HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Քառյակի» պառլամենտը, կամ ամեն ինչ դեռ նոր է սկսվում

ԱԺ ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերից ոչ մեկը քվեարկության ամբողջական արդյունքները չի բողոքարկել: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կեղծ անձնագրերով բազմակի քվեարկությունների կասկածներով դիմել է ԿԸՀ-ին, սակայն դժվար է ասել՝ կարձագանքի՞ այդ պահանջին ԿԸՀ-ն կամ  արձագանքելու, այլոց փոխարեն քվեարկելու դեպքեր արձանագրվելու դեպքում, որքանո՞վ դրանք կազդեն ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Ամեն դեպքում, գոնե այս պահի դրությամբ քվեարկության պաշտոնական արդյունքներով 6-րդ գումարման ԱԺ-ն ձևավորվում են 4 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ՀՅԴ կուսակցությունները, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները:

Խորհրդարանում այս ուժերի վերադասավորումից, ինչպես նաև պատգամավորական նրանց կոնտիգենտից է կախված, թե ինչպիսին կլինի ոչ միայն նոր խորհրդարանի, այլև ընդհանուր առմամբ իշխանության որակը: Խնդիրն այն է, որ արդեն 2018թ. ապրիլից, երբ կսպառվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը և լիարժեք ուժի մեջ կմտնի 2015թ. ընդունված փաստացի նոր Սահմանադրությունը, ԱԺ-ն դե յուրե կդառնա պետական և քաղաքական իշխանության հիմնական կրողը, իշխանության բարձրագույն օրգանը:

Ապրիլի 3-ին Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե «ընտրություններն ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկախացումից ի վեր»: Սերժ Սարգսյանն, իհարկե, որևէ բառ չասաց նույն օրն ավելի վաղ միջազգային դիտորդների կողմից տրված այն ստորացուցիչ գնահատականին, թե «ընտրություններն արատավորվեցին ձայների գնման, պետական ոլորտի և մասնավոր հիմնարկությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով», և որ այս ընտրությունները չեն վերացրել ընտրական համակարգի նկատմամբ առկա հանրային անվստահությունը:

Փոխարենը նախագահը նշել է, թե ընդդիմությունը պատկառելի ներկայացվածություն է ունենալու խորհրդարանում, ինչը նրան հնարավորություն կտա ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից:

Ըստ էության՝ նախագահը սրանով որոշակիացնում է խորհրդարանում իշխանության և ընդդիմության միջև հարաբերակցության մոտավոր պատկերը: «Պատկառելի ընդդիմության» մասին նրա ակնարկը թույլ է տալիս ենթադրելու, որ իշխանությունը խորհրդարանական ընդդիմության դերում պատկերացնում է ընտրություններում երկրորդ և երրորդ արդյունքները ցույց տված «Ծառուկյան» և «Ելք» դաշինքներին:

Առանց «Ծառուկյան» դաշինքի հնարավոր չէ պատկերացնել խորհդարանական «պատկառելի» ընդդիմություն: Այս դաշինքները, ի դեպ, դեռ քարոզարշավի ընթացքում էին իրարից առաջ ընկնելով հայտարարում, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կամ այլ բնույթի ֆորմալ որևէ համագործակցության մեջ չեն մտնելու: Դրանով նրանք ևս կանխորոշեցին իրենց դիրքը նոր գումարման խորհրդարանում: Եվ հաշվի առնելով այս ուժերի միջև որակական էական տարբերությունները, ինչպես նաև այն կիրքն ու եռանդը, որով քարոզարշավի գրեթե ողջ ընթացքում ցեխ էին շպրտում միմյանց վրա՝ կարելի է գրեթե վստահ ասել, որ նրանց միջև ընդդիմության դաշտում համագործակցության ձևաչափեր ևս չեն ստեղծվի:   

Այլ զարգացումներ են լինելու, թերևս, իշխանական հատվածում: ՀՀԿ-ից, ի դեմս Գագիկ Մինասյանի և Էդուարդ Շարմազանովի, արդեն հայտարարել են ՀՅԴ-ի հետ կոալիցիա ձևավորելու նպատակահարմարության մասին: Սա վկայում է, որ ՀՀԿ-ն, ի սկզբանե շահագրգռված լինելով ՀՅԴ-ի՝ խորհրդարան անցնելու մեջ, պատրաստ է 2016թ. փետրվարին ստորագրված համաձայնագրի շրջանակում շարունակել նրա հետ համագործակցությունը: Նման հեռանկարը չի բացառել նաև ՀՅԴ-ն: Ապրիլի 5-ին ընտրությունների արդյունքների կապակցությամբ իր հայտարարության մեջ վերջինս, ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշը գնահատելով որպես «ֆինանսական  ու վարչական ռեսուրսի օգտագործման արատավոր երևույթի հետևանք», խորհրդարանում իր կարգավիճակի հետ կապված ընդգծել էր, թե դերակատարության ձևաչափի որոշումը թողնում է առաջիկա օրերի քննարկումներին: Պետք է ենթադրել, որ ՀՅԴ-ն փորձում է խորհրդարանական բացարձակ մեծամասնություն ձևավորած ՀՀԿ-ին ներքաշել գործադիր իշխանությունում իր ներկայացվածության, նոր պորտֆելներ ստանալու շուրջ բանակցությունների մեջ:

Առաջին հայացքից թվում է, թե ՀՀԿ-ն դրա կարիքը չպետք է ունենար, քանի որ միանձնյա որակյալ և կայուն մեծամասնություն է ձեռք բերել ու կարող է նույնիսկ միայնակ նոր կառավարություն ձևավորել: Սակայն նոր խորհրդարանի պարագայում կա մի կարևոր խնդիր, որը ՀՀԿ-ն անտեսել չի կարող:

Խնդրին այն է, որ նոր Սարհամադրությամբ քաղաքական որոշումներ պահանջող մի քանի առանցքային հարցեր, ինչպես օրինակ, սահմանդրական կարգավիճակ ունեցող օրենքների ընդունումը, ՀՀ նոր նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի և անդամներ Սահմանադրական դատարանի դատավորների. Վճռաբեկ դատարանի դատավորների, ՀՀ գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի, ՄԻՊ-ի, Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունների կամ նշանակման համար պահանջվում է ԱԺ-ի պատգամավորների ¾-ի, կամ 3/5-ի կողմ ձայները: Եթե նկատի ունենանք, որ ապագա խորհդրարանը կազմված է լինելու 105 պատգամավորից, նշանակում է, որ դրանց համար կպահանջվի համապատասխանաբար կամ 78, կամ հիմնականում՝ 63 պատգամավորի համաձայնություն: Մինչդեռ խորհրդարանում ՀՀԿ-ն ունենալու է առավելագույնը 58 պատգամավոր: Այսինք պարզ է՝ վերոնշյալ նշանակումները կամ ընտրությունները սահուն կատարելու համար նրան անհրաժեշտ է լինելու ստանալ այլ խմբակցությունների առնվազն 5 պատգմավորի աջաակցություն: Այդ խնդիրը ի սկզբանե ՀՀԿ-ն կլուծի, եթե ֆորմալ կամ ոչ ֆորմալ կոալիցիա ձևավորի 7 մանդատ ստացած ՀՅԴ-ի հետ: Ընդ որում՝ ՀՀ նախագահի ընտրության համար անգամ ՀՅԴ-ի ձայները չեն բավարարելու, որովհետև անհրաժեշտ է լինելու ևս 15 պատգամավորի աջակցություն: Այսինքն առանց մյուս, ընդդիմադիր խմբակցությունների հետ կոմպրոմիսի, դա հնարավոր չի լինելու իրականացնել:

Այս նոր իրողությունները փաստում են, որ ՀՀԿ-ն կարող է ՀՅԴ-ի հետ կոալցիա ձևավորելու առումով ընդառաջել պորտֆելների հետ կապված վերջինիս չափավոր պահանջներին: Այդ դեպքում առաջիկայում ձևավորվելիք կառավարությունում որոշակի փոփոխություններ կլինեն: Մյուս կողմից, այդ կոալիցիան, փաստորեն, այնքան անիմաստ կամ անտրամաբանական չի լինելու, որքան նախորդ ԱԺ-ում գոյություն ունեցողն էր: Այս իմաստով՝ հնարավոր նոր կոաիցիան իրական կլինի միայն առանձին հարցերում, այսինքն՝ կունենանք այսպես կոչված «իրավիճակային կոալիցիա»:

Եթե առաջնորդվենք նրանով, որ այդ կոալիցիան կձևավորվի՝ անկախ նրանից, թե ինչպես կանվանվի, ապա ստացվում է, որ Աժ-ում իշխանություն (ՀՀԿ-ՀՅԴ)-ընդդիմություն («Ծառուկյան», «Ելք») հարաբերկացությունը մանդատների տեսքով կլինի 65/40, իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ 62/38: Այս պատկերը, սակայն, զուտ մեկնարկային է:

Հայաստանյան պառլամենտարիզմի փորձը ցույց է տալիս, որ 5 տարիների ընթացքում ներքին խմորումների պատճառով քաղաքական ուժերը հաճախ այնպես են տրոհվում, այնպիսի ճամբարափոխություններ կամ այսպես կոչված «մինի առնետավազքեր» են տեղի ունենում, որ հնարավոր չի լինում գլուխ հանել, թե ուժերից որն ինչքանով է ընդդիմադիր կամ իշխանական: Իսկ Աժ չորս ուժերից երկուսը դաշինքներ են, որոնցում ընդհանուր առմամբ մոտ 6-7 ուժ կա: Թե՛ «Ծառուկյան» դաշինքի կորիզը կազմող ԲՀԿ-ն և թե՛ «Ելք»-ի ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը 5-րդ գումարման խորհրդարանում նման մետամորֆոզների միջով անցել են:

Սա չի նշանակում, թե կուսակցությունների ձևաչափով Աժ անցած իշխանական թևի ուժերը նման հեռանկարից ապահովագրված են: Եթե ՀՅԴ-ի ներքին ամրությունը փորձված է և կասկածի տեղիք առանձնապես չի տալիս, ապա նման խնդիր կարող է առաջանալ ՀՀԿ-ում: 2018թ. այս կուսակցության առաջնորդ, կամ ինչպես ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովն էր ստալինիզմի և «անձի պաշտամունքի» մոտիվներով բնորոշել՝ ՀՀԿ-ի «հայր» Սերժ Սարգսյանը ստիպված կլինի հրաժեշտ տալ նախագահի աթոռին: Եվ կախված նրանից՝ վերջինս կհեռանա՞ կառավարման համակարգից՝ առաջնորդվելով իշխանությունը փոխանցելու սկզբունքով, թե ոչ, ՀՀԿ-ում կարող է սկսվել դիրքային նոր պայքար, որը, վերահսկողությունից դուրս գալու դեպքում, անկանխատեսելի հետևանքներ կունենա թե՛ ՀՀԿ-ի ամբողջականության և թե՛ ընդհանուր առմամբ իշխանության կայունության վրա: Հիմնական ինտրիգը կապված է 2018թ. ձևավորվելիք նոր Կառավարության և հիմնական իշխանությունն իր ձեռքը վերցնող վարչապետի թեկնածության որոշման հետ: Գործող վարչապետ Կարեն Կարապետյանն այս ընթացքւոմ մի քանի անգամ է բացահայտ արտահայտել իր հավակնությունները ապագա վարչապետի պաշտոնի հանդեպ:

Սերժ Սարգսյանն առայժմ իր անելիքը, իշխանական համակարգում իր ապագա կարգավիճակն ամբողջապես չի հստակեցրել: Նա չի շտապում բացել խաղաքարտերը: Արցախում մարտի 31-ին ունեցած ելույթում Սարգսյանը նշել էր. «Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»։

Հիշեցնենք, որ 2018թ. հետո Սահմանադրությամբ վարչապետն է լինելու ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը:   

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter