HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դուք չգիտեք` 30 տարի մենք ինչ պայմաններում ենք ապրում». 903 փախստական ընտանիք դեռևս բնակարան չունի

Երևան քաղաքի Կորեայի ձոր կոչվող տարածքի գիշերօթիկ դպրոցում ապրող, Ադրբեջանից բռնագաղթած փախստականների և սոցիալապես անապահով 9 ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը թեև կառավարության օրակարգ է մտել, այդուհանդերձ, վերջնական լուծումը բնակիչների համար դեռ անորոշ է:

Տարիներ շարունակ այս ձորում գիշերօթիկ դպրոց է գործել, որի մասնաշենքերից մեկում շուրջ 30 տարի Բաքվից Երեւան տեղափոխված փախստականներ են ապրել: Այժմ շենքում մնացել է 5 փախստական ընտանիք: Նրանց մեծ մասն արդեն մահացել  է, հատ ու կենտ ընտանիքներ տեղափոխվել կամ էլ հեռացել են երկրից: Հայաստանի կառավարությունն այս ընտանիքներին մինչ օրս չի կարողացել ապահովել բնակարաններով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող գիշերօթիկն անցյալ տարի փակվել է: Փոխարենը ստեղծվել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը, ուր տեղափոխվել են Խարբերդի հատուկ մանկատան շրջանավարտները և Վարդենիսի տուն-ինտերնատի հոգեկան առողջական խնդիրներ ունեցող 120 մարդ: Այդպիսով, փախստականների հարևանությամբ բնակվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները: Փախստական 5 ընտանիքից բացի՝ այստեղ ևս 4 անապահով ընտանիք է բնակվում:

Կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ հաստատվել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մասնաշենքի տարածքում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին պետական աջակցության 2017 թվականի միջոցառումների ծրագիրը` սահմանելով եռամսյա ժամկետ:

Միաժամանակ, ՀՀ պետական բյուջեի 2017թ. հատկացումների համապատասխան բաշխմամբ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մասնաշենքի տարածքում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովման համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 20,4  մլն դրամ:

Այս որոշմամբ և բյուջեի տողից պարզ չէ, թե ինչպես է բաշխվելու և տնօրինվելու նշված գումարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին գրավոր հարցում ուղարկեցինք՝ ճշտելու, թե քանի՞ ընտանիք է ներառվել նշված գումարի շրջանակում բնակարանով ապահովելու ծրագրում, որքա՞ն է հատկացվելու յուրաքանչյուր ընտանիքի, ի՞նչ հաշվարկների հիման վրա է գոյացել 20,420.0 դրամը, ո՞ր համայնքում են ձեռք բերվելու բնակարանները, ի՞նչ փուլում է այժմ բնակարաններով ապահովելու վերոնշյալ գործընթացը:

Նախարարության աշխատակազմի Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը հայտնել է, որ նախատեսվում է բնակարանների ձեռք բերման համար վերը նշված տարածքում բնակվող 9 ընտանիքներին տրամադրել բնակարանի գնման վկայագրեր: 2017 թվականին նշված գումարով բնակարանի գնման վկայագիր կտրամադրվի 3 ընտանիքի: Ծրագիրը կլինի շարունակական:

«Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվող գումարի չափը կախված է ընտանիքի անդամների թվաքանակից՝ քաղաքաշինական նորմերով սահմանված՝ գնման ենթակա սենյակների թվից: Ծրագրի ֆինանսական գնահատականը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով քաղաքաշինության նախարարի 2014թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանի հավելվածով բազմաբնակարան բնակելի շենքերում տեղաբաշխված բնակարաններին ներկայացվող պահանջները, որտեղ, սենյակների թվից ելնելով, սահմանված են բնակարանների ընդհանուր մակերեսները»,- հայտնել է Արթուր Կեսոյանը:

Բնակարանների գները հաշվարկվել են՝ հիմք ընդունելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2016-2017թթ. հրապարակված՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի միջինացված արժեքը:

Համաձայն պատասխանի՝ բնակարանի գնման վկայագիր ստացած ընտանիքները բնակարաններ կարող են ձեռք բերել իրենց նախընտրած տարածքներում, և ավելի բարձր արժեք ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է բնակարան ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

«Նուբարաշենը որտե՞ղ է գտնվում, ես չգիտեմ: Ինչո՞ւ պիտի Նուբարաշեն գնանք, եթե մենք այստեղ արդեն 30 տարի է` ապրում ենք: Ես այստեղ պոլիկլինիկա եմ գնում, խանութ եմ գնում: Ինչպո՞ւ պիտի Նուբարաշեն կամ ինչ-որ այլ Շեն ընտրեմ, որ այնտեղ ապրեմ»,- ասում է Բաքվից բռնագաղթած, 80-ամյա Սվետլանա Դանելյանը:

Նախկին գիշերօթիկի բնակիչներն ասում են, որ 20,4 մլն դրամը մեկ բնակարանի գին է, ինչպե՞ս են երեք ընտանիքի բնակարանով ապահովելու:

«Դուք գները գիտե՞ք: Փախստականները, որոնց պարոմից բերել են այստեղ, ի՞նչ կարող են անել: Մենք կարո՞ղ ենք գումար ավելացնել, որ բնակարան գնենք: Այսօր 44 հազար դրամ թոշակ եմ ստացել, որից 20 հազարը դեղերի համար եմ տվել: Մենք կկարողանա՞նք ավելացնել: Մեզ երկսենյականոց բնակարան է հասնում` մայր ու որդի ենք, ինչպե՞ս ենք այդ գումարով բնակարան ձեռք բերելու: Երկսենյականոցները 40 հազար դոլար են Ավանում: Կոմիտասում 50 և ավելի են: Էլ չեմ խոսում կենտրոնների մասին»,- շարունակում է Սվետլանա Դանելյանը:   

Եթե 20,4 մլն դրամը բաժանենք 3 ընտանիքի, միջինը 13 հազար դոլար կստացվի: 1990թ. Բաքվից բռնագաղթած և Կորեայի ձորի գիշերօթիկում բնակվող Օկսաննա Մուսայելյանն ասում է, որ այդ գումարով նույնիսկ մեկսենյականոց բնակարան Նուբարաշենում դժվար է գտնել: Բացի դրանից, փախստականներն իրենց բնակության համայնքից չպետք է հեռանային:

«Այս նախագծում որևէ տեղ չի նշվում, որ խոսքը Բաքվից բռնագաղթած փախստականների մասին է: Ինչը նշանակում է, որ բացի նրանից, որ նրանք տուժել են կյանքի որևէ հատվածում, հիմա ևս նրանց համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերվում»,- ասում է Օկսաննան:  

Ավելին, Օկսաննայի ասելով, եթե այդ մարդիկ 30 տարի ապրել են այդ կացարանում և նման պայմաններում, նշանակում է, որ հնարավորություն չեն ունեցել բարելավել իրենց բնակարանային պայմանները, հետևաբար հիմա էլ չեն կարողանա հավելյալ գումար դնել նախարարության տրամադրածի վրա՝ նորմալ բնակարան ձեռք բերելու համար:

Օկսանան զարմանում է, թե ինչու է Արաբկիրի բնակիչների համար ամենաէժան համայնքներից մեկի՝ Նուբարաշենի գներով հաշվարկ արվել: Ասում է, որ նախկինում գոնե Ավան համայնքի գներով էին հաշվարկել, ինչն ավելի բարձր է, քան Նուբարաշենը: 

Փաստաբան Մարատ Ատովմյանի կարծիքով՝ ենթադրաբար փախստականներին դիտարկել են սոցիալապես խոցելի ու անապահով խումբ, դրա համար էլ նույն տողում է ներառվել հատկացումը՝ սոցիալապես անապահովների հետ: Սակայն կարևոր է, որ նրանց բնակարանային խնդիրը լուծվի:  

«Ենթադրում եմ, որ այլ համայնքի գներով հաշվարկելը բյուջեի խնայողության գաղափարից են ելել: Իհարկե, ավելի ճիշտ կլիներ, որ մարդը որտեղ տարիներով բնակվել է, գոնե այդ հատվածում մնա կամ ավելի հարմար թաղամաս տեղափոխվեր: Եթե երեխաները մանկապարտեզ կամ դպրոց են հաճախում այդ համայնքում, միջավայրի փոփոխությունը ցանկալի չէ»,- ասում է Մարատ Ատովմյանը:

Զանգահարեցինք մի քանի անշարժ գույքի գործակալություններ, որպեսզի ճշտենք, թե որքան արժե մեկսենյականոց բնակարանը Նուբարաշենում: «Երկիր» գործակալությունից ասացին, որ Նուբարաշենում միայն հանրակացարանի սենյակներ կարող են առաջարկել այդ գնով, իսկ մեկսենյականոց բնակարանների գինը սկսվում է 17 հազար դոլարից: 

«My realty» գործակալությունը ևս հանրակացարաններ առաջարկեց, իսկ մեկսենյականոց բնակարանի արժեքը սկսվում է 20 հազար դոլարից:

«Ակցեռն» գործակալության մասնագետն էլ նշեց, որ մեկսենյականոց բնակարաններ կարող է առաջարկել՝ սկսած 18 հազար դոլարից: 

Չնայած եռամսյա ժամկետն արդեն ավարտվել է, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ներկա դրությամբ բնակարանի գնման վկայագրի տրամադրման կարգի նախագիծը դեռևս մշակման փուլում է:

2016թ. հոկտեմբերի 4-ին հրապարակված Եվրահանձնաժողովի Ռասիզմի և անհանդուրժողականության զեկույցում նշվում է, որ 2005-2008թթ. բնակարան է հատկացվել 718 ընտանիքի: Սակայն 2009-ից սկսած՝ պետական ֆինանսավորում այդ նպատակով չի հատկացվել: 2015-ին իշխանությունները լուծել են 21 ընտանիքի հարց, սակայն դեռևս 903 ընտանիքի բնակարանի է սպասում: ՀՀ իշխանությունների ասելով՝ 9,5 մլրդ դրամ է անհրաժեշտ փախստականներին բնակարանով ապահովելու ծրագիրն ավարտելու համար:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ վերոնշյալ ծրագրով 1100 ընտանիք ստացել է վկայագիր, սակայն քանի որ վկայագրի իրացման համար վեցամսյա ժամկետ էր տրվում, նրանցից միայն 718-ն է կարողացել իրացնել այն և բնակարան ձեռք բերել: Մյուսները շարունակում են մնալ այդ ծրագրի շահառուներ:

Փախստականների բնակեցումն իրագործելու համար նրանց բաժանել են երկու համապատասխան խմբերի՝ կարիքավոր և առավել կարիքավոր: Հանրային շենք-շինություններում՝ հանրակրթարան, դպրոցի շենք, ադմինիստրատիվ կորպուսներում ապրողները դասվել են որպես առավել կարիքավորներ:  Նրանց բնակարանային ապահովումը առաջնահերթ է եղել: «Հանրակացարանային մասնաշենքերը ժամանակին էլ բարվոք չէին, իսկ տարիների ընթացքում խիստ վատթար վիճակի մեջ են հայտնվել»,- ասում է Գագիկ Եգանյանը:

Գագիկ Եգանյանը հաստատում է, որ «Կորեայի ձորի» գիշերօթիկում ապրող ընտանիքները ևս հաշվառվել են այդ ցանկում: Ըստ նրա՝ փախստականների բնակարանային ապահովության ծրագրի ժամանակ տարեկան մինչև 4-5 մլն դոլարին համարժեք գումար էր նախատեսվում:

«Ցավոք, 2009 թվականից այս կողմ այդ ծայրահեղ կարևոր ծրագրի համար ԱԺ-ի բյուջեի նախագծով գումարներ չեն նախատեսվում»,- նշում է Միգրացիոն պետական ծառայության պետը:

«30 տարի է` մեզ այստեղ են պահում: Եթե ամեն տարի մեկ փախստական ընտանիքի ապահովեին բնակարանով, մենք այստեղ չէինք լինի: Մենք 100 ընտանիք էինք, մնացել ենք՝ 5: Ես բնակարան եմ ուզում, վկայական չեմ ուզում: Պետությունը թող մտածի, թե ինչպես մեզ բնակարանով ապահովի»,- հակադարձում է Սվետլանա Դանելյանը:

Մինչ օրս ծայրահեղ ծանր պայմաններում ապրող 903 փախստական ընտանիք՝ 649-ը Երևանում և 254-ը մարզերում սպասում է իր բնակարանի վկայագրին:

Խոհանոց ծառայող միջանցքը Խոհանոցի մի հատվածը Ընդհանուր օգտագործման սանհանգույցը

Տիկին Սվետլանան պատմում է, որ երբ փախել են Բաքվից և առաջացել է կացարանի խնդիրը, ինքն անձամբ առաջարկել է համապատասխան մարմիններին ժողովրդական կառուցապատում կազմակերպել: Տիկնոջ առաջարկին պատասխանել են` էս ի՞նչ է խոսում: «Փեշովս քար կկրեի, հող կտայի, ցեխ կտայի, բայց կիմանայի, որ իմ բնակարանն ունեմ: Դուք չգիտեք` 30 տարի մենք ինչ պայմաններում ենք ապրում»,- նեղսրտում է 80-ամյա Սվետլանա Դանելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter