Գլխավոր դատախազությունը 2016-ին ձեռք է բերել «Իրավակարգի ամրապնդման համար» 20 մեդալ, որոնց համար հատկացրել է 560 հազար դրամ: Մեդալները շնորհվել են ՀՀ գլխավոր դատախազության, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, զինվորական կենրտոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների:

Հատուկ քննչական ծառայությունն անցյալ տարի ձեռք է բերել 20 մեդալ՝ 500 000 դրամ արժեքով: ՀՔԾ-ն չի տրամադրել մեդալներ ստացած անձանց ցուցակները՝ նշելով, որ մեդալներ ստացած անձանց շրջանակը հրապարակման ենթակա չէ՝ ելնելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքիների դրույթների, ինչպես նաև 25.08.2015թ. «ՀՀ Հատուկ քննչական ծառայության մի շարք տեղեկությունների գաղտնագրման մասին» ՀՔԾ պետի հրամանագրի պահանջներից:  

«Մասնավորապես, հրամանի թիվ մեկ հավելվածի 4-րդ կետը գաղտնի տեղեկությունների շարքին է դասում ՀՔԾ ծառայողների և աշխատակազմի աշխատակիցների վերաբերյալ անհատական տվյալները»,- հիմնավորել է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Թե մեդալ ստանալը, ընդ որում՝ հարկատուների վճարած գումարներից, ինչու պետք է համարվի գաղտնի ու անհատական տվյալ, անհասկանալի է մնում: 

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ԱԱԾ կարիքների համար մեդալներ ձեռք բերելու նպատակով գումարներ չեն նախատեսվել և ձեռք չեն բերվել:

Մեդալների գնումներ չեն կատարել Կադաստրի պետական կոմիտեն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:

Այսպիսով, մեր ուսումնասիրած պետական մարմինները մեդալների ու կրծքանշանների համար ծախսել են 134, 5 մլն դրամ: Ավելի քան 62 մլն դրամ ծախսել են կառավարությունը, իրավապահ մարմինները, նախագահի աշխատակազմն ու քաղաքապետարանը: Ազգային ժողովի 75 մլն-ին վերապահումով ենք մոտենում, քանզի այնտեղ ոչ միայն մեդալներ, այլ տարաբնույթ պարգևներ ևս կարող են լինեն:

Ուսումնասիրելով մեդալներ ստացածների ցուցակները՝ կարելի է պնդել, որ առնվազն կիսով չափ գնված մեդալների թիվը և մեդալներին հատկացվող ծախսերը կարելի է կրճատել և ուղղել մեկ այլ ոլորտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter