HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Տրագիկոմեդիայից մինչև հանցագործության հատկանիշներ. «ՍԱՍ» ընկերության աշխատակիցների հետ նախընտրական ժողովի դրվագները

Տրագիկոմեդիան դրամատիկ ստեղծագործություն է, որտեղ ողբերգությունն արտահայտվում է կատակերգությամբ կամ գործողությունները կատարվում են խառը՝ ողբերգական և կատակերգական տարրերով։ Այս առումով «ՍԱՍ»  ընկերության աշխատակիցների հետ նախընտրական հավաքը հիշեցնում է հենց գրական ստեղծագործության այս ժանրը, միայն եթե գրականության մեջ հեղինակը կարող է մտացածին կերպարներ ու իրադարձություններ ստեղծել, ապա նախընտրական ժողովի ձայնագրության մեջ, որը հրապարակվել է ապրիլի 13-ին, կարծես թե ամբողջությամբ տեղի ունեցած, իրական իրադարձություններ են:

Ձայնագրության առանցքում պարբերաբար կրկնվող հանցագործություն է, որն ուղեկցվում է ծափահարություններով. ծափահարում են նրանք, ովքեր, ենթադրվում է, որ պիտի ըմբոստանային, ամոթանք է տալիս նա, ով պիտի ամաչեր, և հենց այստեղ է, որ երևում է ողբերգությունը:

Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է նախընտրական հավաքը վարող անձը, ըստ որոշ տեղեկությունների, ԱԺ պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանի եղբայրն է` Արամ Սարգսյանը, աշխատակիցներին ստիպում, որ պատգամավորի թեկնածու իր եղբոր՝ Արտակ Սարգսյանի համար ձայներ հավաքեն:  Ձայնագրությունից պարզ է դառնում, որ հավաքը վարողի մոտ նշումներ կան այն մասին, թե ընկերության աշխատակիցներից ով քանի ձայն է «բերել», իսկ այն աշխատակիցներն,  ովքեր ձայներ չեն բերել, ամոթանքի են արժանանում, տարաբնույթ սպառնալիքներ ստանում ու պարսավանքի ենթարկվում:

Այն, որ ձայնագրության մեջ տեղ գտած իրադարձությունները պարբերաբար կրկնվող են, պարզ է դառնում հենց իր՝ հավաքը վարողի խոսքից. վերջինս, դիմելով աշխատակիցներին, ասում է, որ իրենց 5 տարին մեկ են այս հարցով դիմում  նրանց:

Փաստաբան Արամազդ Կիվիրյանի գնահատմամբ՝ 39 րոպե տևողությամբ այս ձայնագրության մեջ առկա են առերևույթ հանցագործության  հատկանիշներ, Սահմանդրության, աշխատանքային օրենսգրքի, վարչական իրավախախտումների, ընտրական օրենսգրքի և  մի  շարք խախտումներ, որոնք պետք է դիտարկել համալիր ու դրանց քրեաիրավական որակում տալ, հասկանալ թե որքանով են այդ գործողություններն  ազդել ընտրական գործընթացի վրա:




Ըստ Կիվիրյանի`խախտվել է Սահմանդրության 26-րդ հոդվածը:

Այս հոդվածը սահմանում է, որ  «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Նշենք, որ ձայնագրության մեջ առկա մի շատ դրվագներ առնչում են հենց այս հոդվածի խախտմանը:

Մասնավորապես՝ դիմելով հավաքի մասնակից Սիրանուշ Թումասյանին` հավաքը վարողն ասում է բառացիորեն հետևյալը. «Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞անենք, հա՞ զրո ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանույշ: Ամոթ ա, չէ՞»:

Հավաքի մեկ այլ մասնակցի դիմելով` վարողն ասում է`« Էդո ջան, կազմակերպի ախպեր ջան, հո մենակ քյալամ, վարունգ բերելով չի, պիտի ձեն էլ բերես»:

«Գարիկ Բաբայան, հազա՛ր ամոթ քեզ, Գարի՛կ: Հազար ամոթ, բա սազո՞ւմ ա քո նման տղուն սենց զրո, բա դու զրոյով տղա՞ ես»,- այսպես է դիմում  վարողը հավաքի մեկ այլ մասնակցի:

«Աննա Ավագյան. էդ քո կարծիքով որ շլյապա ես դրել, պետք ա չտենանք հա՞, որ զրո ձայն ես բերել, հը՞, խի՞ չես բերել ձայն»,- դիմելով ներկաներից մեկին` ասում է վարողն,  ապա տեղեկանալով, որ վերջինիս հայրն է ձայներ  «բերել», «թույլատրում է», որ աղջիկը «շլյապա դնի»:

Խախտվել է Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածը՝  ազատ ընտրական իրավունքը

Կիվիրյանը հիշեցրեց, որ այս հոդվածը սահմանում է, որ «ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին»:

«Այսինքն՝ տվյալ դեպքում ուղղակիորեն տեղի է  ունեցել ազատ ընտրության իրավունքի խախտում»,- ընդգծում է Արամազդ Կիվիրյանը:

Առկա է Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմաված առերևույթ հանցագործությա հատկանիշ

Ձայանագրությունն, ըստ Կիվիրյանի, պարունակում է նաև Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ: Այս հոդվածը վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն: Մասնավորապես՝ ըստ այդ հոդվածի՝ քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել  է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

«Մենք ձայանագրության մեջ լսում ենք, թե ինչպես են  սպառնում, որ օրինակ աշխատանքից կազատեն: Այսինքն՝ անձը փաստացի նաև նյութական վնաս է կրելու»,- ընդգծում է Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ, դիմելով, օրինակ Անահիտ Բալյանին՝ հանդիպման վարողն ասում է `«Քաղաքում ես ապրում, բա էդ քո ծանոթները չունե՞ն ծանոթներ, ընկերներ, խի՞ չես ուզում բերես: Որովհետեւ էսօր մենք Արաբկիրում, Աջափնյակում ունենք աջակիցներ, ովքեր մեզ օգնում են, ու չեմ կարծում՝ էդ նույն գործը չկարանան անել, ինչ դուք եք անում: Եթե դուք էդ ձևի եք մոտենում, մենք էլ էն մարդկանց կընդունենք աշխատանքի, ովքեր կկարողանան մեզ օգնել: Այ էս զրոն քո անունի դիմաց գրված է, մի կարծի, որ էսի անցավ-գնաց: Տենց չի, ամեն ինչ փոխադարձ է էս կյանքում»:

Դիմելով Գոհար Ավետիսյանին, ով նույնպես որևէ ձայն չի «բերել», վարողն ասում  է`« Հը՞, դե՞մ ես մեզ, Գոհար...Էտի ամենահեշտ պատասխանն ա՝ ռայոնից եմ: Ոչինչ, կապ չունի, կեթաս, վիզ կդնես, կբերես, կեթաս կհամոզես, ծանոթներ կգտնես, ընկերներ կգտես, եթե մենք 100 հոգու մեջից քեզ ենք ընտրել գործի, ուրեմն ինչ-որ պատասխանատվությոն պիտի վերցնես»: Թե չէ գիտես` ինչքան մարդ, որ հենց վաղվանից կարա գա, էդ գործի վրա աշխատի, էտի դու պիտի գիտակցենս»: 

Խախտվում են  նաև աշխատանքային օրենսդրության նորմերը

«Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, թե որ դեպքում աշխատողը կարող է ազատվել աշխատանքից: Տվյալ դեպքում աշխատողի նկատմամբ ազատման սպառնալիք է հնչում զուտ այն հիմնավորմամբ, որ զրո ձայն է բերել,  իր բարեկամներին չի համոզել, որ մասնակցեն ընտրությանն ու քվեարկեն իրենց թեկնածուին»,- նկատում է Արամազդ Կիվիրյանը:

Առկա է նաև Քրեական օրենսգրքի 154.2  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք

Կիվիրյանը հիշեցրեց, որ ըստ այս հոդվածի`«Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկից երկուհազար հինգ հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

Ձայնագրության մեջ բացահայտ է նաև ընտրակաշառք տալու խոստումը

Փաստաբանը հիշեցնում է, որ վարողը խոստանում է աշխատողներից ամենաշատ ձայն բերած անձին ուղարկել «սիրո քաղաք» Փարիզ:

Նշենք, որ ձայնագրության մեկ այլ հատվածում էլ վարողը ասում է բառացիորեն հետևյալը «Էն մարդիկ որոնք կբերեն ձայներ, կընդունցեն որպես ակտիվիստ, կստանան  գումարներ, ընտրողները նույնպես, այսինքն՝ սա աշխատանք է, որ անում են մարդիկ,վարձատրվում են դրա դիմաց, բայց դա երկրորդ մասն ա էլի հարցի»:

Խախտվել են աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքները

Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է օրինական դաշտում գործատու- աշխատող հարաբերությունները: Կիվիրյանը, խոսելով աշխատանքային օրենսգրքի սկզբունքների մասին՝ ընդգծում է, որ այդ սկբունքներից մեկն այն է, որ աշխատողը բացառապես կատարում է աշխատանքային պայմանագրով առկա իր աշխատանքային պարտականությունները, ունի իրավունքներ  և գործատուն  չի կարող նրան ստիպել մասնակից դառնալ  անօրինական գործողությունների:

«Այսինքն՝ աշխատանքային օրենսդրությունը սահմանում է համապատասխան սկզբունքներ՝ աշխատանքի ազատությունը,  աշխատանքի իրավունքը, ցանկացած բնույթի,  ձևի հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը»,- նշում է Կիվիրյանը, բայց նաև հավելում, որ տվյալ դեպքում ՍԱՍ-ի աշխատողների` ցուցակներ կազմելը  հարկադիր աշխատանք չէ, այլ անօրինական գործողություն, և եթե աշխատողը ներգրավվում է անօրինական գործողությունների մեջ, դրան քրեաիրավական գնահատական պետք է տրվի:

Առկա է  նաև Վարչական իրավախախտման մասին օրենսգրքի նորմի առերևույթ խախտում

Մասնավորապես՝ Կիվիրյանը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 40.10 հոդվածը սահմանում է թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), որն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:

Ի՞նչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել  այս ձայնագրությունը

Կիվիրյանի խոսքով`այս ձայնագրությունն ապացույց է այն մասին, թե ինչպես են Հայաստանում անցկացվում ընտրությունները: «Իհարկե սա նորություն չէր, չեմ կարծում, որ շատերը զարմացան, ուղղակի այս դեպքում կոնկրետ խախտման վերաբերյալ նաև ի հայտ եկավ ապացույց: Ապացույց ոչ միայն այն մասին, թե ինչպես են անցնում ընտրություններն, այլ նաև, թե որոշ գործատուներ ինչպես են  վերաբերում իրենց աշխատողներին»,- ընդգծում է Կիվիրյանն ու հավելում, որ որոշ գործատուների համար, փաստորեն, աշխատողները ձայն բերող  անձինք ենք, ովքեր կրում են նաև ձայն բերելու պարտականություն: Փաստաբանը նկատում է, որ ձայն չբերելու դեպքում նաև աշխատողներից ոմանք նկատմամբ սպառնալիքներ են հնչել:

Մասնավորապես`խոսքն այն մասին է, որ դիմելով ձայն չբերած աշխատողներից մեկին,  հավաքի վարողն ասում է, որ եթե ինքն իրենց հետ այդպես է վարվում, իրենց  հինգ անգամ ավելի վատ կլինեն:

Ըստ փաստաբանի`այս ձաայնագրության մեջ առկա երևույթները պետք է որակել քրեաիրավական տեսանկյունից և  ընտրական օրենսգրքի  տեանակյունից, այսինքն`պարզել, թե որքանով է այս պրոցեսն ազդել ընտրական գործընթացի վրա, և արդյոք հիմքեր չկա՞ն, օրինակ անձանց ընտրական իրավունքի խախտման մասով համապատասխան պահանջ ներկայացնելու ու ընտրությունները  վիճարկելու քայլեր ձեռնարկելու համար:

«Ես կարծում եմ, որ համապատասխան իրավասու մարմինները պիտի  գնահատական տան, պետք է լինի  ընդհուպ քրեական գործի  հարուցում, կոնկրետ անձինք պետք է պատասխանատվության ենթարկել,  ու արձանագրվի ազատ ընտրական իրավունքի խախտման փաստը»,- ասում է Կիվիրյանը:

Այս ձայնագրությունը, ըստ փաստաբանի,  հիմք է, որպեսզի  համապատասխան շահագրգիռ անձինք Սահմանադրական դատարանում վիճարկեն ընտրությունների գործընթացը: Նշենք, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը երեկ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով դիմել է Սահմանդրական դատարան՝ դրան կցելով նաև վերը նշված ձայնագրությունը:

Ի դեպ, ուշագրավ է նաև ձայնագրության «կուլմինացիան»: Այն ժամանակ, երբ հավաքն ավարտվում էր, հանկարծ մասնակից մի աղջիկ, ով ամենայն հավանականությամբ ամբողջ ընթացքում սպասելիս է եղել իր անուն ազգանունն ընթերցելուն, պոռթկում է: Պարզվում է՝ վերջինս ներկա գտնվող անձանցից ամենաշատ ձայներ «բերողներից է», մինչդեռ անունը ցուցակում չկա:

«Ես այդքան աշխատել եմ, 60 ձայն եմ բերել, ու իմ անունը չկարդացիք»,- հուզված ասում է աղջիկը: Ամեն ինչ, սակայն, «բարեհաջող» է ավարտվում. նրա բերած ձայները հաշվի են առնվում, միայն վարողը հորդորում է 60-ը «կլորոցնել»  ու դարձնել  65:

Մեկնաբանություններ (2)

Տիգրան
Գիքոր Բ 2017 կամ 2017-ի Գիքորները
Nairi Uratatsi
Այդ երևույթի մեկնաբանությունը մեկն է՝ ներկա վարչակարգը հենված է հանցագործ տարրերի վրա, հետևաբար գլխավոր հանցագործը ՀՀ իշխանությունն է՝ վերից վար իր անդեմ չինովնիկներով: Նա ով պիտի բանտում լինի՝ դուրսն է, իսկ առաքինի մարդիկ կեղծ մեղադրանքներով գտնվում են բանտերում՝ համալրելով քաղբանտարկյալների շարքերը: Սրանց հոտից ու գարշահոտությունից ազգս նոսրանում է, բոլորը քթները բռանած արտագաղթում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter