HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ծառայությունների ոլորտն ու խաղատների ուժը

Հայաստանի ծառայությունների ոլորտում վերջին տարիներին ծավալների աճ է գրանցվում, հիմնականում՝ չորս ենթաոլորտների հաշվին։ 2016 թվականին ոլորտի ընդհանուր ծավալն ընթացիկ գներով կազմել է շուրջ 1,3 տրլն դրամ։ 2015 թվականի համեմատ այն 7,1%-ով աճել է։ «Փակագծերը» բացելուց հետո համոզվում ենք, որ աճի գլխավոր աղբյուրներից մեկը խաղատներն են։ Իսկ, ընդհանուր առմամբ, ծառայությունների ոլորտի կառուցվածքում ուշագրավ փոփոխություն է տեղի ունեցել։ 

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) նախնական տվյալների՝ ծառայությունների ոլորտը նախորդ տարի ապահովել է Հայաստանի համախառն ներքին արդյունքի  (ՀՆԱ)  25%-ը։ Այս ցուցանիշում ներառված չէ առևտուրը։  Վերջին տարիներին, ըստ ԱՎԾ բազայի, ունեցել ենք հետևյալ պատկերը. 

Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ

 

Պատկերն ավելի հետաքրքիր է դառնում, երբ դիտարկում ենք ծառայությունների ոլորտն՝ ըստ ենթաոլորտների։  Այսօրվա դրությամբ «գերիշխում են» չորս ենթաոլորտներ՝ տեղեկատվության և կապի ծառայությունները, մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունները, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը և տրանսպորտի ծառայությունները։

Բացի մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունների ոլորտից, մնացած երեքը տարիներ առաջ էլ իրենց կշռով մեծ տեղ են զբաղեցրել ծառայությունների կազմում։ Երեքի առումով էլ այս ընթացքում շրջանառության ծավալների դինամիկ աճ է գրանցվել։

Իսկ մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունների ոլորտի ցուցանիշներն ավելի ուշագրավ են։ Ստորեւ ներկայացված ինֆոգրաֆիկայում մեկտեղել ենք ծառայությունների ցուցանիշները՝ ըստ ենթաոլորտների։ Այստեղ երևում է, որ նշված ենթաոլորտը ամենաարագ տեմպերով է աճել։ Հատկապես «տպավորիչ» են 2014-2016 թթ. ցուցանիշները։ 

Միայն  2016 թվականին «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տողով ծառայությունների ծավալներն աճել են  22,2%-ով (վիճծառայությունը դինամիկան հաշվարկում է ըստ համադրելի գների): «Տեղեկատվություն և կապ» տողով աճը կազմել է  0,2%, «տրանսպորտ»-ը՝ 17,9%, «ֆինանսական և ապահովագրական գործունեություն»-ը՝ 3,9%:

Իրենց ունեցած կշռով այս չորս ոլորտների աճն էլ հենց վճռորոշ ազդեցություն է ունեցել ծառայությունների ոլորտի ծավալների վրա։ Համեմատաբար զգալի կշիռ ունի նաև կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը, որի շրջանառությունն աճել է 0,1%-ով, կրթության ոլորտի աճը՝ 4,8%, վարչարարական և օժանդակ գործունեության (ձեռնարկատիրական գործ.,  վարձույթ և լիզինգ և այլն) ոլորտը՝ 2,7%  աճ, գիտության (մասնագիտական, գիտական և տեխնիկական գործ.) ոլորտում գրանցվել է 2,9% անկում։ 

Ինֆոգրաֆիկայում տվյալները ներկայացված են ընթացիկ գներով, իսկ դինամիկան՝ աճը կամ նվազումը, ԱՎԾ-ն հաշվարկում  է ըստ նախորդ տարվա համադրելի գների։ 

Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ

ԱՎԾ բազայում տվյալները ներկայացված են 2009 թվականից սկսած

 

Գրանցված փոփոխությունների արդյունքում տարիների ընթացքում ծառայությունների ոլորտի կառուցվածքը փոփոխվել է։ Նախկինում գերիշխող ոլորտների կշիռը կրճատվել է։ Փոխարենը դիրքերն է ամրապնդել մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունների ոլորտը։ Այսպես, եթե 2009 թվականին այս ոլորտին բաժին էր ընկնում ծառայությունների ոլորտի ընդհանուր ծավալի ընդամենը 3,4%-ը, ապա 2016-ին՝ 18,7%-ը։ Հաջորդ ինֆոգրաֆիկայում ցույց է տրված ենթաոլորտների ունեցած կշիռը։

Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ

Ու քանի որ մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունների ոլորտն առաջատար է, փորձենք հասկանալ, թե ինչի հաշվին է այն առաջ մղվում։ Նախկինում էլ առիթ ենք ունեցել գրելու, որ այս ոլորտում է ներառված շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը, այն է՝ խաղատներն ու բուքմեյքերական ընկերությունները, և որ նրանց դերը մեծ է այստեղ, հատկապես՝ խաղատներինը։ 

Խաղատների ուժը

Ըստ վիճծառայության պարզաբանման՝ «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տողով ներկայացվում են ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեությունը, գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեությունը, շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը, սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում գործունեությունը։ Թե նշվածներից որը որքան շրջանառություն ունի, ԱՎԾ-ն չի մանրամասնում։  Փոխարենը, այլ հայտարարություններ և տվյալներ համադրելով, կարող ենք որոշ եզրահագումներ անել։ 

Այսպես, դեռևս 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարել է, որ Հայաստանում, իրենց դիտարկմամբ, ծառայությունների ոլորտում աճը գրանցվում է խաղատների հաշվին։ Սա միանգամից որպես տրամաբանական հայտարարություն ընկալվեց, քանի որ ցանկացած շարքային քաղաքացի գիտի և տեսնում է, որ մշակութային կյանքը Հայաստանում այդ տեմպերով չի զարգանում, հետևաբար խաղատների դերն է մեծ։   

Ըստ ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկության՝ այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանում լիցենզավորված է 6 խաղատուն, որից 4-ը գտնվում է Ծաղկաձորում, 1-ը՝ Երևան-Աբովյան խճուղում,  1-ն էլ՝ Մեղրիում։ Այսինքն՝ 5-ը Կոտայքի մարզում են։ 

Ծաղկաձորում գտնվող 2-ն, ի դեպ, վերջերին ամիսներին են լիցենզիա ստացել։ Իսկ մնացած չորսը՝ 2014 թվականին։ Բացի այդ երկուսից, մնացած չորս խաղատներն են՝ «Շանգրի Լա Երևան»-ը (գյուղ Վերին Պտղնի, Երևան-Աբովյան խճուղի), Ծաղկաձորում գտնվող «Ռոյալ»-ն ու «Սենատոր»-ը, մյուսը՝ Մեղրի քաղաքում գտնվող խաղատունը, որը շահագործում է «Լիմոն Գեյմս» ընկերությունը։   

Այս խաղատներից մայրաքաղաքին ամենամոտն ու ամենախոշորը «Շանգրի Լա Երևան»-ն է, որը պատկանում է «Օնիրա Քլաբ» ընկերությանը։ Այս ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

«Օնիրա Քլաբ»-ը շահագործում է նաև «Մուլտի Գրանդ Հոթել» հյուրանոցը, «Փարավոն» համալիրը, որոնց հարևանությամբ էլ գտնվում է խաղատունը։ Ինչպես նշեցինք, «Օնիրա Քլաբ»-ը և մյուս երեք ընկերությունները  խաղատան համար լիցենզիան ստացել են 2014 թվականին։ Հետևաբար, ենթադրվում է, որ սկսել են գործել հենց այդ տարվանից։ Իսկ մինչ այդ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում 2013-ի տարեվերջից սկսած Հայաստանում խաղատների թիվը կրճատվեց։ Օրենքի նոր փոփոխությամբ արգելվեց Երևանում խաղատների գործունեությունը։ «Շանգրի Լա Երևան»-ի բացումը նոր «շունչ» տվեց Հայաստանում խաղատների ոլորտին։ Եվ դժվար թե պատահականություն լինի այն, որ մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունների ոլորտի աճի տեմպերն էլ արագացան հենց 2014 թվականից։ 

Մեկ այլ ցուցանիշ ևս վկայում է այն մասին, որ խաղատները «աշխուժություն» են մտցրել ծառայությունների ոլորտում։ ԱՎԾ-ի նույն բազայից ստանում ենք նաև ծառայությունների ծավալի վերաբերյալ ցուցանիշները՝ ըստ տարիների և ՀՀ մարզերի։ 

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում ծառայությունների  ընդհանուր ծավալն է՝ ըստ մարզերի և Երևանի, որտեղ երևում է, որ ոլորտի առյուծի բաժինն ապահովում է Երևանը։ Հաջորդում է Կոտայքի մարզը, ընդ որում՝ մյուս մարզերի համեմատ մեծ տարբերությամբ։ Իսկ խաղատները, ինչպես նշեցինք, գտնվում են Կոտայքի մարզում, այդ թվում ՝ «Շանգրի Լա Երևան»-ը։

Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ

Իսկ մասնավորապես մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունների ոլորտը գրեթե ամբողջությամբ ապահովում են Երևանն ու Կոտայքը։ Ուշագրավ է  հատկապես այն, որ Կոտայքում այս ոլորտը կենդանացել է 2014  թվականից, ինչն, անկասկած, պայմանավորված է խաղատների գործունեությամբ։  Երևանում ևս այս ոլորտի շրջանառությունն աճել է։ Ու թեև մայրաքաղաքում էլ բուքմեյքերական ընկերություններն են հաստատել իրենց դիրքերը, պնդել, թե միայն դրանց հաշվին է աճը գրանցվել, չենք կարող։  Սակայն այդ ընկերությունները ևս ակտիվ դեր ունեն այս ոլորտում։  

Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ

Այսպիսով,  մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունների ենթաոլորտի դերը Հայաստանի ծառայությունների ոլորտում աճել է վերջին տարիներին և սկսել էական ազդեցություն ունենալ։ Իսկ հենց ենթաոլորտի ծավալների աճի վրա խաղատները մեծ դեր ունեցել, ինչի մասին է վկայում նաև պաշտոնական վիճակագրությունը։

Այս պատկերը շարունակվում է նաև այսօր։ Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում ծառայությունների ծավալը կազմել է 194,2 մլրդ դրամ, որի աճը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 11,1% է: «Միայն մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տողով ապահովվել է ավելի քան 41 մլրդ դրամ՝ 15,7% աճով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter