HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչո՞ւ է Աղվան Հովսեփյանը գնացել «КГБ-ի պադվալ»

Կենտրոնի դատարանում շարունակվում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան գործով դատավարությունը: Նախորդ նիստում ամբաստանյալներից Արա Կարապետյանը, որ մեղադրվում է ավազակային հարձակումը կազմակերպելու մեջ, ներկայացրեց իր պաշտպանական ճառը:

Հիշեցնենք՝ մեղադրող Հովսեփ Սարգսյանը դատարանին միջնորդել է գործարար, «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի եւ նորաձեւության «ԱՍ» հանրախանութի սեփականատեր Կարապետյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Վերջինս էլ իր պաշտպանական ճառում, դիմելով մեղադրող Սարգսյանին, հիշեցրեց, որ նա մեղադրական ճառն արտասանելուց հետո, նույն օրը երեկոյան, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ այցելել է մեկուսարան՝ «КГБ-ի պադվալ»՝ իրեն տեսակցելու:

«Հիշո՞ւմ եք, պարոն մեղադրող, Աղվան Հովսեփյանի մոտ ասացիք, որ Յուրա Ղազարյանի գործով իմ վրա գործ չեք հարուցել: Բայց հարուցել եք, չէ՞, ինչո՞ւ ճիշտը չասացիք… Պարոն Աղվան Հովսեփյանը հարց տվեց՝ ինչո՞ւ առերեսում չեք արել: Ասացիք, որ երբ Արան դիմեց, արդեն նախաքննությունն ավարտված էր»,- ասաց Կարապետյանը եւ ընթերցեց ԱԱԾ քննչական վարչության պետ Մարուքյանի որոշումը, որով մերժվել էր մեղադրյալ Արա Կարապետյանի միջնորդությունը՝ իրեն առերես հարցաքննել իր դեմ ցուցմունք տված բոլոր անձանց հետ: Մինչդեռ, քրեական գործը դատարան է ուղարկվել դրանից 2 ամիս անց: Ավելին, այդ մերժումից հետո Կարապետյանը նույն խնդրանքով ապարդյուն դիմել է նաեւ գլխավոր դատախազին:

Իսկ ինչո՞ւ է Աղվան Հովսեփյանը գնացել մեկուսարան, առավել եւս՝ մեղադրական ճառի հրապարակումից հետո: Գուցե ինքն է՞լ է կասկածում Կարապետյանին առաջադրված մեղադրանքի արդարացիությանը: Թե՞ գործ ունենք կոռուպցիայի դրսեւորման հետ: Ենթադրություններից խուսափելու համար «Հետքը» դիմեց գլխավոր դատախազություն, սակայն Հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը սահմանափակվեց միայն հետեւյալ պատասխանով. «Դա մրցակցային դատավարություն է, որի ժամանակ կողմերից յուրաքանչյուրն ազատորեն արտահայտում է իր տեսակետը, ինչը կարող է նաեւ բոլորովին կապ չունենալ բուն գործի հետ»:

Պաշտպանական ճառի նախաբանում Կարապետյանը նշեց, թե սա այն քրեական գործերից է, որ անպայման կհետաքրքրի երկրի ղեկավարին, ուստի, «հարգելի դատարանից» բացի, նա դիմում էր նաեւ «մեծարգո նախագահին» եւ «պարոն մեղադրողին»: Ինչո՞ւ «պարոն», որովհետեւ «հարգելի բառը ցանկացած մարդ, առավել եւս՝ դատախազ, պետք է իր ազնիվ ու անաչառ վերաբերմունքով վաստակի»: Իսկ մեղադրող-դատախազը «դերձակների ձեռքով անցած» մեղադրական եզրակացության վերնագիրը փոխել, դարձրել է մեղադրական ճառ ու հրապարակել:

Արա Կարապետյանը չարիք համարեց «մարուքյանաեպիսկոպոսյանական ծառայությունները», որոնց թիվ մեկ զենքը՝ հրետանին, «մուտիլովկան է»: «Մնում է միայն մտածել», որ մեղադրող-դատախազը նույնպես ԱԱԾ աշխատակից է, որը զբաղված է պատվեր կատարելով եւ «մուտիլովկայով»:

«Ինձ թվում է՝ պարոն մեղադրողը թյուրիմացության մեջ է ընկել, եւ իրեն թվում է, թե ես Ռումինիայից եմ, առավել եւս՝ իրեն թվում է, թե անունս Օլիվեր է»,- ասաց Արա Կապապետյանը եւ նշեց, որ մեղադրողն ինքը՝ իր կեղծիքներով եւ վարքագծով, ուղղակի «պրասիտ է լինում» խոսել որոշ բաների մասին:

«Տեղին է մեջբերել ամերիկյան մի շատ լավ գրողի ասացվածք. «Դու մի ասա իմ մասին սուտը, ես չեմ ասի քո մասին ճշմարտությունը»: Չէ, պարոն մեղադրող, անունս Օլիվեր չէ, Արա է, ազգանունս` Կարապետյան, ծնվել եմ Երեւանում, ազնիվ ծառայողի ընտանիքում, կերել եմ շատ ազնիվ մոր կաթ ու ստացել բավականին ճիշտ եւ ազնիվ դաստիարակություն ու կրթություն: Ավելին ասեմ ձեզ՝ այսօր, որ Դուք այստեղ նստած եք, ձեր աշխատավարձի մի մասի մեջ կա իմ լուման»,- հավելեց Կարապետյանը եւ նկատեց, որ դատական պատմության մեջ սրա նման քրեական գործ չկա. կազմված է 13 հատորից, անցնում են 10 մեղադրյալ եւ 19 վկա, բայց չի կատարվել գեթ 1 առերեսում:

Գործարար ամբաստանյալը մանրամասն թվարկեց «կեղծիքների այն շարանը, որ տեղ է գտել մեղադրական եզրակացությունում եւ ճառում»: Նա սկսեց իրեն մեկ տարի կալանքի տակ պահելու համար հիմք ծառայած որոշումներից, որոնցում իրեն վերագրվող արարքները ոչ միայն չեն հիմնավորվել, այլեւ տեղ չեն գտել նույնիսկ մեղադրական եզրակացությունում: Կամ «մարուքյանաեպիսկոպոսյան թեւը», մեղադրողի հետ համաձայնեցված, իրեն կապել են Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման հետ՝ նշելով, թե գողոնը կենդանաբանական այգու մոտ փոխանցվել է իրեն:

«Բայց ես բերեցի իմ տան հեռախոսի վերծանումը, որը ցույց տվեց, թե ես այդ ժամերին ում հետ եմ խոսել,- ասաց Կարապետյանը եւ ավելացրեց,- մեկ օր ես ու փաստաբան Կարեն Քամալյանը գտնվում էինք քննիչ Վահե Պապոյանի առանձնասենյակում: Նա իր հոր արեւ երդվելով՝ իմ ներկայությամբ Կարենին ասաց, թե կտա ձեռքի հեռախոսի անտեննայի տվյալները, ու մենք կհամոզվենք, որ Արայիկը եղել է կենդանաբանական այգու մոտ: Ուզում եմ ուղղակի Վ. Պապոյանին, որը այդ գործի դերձակներից է, ասել, որ չի կարելի հոր արեւով սուտ երդվել. դա տղամարդու արարք չէ»:

Անդրադառնալով մաքսայինի նախկին պետի տան գործի «մյուս կեղծիքին»՝ ամբաստանյալը հիշեց անհայտ վկային՝ Հարություն Ալեքսանյանին, որին ոստիկանությունն այդպես էլ չգտավ, իսկ դատարանը չհարցաքննեց: Ըստ մեղադրանքի՝ վերջինս Ավետիսյանի տան գողոնը փոխանցել է ԱԱԾ-ին: Սակայն Ալեքսանյանը վերջերս Կարապետյանի փաստաբանի միջոցով դատարանին ուղղված գրությունով հայտնել է, որ ինքը գողոնի վերադարձման հետ ընդհանրապես կապ չունի եւ նման ցուցմունք է տվել «մի ընկերոջ խնդրանքով»:

«Հիմա, պարոն մեղադրող, սա ի՞նչ է կոչվում… Եթե դժվարանում եք, ես ասեմ՝ ճակատագիր խորտակելու ստոր, լկտի հանցագործություն, որի համար Դուք, եթե կապ չունեք այս հանցագործության հետ, պետք է հենց հիմա քրեական գործ հարուցեք եւ «մարուքյանաեպիսկոպոսյանական» կեղծարարներին դատապարտեք 3-7 տարի ժամկետով, որպեսզի մյուսները չանեն նման բան»,- ասաց Արա Կարապետյանը եւ դիմելով    երկրի ղեկավարին՝ խնդրեց «թողնել ոստիկանությանը եւ անցնել ԱԱԾ-ի ոհմակի մաքրման աշխատանքին», քանի որ ոստիկանության աշխատակիցները, ԱԱԾ-ականների հետ համեմատած, պարզապես հրեշտակներ են:

Գործարարը խոսեց նաեւ փաստաբանի ինստիտուտից եւ դրա չկայացվածությունից: Ըստ նրա՝ յուրաքանչյուր փաստաբան իր պաշտպանյալին վերաբերվում է իբրեւ հաճախորդի, որը վաղը «կանցնի, կգնա»: Իսկ դատախազն ու դատավորը միշտ կան եւ պետք չէ նրանց հետ հարաբերությունները փչացնել:

«Մի օր հավաքվեիք տասը փաստաբաններով, գնայիք նախագահի մոտ եւ ասեիք՝ էս ի՞նչ են անում, ո՞նց կարելի է: Ամբողջ մեղադրականը հեղեղված է այնպիսի ստով, որը չկա քրեական գործում: Ստիպեիք, որ մեղադրողը փոխեր այն, գրեր ճիշտը»,-դիմելով իր եւ մյուս ինը ամբաստանյալների պաշտպաններին՝ ասաց Կարապետյանը:

Նա ճառը դեռ չի ավարտել, դատավարությունը կշարունակվի ապրիլի 11-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter