HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման նոր ուղիներ են փնտրում

«Ամենահամեղ դեղձն աճում է Նոյեմբերյանի տարածաշրջանում,-ասում է պտղավանցի ֆերմեր Րաֆֆի Օհանյանը,-հարցրեք ձեր մեծերին՝ իրենք կհաստատեն, մեր դեղձն ու Այրումի պահածոների գործարանի արտադրանքը հայտնի է եղել դեռ սովետի ժամանակ՝ ուտում էիր, համից չէիր կշտանում՝ էնքան արեւի համ կար մեջը»:

Այդպես էր մինչեւ 1988թ-ը, մինչեւ անկախացումը, մինչեւ արցախյան պատերազմը, մինչեւ բոլորին հայտնի մութ ու ցուրտ տարիները, երբ մարդիկ դադարեցին մշակել այգիները, իսկ չորացած պտղատու ծառերը ծառայեցին, որպես վառելիք: Այրումի պահածոների գործարանն էլ, ինչպես հանրապետության բազմաթիվ գործարաններ այդ տարիներին, դադարեցրեց գործունեությունը(վերագործարկվել է 2014թ-ին):

Թամադայի պերճախոսությամբ օժտված զրուցակիցս, Նոյեմբերյանի բրենդ ճանաչված դեղձի որակական հատկանիշներն ապացուցելու նպատակով, սեղանին է դնում սեփական ձեռքով, սեփական այգու դեղձից թորած օղին: «Թե Քարահունջում թթի օղին հատուկ են քաշում, մենք դեղձի օղին՝ ստիպված: Բերքը, եթե չենք կարողանում լիարժեք իրացնել՝ լցնում ենք բոչկեքը,-բացատրում է Րաֆֆին,-հիմա սա փորձեք, սեզոնին էլ եկեք թարմ դեղձը կերեք»:

Տավուշի մարզի Պտղավան բնակավայրը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին, ծովի մակարդակից ընդամենը 445 մ բարձրության վրա: Կլիման բարենպաստ է հատկապես այգեգործությամբ զբաղվելու համար՝ արեւային օրերն այստեղ գերակշռում են: 60-ամյա զրուցակիցս այգեգործությամբ զբաղվում է 1998թ-ից՝ մշակում է դեղձ, սեւ սալոր, խնձոր: Զուգահեռ նաեւ ջերմոցային տնտեսություն է վարում երկու տղաների օգնությամբ՝ մշակում են լոլիկ, պոմիդոր, կանաչ պղպեղ, ձմերուկ:

«Այգիները մեր տարածաշրջանում միանգամից չվերականգնվեցին, որովհետեւ ինչքան էլ մարդն ուզենա մշակել, եթե չպիտի կարողանա իրացնել, եթե չկա վերամշակող ձեռնարկություն, ապա ընդլայնվելու մասին խոսք չի էլ կարող լինել,-զրույցը շարունակում է պտղավանցի ֆերմերը,-հենց որոշում կայացվեց, որ այգիները կրկին մշակում ենք՝ կանգնեցինք փաստի առաջ՝ տնկիներ չունեինք: Գնացել հասել ենք Արտաշատ, որ շիվ բերենք, որովհետեւ մեր ունեցածը կտրել-վերացրել էինք: Էդպես քիչ-քիչ սկսեցինք անմշակ մնացած այգիները վերականգնել»:

Րաֆֆին հիշում է, որ ամեն ինչ սկսվել է ԻՖԱԴ-ի ծրագրերից եւ ԱԳԲԱ-ից վերցրած առաջին գյուղատնտեսական վարկից: Ներկայում Պտղավանի տարածքում 23 հա այգի է մշակվում:

«Կան գործոններ, որ էս տարիների ընթացքում չենք կարողանում հաղթահարել: Նախ բերքատվությունն էն չէ: Եթե խորհրդային տարիներին մեկ հա-ից ստանում էինք մինչեւ 20 տոննա դեղձ, ապա հիմա 7-10 տոննա ամենաշատը: Մշակության հետ կապված ֆերմերային տնտեսությունները բավականին բարդութուների մեջ են՝ տեխնիկան հին է, բուժանյութերը որակյալ չեն՝ գնում Վրաստանից ենք բերում: Ալավերդու պղնձի գործարանը որ չի աշխատում՝ պղնձարջասպի մեծ խնդիր կա: Բացի դրանից բավական է մեկ անգամ կարկուտ կամ վաղ գարնան ցրտահարություն լինի ու ֆերմերը հայտնվում է վարկերի տակ: Կազինոյի պես բան է դարձել գյուղատնտեսությունը՝ անընդհատ փող ես դնում՝ չիմանալով ինչ կստանաս: Վաղվա օրվա ապահովագրություն չունի գյուղացին»,-դժգոհում է զրուցակիցս:

Րաֆֆի Օհանյանի համոզմամբ՝ Տավուշի մարզում բացի խաղողի եւ ծխախոտի մշակությամբ զբաղվողներից, այլ գյուղատնտեսական կուլտուրաներով զբաղվողներն ապահովված չեն վստահելի գործընկերներով՝ հույսը մնում է սեփական ջանքերով տեղում իրացում ու երկրից դուրս արտահանում կազմակերպելը: Արդյո՞ք դա միշտ է հաջողվում գյուղացուն:

«Գիտե՞ք ինչ, գյուղացին չի կարող համ արտադրի, բերքահավաք կազմակերպի, վազի շուկա, վազի խանութներ՝ անհնար է,-նկատում է պտղավանցի բազմափորձ ֆերմերը,-այգեգործությունը կոլեկտիվ գործ է, որտեղ կազմակերպված պիտի լինի մթերումը»: Պատմում է, որ մի տարի որոշել են տղաների հետ սեւ սալորի չիր պատրաստել, անգամ Ռուսաստանի Դաշնության քաղաքներից մեկում գնորդ են գտել, երբ պահանջված խմբաքանակը պատրաստ է եղել՝ հայտնել են, որ չեն կարող վճարել պայմանավորված գումարը՝ ռուբլին արժեզրկվել է:

Զրուցակիցս առաջարկում է, որպես խնդրի լուծման տարբերակ, հայ-վրացական սահմանին մոտ, որեւէ համայնքում, թեկուզ հենց Պտղավանում տարածք առանձնացնել, որտեղ կկարողանան առեւտուր կազմակերպել հայ եւ վրացի արտադրողները: «Օրինակ, հարավային դարպասներում հայ-իրանական ազատ տնտեսական գոտի բացվեց, կարծում եմ վաղուց ժամանակն է, որ մեր տարածաշրջանում էլ լինի՝ դա կաշխուժացնի Տավուշի մարզը, հայ ֆերմերներին էլ սեփական գործունեությունն ընդլայնելու հնարավորություն կտա»,-առաջարկում է Րաֆֆի Օհանյանը:

Տավուշցի ձեռներեցները հայ-վրացական համաժողովին

Վերջինիս կարծիքով պետական աջակցությունը միայն սուբսիդավորված վարկեր տրամադրելով չպետք է սահմանափակվի: Իհարկե «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու» մասին օրենքը վերջին երեք տարիներին որոշակի առավելություն է տվել տավուշցի այգեգործներին, սակայն գլոբալ առումով չի լուծել ամենակարեւոր հարցը՝ արտահանումը:

«Հիմա նոր-նոր լիզինգով ցածր վարկավորմամբ գյուղտեխնիկա գնելու հնարավորություն է բացվել ֆերմերների համար, որը շատ դրական եմ գնահատում,-նկատում է զրուցակիցս,-հետո լավ կլիներ օրենք հանվեր, որ հողերը սեփականաշնորհած, բայց 10-20 տարով չմշակողներից հողը վերցնեն տան երիտասարդ ընտանիքներին, կարծում եմ դա էլ կկապի երիտասարդներին գյուղի հետ: Պիտի հասկանանք, որ Հայաստանի ողնաշարը գյուղն է՝ քաղաք պահողն էլ է գյուղը, սահման պահողն էլ է գյուղը»:

Բիզնես, որ ծնվել ու կայանում է ի հեճուկս հակառակորդի գնդակոծումների

Հակառակորդի մշտական գնդակոծումների տակ գտնվող սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ Գուրգեն Աբովյանի մտքով երբեք չի անցել լքել ծննդավայրը:

«Անգամ պատմաբանի կրթություն ստանալուց, որոշ տարիներ Աբովյան եւ Իջեւան քաղաքներում ապրելուց հետո»,-շեշտում է Գուրգենը՝ ծիծաղելով նշելով, թե պատմաբանի մասնագիտությունը սովորեցնում է հողին ավելի մոտիկ լինել:

33-ամյա Գուրգենն իր մասնագիտությամբ մեկ օր անգամ չի աշխատել: Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, վերադառնալուց հետո երկու տարի պարապուրդի մատնվել եւ միայն 2008թ-ին որոշել հիմնել սեփական բիզնեսը՝ զբաղվել մեղվաբուծությամբ: 2011թ-ին մեղվաբուծությանը զուգահեռ Գուրգենը որոշում է Կոթիում հիմնել սուլուգունի տեսակի, ծխեցրած պանրի արտադրություն:

«Տարածաշրջանում դրանով զբաղվող չկար՝ կոնկրետ ծխեցրած պանրատեսակի մասին է խոսքը,-բացատրում է կոթեցի ձեռներեցը,-աշխատում եմ բացառապես բնական հումքով: Իմ պատրաստած պանրի սպառողները հիմնականում գարեջրի սիրահարներն են: Մեծ խմբաքանակով արտադրանք չենք տալիս՝ եղածն էլ աշխատում ենք սպառել տարածաշրջանում եւ Երեւանի որոշ խանութների միջոցով՝ առանց մայրաքաղաքի անհնար է: Համեղ են հատկապես սուլուգունու հյուսած տեսակները»:

Գուրգենն էլ, ինչպես շատ ձեռներեցները, բիզնեսը սկսել է վարկ վերցնելով: «Առանց դրա անհնար է,-զրուցակիցս ծիծաղում է,-մինչեւ օրս էլ վերցնում եմ»: Երկրից դուրս արտահանում չունեն՝ շուկա, գործընկեր գտնելու դժվարություններ կան: Երիտասարդ ձեռներեցի համոզմամբ, միայն ներքին շուկայի համար աշխատելով բիզնեսը չի կարող լիարժեք կայանալ ու ընդլայնվել:

«Ու էստեղ հարցն այն չէ, թե հայերը պանիր քիչ են ուտում՝ սոցիալական վիճակից ելնելով են քիչ գնում: Պոտենցիալը կա էնքան արտադրելու, որ նաեւ արտահանենք, էստեղ խնդիրը նոր շուկաների ձեւավորումն է, եթե դա լինի, ընթացքոում իհարկե նաեւ արտադրամասի մեծացում, նոր աշխատատեղերի հարց կլուծվի,-հավաստիացնում է Գուրգենը,-եթե դու բիզնեսով ես զբաղվում, պիտի իհարկե ձգտես ընդլայնվել: Եթե դու շուկա ունենաս դրսում, արդեն ինքը քեզ կթելադրի, կպարտադրի, որ աշխատես»:


Մինչեւ 45-50 տնտեսությունից կաթ է գնում պանրի արտադրության համար՝ ապահովելով նույնքան անուղղակի աշխատատեղ:Այս սեզոնին կաթը գնում է 130 դրամով, թեպետ անցած տարի նույն այս ժամանակահատվածում գնել է լիտրը 150 դրամով: Գուրգենի ասելով, վարկ վերցնում է հիմնականում գյուղացիների գումարները վճարելիս: «Աշխատում եմ պարտք չմնալ»,-նկատում է զրուցակիցս:

Սահմանամերձ գյուղում փոքր արտադրություն հիմնած երիտասարդ ձեռներեցի համար մեծ օժանդակություն է եղել USAD-ից 2013թ-ին ստացած դրամաշնորհը տեխնիկայի տեսքով՝ կաթի հավաքման-տեղափոխման մեքենա եւ պանրի տաքացման վաննաներ: «Կարող եմ ասել, որ դա մեծ խթան հանդիսացավ իմ բիզնեսի համար: Եթե նման ծրագրերն ավելի շատ լինեն, փոքր բիզնեսն իրոք կկայանա: Մեր կառավարությունն էս պահին բավարարվում է հարկային արտոնություններ տալով: Իհարկե դա էլ իր հերթին օժանդակություն է, որ մարդն ուզենա սահմանամերձ գյուղերում բիզնես հիմնել, բայց բավարար չէ: Էլի ու էլի ամենամեծ խնդիրը մնում է իրացումը՝ էս հարցում մենք մենակ ենք մնում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter