HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամառանոցներով հայտնի Ձորաղբյուրը հայտնի է դառնում նաև աղբով

Ձորաղբյուրը, որ առավել հայտնի է իր շքեղ ամառանոցներով, հայտնի է դառնում նաեւ աղբով։ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցային տարածք գնալու ճանապարհին՝ մի փողոցի ողջ երկայնքով կենցաղային աղբ է թափված։ Տիգրան Ալավերդյանը արդեն 5 տարի է, ապրում է այս գյուղում։ Նա արդեն երկու տարի համայնքապետին բողոքում է, որ իր սեփական տան տարածքն աղբանոցի է վերածվել և համայնքապետարանի կողմից քայլեր չեն ձեռնարկվում՝ տարածքը կարգի բերելու համար։

Ասում է՝ տան երկու կողմերում և շինարարական, և կենցաղային աղբ են թափում՝ տարածքի բնակիչները, անհայտ անձիք։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին այդ տարածք աղբ այնքան մեծ ծավալով է բերվել, որ տան տարածքում առնետներ են հավաքվել և այլևս չի կարողանում՝ դրանց դեմ պայքարել։ «Բնակիչները, որ արդեն տեսնում են՝ ստեղ հավաքվում է էդ աղբը, երևի մտածում են, որ աղբի տեղ է, բերում են, լցնում են։ Բազմաթիվ մարդկանց ես զգուշացրել եմ, բայց ես չեմ կարա ամեն անգամ նման բաներով զբաղվեմ։ Սա գյուղապետարանի խնդիր է, մարզպետարանի խնդիրն է»,-ասաց Տիգրան Ալավերդյանը։ Ձորաղբյուրի համայնքապետ Արայիկ Մուքայելյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ համայնքում աղբահանությունը կատարվում է շաբաթական երկու անգամ՝ շաբաթ և կիրակի օրերին։ Այդ երկու օրերին գյուղում շրջում է աղբը տեղափոխող ավտոմեքենան՝ հավաքելով բնակիչների կենցաղային աղբը։ Համայնքապետի խոսքով՝ աղբահանությունը կազմակերպելու համար բնակիչներից գումար չեն հավաքում, այն կատարվում է համայնքային բյուջեի միջոցներով։

Անդրադառնալով այգեգործական ամառանոցներ տանող ճանապարհի աղբին՝ Մուքայելյանը հավաստեց, որ այդտեղ թափված աղբն ամեն օր տեղափոխվել է, սակայն ինքը հիվանդանոցում է արդեն մեկ շաբաթ, այդ պատճառով չի կարողացել այդ աշխատանքները կարգավորել, բայց շաբաթ կամ կիրակի օրերին դրա տեղափոխումը կկազմակերպի։ Համայնքապետի փոխանցմամբ՝ այդ աղբը թափում են այգեգործական ընկերության տարածքի բնակիչները, թեև ընդգծում է, որ այդ տարածքում երկու տարի առաջ շրջել է աղբ տեղափոխող ավտոմեքենա, սակայն նրա խոսքով՝ աղբ չի տեղափոխվել, քանի որ մարդիկ սովոր են՝ աղբը ճամփեզրին գցելուն։

«Ջրվեժի աղբանոցի հետ պայմանագիր ենք կնքել անցած տարվանից, գումարը փոխանցում ենք իրենց, մենք մեր աղբը տանում ենք Ջրվեժի ձորի աղբանոցը»,- ասաց համայնքապետը։ Անդրադառնալով Տիգրանի տան շրջակայքում հավաքված աղբին՝ համայնքապետը նշեց. «Ըտեղ ոչ մի աղբ էլ չկա, թող ինքը, իրանից բաներ չհնարի»։ Դիտարկմանը, թե մենք երեկ ենք այնտեղ եղել և տարածքում կենցաղային աղբ է թափված, Մուքայելյանը պատասխանեց՝ բան անել չի կարող։ Ասում է՝ այդ տարածքի աղբը թափվել է 10 տարի առաջ, իսկ հետագա խոսքում նշում է. «Համայնքի ղեկավարը պարտավոր չի էնտեղ պահակ կանգնի, թե գիշերը ով, ինչ է անում»։ Համայնքապետի փոխանցմամբ՝ համայնքը ֆինանսական հնարավորություն չունի, որ 10 տարի առաջ թափած աղբը հավաքի։ Իսկ եթե ինչ որ մարդիկ գիշերով այդ տարածքում աղբ են թափում, ինքը չի կարող վերահսկել։

Համայնքապետը զրույցի սկզբում ասաց, որ Տիգրանի տան տարածքում էլ է աղբատար մեքենա շրջում։ Մեր այն հակադարձմանը, թե Տիգրանը հայտնել է, որ ինքը երբևէ իր տան տարածքում աղբ տեղափոխող մեքենա չի տեսել, Մուքայելյանը պատասխանեց. «Տիգրանի տարածք մեքենա գնա, ինչի՞ համար։ Նույն Տիգրանի նման մարդիկ բերում են աղբը շպրտում են եզրներին, գնում են։ Տիգրանի տունը ո՜չ գյուղի տարածք է, ո՜չ դաչայի տարածք է։ Մի հատ դաշտի մեջ, մի հատ տուն ա։ Ըտեղ ես մեքենա ուղարկեմ, որ իր աղբը տանի, թափի՞»։

Այն հարցին, թե այս խոսքից կարելի՞ է եզրակացնել, որ մեկ տան աղբահանությունը այս պարագայում չպետք է կազմակերպի, համայնքապետը մեղմեց պատասխանը, նշելով, որ պետք է կազմակերպվի, բայց Տիգրանը այնտեղ մշտական չի բնակվում, որ աղբ տեղափող մեքենա ուղարկի։ Ի վերջո, համայնքապետը գյուղում կատարվող աղբահանությունը շատ նորմալ է գնահատում, դժգոհություն չունի, թեև հավաստիացնում է, որ եթե բյուջեով հնարավորություն ունենան և պայմանագիր կնքեն «Սանիտեկ» ընկերության հետ, նրանց կդիմեին՝ գյուղում աղբահանությունը կազմակերպելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter