Հացիկի ավագանին դիմել է կառավարություն. գյուղացին չի կարողանում վճարել պարարտանյութի համար
Արմավիրի մարզի Հացիկ համայնքում հիմնականում զբաղվում են պտղատու այգիների մշակությամբ: Գյուղում ջերմոցային տնտեսությունները զարգացած չեն, քիչ են նաև բանջարաբոստանային կուլտուրաներ մշակողները: Նախորդ տարվա գարնան ցրտահարության հետևանքով 90-100%-ով վնասվել են համայնքի պտղատու այգիները: Այսօր գյուղացին հող մշակելու համար գումար չունի, քանի որ նախորդ տարի եկամուտ չի ստացել:
Կառավարության աջակցությամբ գյուղացիական տնտեսություններին հատկացվում է մատչելի գներով ազոտական պարարտանյութ: Սակայն, պարտադիր պայման է, որ վճարումը կատարվի կանխիկ: Հացիկում գյուղացիների մի մասը պարտքով գնել է ազոտական պարարտանյութը, իսկ մի մասը վճարունակ չէ:
Հացիկ համայնքի ավագանին մարտի 27-ին որոշում է կայացրել դիմել կառավարություն՝ խնդրելով վերջինիս ազոտական պարարտանյութի համար վճարումը հետաձգել հունիս ամսին:
Հացիկի համայնքապետ Արթուր Եղիազարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կառավարությանն ուղղված գրությունն ուղարկել են Արմավիրի մարզպետարան: Այնտեղից ասել են, որ օրեր առաջ այն ուղարկվել է կառավարություն:
Համայնքապետը տեղեկացրեց, որ 6000 դրամ արժեքով 1100 պարկի համար գյուղացիները վճարել ու ստացել են պարարտանյութ, 500 պարկի համար արդեն վճարվել է և սպասում են, որ պարարտանյութը բերեն: Կառավարությանը դիմել են եւս մոտ 400 պարկի համար, որ «մարդկանց ձեռք բռնեն, որպեսզի մինչև հունիս վճարեն»:
Արթուր Եղիազարյանի խոսքերով՝ այս ամիսներին Հացիկի գյուղացին վաճառելու ապրանք չունի, դրա համար էլ դժվարանում են կանխիկ վճարել:
«Մերը պտղատու գյուղ է, վաճառքը սկսվում է ծիրանից, դեղձից, խաղողից»,-ասում է համայնքապետը:
Նա տեղեկացրեց, որ պտղատու այգիներն անհրաժեշտ է հիմա պարարտացնել, որպեսզի արդյունք ունենան, հակառակ դեպքում պարարտանյութն օգուտ չի տա:
«Բանջարաբոստանային կուլտուրաներին կարող են տալ նաև մայիս-հունիս ամիսներին, չի խանգարում, բայց ծառերը հիմա է պետք պարարտացնել»,-հավելեց համայնքապետը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել