HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանն իր հյուրերին տանում է «Ջոսս», «Փարվանա», «Մեցցո»

սկիզբը

Շարունակում ենք ներկայացնել Երեւանի քաղաքապետարանի՝ անցյալ տարի մեկ անձից կատարած գնումները: Առանձին հետաքրքրության առարկա են արտասահմանյան պաշտոնական պատվիրակություններին ընդունելու եւ հյուրասիրելու համար կնքված պայմանագրերը: Քաղաքապետարանը այդպիսի մի շարք պայմանագրեր է կնքել «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակներում վարչական շրջանների կարիքների համար:

Արաբկիր վարչական շրջանի հյուրընկալությունների մասին գրել ենք նախորդ հոդվածում: Հիմա անդրադառնանք մյուսներին:

Կենտրոն

Կենտրոն վարչական շրջանի համար քաղաքապետարանը 4.765.000 դրամի պայմանագիր է կնքել «Սիթիթայմ» ՍՊԸ-ի հետ, որի հետ աշխատելու փորձ ունի: Պայմանագիրը ներառել է մի քանի օրով մայրաքաղաք ժամանած հյուրերի դիմավորումն օդանավակայանում, վարչական շրջանի աշխատակազմում ընդունելությունը, երեկոյան ընթրիքը Երեւանի որեւէ բարձրակարգ ռեստորանում՝ «Ջոսսում» կամ դրան համարժեք այլ համալիրում, Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Նորավանք, Տաթեւի վանք այցելությունների կազմակերպումը, այդ վայրերում հյուրասիրությունները ռեստորաններում, ինչպես նաեւ նվերներ՝ ռուսերեն կամ ագլերեն գիրք Երեւանի մասին ու Հայաստանի գեղատեսիլ վայրերի պատկերներով յուղանկար:

Նորք-Մարաշ

Այս վարչական շրջանի հյուրերը եղել են Ստեփանակերտից: Պայմանագիրը կնքվել է «Հաղթանակ-2000» ՍՊԸ-ի հետ: Հյուրընկալության շրջանակներում կազմակերպվել է այց Ծիծեռնակաբերդ, Երեւանի կոնյակի գործարան, շրջայց մայրաքաղաքով, ընթացքում՝ ճաշ եւ ընթրիք: Պայմանագրի գինը կազմել է 1.763.900 դրամ:

Էրեբունի

Էրեբունի վարչական շրջանի համար էլ 4 միլիոն դրամի պայմանագիր է ստորագրվել «Էլիտ Էսվե» ՍՊԸ-ի հետ (հյուրերի դիմավորում, տեղավորում հյուրանոցում, ճաշ ու ընթրիք բարձրակարգ ռեստորանում չորսական տաք ուտեստներով, էքսկուրսիաներ Էջմիածին՝ Ս. Գայանե եւ Ս. Հռիփսիմե, հաջորդ օրերին՝ Սեւանի եկեղեցի, Երեւանի Ս. Սարգիս ու Ս. Հովհաննես, դրանից հետո էլ՝ Գառնի եւ Գեղարդ, Խոր Վիրապ, վերջում՝ հրաժեշտի ընթրիք ռեստորանում ու նվերների հանձնում, ճանապարհում օդանավակայանից):  

Մալաթիա-Սեբաստիա

Մալաթիա-Սեբաստիայի հյուրերի համար քաղաքապետարանի պատվերով աշխատել է «Ալվիրջին» ՍՊԸ-ն, որին վճարվել է 2 մլն դրամ: Ընդունելության, հյուրասիրության եւ էքսկուրսիաների գրաֆիկը գրեթե նույնն է, ինչ Կենտրոն վարչական շրջանի պարագայում: Եթե Կենտրոնի դեպքում ընթրիքի վայր է դիտարկվել «Ջոսս» ռեստորանը, ապա այս շրջանի համար՝ «Փարվանան» կամ դրա համարժեքը: Մեկնելուց առաջ հյուրերը պիտի Հայաստանի մասին պատմող ռուսերեն գրքեր նվեր ստանային, Մասիս սարի ֆոնով բնանկար եւ հայկական կոնյակ («Նաիրի» կամ դրա համարժեքը):

Նոր Նորք

«Արմքոմփվիններ» ՍՊԸ-ն 1,3 մլն դրամով սպասարկել է Նովոսիբիրսկի պատվիրակությանը, որին հյուրընկալողը եղել է Նոր Նորք վարչական շրջանը: Դիմավորումից ու հյուրասիրությունից զատ կազմակերպվել է այց Ծիծեռնակաբերդ, Երեւանի կոնյակի գործարան, Մատենադարան, Հյուսիսային պողոտա, Ֆրանսիայի հրապարակ, Կարապի լիճ, Փարաջանովի թանգարան, «Էրեբունի» ու «Գաֆէսճեան» թանգարան, Էջմիածին, Գեղարդ, Գառնի, Սեւանի վանք: Հյուրերի համար նախատեսվել են այսպիսի նվերներ՝ Երեւանի նկարների փորագրությամբ շախմատ ու նարդի, 20 տարի հնեցմամբ «Նաիրի» կոնյակ:

Աջափնյակ

Աջափնյակի հյուրերը Քիշնեւից էին: Նրանց սպասարկել է «Վագր Գրուպ» ՍՊԸ-ն, որին վճարվել է 3 մլն դրամ: Գրաֆիկը նման է նախորդին, նշում կա, որ մոլդովական պատվիրակության հյուրասիրություն է կազմակերպվելու «Մեցցո» ակումբում:

Դավթաշեն

Դավթաշենն ընդունել է իտալական Կարարայից ժամանող պատվիրակությանը: Ծառայությունները մատուցել է «Էլֆոտիս» ՍՊԸ-ն, որին վճարվել է 3 մլն դրամ: Նախատեսվել է այց Ծիծեռնակաբերդ, Երեւանի կոնյակի գործարան, շրջայց Երեւանով ու Հայաստանի տեսարժան վայրերով, էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր (ճոպանուղի, Կեչառիս համալիր), Սեւան ու Դիլիջան, ընթրիքներ բարձրակարգ ռեստորաններում, այդ թվում՝ իտալական:

Քանաքեռ-Զեյթուն

Էրեբունու պես այս վարչական շրջանի գործընկերն էլ եղել է «Էլիտ Էսվե» ՍՊԸ-ն: Պայմանագրի գինը կազմել է 2 մլն դրամ: Եկատերինբուրգից ժամանող պատվիրակության համար նախատեսվել էին այցեր Էջմիածին, Գառնի ու Գեղարդ, Խոր Վիրապ, Նորավանք, Տաթեւի վանք, Ծաղկաձոր, Սեւան, Դիլիջան:  

Ավան

Ավան վարչական շրջանի կարիքների համար պայմանագիր է կնքվել «Հատիսի լանջին» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունը շահագործում է նույնանուն ռեստորանը Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Մայրաքաղաքի տոն օրվա առիթով այս վարչական շրջանը մի քանի օրով հյուրընկալել է Կրասնոդարի պատվիրակությանը: Պայմանագրի գինը կազմել է 2.200.000 դրամ: Դրանով նախատեսվել է հյուրերի համար ճաշի եւ ընթրիքի մատուցում (տաք եւ սառը ուտեստներ, նպարեղեն, ոգելից խմիչք, հանքային ջուր, զովացուցիչ ըմպելիք, միրգ, չարազ, քաղցրավենիք, սուրճ, թեյ):

Նուբարաշեն

Այս վարչական շրջանի հյուրերին սպասարկել է «Նուբարաշեն» ՓԲԸ-ն՝ ստանալով 700.000 դրամ: Ծառայությունների մեջ նշված են ճաշը, ընթրիքը, ֆուրշետը:

Ինչպես արդեն գրել ենք, «Գնումների մասին» օրենքի համաձայն, մեկ անձից գնումները կարող են կատարվել որոշակի դեպքերում. մասնավորապես, երբ առկա է հեղինակային, հատուկ կամ բացառիկ իրավունք, այսինքն՝ ծառայությունը կարող է մատուցել միայն այդ անձը: Այս ընթացակարգը կիրառվում է նաեւ այն դեպքում, երբ ծագել է գնում կատարելու անհետաձգելի պահանջ, որը նախատեսել հնարավոր չէր, իսկ մյուս կողմից՝ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ այլ ընթացակարգ կիրառել:

«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության (այս տոնը միշտ նշվում է հոկտեմբերին) հյուրերին սպասարկելու համար քաղաքապետարանը մրցույթ չի հայտարարել եւ պայմանագրեր է կնքել ընկերությունների հետ, որոնք հիմնականում հենց նշված վարչական շրջաններում են գործում: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի ծառայութուններ են մատուցվել, պարզ է, որ խնդիրը հեղինակային իրավունքը չէ: Պայմանագրերը կնքվել են հոկտեմբերին, այսինքն՝ հասկանալի է, որ քաղաքապետարանի պատճառաբանությունը ժամկետներն են, այլ հարց է՝ այս գործոնի հիմքերն օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter