Վաղատուրի դպրոցում երկրորդ օտար լեզու չեն անցնում, իսկ նախարարությունը թույլ չի տալիս փոխել առարկան
Գրիշա Բալասանյան
Սյունիքի մարզի Վաղատուր համայնքի միջնակարգ դպրոցը ենթակա է հիմնանորոգման: Որպես վերանորոգման ենթակա դպրոց հաշվառված է Սյունիքի մարզպետարանում: Դպրոցը շահագործման է հանձնվել 1962 թվականին: Սկզբում եղել է 8-ամյա, այնուհետև դարձել է միջնակարգ: Այս տարիների ընթացքում դպրոցում վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Մասնակի վերանորոգվել է միայն շենքի տանիքը, այն էլ տնօրենի խոսքերով՝ միջազգային կազմակերպության միջոցներով: Ընթացիկ կոսմետիկ վերանորոգումներ արվել են միայն դպրոցի հաշվին, սակայն դրանք բավարար չեն:
«Ուղղակի լավ պահպանվել է: Քանդվածը մենք ենք վերանորոգել, պետական միջոցներով վերանորոգում չի կատարվել»,-ասում է Վաղատուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Խաչատրյանը:
Դպրոցի դասասենյակներում և միջանցքներում զգացվում է 1960-ականների «շունչը», ոչինչ չի փոխվել: Դասասենյակների փայտե հատակի ներկը թափված է, իսկ փայտի ու պատի արանքներում լայն ճեղքեր են բացվել: Միջանցքների մանրահատակն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Դրանք որպես դեկոր պարզապես շարված են գետնին:
Դասասենյակներն իրարից բաժանող պատերի ծեփը ևս թափված է: Որպեսզի այդ տեսարանով «չվանեն» աշակերտներին, դասասենյակների պահարաններով են փակել վնասված պատերը:
Չեն աշխատում դպրոցի ներսի սանհանգույցները; Ջրատար խողովակներն ամբողջությամբ քայքայված են: Ջուրը լցվել է դպրոցի հիմքը, տնօրենն էլ որոշել է փակել և այդպիսով էլ ավելի չվնասել շենքին: Երեխաներն օգտվում են դրսում տեղայակված հորատանցքով զուգարաններից:
Վաղատուրի դպրոցում ջեռուցումն ապահովում են փայտե վառարաններով: Այստեղ լոկալ ջեռուցումը դեռ երազանք է: Թեև դասասենյակներում ձմռանն ապահովում են նորմայի սահմաններում ջերմաստիճան, սակայն 50 տարուց ավելի չփոխված ու հնամաշ փայտե պատուհանների արանքից քամին ներս է մտնում, ինչն ավելացնում է ջեռուցման ծախսը:
Վարազդատ Խաչատրյանի ասելով՝ դպրոցի վերանորոգման համար շատ գումար չի պահանջվի, քանի որ լավ են պահպանել: «Եթե վերանորոգվի շատ ընտիր շենք կլինի»,-համոզված է տնօրենը:
Բարվոք վիճակում չի գտնվում նաև մարզադահլիճը, իսկ եղած գույքը հնամաշ է:
Նշենք, որ դպրոցը նախատեսված է 180 աշակերտի համար, սակայն ներկայումս սովորում է 33 աշակերտ:
Վարազդատ Խաչատրյանն ասաց, որ լուրջ աճ չկա, միջին տվյալներով տարեկան 3 աշակերտ է բաժին հասնում մեկ դասարանին: Իսկ 4-րդ և 12-րդ դասարաններում մեկական աշակերտ են սովորում:
«Երիտասարդներ ունենք գյուղում ապրող, բայց ամուսնության խնդիր է, ընտանիք կազմելու թեմաներ կան: Մարդկանց հարցնում ես, խոսացնում ես, ասում են՝ ինձ չեմ կարողանում պահել այս պայմաններում, ո՞նց ամուսնանամ»,-ասում է Վարազդատ Խաչատրյանը:
Վանատուրի դպրոցում մտածում են ոչ միայն շենքը վերանորոգելու, այլև օտար լեզվի մանկավարժ գտնելու մասին: Դպրոցում արդեն 3 տարի է երկրորդ օտար լեզու չեն պարապում: Բանն այն է, որ Վաղատուրի միջնակարգ դպրոցում ռուսերենից բացի անցնում են գերմաներեն: Գերմաներենի ուսուցիչը եղել է այլ գյուղից: Գնացել է ֆիզարձակուրդ և չի վերադարձել:
«Տարին մի 2-3 անգամ մրցույթ ենք հայտարարում, կադր չկա»,-ասում է տնօրենը: Դպրոցը դեռևս 2014թ. նոյեմբերին դիմել էր կրթության և գիտության նախարարություն, որպեսզի գերմաներեն առարկան փոխարինվի անգլերենով, սակայն ստացել են պատասխան, որ առարկայի փոփոխությունը նպատակահարմար չէ: Մինչդեռ գյուղում ունեն անգլերենի մասնագետ և հնարավոր կլիներ այդ առարկան դասավանդելը: Այժմ ոչ գերմաներեն են պարապում, ոչ անգլերեն, առարկան բաց է մնում:
Բացի օտար լեզվի մանկավարժ չլինելը, լուրջ հարց է նաև վարձատրության չափը, ինչը ևս չի շահագրգռում, որպեսզի թափուր տեղի համար դիմեն: Վարազդատ Խաչատրյանն ասաց, որ իրենց դպրոցում դասավանդող ուսուցիչների մեծամասնությունը 1 դրույք չունի: Պարապում են 45 րոպե դասաժամ և վարձատրվում են 0,25 դրույքաչափով: Պատճառը աշակերտների թվի պակասն է:
«Ուսուցիչ ունենք 30-35 ժամ դաս է պարապում, բայց 16 ժամի փող է ստանում»,-հավելեց տնօրենը:
Դպրոցը հագեցված չէ նաև ուսումնական նյութերով, սարքավորումներով: Մասնավորապես, լաբորատոր սարքավորումները շատ հին են: Իսկ դպրոցի գույքը չեն հիշում, թե երբ է թարմացվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանել