HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ասեց՝ էդ հոդվածը վեկալեք իմ վրայից, ասեք, որ ինչ-որ թյուրիմացություն է եղել»

Այսօր Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցության Սևանի տարածքային գործակալության պետ Լևոն Պողոսյանից նամակ ենք ստացել մեր հրապարակման վերաբերյալ: Խոսքը մարտի 29-ին «Իմ ըրեխանց համար ամեն աշխատանք կանեմ»,- ասում է գոմին կից հացատանն ապաստանած ընտանիքի հայրը» վերնագրով հոդվածի մասին է:

Այս հոդվածում 31-ամյա Մարատ Քառյանը նշել էր, որ Սևանի տարածքային գործակալության աշխատակից Հուսիկ Ենոքյանը 3 ամսվա «կանխավճար» է ուզել՝ ընտանիքի նպաստը դասավորելու համար: Մեկ ամսվա նպաստը 37.500 դրամ է: Ամուսինները հրաժարվել էին առաջարկից: Մինչ օրս այդ ամիսների՝ նոյեմբեր-հունվարի նպաստը չեն ստացել:

Ի՞նչ է ասում գործակալության պետը

Սոցաջակցության Սևանի տարածքային գործակալության պետ Լևոն Պողոսյանը «Հետքին» ուղղված նամակում նշել է, որ հոդվածը քննարկվել է գործակալությունում: Նրա փոխանցմամբ՝ ընտանիքի մայրը՝ Արմինե Բաղդասարյանը, նոյեմբերին դիմել է գործակալություն՝ նշելով, որ մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ ընտանեկան նպաստ են ստացել Կոտայքի Պտղնի համայնքից, իսկ այժմ վարձով ապրում են Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղում՝ Անդրեազ Ավետիսյանի (նախորդ հոդվածում հիշատակված Անդոն է- հեղ.) գոմին կից հացատանը, ու ցանկանում են նպաստ ստանալ: Ըստ Պողոսյանի՝ իրենք պարզել են, որ այդ հասցեում գրանցված է 3 այլ անձ, որոնց բացակայությամբ՝ գրանցումից դուրս գալուց հետո միայն, ըստ օրենսդրության, հնարավոր կլիներ Արմինեի ընտանիքի հաշվառումը գործակալությունում: Այդ անձինք, Պողոսյանի ասելով, գրանցումից դուրս են եկել այս տարվա հունվարին միայն, ինչից հետո՝ հունվարի 25-ին, Մարատի ու Արմինեի ընտանիքը հաշվառվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և փետրվարից ստացել նպաստը՝ 37.500 դրամ:

Լ. Պողոսյանը հայտնել է, որ հոդվածի հրապարակումից հետո ծառայության կողմից այց է կատարվել Ա. Բաղդասարյանի տուն (չի նշվում, թե ով է այցելել), ինչից հետո կնոջը հրավիրել են ծառայություն: «Զրույցի ընթացքում Արմինեն պնդում էր, որ թերթում հրապարակվածը այն մասին, թե իրենցից գումար են պահանջել, չի համապատասխանում իր ասածին, և չգիտի, թե թղթակիցը որտեղից է վերցրել այդ: Տեղեկացնում եմ նաև, որ այս ամբողջ գործընթացի ժամանակ Ա. Բաղդասարյանի ամուսինը՝ Մարատ Քառյանը, երբեք չի եկել սոցիալական ծառայություն, մասնագետ Հ. Ենոքյանը նրա հետ չի առնչվել և նրան չի ճանաչում»,- գրել է Պողոսյանը: Թե որքանով են այս պաշտոնյայի ասածները համապատասխանում իրականությանը, կպատմենք ստորև:

«Ասեց՝ էդ հոդվածը վեկալեք իմ վրայից, ասեք, որ ինչ-որ թյուրիմացություն է եղել»

Մարատ Քառյանը և Արմինե Բաղդասարյանն այսօր մեզ հետ հեռախոսազրույցում պատմեցին, որ հոդվածից հետո իրենց այցելել է հենց Հուսիկ Ենոքյանը: Այսինքն՝ Մարատը առնչվել է նրա հետ ու լավ էլ ճանաչում է:

«Ենոքյանը եկավ մեր տուն, ասաց, որ էն հոդվածը, որ գրել էիք, կարդացե՞լ եք, ասացի՝ չէ, ի՞նչ հոդված, ասաց, որ լրագրող էիք կանչել, ինձ վրա հոդված էիք կազմել, դուք դա կարդացե՞լ եք, ասացի՝ չէ, չենք կարդացել: Ասաց՝ բա որը ճիշտն ա, ինչի՞ չեք դա ասել, ասացի՝ օրինակ, ի՞նչն ենք ճիշտ կամ սխալ ասել, բա՝ բողոքել էիք ինձնից, որ ես կաշառք եմ վերցրել ձեզնից: Ասացի՝ մի հարց տամ Ձեզ, իմ էրեխու 3 ամսվա նպաստը ո՞վ ա կերել, ընկեր Ենոքյան: Ասացի՝ դու ես դասավորել մեր նպաստը, մենք եկել ենք քո մոտ, դու ես ասել իմ կնոջը, որ երեք ամսվա նպաստն իմն ա, որ Արմինեն հրաժարվեց, ասացիր՝ լավ, երկու ամսվանը կտաք՝ կդասավորեմ, չեք տա՝ չեմ դասավորի,- պատմեց Մարատը՝ շարունակելով,- ասեց՝ էդ հոդվածը վեկալեք իմ վրայից, ասեք, որ ինչ-որ թյուրիմացություն է եղել, ասացինք՝ էդ անհնար բան ա»:

Հարցին, թե ինչ է նշանակում «թյուրիմացություն է եղել», Մարատը պատասխանում է. «Որ մենք իրենց պահեինք, որ ինքը պաշտոնից դուրս չգար, եթե կաշառակերության համար հոդված ա գնացել իր վրա, ինքը պրոբլեմներ կունենա»:

Մարատն ասում է, որ Ենոքյանն իրենց տանը հրաժարվել է մաղարիչի մասին խոսքերից, պատճառաբանել, որ երեք ամսվա նպաստը չեն ստացել, քանի որ գրանցման խնդիրներ են եղել, նույն հասցեում այլ անձինք են գրանցված եղել:  

Արմինեն շեշտում է, որ երբ նոյեմբերին տեղափոխվել են հացատուն, այնտեղ միայն հավեր են եղել, փաստացի բնակվող չի եղել, սեփականատեր Անդրանիկը (Անդրեազ Ավետիսյանը- հեղ.) դուրս է արել հավերին՝ տեղը զիջելով իրենց: Նոյեմբերի 14-ին այս հասցեում գրանցվել է Արմինեն, ավելի ուշ՝ Մարատը:

Իր հերթին Մարատն ասում է, որ Անդրանիկի հետ դեկտեմբերի 10-ին գնացել են անձնագրային բաժանմունք, որտեղ վերջինս դիմում է գրել վերը նշված 3 անձանց հաշվառումից հանելու համար: Ըստ Մարատի՝ իրենց ասել են, որ 7 աշխատանքային օրում «լրիվ մաքուր կլինի», այսինքն՝ այդ անձանց անունները հանված կլինեն: Հիշեցնենք, սակայն, որ Լ. Պողոսյանի փոխանցմամբ, նրանց դուրս են գրել միայն հունվարին:  

«Պողոսյանն ասաց, որ հրաժարվեմ իմ խոսքերից»

Ենոքյանի այցից հետո Արմինեին կանչել են գործակալություն: Ամուսինների հիշելով՝ դա եղել է ապրիլի 5-ին: Պողոսյանի՝«Հետքին» հայտնածի վերաբերյալ, թե Արմինեն պնդել է, որ թերթում հրապարակվածը չի համապատասխանում իր ասածին, կինը նշում է. «Նախ առաջինը՝ սուտ ա ասում, ինքն էնքան կոպիտ գոռաց, տղայիս՝ Ռաֆուլի հետ էի, վախից լացեց, ասացի, ուզում ե՞ս տուն գնանք: Ասաց՝ գրի, որ ես՝ էսինչ էսինչյանս, սխալ ա հասկացել լրագրողն իմ ամուսնուն, որ մենք իրար սխալ ենք հասկացել, մենք բողոք չունենք Հուսիկ Ենոքյանի դեմ: Ասացի՝ առաջինը՝ նման բան չեմ գրի, երկրորդն էլ՝ չեմ հրաժարվում էդ ամեն ինչից»:

Պողոսյանի մոտից Արմինեն գնացել է Ենոքյանի մոտ: Վերջինս թուղթ է տվել նրան՝ ևս առաջարկելով գրել, որ լրագրողներին սխալ է բացատրել և բողոք չունի, և որ ինքը՝ Ենոքյանը, գումար չի ուզել: Արմինեի խոսքով՝ Ենոքյանին ևս ասել է, որ կյանքում նման բան չի գրի, ինչից հետո Ենոքյանն առաջարկել է, որ այդ դեպքում նույնը գրի Մարատը: Կնոջ պատմելով՝ Ենոքյանին ասել է, որ ամուսինն էլ չի գրելու, բայց թուղթը վերցրել է ու տարել տուն՝ վառարանում վառել:

«Ամեն օր զանգում էր, բա՝ ի՞նչ եղավ ձեր հարցերը լրագրողի հետ»,- պատմում է Արմինեն:

Մարատն ասում է, որ եթե հարկ լինի, պատրաստ է պնդել իր ասածը, քանի որ խոսքն իր սոված երեխաներին հասանելիք նպաստի մասին է:

Բացի վերը նշվածից՝ Քառյաններն իրենց չորրորդ երեխայի՝ վերջերս ծնված Էդուարդի համար իբրև երեխայի ծննդյան միանվագ նպաստ պետք է 1 մլն դրամ ստանային, որից 500 հազարը տրամադրվում է ընտանիքին, իսկ մյուս կեսն իբրև ընտանեկան դրամագլուխ պահվում է բանկում: Մարատի փոխանցմամբ՝ ապրիլի 5-ին կինը «ՎՏԲ» բանկում խնդրել է պարզել, թե արդյոք փոխանցվել է գումարը, պատասխանել են, որ գումար չկա հաշվեհամարում, ապա խորհուրդ տվել կրկին ստուգել ապրիլի 10-ին: Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամլո քարտուղար Անուշ Դանիելյանը հայտնել է, որ հենց ամսի 5-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստը փոխանցվել է հաշվեհամարին, իսկ 3 ամսվա նպաստի վերաբերյալ նշել է, որ համապատասխան վարչությունների աշխատակիցներից կազմված խումբը հաջորդ շաբաթ կգնա ու տեղում կպարզի իրավիճակը: 

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի (Քառյանների որդիներից Կամոն ու Ռաֆայելը)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter