HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

24 տարի խցում փակված դատապարտյալը վերջին տարիներին ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել

«Խնդրում ու պահանջում եմ ապահովել իմ ներկայությունը դատարանում՝ անտեսելով անգամ իմ առողջական վիճակը: Առանց իմ մասնակցության նիստ չգումարել», - այս մասին Վերաքննիչ դատարանին դիմում էր ներկայացրել 19 տարեկանից 24 տարի ազատազրկման վայրում գտնվող նախկին զինվոր Վահագն Մարուքյանը:

Սակայն ցմահ դատապարտվածի ներկայությունն այսօր նշանակված վերաքննիչ բողոքի քննությանը չէր ապահովել: Նրան «Արթիկ» ՔԿՀ-ից Երևան պիտի տեղափոխեին: Ըստ նիստը նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանի, Վերաքննիչ դատարանը ներկայացրել էր Մարուքյանին էտապավորելու պահանջ: Դատավորն ասաց, որ իր տեղեկատվության համաձայն, դատապարտյալին առավոտյան պիտի տեղափոխեին Երևան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ, ապա բերեին նիստի:

Մարուքյանը դատարանում վիճարկում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը: Իսկ վիճարկման հիմքում պայմանական վաղաժամկետ ազատման՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի մերժումն է:   

Դատախազը, որը չէր ներկայացել նիստին, դատարանին գրավոր հաղորդել էր, որ ծանրաբեռնվածության պատճառով չի մասնակցելու ու խնդրել էր մերժել Մարուքյանի ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքը: Նիստը հետաձգվեց՝ դատապարտյալի ներկայությունը ապահովելու նպատակով:

Դատապարտյալին դատարանի դահլիճ են բերում աթոռին նստած

Վահագն Մարուքյանը բանտում դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: 24 տարի գտնվում է խցային պայմաններում: Արդեն մի քանի տարի է, նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: «Բերդում էդքան տարի խոնավության մեջ մնալուց հիվանդացավ», - ասում է նրա եղբայրը՝ Հուսիկ Մարուքյանը:

Վահագն Մարուքյանն ունի ոսկրամկանային համակարգի Ռևմատոիդ արթրիտ հիվանդությունը: Այն ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում, որը հաստատված է Կառավարության 825-Ն որոշմամբ: Հիվանդությունը, սակայն, ըստ նույն ցանկի, պիտի ունենա ծանր պրոգրեսիվ ընթացք, ուղեկցվի օրգանների և համակարգերի ֆուկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով: «Ասում են՝ հիվանդությունը հլը չի քայքայել օրգանները, էդ պատճառով էլ չեն թողում: Բայց խտտելով աթոռին նստած են տանում-բերում ախբորս», - ասում է Հուսիկ Մարուքյանը, ով եղբորը տեսել է մեկ ամիս առաջ «Արթիկ» ՔԿՀ-ում, ուր նրան տեղափոխել են մի քանի ամիս առաջ: Մինչ այդ, վերջին տարիներին նա գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Թե՛ քրեական, թե՛ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված են, որ պատժի հետագա կրման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող դատապարտյալները կարող են ազատվել պատժից: ՔՕ 79 հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ: Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որտեղ ներառված են 41 անուն ծանր հիվանդություններ` իրենց բարդության տարբեր աստիճաններով, հաստատվել է դեռևս 11 տարի առաջ կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825-Ն որոշմամբ:

«Արթիկ» ՔԿՀ-ում կայացած արտագնա նիստին Վահագն Մարուքյանին ուղեկցողները նիստերի դահլիճ էին մտցրել աթոռին նստած վիճակում, ինչը արձանագրել էր «Գալլա» հեռուստաընկերության տեսախցիկը:

«Ասում են՝ վերևից հրաման չունենք քեզ ներկայացնելու պայմանական ազատման»

Ցմահ դատապարտյալն արդեն 4-րդ տարին բարձրաձայնում է պայմանական վաղաժամկետ ազատման մասին: Անցյալ տարի նրան 4-րդ անգամ են մերժել. «Սեպտեմբերի 30-ին կանչեցին վարչական հանձնաժողով: Ասեցին՝ ոչ մի տույժ չունես, բայց մենք վերևից հրաման չունենք քեզ ներկայացնելու պայմանական ազատման»: Դատապարտյալն էլ  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի մերժման որոշումն այս անգամ բողոքարկել է դատարանում: Առաջին ատյանում մերժում ստացել, ապա բողոքարկել Վերաքննիչ ատյան:

Բայց մինչ կբողոքարկեր այդ որոշումը, անցյալ տարվա հոկտեմբերին «Դատապարտյալների հիվանդանոցից», որտեղ և գտնվել է Վահագն Մարուքյանը վերջին տարիներին, նրան տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ, որտեղ տևական ժամանակ նա հացադուլ էր հայտարարել՝ հետ վերադարձի ու պատշաճ բուժման պահանջով: «Ինչի՞ են հիվանդ մարդուն էսքան տարի պահում բերդում, հիմի էլ՝ գաղութում,չամ հասկանում»,-ասում է նրա եղբայրը:

Ռոբերտ Ռևազյանը ներկայացնում է պատժի կրման 20 տարվա շեմը հատած մի քանի ցմահ բանտարկյալների շահերը, երբ նրանք բողոքարկում են պայմանական վաղաժամկետ ազատման՝ ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովների մերժման որոշումները: Նա նկատում է, որ մերժման հիմքերը հաճախ նույնն են՝ բնութագիր, խրախուսանքների բացակայություն «Բայց պետք է սկսել նրանից, թե ինչ ծրագիր է իրականացրել 20 տարի քրեակատարողական համակարգը, հարցն էլ հենց այն է, որ ուղղման անհատական ծրագրեր չկան: Բայց ամենաէականը նա է, որ էլի գալիս-հանգում ենք դատարանների անկախության խնդրին»:

Նշենք, որ Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ: Դատավճռի հիմքում դրվել է նաև նրա ինքնախոստովանական ցուցմունքը, որը, իր խոսքով, տվել է բռնության հետևանքով:  

Դատապարտյալի լուսանկարները՝ «Գալլա» հեռուստաընկերության

Հ.Գ. Փաստաբան Ռոբերտ Ռևազյանին ապրիլի 5-ին զանգահարել են Վերաքննիչ քրեական դատարանից և տեղեկացրել, որ դատապարտյալ Վահագն Մարուքյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, ուստի դատական նիստը նշանակվել է ապրիլի 10-ին, ժամը 17:00-ին:

Մեկնաբանություններ (2)

Vahe Bastian
This is gross physical abuse, he should get his lawyer to file the case to the European Court of Human Rights !
Վարազ Սյունի
Հայը հային չի հարգում: Սա՛ է հայ ազգի բոլոր պրոբլեմների հիմքային պատճառը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter