HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արվեստի մարդիկ մեկնաբանում են Արմեն Ամիրյանի՝ օպերայում նոր պայմաններ ստեղծելու նախագիծը

Օրեր առաջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մշակվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ենթակառուցվածքների նախագիծ: Ամիրյանը նաև նշել է, որ օպերայի շենքում պետք է լինեն հատուկ սննդակարգի ռեստորաններ, որոնք կարող են ապահովել օպերային թատրոնի արտիստների սննդակարգը, իսկ դրանց տարածքները կարող են ծառայել նաև շնորհանդեսների, հյուրասիրությունների համար: Նախարարն ավելացրել է, որ այդ ռեստորաններն այցելուներին ևս կծառայեն:

«Հետքը» զրուցել է արվեստի ներկայացուցիչների հետ՝ հարցնելով նրանց կարծիքը:

Օպերային երգչուհի, սոպրանո, Սիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհի Արաքս Մանսուրյան. «Ես կարծում եմ, պետք է ողջունել Արմեն Ամիրյանի այս գեղեցիկ նախագիծը: Գիտե՞ք, աշխարհի շատ օպերային թատրոններում, ինչպես և Սիդնեյի օպերայում, կան բոլոր հարմարություններն արտիստի համար: Յուրաքանչյուր արտիստի ներկայացումից առաջ հատկացնում են առանձնասենյակ (dress room), որը լոգարան ունի (shower), շպարվելու սենյակ (make up room), որն առանձին է: Սիդնեյի օպերան ունի բուֆետ (green room), որ արտիստների և աշխատողների համար է։ Հանդիսատեսի համար նախասրահում կան մի քանի սրճարաններ (theatre bars), որտեղ խմիչք և ուտելիք կարելի է ձեռք բերել մինչև ներկայացման սկիզբը։ Օպերայի կողքին կա բար (opera bar), որտեղ ներկայացումից հետո արտիստներն իրենց երկրպագուների հետ նշում են ներկայացման հաջողությունը։ Շատ են նման հաստատություններ՝ «Opera Kitchen», «Portside», «The Lounge»: Առավել հայտնի է Սիդնեյի օպերայում գործող «Bennelong Restaurant and Bar»-ը, որտեղ ներկայացումներից հետո դասական ընթրիքներ են կազմակերպվում։

Ռեստորաններ կան թե՛ Մելբուռնի, թե՛ Բրիսբենի, թե՛ Ադելաիդայի օպերաներում, Բաստիլի, Մետրոպոլիտեն օպերաներում: Անկեղծ ասած, ինձ զարմացնում է շատերի զարմանքը։ Կարծում եմ՝ ռեստորան բառը այլ կերպ է ընկալվել որոշ քաղաքացիների կողմից, և այս աղմուկն իզուր է: Գաղափարը հրաշալի է, հաջողություն եմ մաղթում»:

Երգիչ-երգահան Վահան Արծրունի. «Ինչքան ես գիտեմ, խոսքը ոչ թե ներքին ինֆրաստրուկտուրայի մասին է՝ դիետիկ բուֆետի կամ արտիստների հիգիենայի, այլ «ընտանեկան ժամանցի վայրերի» մասին: Դրանք շատ տարբեր բաներ են: Մեկն ընդունելի և բնական է, քանի որ մեր արտիստները սոված են և հիգիենայի խնդիրներ ունեն՝ ըստ նման վարկածի, երկրորդը՝ մերժելի, քանի որ մեր նախկին փորձից գիտենք, որ նման «նախաձեռնությունների» սխեման հետևյալն է՝ սկզբից նախաձեռնում են, հետո՝ օտարում, հետո էլ՝ սեփականաշնորհում: «ԱՕԿՍ», Փոսի թատրոն. անվերականգնելի կորուստ մշակույթի համար՝ ապաշնորհ և լկտի բիզնես հայտնի պերսոնաժների համար»:

«Շողակն» ֆոլկ համույթի մեներգչուհի Հասմիկ Հարությունյան. «Իմ կարծիքով՝ լավ է, որ նախարարի մակարդակով խոսվում է այդ նախագծի մասին, թաքուն չի արվում... Սա նոր միտք է մեր իրականության մեջ եւ առայժմ քննարկման փուլում է, բայց արտերկրում դրա փորձը կա: Ուզում եմ հավատալ, որ նպատակն, իսկապես, մշակութային է, եւ բիզնեսն առաջին տեղում չի լինի, մշակույթը՝ վերջին: Ուրիշ հարց է, թե օպերային թատրոնի արտիստներն ի վիճակի՞ են լինելու կամ ի՞նչ պայմաններով են օգտվելու այդ ամենից: Իսկ ո՞վ է որոշել, որ միայն օպերայի եւ բալետի թատրոնի արտիստներն այդ բարիքներից օգտվելու կարիքն ունեն, իսկ մյուսները չունե՞ն... Նայելով մեր տխուր իրականությանը՝ պարզ է, թե այդ ռեստորանների եւ շոգեբաղնիքի այցելուներն ովքեր են լինելու»:

Ջութակահարուհի, Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Նարինե Դելլալյան. «Դրական եմ ընդունում որևէ փոփոխություն, որը նպաստելու է արտիստների արդյունավետ աշխատանքին։ Մտավոր և միաժամանակ ֆիզիկական աշխատանք կատարողի համար պարտադիր պայման է ունենալ պարապելու, հանգստի, ինչո՞ւ ոչ, նաև մարզվելու, առանց շենքից դուրս գալու անհրաժեշտության լավ սնունդ ընդունելու հարմարություններ։

Սակայն այս ամենի կողքին և ամենաառաջին հերթին, որով և ցանկացած թատրոն համարվում է բարձրակարգ կամ ոչ, կախված է այն գեղարվեստական մակարդակից, որը հրամցվում է հանդիսատեսին։ Մեզ անհապաղ անհրաժեշտ է հնարավորություն տալ մեր լավագույն ուժերին և ստեղծել ամենատարբեր օպերաներից և բալետներից բաղկացած, համաշխարհային նորմերով հագեցած խաղացանկ, որը կհրապուրի և կկանչի հանդիսատեսին։ Բոլորիս է հասկանալի, որ համաշխարհային անուններ ունեցող թատրոնները նախ և առաջ լավագույն մենակատարներով հագեցած հաջող ներկայացումների խաղացանկով են ճանաչվում և համբավ ձեռք բերում։ Մեր թատրոնի խաղացանկում անգամ չկան ամենաընդունված և ամենուր հնչող օպերաները։ Օրինակ, Վագների օպերաները, որ ամեն առաջատար թատրոն ունի իր խաղացանկում, մեզ մոտ վերջին անգամ կատարվել է 1965 թվականին։ Սա աններելի փաստ է։

 Իր հերթին օպերային արվեստի սիրահարները հնարավորություն պետք է ունենան գոնե մեկ տարի առաջ տեղյակ լինելու, թե տարվա որ օրը ինչ ներկայացում է տեղի ունենալու և ընտրել իրենց հետաքրքրող օրը։ Այդ դեպքում, այո, շենքի ներսում էլ թող ունենանք գեղեցիկ, հաճելի մթնոլորտով վայելուչ ռեստորան, որտեղ նա կկարողանա հաճելի ժամանակ անցկացնել, ընթրել և այնուհետև ներկա լինել մի գեղեցիկ ներկայացման։ Այդ գեղեցիկ սրահում էլ, ինչպես ամենուր, տեղի կարող են ունենալ շնորհանդեսներ, հանդիպումներ արվեստի մարդկանց հետ։ Լավ կլինի, վերջապես ստեղծել նաև հայկական օպերային թատրոնի թանգարան, որ զբոսաշրջիկը և նաև մենք հնարավորություն ունենանք տեղեկանալ այդ պատմության մասին։

Ի դեպ, կարևորություն պետք է տալ նաև հանգամանքին, թե ինչպիսին է շրջապատը շենքից դուրս։ Այնտեղից պետք է սկսվի դեպի օպերային թատրոն տանող գեղեցիկ մթնոլորտը։ Այսօր, սակայն, օպերայի բակը վերածվել է խաղահրապարակի, հեծանվադաշտի, արևածաղիկ չրթող ու, կներեք, գետնին թքող մարդկանց հավաքատեղիի, որը ոչ մի կերպ ներդաշնակության մեջ չի մտնում օպերային թատրոնի, այդ գեղեցիկ ճարտարապետական կոթողի հետ։ Հավատանք, որ քայլ առ քայլ այս ամենը իրականություն կդառնա»:

Մեկնաբանություններ (3)

Հայկ
Առաջին հերթին մշակույթի նախարարի ուշադրության կենտրոնում պիտի լիներ օպերային թատրոնի խաղացանկը,որի տարիներ շարունակ չի թարմացվում:Համաշխարհային օպերային թատրոնների սրճարանների օրինակները ուսումնասիրելուց առաջ լավ կլիներ,որ մեր նախարարը ուսումնասիրեր և ծանոթանար այդ թատրոնների խաղացանկի բազմազանության հետ:Թե չէ տպավորություն է ստեղծվել,որ մեր հանդիսատեսը թատրոն է մտնում ոչ թե ներկայացում դիտելու այ լբուֆետի մենյուն դիտելու:
Սոնա
Օպերային թատրոնի բուֆետի անմխիթար վիճակը միանգամից աչքի ընկավ և հուզեց պ-րն նախարարին,բայց իր կողմից շուրջ 18 տարի ղեկավարած Հանրային ռադիոյի մասնաշենքի անմխիթար վիճակը էլ չեմ ասում բուֆետ չունենալու փաստը,այդպես էլ չհուզեց պ-րն Ամիրյանին:Միգուցե դա նրանից է,որ Հանրային ռադիոյի շենքի գտնվելու վայրը տուրիզմի զարգացման և փողաբերության առումով նպաստավոր վայր չի...
Գեւորգ
Հարգելիներս, եթե մարդկանց մտադրությունն իսկապես այն լինի ինչպես ներկայացվում է, ապա միայն ողջունել կարելի է: Բայց հայերիս մոտ, որպես կանոն, ասվում է մի բան իսկ ստացվում բոլորովին այլ բան: Չի բացառվում, օրինակ, որ արդյունքում ստանանք մի նոր էլիտար .... լավ գիտեք ինչ: Շատ հնարավոր է թվում նույնիսկ որ քյասիբ - քյուսիբ դերասններին ներս մտնել էլ չթողնեն, բացառությամբ սիրունիկուհիների իհարկե, որոնց բարձրակարգ երկրպագուները կուզենան հրավիրել - պատիվ տալու! Եթե արտիստները իսկապես բաղնիքի կարիք ունեն, ապա ամոթ է իհարկե, թող նորոգեն կամ սարքեն նրանց համար, ինչ է եղել: Իսկ ուտելու տեղեր պերերիվի համար - փառք աստծո, ամեն քայլափոխին կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter