HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ քաղաքացի. «17 տարվա անդիպլոմ իրավաբան եմ»

Կապանի բնակիչ, Կապանի ավտոնորոգման գործարանի երբեմնի աշխատակից Արամ Դավթյանը խմբագրություն էր եկել քրեական ու քաղաքացիական մի քանի գործերի նյութերով` պատմելով իր իրավունքների տևական խախտումների մասին:

Մասնագիտությամբ մեխանիկն այնքան լավ էր տարբերում նոր ու նոր երևան եկած հանգամանքները, իրավաբանական լեզվով շարադրում ասելիքը, որ թվաց` իսկապես իրավաբանական կրթությամբ քաղաքացու հետ եմ զրուցում:

Հարցրեցի` իրավաբա՞ն եք: «17 տարվա անդիպլոմ իրավաբան եմ... ինքս ինձ իրավապահներից պաշտպանելու, դատական սխալները վեր հանելու ճանապարհին առանց դիպլոմի իրավաբան եմ ինձ զգում»,- ասաց Արամը, ով 2017-ին է վերադարձել ազատազրկման վայրից` 6 տարվա ազատազրկումից հետո:

Այսօր «Դավթյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գանգատը գտնվում է ՄԻ Եվրոպական դատարանում: ՀՀ քաղաքացին գանգատում նշել է, որ ներպետական  դատարանները խախտել են արդար դատաքննության իր իրավունքը` Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, պետությունը խախտել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածը:

Մասնավորապես, ըստ գանգատում ներկայացված փաստերի, անձը 2011-13 թթ-ին գտնվելով ազատազրկման վայրում` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, պահվել է անմարդկային պայմաններում: Դավթյանը նշեց, որ ՄԻԵԴ-ից ստացել է պատասխան. այն վարույթ է ընդունվել:

«Մոտ 20 քառակուսի մետր տարածքում 2 հարկով 12 մահճակալ կար: Խուցը մշտապես լեփլեցուն էր` միջինը 18 կալանավոր...մահճակալները բոլորին չէր հասնում և մեծ մասամբ քնում կամ հանգստանում էին հերթով: Հիգիենան զարհուրելի էր, օդափոխման համար պատուհանը նախատեսվածից փոքր է, և ես հաճախ ունենում էի շնչահեղձության նոպաներ: Զուգարանից գարշահոտություն էր տարածվում: Սնունդն անորակ ու փչացած էր, այդ պատճառով սնվում էի միայն հարազատներիս ուղարկած սննդով»,- կարդում ենք Արամ Դավթյանի ՄԻԵԴ ուղարկած գանգատի մեջ:

«Հետքին» դիմած քաղաքացին պատմեց, որ ամեն ինչ սկսվել է դեռևս 17 տարի առաջ` 2000 թ.-ին, երբ առաջին անգամ առնչվել է իրավապահ համակարգի հետ: Իսկ պատճառը Արցախի ազատագրված տարածքներից Կապան տեղափոխված 15 թանկարժեք ջերմաքարշեր են եղել, որոնք ինքն, ըստ կնքված պայմանագրի, պիտի տեղափոխեր Երևան: «Ու հանկարծ ինձ մեղադրեցին: Անունը դրեցին խարդախություն, յուրացում ու տարան Գարիսի բանտ»:

Այս գործով Դավթյանն արդարացվել է, սակայն, իր պատմելով, վերադարձել է ապօրինի կալանքից ու հայտնաբերել, որ ջերմաքարշերը չկան: «Հետո իմացա, որ թանկարժեք ջերմաքարշերը ջրի գնով` հատը 10.000 ԱՄՆ դոլարով, վաճառել էին Իրանին: Պարզվեց, որ ջերմաքարշերի 100 կմ-անոց գիծն էլ են քանդել»: 17 տարի է` Արամ Դավթյանը փորձում է պարզել, թե ինչպես և ում թեթև ձեռքով է «փոշիացվել» թանկարժեք բարիքը:

Այդ ճանապարհին նրան մի քանի անգամ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել: Ըստ Դավթյանի` իրեն «պատժում» են բյուջե մուտքագրվելիք գումարների համար պայքարելու, դրանց տեղը մատնացույց անելու համար, իր բառերով ասած` քրեական հետապնդման միջոցով փորձում են լռեցնել:

Գալով իրեն մեղադրանքներ առաջադրելու թեմային` Արամ Դավթյանը նշեց, որ այս անգամ` 2017-ի սկզբին ազատազրկման վայրից դուրս գալով անգամ հանրապետության վարչապետին է գրել բյուջե մուտքագրվելիք 1 մլրդ գումարի գտնվելու վայրի մասին: Նա պնդում է, որ այդ գումարները կան, սակայն չկա կամք դրանք պետական բյուջե վերադարձնելու համար:

Դավթյանի ասելով, կա նաև այլ պատճառ իրեն «պատժելու»` իր ունեցվածքը խլելու, իրավապահների կողմից «տանիք» կանգնելու միտումը:  

Ծանաթանալով քրեական ու քաղաքացիական գործերի նյութերին` տեղեկանում ենք, որ Արամ Դավթյանը 2003-08 թթ.-ին աշխատել է «Մաժեստիկ» ՍՊԸ-ում, կատարել է տնօրենի, գլխավոր հաշվապահի ու գանձապահի պարտականությունները: Նա, հանդիսանալով հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչություն հաշվառված «Մաժեստիկ» ՍՊԸ տնօրենը, 2003- 2006 թթ. բնօգտագործման հաշվարկ հաշվետվությունները պակաս ցույց տալու եղանակով` խուսափել է պետական բյուջե վճարել առանձնապես խոշոր չափերի հասնող` ավելի քան 43 մլն դրամ հարկի և սոցիալական վճարի գումար: 2008-ին նրան մեղադրել են հարկերից չարամտորեն խուսափելու համար, ապա կարճել գործը:

2011-ին դարձյալ Արամ Դավթյանին մեղադրել են այս անգամ ընկերության պակասորդի համար, իր տնօրինած ընկերության գումարները` շուրջ 14 մլն դրամ յուրացնելու ու առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար: Վերջին մեղադրանքով նա դարձյալ արդարացվել է, իսկ յուրացման համար դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Արամ Դավթյանը, վերադառնալով ազատություն, փորձում է վերականգնել իր իրավունքները, դիմել է նաև բարոյական վնասի փոխհատուցման համար:  

«Տարօրինակն այն է, որ ինձ արդարացրել են առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, բայց պատժել յուրացման համար: Եթե չկա առաջինը, ինչպես կարող է լինել երկրորդը»,-ասում է Դավթյանը:

Այսօր ՀՀ քաղաքացին սպասում է Եվրոպական դատարանի որոշմանը, զուգահեռաբար արդեն մի քանի անգամ դիմել է Վճռաբեկ դատարան նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերջին քրեական գործը վերանայելու խնդրանքով, սակայն դեռ ապարդյուն:

Մեկնաբանություններ (2)

Հասմիկ Ա. Ա.
Հարգանքներս Արամ Դավթյանին: Եթե բոլորն այսպես պաշտպանեին իրենց իրավունքները.... Հավատում եմ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ հաղթանակին: ✌
Hasmik
Պր Դավթյանը պայքսրում է դատախազության դատարանների անգրագիտության դեմ բեսպրեդելի դեմ մենակ դատախազությունում այսպես կոչված դատախազները բամբասկոտ կնոջ նման միայն բամբասում են կամ վախեցնում չկարողանալով որևէ պատասխան գրել իսկ ինչ վերաբերվում է ջերմաքաշերին հենց դատախազության ակտիվ մասնակցությամբ կատարվեց ալան թալանը կտրտեցին մետաղի ջարդոն տարան Իրան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter