HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քաղաքական ուժերը չեն պաշտպանում համայնքները խոշորացնելու քաղաքականությունը. տեղական ինքնակառավարումը նախընտրական ծրագրերում

ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի մեծամասնությունն իր նախընտրական ծրագրում որեւէ վերաբերմունք չի արտահայտել հանրապետության բնակչության կեսից ավելիին վերաբերվող կառավարման ձեւի՝ տեղական ինքնակառավարման (ՏԻ) վերաբերյալ: Ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից եւ կուսակցությունների դաշինքներից իրենց նախընտրական ծրագրերում տեղական ինքնակառավարմանն անդրադարձել են 5-ը: Ըստ էության, նրանցից միայն 2-ը` Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը եւ «Ազատ դեմոկրատներ»-ն են ներկայացրել, թե տեղական մակարդակում ինչպիսի կառավարում են պատկերացնում:

Ծրագրերում ՏԻ ոլորտին մեկական նախադասությամբ անդրադարձել են ՀԱԿ-ՀԺԿ, «Ծառուկյան դաշինք» եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

Իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, իր նախընտրական ծրագրում անարդյունավետ է որակում համայնքային կառավարումը եւ այդ համատեքստում անդրադառնում է համայնքներում գույքի անարդյունավետ կառավարմանը: Ծրագրում այս միտքն այլեւս չի զարգացվում, եւ ընթերցողին հասու չէ, թե գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ի՞նչ մեխանիզմներ են պատրաստվում ներդնել:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ՏԻ ոլորտից միայն այդ հարցն է առանձնացրել եւ համայնքներում գույքի անարդյունավետ կառավարմանն անդրադառնում է մեկ նախադասությամբ. «Վերանայելու ենք «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքը՝ աճուրդների, այդ թվում՝ հողի աճուրդի հրապարակայնությունն ու օրինականությունը ապահովելու նպատակով՝ միաժամանակ ծրագրային քաղաքականություն վարելով համայնքներում երիտասարդ ընտանիքներին հողատարածքներ հատկացնելու ուղղությամբ»:

ՀՀԿ ծրագրից. «Հստակ սահմանել յուրաքանչյուր մարզի եւ համայնքի զարգացման ծրագրերը, ապահովել այդ ծրագրերի համատեղելիությունը, փոխլրացումը եւ նպատակայնությունը։ Հատկապես կարեւորել մարզերի զարգացման ռազմավարությունների առկայությունը՝ դրանք դարձնելով մարզում իրականացվող պետական քաղաքականության, հատկապես ներդրումային քաղաքականության որոշիչ ուղեցույց»:

Անցյալ աշնանը տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններից (ՏԻՄ) հետո համայնքների ղեկավարների առաջնային պարտավորությունը համայնքի հնգամյա ռազմավարական ծրագիրը հաստատելն էր, որը պետք է դառնա նրանց հնգամյա կառավարման հիմնական ուղեցույցը: Ծրագրերը հաստատվեցին ընդամենը մեկ-երկու ամիս առաջ, գերակշիռ մեծամասնությամբ՝ առանց քննարկվելու, նախորդ ծրագրի շապիկի թվականները փոխելով: Միեւնույն ժամանակ, զուգահեռաբար Կառավարությունը հաստատում էր մարզերի սոցիալ-տնտեսական ռազմավարական ծրագրերը, որոնք պետք է ածանցվեին համայնքների ընտրած ռազմավարությունից:

Եթե իշխող կուսակցության համար «հստակ սահմանումներն», իրոք, սկզբունքային լինեին, համայնքներում ռազմավարական ծրագրերի հաստատումը ձեւական բնույթ չէր կրի: Առնվազն, դրանց մշակումը մի քանի մակարդակ պետք է անցներ: Համայնքի բնակիչներից բացի, քննարկումներին պետք է մասնակցեին մարզպետարանների ներկայացուցիչները, օգնեին, ուղղորդեին, նպաստեին, որ համայնքների բնակիչների ցանկությունները համատեղվեին, նույնականացվեին մարզերի զարգացման ծրագրերի հետ, դրանով հիմք ստեղծեին դրանց իրականացման համար: Սակայն, ոչ միայն բնակիչները մասնակից չդարձվեցին ռազմավարական ծրագրերի մշակմանը, այլեւ մարզպետարանները հարկ չհամարեցին ոչ «շահավետ» խոսակցությունների մասնակիցը լինել:

ՀՀԿ-ն նաեւ նշում է, որ նախապատվությունը տալիս է համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելին: Սահմանադրության վերջին փոխոխություններով ամրագրված այս անցանկալի դրույթը, որը փորձագետները ժամանակին բնութագրեցին նահանջ ժողովրդավարությունից, իշխող կուսակցության համար ցանկալի տարբերակ է մնում: ՀՀԿ-ն հայտարարում է, որ խրախուսում է ընտրական այս մոդելը եւ համայնքների խոշորացմանը զուգընթաց առաջիկայում այն ավելի լայն տարածում կունենա: 

«Համայնքների միավորման գործընթացին զուգահեռ՝ խոշոր համայնքներում ապահովել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելը»:

«Ծառուկյան դաշինք»-ը ընտրական այս մոդելի կողմնակիցը չէ եւ իր ընտրազանգվածին խոստանում է քաղաքային եւ գյուղական համայնքներում վերանայել ընտրությունների կարգը:

Այս դաշինքը խոստանում է վերանայել նաեւ համայնքների խոշորացման գործընթացը: «Այն չի բխում համայնքների շահերից եւ հաշվի չի առնում տեղական, վարչատարածքային, համայնքային ավանդույթները եւ մի շարք այլ առանձնահատկություններ»,- ասվում է նախընտրական ծրագրում:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտին շատ հպանցիկ է անդրադարձել՝ մեկական նախադասությամբ, եւ  քննադատության թիրախում դարձյալ վերջին երկու տարիներին սկիզբ առած համայնքների խոշորացման գործընթացն է: Նրանք նույնպես խոստանում են դադարեցնել «տեղական ինքակառավարումը խաթարող» խոշորացման գործընթացը:

Նկատի ունենանք, որ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր Պետրոսյանի նախագահության շրջանում հաստատվեց տարածքային կառավարման նոր մոդելը, երբ հանրապետությունը բաժանվեց 10 մարզի: Հաստատվեց նաեւ տեղական ինքնակառավարումը, որով համայնքի կարգավիճակ շնորհվեց անգամ 5 բնակիչ ունեցող գյուղին, նույնիսկ յայլաներին, որոնք խորհրդային շրջանում ընդգրկվել էին այլ համայնքի կազմում: Երբ գծվեցին նրանց վարչական սահմանները, շատերը հիշեցին պապենական գյուղերի տեղը, վերագրանցվեցին, մասնաբաժին ունեցան սեփականաշնորհվող հողերից ու ընդմիշտ հեռացան: Իհարկե, դրանք որպես համայնք այդպես էլ չկայացան բնակիչ չունենալու պատճառով, սակայն դա չխանգարեց, որ պահպանեն համայնքի կարգավիճակը, պետական բյուջեից դոտացիաներ ստանան, ընտրություններ անցկացնեն եւ այլն:

Այդ օրերից շատ բան է փոխվել երկրում, հատկապես համայնքներում. արտագաղթը մեծ չափեր է ընդունել, գյուղերը դատարկվել են, դպրոցները փակվել, դաշտերն ամայացել,  եւ այլն: Այս իրավիճակում հնարավո՞ր էր, արդյոք, խուսափել տարածքային կառավարման համակարգը վերաձեւելուց: Ժխտելով ընտրված խոշորացնելու մոդելը, այնուամենայնիվ, նոր իրավիճակի համար նոր գաղափարներ, նոր լուծումներ են պետք, իսկ կուսակցությունների ծրագրերում այն բացակայում է:

«Ազատ դեմոկրատները» ձգտում են իրականություն դարձնել համայնքների ինքնակառավարումը, նպաստավոր իրավիճակ ստեղծել ապակենտրոնացում, անկախացում եւ համաչափություն ապահովելու համար: «Վերջ տալ ամբողջ տնտեսական կյանքը մայրաքաղաքում կենտրոնացնելու պրակտիկային»,- հայտարարում են նրանք: «Համայնքային ինքնաբավ բյուջեների մեխանիզմների ներդնում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը բարձրացնելու, համայնքների տնտեսական զարգացման հետամնացությունը բացառելու նպատակով շահութահարկի եւ եկամտահարկի 50%-ը կթողնվի համայնքներին։ Սա թույլ կտա վերացնել ներկայիս արատավոր պրակտիկան, երբ ամբողջ փողը գնում է պետական բյուջե, ֆիննախ (Երեւան), իսկ այնտեղից դոտացիաների ու սուսբսիդիաների ձեւով վերադարձվում է համայնքներին»։

«Ազատ դեմոկրատներ»-ին մտահոգում է նաեւ գյուղական համայնքներում մշակութային կյանքի բացակայությունը: «Աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, 5 տարվա ընթացքում պետություն-մասնավոր հատված համագործակցության ճանապարհով վերականգնել եւ արդիականացնել համայնքային մշակույթի տները` դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող ու մատաղ սերնդի եւ երիտասարդության մշակութային կրթության կենտրոններ»:

Հարկ է նշել, որ նախորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ իշխող ՀՀԿ-ն քվեներ ստանալու հարցում մեծապես ապավինում էր համայնքային կառույցները` մշակույթի տուն, մանկապարտեզ, ամբուլատորիա, դպրոց եւ այլն, հիմնանորոգելու ծրագրերին: Այս տարի այդ նպատակի համար բյուջետային հատկացումներ չեն արվել: Բայց ՀՀԿ-ն նույնպես կարծում է, որ «մարդկանց օգտակար զբաղմունքի պայմանների ապահովումը պետք է լինի տեղական ինքնակառա­վարման մարմինների ամենօրյա հոգածության առարկան»:

Հետաքրքիր է, որ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման վերաբերյալ ասելիք չունի Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, այն դեպքում, երբ կոալիցիոն համաձայնագրի արդյունքում, այս քաղաքական ուժին է վստահված ոլորտի ղեկավարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter