HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Կանաչ» նախագծերի իրականացումը Շիրակի մարզում միտված է աղքատության նվազեցմանը

Գյումրիում «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնը» հիմնադրվել է 2016թ-ի մարտ ամսին: Այն վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության ոլորտում մասնագիտացված նոր հիմնադրամ է, որի հիմքում ընկած է իր հիմնադիր գործընկերների մասնակցությամբ Հայաստանում՝ մասնավորապես Շիրակի մարզում, «կանաչ» նախագծերի իրականացման փորձը:

Կենտրոնը ստեղծվել է «Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման» ծրագրի, «Շիրակի մարզում վերականգնվող էներգիայի բազմագործառույթ համակարգերի եւ «կանաչ» եկամտի աղբյուրների խթանումով մեղմելու գյուղական բնակչության եւ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական դժվարությունները» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

«Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման» ծրագրի իրականացմանը մասնակցում են հինգ համագործակից կազմակերպություններ՝ ավստրիական «Հիլսֆերկ Ավստրիա Ինթերնեշնլը», «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամը, «Երրորդ բնություն» հկ, «Բիոսոֆիա» ՀԿ եւ «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ն: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Շիրակի մարզում աղքատության նվազմանը»,- պարզաբանում է «Բիոսոֆիա» ՀԿ-ի ղեկավար, ծրագրի համայնքային կազմակերպիչ Գեւորգ Պետրոսյանը:

Գեւորգ Պետրոսյանը

Երկու տարի առաջ սկսված եւ ապրիլի 30-ին ավարտվող ծրագրի նպատակն է Շիրակի մարզում վերականգնվող էներգիայի հիման վրա ստեղծել կայուն զարգացման հասանելի եւ գործնական պայմաններ: Ընտրված 23 համայնքում ներդրվել են վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաներ (օրինակ, կենսագազի ստացման, արեւային էնեգիայով ոռոգման եւ ջրի թորման համակարգեր)՝ հանրային եւ մասնավոր օգտագործման համար, ինչպես նաեւ եկամտի աղբյուր հանդիսացող «կանաչ» օբյեկտներ (օրինակ՝ արեւային օդատաքացուցիչով կամ ջրատաքացուցիչով ջեռուցվող ջերմոց):

«Ծրագրի սկզբում 7 համայնքում հիմնել ենք ցուցադրական արտադրամասեր: Համայնքներն ընտրվել են վաղօրոք կատարված ուսումնասիրությունների հիման վրա՝ պահանջարկից դուրս գալով, այսինքն նախ կատարել ենք կարիքների գնահատում: Հարկ էր նաեւ հասկանալ, թե տվյալ համայնքը որքանով է պատրաստ այդ ծրագիրը հետագայում զարգացնելու,- ասում է Գեւորգ Պետրոսյանը,- հետո արդեն հայտարարել ենք դրամաշնորհների մասին: 23 համայնք է դիմել, որից 15-ը մեր ծրագրի շրջանակներում ֆինանսնավորվել են: Ընդհանուր բյուջեն բոլոր այս ծրագրերի կազմել է 62 հազար եվրո, այսինքն՝ միջինը ամեն մի ծրագիրը 4-5 հազար եվրոյի շրջանակներում է եղել»:

Ռաֆայել Մխիթարյանը

«Կանաչ էներգիան հանուն Շիրակի մարզում «կանաչ» սոցիալ-տնտեսական առաջնըթացի» ծրագրի համայնքային կազմակերպիչ Ռաֆայել Մխիթարյանը թվարկում է այն գյուղական համայնքները, որտեղ երկու տարվա ընթացքում ներդրվել են «կանաչ» տեխնոլոգիաները.

  1. Պեմզաշենում իրականացվել է բազմաբնակարան շենքի ընդհանուր տարածքների ջերմամեկուսացում,

  2. Աշոցքում մանկապարտեզի տաք ջրամատակարարման եւ ջեռուցման արեւային եւ ֆոտովոլտային համակցված համակարգ է տեղադրվել,

  3. Բյուրակնի համայնքային կենտրոնում էլ տեղադրվել է արեւային չորանոցի, տաք ջրամատակարարման եւ ջեռուցման արեւային եւ ֆոտովոլտային համակցված համակարգ,

  4. Բասենում այլ կանաչ տեխնոլոգիաների, ինչպես օրինակ ջերմոցի ջեռուցման համակարգ եւ մանկապարտեզում ջրի արեւային ջրատաքացուցիների համալրող բիոգազի համակարգն է գործում,

  1. Գուսանագյուղում ֆոտովոլտային համակարգի տեղադրումով ջրի պոմպի եւ ոռոգման ցանցի շահագործումն է ապահովվել,

  2. Թորոսգյուղում՝ արեւային պոմպ, ջրհորից ոռոգման ջրի ստացում եւ մրգերի չորացման համար նախատեսված արեւային ջրատաքացուցիչ եւ չորանոց,

  3. Քեթի, Փոքրաշեն, Ալվար, Սարագյուղ համայնքներում էներգաարդյունավետ լամպերով փողոցային լուսավորության համակարգերի արդիականացում է կատարվել,

  4. Ախուրյանի «Առաջին քայլեր» նախակրթարանում կառուցվել է արեւային ջրատաքացուցիչ եւ ֆոտովոլտային համակարգ:

«Չորս ծրագիր իրականացվել է Գյումրիում, գյուղական համայնքներ էլ կան, որտեղ մեկից ավելի ծրագիր է ներդրվել՝ այսինքն առաջին ծրագրի հաջողությունից ոգեւորված մարդիկ ցանկացել են շարունակել ու դրա փայլուն օրինակը մարզում Բասեն գյուղն է»,-ասում է Ռաֆայել Մխիթարյանը:

Իրականում Շիրակի մարզում նմանատիպ ծրագրեր տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվել են ավելի վաղ՝ 2009թ-ից: «Արթիկում, հենց այդ տարում, մարզում եւ հանրապետությունում առաջին անգամ «Երրորդ բնություն» ՀԿ-ն բազմաբնակարան շենքի տանիքին կառուցեց արեւային ջրատաքացուցիչ, հետո 2012 թ-ին Շաղիկ համայնքում կառուցվեց հանրային բաղնիք արեւային վերականգնվող էներգիայով, բավականին շատ ծրագրեր արվել է «Ֆերտի» կազմակերպության կողմից Գյումրիում եւ իհարկե ամենահայտնին Բասենում իրականացված ծրագրերն են:- նկատում է Գեւորգ Պետրոսյանը,- Վերը թվարկած բոլոր կազմակերպություներն էլ, կարելի է ասել, նախկինում ունեցել են փորձ վերականգնվող էներգետիկայի բնագավառում, եւ հիմա մենք փորձել ենք մեկտեղել այդ նախկինում եղած փորձը, որ ավելի մեծ արդյունքի հասնենք»:

Արեւային ջրատաքացուցիչ եւ չորանոց

Ծրագրի համայնքային կազմակերպիչներն ասում են, թե իրենց նպատակը, երբ սկսում էին վերականգնվող էներգիայով տեխնոլոգիաների ներդրումը, մարզային մակարդակով վարվող քաղաքականության օրակարգ մտցնելն էր: «Բայց մեր բախտը, կարելի է ասել, մի քիչ ավելի շատ բերեց. այն արդեն մտած է ոչ միան Շիրակի մարզի, այլ ընդհանրապես հանրապետության կառավարության օրակարգ ու դարձել է հիմնական ուղղություններից մեկը, որ ցանկանում են հենց պետական մակարդակով զարգացնել: Իհարկե, երկու տարի առաջ մենք չէինք էլ կարող ենթադրել, որ նման շրջադարձ կկատարվի երկրում դեպի կանաչ էներգիան»,- ծիծաղելով նկատում է Գեւորգ Պետրոսյանը:

Գյումրիում կենտրոնի հիմնումը ծրագրի շրջանակում տեղադրված սարքավորումների հետ կապված հետագա սպասարկում ապահովելու նպատակն է հետապնդում: Բակում ցուցադրական նմուշների առկայությունը նման համակարգերի տեղադրմամբ շահագրգիռ անձանց, կազմակերպությունների ու զանազան ընկերությունների համար տեղում խորհրդատվություն անցկացնելու հնարավորություն է ընձեռում:

«Կանաչ էներգիայի» վերաբերյալ իրազեկության մակարդակը շատ ցածր է: Ցածր է նաեւ տեղական իշխանությունների, ՔՀԿ-ների եւ ընդհանրապես քաղաքացիների գիտելիքների մակարդակը՝ առ այն, թե ինչպես դրա կիրառությամբ կարող են լուծել առկա սոցիալ-տնտեսական խնդիրները,- ասում է Ռաֆայել Մխիթարյանը,- տեսեք, ուսումնասիությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր ընտանիքի համար, միջին հաշվով, օրական անհրաժեշտ է 120-140 լիտր կենցաղային ջուր: Այդ պահանջարկը կարելի է ապահովել առանց հանածո վառելիքի այրման եւ ջերմոցային գազերի արտանետման՝ տեղադրելով 2-4 մ մակերեսով արեւային ջրատաքացուցիչներով աշխատող համակարգ»:

Ռաֆայել Մխիթարյանը պնդում է, որ նման համակարգի տեղադրումով կարելի է տարեկան խնայել 50-100 հազար դրամ (բնական գազի դեպքում) եւ 110-220 հազար դրամ (էլեկտրաէներգիայի դեպքում): Արեւային կոլեկտորները լինում են հարթ եւ վաուկումային խողովակներով, տարբերվում են չափերով եւ կոնստրուկցիայով, տեխնիկական ցուցանիշներով, ծառայության ժամկետներով եւ արժեքով: Ներկա սակագներով այսպիսի համակարգերի ետգնման ժամկետները 2,5-5 տարի է:

Մեկնաբանություններ (3)

Մարինա
Հարգելի Աշոտ Կարապետյան, խոսքը գնում է աղքատության նվազեցման ու սոցիալ-տնտեսական որոշակի խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակի մասին, այլ ոչ թե աղքատության վերացման։ Աղքատության վերացումը շատ լուրջ պետական մոտեցում պահանջող խնդիր է, որն առաջին հերթին ենթադրում է աշխատատեղերի ստեղծում, մանր ու միջին բիզնեսի զարգացում և այլն (ինձանից լավ գիտեք դրանք) ․․․ և բնականաբար հնարավոր չէ այդ հիմնախնդիրը վերացնել ընդամենը վերականգնվող էներգիայով համակարգերի ներդրման շնորհիվ։ Իսկ նման կազմակերպությունների գործունեությունը շատ ողջունելի է, քանզի նմանատիպ ծրագրերը միայն նպաստում են աղքատ համայնքների սոցիալական կարիքների, ինչպես նաև օրեցօր ահագնացող բնապահպանական խնդիրների մեղմմանը։
Աշ
Շատ լավ է
Համլետ
Շատ լավ ծրագիր է, ինչքան շատ լինեն նման ծրագրերը այնքան Շիրակի մարզը կզարգանա և կնպաստի աղքատության նվազեցմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter