HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Տուն, որտեղ․․․

Մեր իրերը կորցնում են մեզ․ անկարողություն կա, որ պատերազմը կարող է իր հետ բերել, երկրաշարժը, տարերային այլ մի աղետ, անբուժելի հիվանդությունն ու ի վերջո հանկարծահաս ավարտը։

Արդուկը, որ արդուկել է, լվացարանը, որ ամեն օր մեր դեմքի հետ տարել է երեկը, անկողինը, որի բարձերն իրենց փափկությունը կորցրել են, դռները, որոնք բացվել ու փակվել են հարյուր հազար անգամ։ Անհաշվելի գործողությունները․․․

Ու դրա հետ մեկտեղ մեր քաղաքական հայացքը, մեր բողոքն ու ոգեւորությունը, մեր ձայնն ու մեր լռությունը՝ ավելի սարսափելի։ Դավադրություններն ու սպասված պատիժները, եւ անպատիժ մնացած դավադրությունները, որ դառնում են ուղղակի։ Ժամանակը, որին ենթարկվել են ի սկզբանե՝ նպաստավոր կամ անբարենպաստ։

Մեր մարմինը, որ կրում է բոլոր ափսեների, բաժակների, պատառաքաղների, սավանների, սրբիչների, հայելիների հիշողությունն ու մաշվելու անշնչությունը։ Մեր հիշողությունը, որ մեր մարմնի վրա իջեցնում է ծանրությունը քնելու եւ արթնանալու, թեկուզ դժվար, բայց պատրաստակամությունը։

Գունաներկերը, որ ոգեւորություն են հաղորդել ցանկապատին, մազերը, որոնք հավաքվել են ջղայնության պահին, եղունգները, որոնք կտրտվել են կիրակնօրյա մի առավոտ հյուր գնալուց առաջ, բազրիքին մնացած բաժակը, որ քամին շպրտել է քարի վրա ու ջարդել․ մեր՝ պարզապես որոշված կորուստները։

Սակարկելու, հաստատվելու, կորցնելու, վաճառելու, ձեռք բերելու մեր կարողությունը, հողաթափերը՝ ողջ գիշեր սառած մուտքի առաջ, ջերմությունը, որ լցվել է զրույցի հաշվին, ու մնացած առավելությունները, որոնք մեր կենդանությունն անցկացրել են մեր մատների ու ոտքերի արանքով․ ցավեցնող, երկարաձգվող կենդանությունը։

Մեր դրսեւորումները՝ առաջնային ու երկրորդական, մեր համբերությունն ու պատճառները, որոնք տարան անհամբերության։ Վախերը, որոնք մրսելու պահին դրսեւորվեցին, հավատալու անսպառ ունակությունը, դեն նետելու կասկածը եւ սպասվածին դիմավորելու գայթակղիչ երկու-երեք րոպեն։

Ապահովությունը՝ չկորցնելու, առավելությունները, որոնք համեմատական են, մեր պատուհանները, որոնք կարող են բացվել, եթե ցանկությունը կա, մեր հիասթափությունը, երբ կոտրվում է բացված պատուհանի ապակին, ու մեր հեռատեսությունը՝ պատուհանն այլեւս չբացելու։

Մեզնից մնացածը, որպես մեր մասին պատմող նյութ՝ արկածային տրամաբանությամբ, մեր գնած թերթը, որ մատնում է մեր կողմնորոշումը կամ հայտնվում խաշած ձկան վրա՝ որպես փաթեթ ու կորցնում ուժը փոխանցելու մեր կողմնորոշումը։

Մեր որոշումները, որոնք արձանագրվեցին կամ մնացին ինչ-որ մի շոգ օրվա կեսօրի մտորում, մեր կասկածները, որոնք վտանգներ դարձան կամ կուլ գնացին մի բաժակ շամպայնի հետ․․․

Ու մի ընտանեկան լուսանկար, որը մնացել է թալանված տանը, որտեղ նրանք չկան, բայց կա արդուկը, որ արդուկել է, լվացարանը, որ ամեն օր տարել է դեմքից մի հատված, անկողինը, որ կորցրել է փափկությունը, բաժակները, որոնք լցվեցին շամպայնի մի քանի կումով ու մոռացնել տվեցին կասկածները, թերթը, որով ձուկը չփաթաթվեց ու մնաց կողմնորոշման վկան, ափսեները, պատառաքաղները, բաժակները, լամպերը, որոնք կրում են  նրանց մինչեւ հիմա։

Հ․Գ․ լուսանկարներում ներկայացված է մի տուն, որը գտնվում է Դիլիջանում։ Հայտնվելուս պատճառը հետաքրքրությունն էր, դուրս գալու պատճառները՝ ավելի շատ, քան կարող էի ենթադրել՝ դրդված հետաքրքրությունից։

Մեկնաբանություններ (6)

Նելսոն
Իսկ գրքերը ոչ մեկ չի տարել...դատարկվող Հայաստանս.....Ապրես հեղինակ
Անուշ
Հարգելի Նելսոն, շնորհակալություն մեկնաբանության համար։ Պահարններ կային, որտեղ նույնպես գրքերի հետք կար, այս մեկին ձեռք տված չէր
Աննա
Իսկ ես անձամբ չեմ հասկանում նման հոդվածների կարիքը, որոնք մղում են տառապանքի, խորացնում են ազգի ողբերգությունը: Ինչո՞ւ ենք մենք միշտ ուզում տառապել, հիշել բաներ, որոնց ժամանակին համապատասխան լուծում չենք տվել: Ինչո՞ւ չենք ուզում նայել առաջ, միգուցե առջևում է այդ լուսավոր բախտը Հայ ազգի, և ոչ թե անցյալի ողբալի իրադարձություններում: Չկա աշխարհում ազգ, ժողովուրդ, որը չի տեսել տառապանք, դժվարություններ, չի պայքարել, բայց հաղթում են նրանք, ովքեր հաղթում են առաջին հերթին իրենք իրենց, իրենց վախերը և սխալները: Ժամանակն է, որ մենք գտնենք լուծում, գործենք, և ոչ թե անվերջ ողբանք: Չեմ հասկանում դեպրեսիայի խորացման այս մղումը... Ինչ նպատակ է սա հետապնդում: Սթափեցնելու՞.. Կասկածում եմ: Եվ մի բան էլ, ես ծնվել և մեծացել եմ Դիլիջանում: Ինչ հիշում եմ ինձ, վերջին 30 տարվա ընթացքում, այս տունը կար նույն այս տեսքով ինչ հիմա է: Այս տունը` բոլոր այս սարսափելի նկարներով, արդյունքը չէ այն ամենի, ինչի մասին խոսում է հեղինակը: Կարիք չկա մեր ապագա սերունդներին ևս գցել այդ հոգեբանական բեռի տակ նմանատիպ հոդվածներով և տեղեկատվության ասիմետրիայով, որ իրենք էլ կորցնեն սթափ դատելու և գործելու ունակությունը:
Անուշ
Հարգելի Աննա, նախեւառաջ սա հոդված չէ։ Եթե հետեւեք տեքստի կառուցվածքին եւ ենթաշերտին, կհասկանաք, որ այն որեւէ առնչություն չունի հոդվածի հետ։ Երկրորդ՝ առաջ նայելու համար հատուկ պայմաններ պետք չեն, դրանք ամեն րոպե ինֆորմացիոն կերպով նստած են մեր քթին եւ առաջ են տանում․ հետ նայելը կարող է վերիմաստավորել այդ քթից բռնած իրավիճակը, որ ինչ-որ տեղ հասնելու պահին շնչակտուր չլինենք։ Սթափ դատելու եւ գործելու ունակությունը շարժառիթներ շատ ունի, եւ, եթե Ձեզ թվում է՝ այդ շարժառիթը միայն հաղթանակ փառաբանելու կամ հոգեբանական բեռից ազատվելու երբեմն գերուռճացված միջոցներն են, սխալվում եք։ Ունենք եւ սա․․․ Իսկ քանի դեռ ունենք, դրանից կարող է ծնվել տեքստ, մտորում, էմոցիա․․ Դրանից խուսափելն էլ է տարբերակ, բայց դա նշանակում է ունեցած շերտից հրաժարվել՝ հիմքում ունենալով փուչիկ, որը վարդագույն է ու դատարկ
Մարինե
Լացս զսպեմ...ու ձեր ցավը տանեմ,ԻՐԵՐ...
Հայկ
Հետք դուք ամենալավն եք!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter