HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

MERCEDES-BENZ G55 AMG թե՞ G63, NISSAN PATROL 4.5 թե՞ 5․6․ ի՞նչ է փոխվել պատգամավոր Արթուր Գևորգյանի հայտարարագրում

Պատգամավոր Արթուր Գևորգյանը դարձյալ որոշել է  պայքարել մանդատի համար որպես ՀՀԿ տարածքային թեկնածու, չնայած այն հանգամանքին, որ օրենսդիր մարմնում ակտիվությամբ առանձնապես չէր փայլում, և նույնիսկ ամենաշատ բացակայած պատգամավորների թվում է։ Նրա անունը կարելի է գտնել ընդհամենը մեկ օրինագծի ներքո, որով քաջալերվում էր հեռուստաեթերով գինու գովազդի թույլատրումը։ Այնուամենայնիվ, նա ակտիվ գործի է անցել՝ թեժ պայքարի մեջ մտնելով ոչ միայն մրցակից կուսակցությունների, այլև ՀՀԿ-ականներ Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) և Ալբերտ Երիցյանի հետ:

Դեռ անցած տարի 1in.am-ը գրել էր այն մասին,  որ Արթուր Գևորգյանը տևական ժամանակ  բնակվում է ԱՄՆ-ում, այնտեղ երկու սեփականություն է ձեռք բերել, որոնց ընդհանուր արժեքը հասնում է մեկ միլիոնի։ Ճիշտ է, ըստ թերթի՝ գումարի մի մասը վարկ է վերցրել։ Այս պնդումներին Ա. Գևորգյանը պատասխանել էր, թե շատ կցանկանանար ոչ թե մեկ, այլ երկու, երեք բնակարան ունենալ, բայց չունի, և այն մարդուն, ով կապացուցի հակառակը, պատրաստ է նվիրել այդ բնակարանը։ Սակայն, նա չփորձեց թերթից հերքում պահանջել։

Այդուհանդերձ, Արթուր Գևորգյանի էջում կարելի է գտնել մի քանի լուսանկար, որոնք հաստատում են, որ նա ԱՄՆ-ում է ընտանիքի հետ միասին

Իսկ ի՞նչ է հայտարարագրել Արթուր Գևորգյանը

Թիվ 2 ընտրատարածքի (մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ) տարածքային թեկնածու Արթուր Սամվելի Գևորգյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա Դավիթաշեն համայնքում 5 հողատարածք ունի։ Դրանց ընդհանուր մակերեսը 2,22 հա է, երկուսի վրա կան շինություններ։ Դրանցից մեկի՝ Սասնա Ծռեր փողոցում գտնվող 0.2515 ընդհանուր տարածքով հողմասի վրա նրա 633 քմ տարածքով բնակելի տունն է:  Այստեղ գրանցված են միայն թեկնածուն և նրա մայրը՝ Ռայա Գևորգյանը։ Ըստ elections.am կայքի՝ պատգամավորի կինը՝ Վլադիմիր Գասպարյանի դուստր Աննան, գրանցված է Դավիթաշենի մեկ այլ հասցեում։ Սակայն, այս բնակարանը նշված չէ ո՛չ Արթուր Գևորգյանի, ո՛չ նրա կնոջ՝ Աննայի, և ո՛չ էլ Վլադիմիր Գասպարյանի ու նրա նախկին կնոջ ներկայացրած հայտարարագրերից որևէ մեկում։ Ըստ 2016թ. ներկայացրած հայտարարագրի տվյալների՝ հողատարածքներից մեկը ձեռք է բերել վերջերս 28 մլն դրամով։

Գևորգյանի հայտարարագրած մյուս հողատարածքի դիմաց, որի վրա շինություններ կան, նշված է՝ «ավտոտեխսպասարկման կայան»։  «Հետքը» նախկինում գրել է Արթուր Գևորգյանի «Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ի մասին, որի հետ ՀՀ ոստիկանությունը 2016թ. հունվարին պետական գնման պայմանագիր էր կնքել, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվում էր ոստիկանությանը մատուցել ավտոլվացման ծառայություններ։ Այս ընկերությունը, սակայն, պատգամավորի կողմից երբևէ չէր հայտարագրվել: Պետռեգիստրից տեղեկանում ենք, որ Գևորգյանը այս տարվա փետրվարին դադարեցրել է իր մասնակցությունը «Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ին։ Սակայն, ուշագրավ է մեկ այլ փաստ. այս ընկերության գրանցման հասցեն՝ Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 46/5, համընկնում է թեկնածության համար ներկայացված հայտարարագրում նշված 5 հողատարածքներից մեկի (0.5813 հա) և դրա վրա կառուցված շինությունների (չափերը՝ 146 և 133 քմ) հասցեի հետ, որոնց դիմաց էլ նշված է՝ «ավտոտեխսպասարկման կայան»։ Սրանք Գևորգյանը վերջին հայտարարագրում ներկայացրել է որպես միանձնյա սեփականություն։

Անդրադառնալով Ա. Գևորգյանի հայտարարագրերին՝ նշենք, որ նրա՝ պաշտոնի ստանձման պահին ներկայացրած հայտարարագրում կար շուրջ 945 հազար դոլար, 239 հազար եվրո և 43 մլն դրամ։ Վերջին հայտարարագրերում (տարեկան և թեկնածության համար ներկայացվող) դրամական միջոցները հետևյալ պատկերն ունեն՝ 680 դոլար, 157 հազար եվրո և 26 մլն դրամ։ Ի դեպ, նա նաև թանկարժեք նվեր է ստացել՝ 20 մլն դրամի չափով (2015թ), բայց նվիրատուի անունը հանրության համար փակ տեղեկատվություն է։

Նրա կնոջ՝ Աննա Գասպարյանի դրամական միջոցները ևս տպավորիչ են՝  23 մլն դրամ, 40 հազար դոլար և 133 հազար եվրո։

Արթուր Գևորգյանը թանկարժեք ավտոմեքենենաների սիրահար է, դրանց ձեռքբերման համար ծախսել է իր հայտարարագրված դրամական կարողության մի մասը։ Նա բավականին հաճախ է մեքենաները փոխում, կարող է գնել միանգամից երեքը, վաճառել ու գնել մեկ  ուրիշը։ Եվ հոգ չէ նույնիսկ, եթե ուղիղ գնի կեսը կորցնում է. օրինակ՝ 2014թ. գնված Mercedes-Benz S550-ի համար 2014թ. վճարել է 20 մլն դրամ, այս մեքենան հաջորդ տարի վաճառել է 9,5 մլն դրամով։ Որպես շարժական հայտարարագրում Գևորգյանը ներկայացրել է  Mercedes-Benz G63 AMG (2012թ.), Nissan Patrol 5.6 (2011թ.) և Jeep Wrangler 4.4 (2003թ.) ավտոմեքենաները: Նախորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզեցինք, որ Jeep Wrangler-ը ոչ մի տեղ նախկինում նշված չի եղել, իսկ Mercedes-Benz G63 AMG (2012թ.)-ի փոխարեն նշված էր Mercedes-Benz G55 AMG, Nissan Patrol 5.6-ի փոխարեն՝ Nissan Patrol 4.5։ Ի՞նչ է սա նշանակում՝ պատգամավորը մոռացե՞լ է, թե ինչ մեքենաներ է հայտարարագրել, կամ գուցե վաճառել է հներն ու գնել նորե՞րը. այդ մասին նա հանրությանը չի տեղեկացրել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter