HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու պատմական միջուկի վերականգնումը սկսվել է Ռուսթավելի փողոցից

Գյումրու սիրտը համարվող «Կումայրի» պատմական, ճարտարապետական արգելոց-թանգարանը հիմնվել է 1980թ-ին եւ ընդգրկում է քաղաքի պատական միջուկը: Սա թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ մշակութային արժեք են ոչ միայն շենք-շինությունները, այլեւ փողոցները: «Կումայրի» պատմական, ճարտարապետական արգելոց-թանգարանն ընդգրկում է ավելի քան 1000 հա տարածք՝ ներառելով մոտ 1600 հուշարձան:

Թանգարանի տարածք այցելողներին գրավում են ոչ միայն 100-ամյա շինություններն, այլեւ կոպտավուն սալաքարերով ծածկված փողոցները, որոնք արգելոցի այցեքարտն են: Այստեղ ցանկացած փողոցաշինական կամ շինությունների վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար հարկ է ստանալ մշակույթի նախարարության թույլտվությունը. կարգը խախտողները տուգանվում են: Շրջելով թանգարանի տարածքի փողոցներում՝ կարելի է նկատել 19-րդ դարավերջի 20-րդ դարասկզբի դրոշմը կրող շատ տներ, որոնք կիսաքանդ են՝ ենթակա վերականգնման, սակայն սեփականատերերին արգելված է սեփական նախաձեռնությամբ որեւէ փոփոխություն կատարել: Կառավարությունն էլ իր հերթին տարիներ շարունակ ներդրումներ չի կատարում՝ պատճառաբանելով գումարների բացակայությունը:

Ռուսաթավելի փողոցը Կումայրի արգելոց-թանգարանի մի մասն է, որտեղ քիչ չեն կիսաքանդ շինությունները, եւ որոնք բավական տխուր տպավորություն են թողնում այցելուների վրա: Մարտի 21-ից նշված տխրությանը գումարվել էր նաեւ խեղճությունը՝ փողոցը զրկվել էր սալաքարերից (Булы́жник):

«Դա ժամանակավոր է, քարերը հետ ենք վերադարձնելու,- հավաստիացնում է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը,-սալաքարերը տեղափոխվել են փողոցում կոմունիկացիոն աշխատանքներ կատարելու նպատակով: Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի հետ կապված, քաղաքաշինական միջավայրի բարելավման հարց է դրված՝ ուղղված տուրիզմի զարգացմանը: Եթե հիշում եք, փետրվարին Գյումրիում եղավ ծրագրի շնորհանդեսը վարչապետի մասնակցությամբ: Քանի որ ծրագիրը մեծ է, պիլոտայինի համար ընտրվել են քաղաքի կենտրոնում գտնվող Ռուսթավելի եւ Շիրազի փողոցները: Հետագայում նրանց օրինակներով պիտի վերականգնվեն նաեւ մնացած փողոցները: Ծագրի շրջանակներում որոշում կայացվեց, որ պիտի փոխվեն փողոցների կոմունիկացիաները, էլեկտրասյուներն ու գազի խողովակները պետք է վերգետնյայից դառնան ստորգետնյա»:

Հենրիկ Գասպարյանը

Սայաթ-Նովան Շիրակացի փողոցին կապող Ռուսթավելի փողոցում, ըստ բնակիչների հավաստիացումների, քարե սալիկները՝ բուլիժնիկները, հայտնվել են ցարական ժամանակաշրջանում: Խորհրդային տարիներին, մի բավական երկար ժամանակահատված, քարապատ փողոցն ասֆալտապատ է եղել: 1985-86թթ-ին ասֆալտի շերտը կրկին հեռացվել է՝ փողոցին վերադարձնելով իր պատմական տեսքը: Եվ հիմա կրկին փոփոխություններ՝ տեղափոխում են սալաքարերը՝ վերադարձնելու խոստումով, սակայն արդյո՞ք ամբողջությամբ, թե ինչ-որ մասն այդպես էլ կկորի կամ կանհետանա, ինչը բնորոշ է նմանատիպ տեղափոխություններին:

Հենրիկ Գասպարյանի փոխանցմամբ, տեղափոխության արդյունքում վնասված, ինչպես նաեւ տարիների ընթացքում մաշված եւ շարքից դուրս եկած քարերը կրկին չեն տեղադրվի, կպատվիրվեն նորերը. թե քանի տոկոսը դա կկազմի, պարզ կդառնա փողոցը նույնությամբ վերականգնելիս: Ռուսթավելի փողոցից հանված սալաքարերը ներկայում գտնվում են Բալասանյան ընտանիքի սեփականությունը համարվող Սեւվ բերդ կոչվող ամրոցի մերձակա տարածքում: Պատճառաբանում են, որ քաղաքում առավել ապահով ու անվտանգ վայր չեն գտել, իսկ նշված տարածքը հսկվում է տեսախցիկներով, կարեւորը՝ ամբողջը հաշվառված է:

Ի դեպ, սալաքարերի կիրառության ապացույցներ հայտնաբերվել են դեռեւս հին Եգիպտոսում եւ Բաբելոնում: Սալքարերով ճանապարհների տեխնոլոգիան կատարելագործել են հռոմեացիները՝ կամուրջներ կառուցելիս: Ռուսաստանում սալիկապատման մշակույթը հայտնվել է 18-րդ դարում: Պետերբուրգում 1714թ-ին փողոցները սալիկապատելու նպատակով հավաքում էին կարծր, անմշակ քարեր: Անգամ 1718թ-ին հրաման է ստորագրվել իշխանության կողմից, որով պարտադրվել է Պետերբուրգի բնակիչներին քարով սալարկել տան մուտքի հատվածը: Հետագայում փողոցների երթեւեկությանը խանգարող կլոր, ուռուցիկ մակերեսով քարերը փոխարինվել են առավել հարթ մակերեսով գրանիտե սալիկներով:

Ռուսթավելի փողոցը, եւ ընդհանրապես քաղաքի պատմական միջուկն այլանդակող հին, շարքից դուրս եկած էլեկտրասյուները եւս կհանվեն, կվերանա խճճված էլեկտրալարերի սարդոստայնը, կոկիկ ներկած, սակայն շինությունների ընդհանուր պատկերը խաթարող գազի խողովակներն եւս կապամոնտաժվեն:

Ռուսթավելի փողոցում մարտի 21-ից մեկնարկած աշխատանքներն իրականացնում է Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման եւ գազամատակարաման մասնաճյուղը: Շինարարության թույլտվությունը տվել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը, աշխատանքները պետք է ավարտվեն 60 օրից: «Աշխատանքներն իրականացնելու համար կա գլխավոր կապալառու եւ ենթակապալառուներ՝ գազ, էլցանց, արմենթել: Այս պահին փողոցի շերտազատման, փորման աշխատանքները վստահվել են Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ին, որպեսզի ամեն մեկն իր համար չգա փորի՝ հանձնվել է մեկ կազմակերպության»,-ասում է քաղաքի գլխավոր ճարտարապետը:

Գրիգոր Ազիզյանը

Նախագծային աշխատանքները մեկ ամիս առաջ պատվիրել են «Հայնախագիծ» ԲԲԸ-ին: Ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի խոսքով` այս պահին իրենց կողմից արվել է միայն էսքիզային առաջարկ, որի հետ ծանոթ է մշակույթի նախարարը: «Հիմա արվում են աշխատանքային գծագրեր, որովհետեւ այստեղ շատ խառը վիճակ է, պիտի ճշտումներ կատարենք, դրա համար Ռուսթավելի փողոցի վրա մի քանի տեղ փորվել է՝ խողովակները նայելու համար: Քյարիզներ դեռ չենք հայտնաբերել, բայց գրունտային ջրեր կան: Ինչ վերաբերում է հիմնական նախագծին, դրա վրա աշխատանքները կշարունակվեն երկու փողոցներում կատարվելիք աշխատանքներին զուգահեռ, որովհետեւ նախ պիտի գոտեւորման հարցը լուծվի, որոշակիացվի որտեղ, ինչ պետք է լինի: Շենքերի մասով շինթույլտվությունները լինելու են անհատական՝ կախված էն բանից, թե պարզապես վերականգնում է լինելու, որոշակի հատվածի կառուցում, թե մասնակի նորոգում»,- պարզաբանում է Գրիգոր Ազիզյանը:

Ռուսթավելի փողոցում առկա մի քանի տնակները միանշանակ կհեռացվեն: Ժամանակին գոյություն ունեցած, սակայն իրենցից հետո միայն լուսանկարային հուշ թողած որոշ շենքեր կվերականգնվեն նույնությամբ: «Օրինակ, գյումրեցիներին հայտնի «Նավթի պադվալի» շենքը եւ Գրիգորովենց տունը պիտի փորձենք նույնությամբ վերականգնել: Լուսանկարները կան, առաջարկելու ենք ներդրողին կառուցել նույնությամբ, հետո արդեն ինքը կորոշի, թե ինչ նպատակով օգտագործի՝ հյուրատուն, հացատուն, թե նվերների խանութ ասենք»,- ասում է Հենրիկ Գասպարյանը:

Կդրվի՞ արդյոք պիլոտային ծրագրի մեջ ընդգրկված Շիրազի եւ Ռուսթավելի փողոցներում երթեւեկությունը մեքենաների համար արգելելու հարցը, դեռ հստակ չէ: Քննարկումներ այս թեմայով քաղաքապետարանում եղել են, սակայն առայժմ ձեռնպահ են մնում այն իրագործելու մտքից: Կսպասեն ծրագրի տարածմանը մյուս փողոցներում, իսկ մինչ այդ Ռուսթավելի փողոցի համար կպահպանվի միակողմանի երթեւեկության կարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter