HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չկիսվող 38 քմ տարածքը

«Մայրի» ՀԿ-ն և Երեւանի Մանանդյան փող. 20 շենքի բնակիչներն արդեն մի քանի ամիս չեն կարողանում «կիսել» մի ավտոտնակի տարածք։ ՀԿ-ն որոշել է բակի տարածքում՝ իր շինությանը կից, կառուցել հաշմանդամություն ունեցող երեխաների զբաղվածության ևս մեկ կենտրոն, իսկ շենքի բնակիչները պնդում են, թե այդ նույն տարածքի համար մի քանի անգամ դիմել են թաղապետարան՝ խաղահրապարակ կառուցելու թույլտվություն ստանալու համար, սակայն իրենց մերժել են։ 

Բնակիչները նաև պնդում են, որ հասարակական կազմակերպությունն իրեն հատկացված տարածքից «առաջ գալով»՝ ապօրինի շինարարություն է կատարել, սակայն ՀԿ-ի նախագահ Զարուհի Մանուկյանի ամուսինը՝ Գևորգ Դուխալյանը, ցույց տալով կառուցապատման թույլտվության փաստաթղթերը, հակադարձում է, որ կառուցապատման աշխատանքները պարբերաբար հսկել են քաղաքապետարանի, թաղապետարանի վերահսկողության ծառայությունից և որևէ խախտում չեն արձանագրել։

«Նրանք ինչքան էլ չլինի, ասենք թե, ինչ-որ տեղ հիվանդ երեխաներ են։ Դուրս ու ներս են անելու, մեր առողջ երեխաների հետ են շփվելու, երեխաներ են, չէ՞։ Մի երկու անգամ վախեցել են իրանցից։ Նրանք տկլոր մեկ էլ տեսար դուրս են գալիս, շատ անկապ ղժղժում են, ձայներ են հանում, չգիտեմ ինչ են անում»,-այսպես բացատրեց իրենց դիմադրության պատճառը Մանանդյան 20 հասցեի բնակիչ տիկին Սիլվան։

Կոնֆլիկտը բնակիչների և ՀԿ-ի միջև այնքան է սրվել, որ մարտի 23-ի կեսօրին բնակիչներն ու բակի երեխաները մահակներով, բարձրանալով շինության վրա, մասնակի քանդել են կառույցը՝ շարունակելու դեպքում խոստանալով նույն գործողություններին դիմել։ Քանդման աշխատանքները փորձել են կանխել «Մայրի» ՀԿ-ի երեխաներն ու աշխատակիցները՝ կառուցված շինության պատերի դիմաց կանգնելով, սակայն սա էլ բնակիչներին ետ չի պահել։ Այս ամենն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ, որի արդյունքում ՀԿ-ն դիմում-բողոք է ներկայացրել, և դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

Տեսանյութը նկարահանված է «Մայրի» ՀԿ-ի կողմից 

Քանդման աշխատանքները բնակիչները շարունակել են նաեւ հաջորդ օրը: ՀԿ-ի նախագահ Զարուհի Մանուկյանի փոխանցմամբ՝ մարտի 24-ի երեկոյան, երբ տանը չեն եղել, բնակիչները քանդել են շինության տարբեր հատվածներ։ 

Մեզ հետ հադիպման ընթացքում բնակիչներից ոմանք հավաստիացնում էին, թե թույլ չեն տալու այդ տարածքում որևէ կառուցապատում իրականացնել, քանի որ դա իրենց երեխաների խաղահրապարակի տարածքն է։ 

Գևորգ Դուխալյանն էլ հակադարձում է, որ իրենք բնակիչներին առաջարկել են բակի այդ տարածքը մաքրել ավտոտնակներից՝ իրենց միջոցներով գնել դրանք, փոխարենը տարածքում այգի կառուցել թե իրենց կենտրոնի հաշմանադամություն ունեցող երեխաների եւ թե շենքի երեխաների համար, սակայն, իր խոսքով, բնակիչներն այդ առաջարկին էլ են դեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter