HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աղքատության ընտանեկան նպաստ՝ յուրայիններին

Սառա Պետրոսյան
Ալինա Օրդյան

Կոտայքի մարզի Բուժական գյուղում Աղքատության ընտանեկան նպաստ (ԱԸՆ) է ստանում 30 ընտանիք: Բուժականցիները բոլոր նպաստառուներին չեն ճանաչում, բայց գյուղի ամենաբազմազավակ՝ 5 անչափահաս երեխա ունեցող Բյուրեղ Գեւորգյանի ընտանիքին մատնացույց անելով գտնում են, որ անարդարություն է կատարվում: Այդ հարցում մեղադրում են համայնքապետին՝ ասելով, որ Բյուրեղ Գեւորգյանի ընտանիքի նպաստը դադարեցվել է միայն այն պատճառով, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում համայնքապետ Մանվել Դավթյանի կողմնակիցների թվում չեն եղել: Եվ տալիս են անուններ, որոնք նույն «հիմունքներով» զրկվել են նպաստից: Միաժամանակ, մատնացույց են անում նույն գյուղից Վաչիկ Գասպարյանի ընտանիքին, որը նրանց ասելով, անհամեմատ բարվոք վիճակում է, բայց նպաստ ստանում է, որովհետեւ համայնքապետի բարեկամն է: 

Բյուրեղ Գեւորգյանի 5 երեխաներից ավագի՝ 15-ամյա Սամվելի միակ երազանքը դպրոցն ավարտելն է: «Աշխատանք չկա, որ կարողանանք աշխատել երեխաներին պահել: Հող ունենք, ճիշտ է՝ ցանում ենք, բայց ջրի մեջ է, կրծողների դեմ չենք կարողանում պայքարել: Բուժումներով մի քիչ բերք ստանում ենք` կաղամբ, խնձոր, կարտոֆիլ, դրա մի մասը տանում ենք շուկա: Երեխեքը ոչ կոշիկ ունեն, ոչ հագուստ, անցած տարի անվճար դասագիրք էլ չհասավ: Գարնանը օրեր են եղել, որ ալյուր չենք ունեցել, ստիպված պարտք ենք վերցրել: Մարդիկ հինգ երեխայի դեպքում անհնար են համարում նպաստ չստանալը: Բայց մեզ էլ ասում են, եթե հինգ երեխա եք ունեցել, ուրեմն հնարավորություն էլ ունեք պահելու»,-ընտանիքի կարիքավորության մասին պատմում է տիկին Բյուրեղը: 

Ընտանիքին տրվող նպաստը դադարեցրել են մեկ տարի առաջ: Թե ինչու` Բյուրեղն ու ամուսինը` Մխիթարը, չգիտեն եւ զանազան ենթադրություններ են անում՝ «գյուղապետարանը տեղեկանքի մեջ չէր նշել, որ մենք կով ունենք...», «պատճառաբանում են, որ մորդ հարկի տակ ես ապրում» եւ այլն: Եղվարդի սոցիալական ծառայությունից մեր հարցումին պատասխանեցին, որ սոցապ նախարարության սոցիալական մոնիտորինգի վարչության հսկողության բաժինը ստուգումներ էր կատարել տարածքում եւ գտնելով, որ իրականությանը չեն համապատասխանում ընտանիքի կազմի եւ սեփականության մասին տվյալները, որի արդյունքում կատարվել է 92 հազար դրամի սխալ վճարում, դադարեցրել էր նրանց նպաստը: «Գեւորգյան Մխիթարի ընտանիքն ապրում է մոր՝ տանը, վարում է համատեղ տնտեսություն, որը 2002թ.-ին ունի 3 կով, 2 հորթ, սակայն 23.01.02թ.-ի տեղեկանքոմ նշված չեն», - պատճառաբանել էին նրանք: 

«Մենք կով չունեինք, մի տարի առաջ սկեսուրս էր տվել: Գյուղապետարանը տեղեկանքի մեջ չէր նշել, որովհետեւ փաստացի մերը չէր այն: Սկեսուրս մյուս տղայի հետ է ապրում, ոչ թե մեր, պարզապես տունը սկեսրայրիս անունով էր, որը մահացել է եւ մենք էլ չենք փոխել»: Այս ամենը Բյուրեղ եւ Մեխակ Գեւորգյանները պատմում էին Եղվարդի սոցիալական ծառայության պետ Սերգեյ Ասիրյանի ներկայությամբ, որին չէին ճանաչում: Ծառայության պետը ջանում էր ճշտել ընտանիքի հավելյալ եկամուտները՝ սկեսուրի նվիրաբերած կովից բացի ուրիշ ինչ ունեն, որ թաքցրել են սոցիալական ծառայությունից: Օրինակ, որքան եկամուտ կարող է ապահովել դռան ետեւում դրված էլեկտրական սղոցը, որը եթե մեր անակընկալ այցը չլիներ՝ հազիվ թե դռան ետեւում դրված լիներ կամ բակում կանգնած բեռնատարը, որի պիտանիության կամ ոչ պիտանիության մասին չխոսվեց: 

 Մինչեւ սոցծառայության պետի հետ Բուժական այցելելը մեկ անգամ արդեն եղել էինք նրանց, ինչպես նաեւ նույն գյուղի բնակիչ նպաստառու Վաչագան Գասպարյանի տանը եւ զրուցել ընտանիքի ավագի` 84-ամյա Աշխեն մայրիկի հետ: Համագյուղացիների կարծիքով նրանց ընտանիքը նպաստառու չէր կարող համարվել, քանի որ 7 կով ունեն, 2400մ տնամերձ, նաեւ սեփականաշնորհված հողամասեր: Իսկ որ ընտանիքը սոցիալական չափորոշիչների պահանջներին հակառակ նպաստ է ստանում, բուժականցիներից շատերը բացատրեցին նրանով, որ Վաչիկը գյուղապետի հորաքրոջ տղան է: «Վեց շունչ ենք: Սոված չենք մնացել դեռեւս, ծայրը ծայրին յոլլա ենք տանում»,-չգիտես ինչու մորը` Աշխեն մայրիկին ընտանիքի կազմից դուրս դնելով ասաց Վ. Գասպարյանը, այն դեպքում, երբ ընտանիքը իբրեւ նպաստառու հաշվառված է մոր անունով: Նա հայտնեց, որ նպաստը դադարեցրել են երկու ամիս առաջ: «Չգիտեմ ինչու կտրեցին, գնացել եմ սոցիալական ծառայություն, համակարգիչով իմ տվյալները նայել են, ասել են` քեզ նպաստ հասնում է: Պատճառաբանել են, թե «չեպե» է եղել՝ կշտկվի, հիմա սպասում եմ»,- ամիսներ առաջ Աղքատության ընտանեկան նպաստից զրկվելու պատճառների մասին պատմեց Վ. Գասպարյանը: 

 «2003թ. մայիսին ներկայացված տեղեկանքով ընտանիքն ունի հող եւ 1 կով: Նշված տվյալներով ընտանիքն ընդգրկվել է ԱԸՆ-ի համակարգում եւ ստանում է 12 հազար դրամ նպաստ»,-մեր հարցին պատասխանել էր Եղվարդի տարածքային սոցիալական ծառայության պետ Ս. Ասիրյանը, որից պարզաբանումներ էինք խնդրել երկու ընտանիքների մասին: Այժմ նա նույն ջանադրությամբ փորձում էր պարզել այս ընտանիքի իրական կարիքավորությունը: «Հողամասում բանջարեղեն ենք ցանում, անտառից ենք որոշ բաներ բերում, այգում խնձոր ունենք, շուկա չենք տանում, հազիվ ենք հասցնում: Առաջին հերթին երեխաներին ապահովում ենք սնունդով, հետո հագուստով, գրքերի համար չենք հասցնում վճարել: Ձմեռը մեզ մոտ շատ խստաշունչ է, օրինակ, այս տարի վառելափայտ չունենք, չգիտեմ ոնց կլինի: Ուսով եմ անտառից փայտը բերում: Ես կուզենայի, որ պետականորեն կազմակերպվեր վաճառքը, մատչելի լիներ, կարողանայինք գնել: Հիմա այնպիսի գներ են ասում, որ հնարավոր չէ»,-շարունակում էր ընտանիքի կարիքավորությունը նկարագրել չորս անչափահաս երեխաների հայր Վ. Գասպարյանը: 

 Անասնագլխաքանակի մասին նա գերադասեց լռել, սակայն մեր հարցապնդումներին տեղի տալով ասաց. «Երկու կով է մնացել, երկու հորթ, կովերից երկուսը գնացին անտառ ու էլ ետ չեկան: «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան, որ հորս էին տվել որպես պատերազմի հաշմանդամի, ՄՌՈՒ-ն դուրս է գրել»: 

 -Երկու կով չի, հինգ հատ է,- հորն ուղղում էր դպրոցահասակ որդին: 

 «Բացարձակ սուտ է, որ հարեւանիս երկու կովը կորել է»,- Վ. Գասպարյանի դռանը խմբված մեկ տասնյակ բուժականցիների միջից զայրացած բացականչում էր Հայկարամ Մելոյանը՝ ենթադրելով, որ մենք նրանց այցելել ենք նպաստը վերականգնելու համար: Համագյուղացիները պնդում էին, որ նույն «դուրս գրված» մեքենայով է Վաչիկը բերքը շուկա տանում: 

 Այս երկու ընտանիքների ունեցվածքի մասին տեղեկանքները տվել է համայնքապետը եւ հետաքրքիր էր, թե ինչպես էր թաքցրել Վաչիկ Գասպարյանի մնացյալ 6 գլուխ խոշոր եղջերավոր անասունները: Ի պատասխան Բուժականի համայնքապետ Մանվել Դավթյանը ծանուցեց ծխամատյանի գրառումներին: «Գասպարյան Աշխեն՝ յոթ շունչ, ունի 1 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 0,27 հա տնամերձ հողամաս, 0,37 հա անջրտի, 0,36 հա ջրովի հողատարածք, չորս անչափահաս երեխաներ` ծնված 94, 95, 97 եւ 98թթ.ին»: Համայնքապետին հիշեցրինք, որ Վ. Գասպարյանի ընտանիքը 7 կով ունի, որի մասին իրենք ասել են, սակայն ծխամատյանում հաշվառված չէ: Մ. Դավթյանի ասելով, կովերը պատկանում են Վ. Գասպարյանի քրոջը: Համայնքապետարանի քարտուղարուհին թերթում է ծխամատյանը եւ մյուս էջում ընթերցում. «Գասպարյան Էմմա. յոթ գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից չորսը` կովեր, մեկը` երինջ, երկու հորթ, երկու ոչխար, հինգ թռչուն»:

 Համայնքապետին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչպես են Վաչագան Գասպարյանի ընտանիքին պատկանող 6 գլուխ խոշոր եղջերավոր անսունները հաշվառվել ուրիշի անունով: «Գասպարյան Աշխենը ծխամատյանում գրանցված է որպես առանձին ծուխ, բայց քանի որ մի հարկի տակ են ապրում՝ մենք հաշվարկում ենք ընդհանուր եկամուտները, բայց նրանք ասում են, որ իրենց աղջիկն առանձին ծուխ է: Յոթ անասունից վեցը գրանցված է Էմմայի ու նրա ամուսնու անունով, իսկ մեկը հիմնական ծխի տիրոջ անունով: Նույն հարկի տակ ապրող մարդկանց, որոնք առանձին ծուխ են համարվում, մենք չենք կարող ասել, որ իր ունեցվածքը գրանցի իր ծնողի անունով»: 

 Նշենք, որ Վ. Գասպարյանի ընտանիքում ոչ ոք չասաց, թե իրենց քրոջ հետ նույն հարկի տակ են ապրում: Ավելին, որպես նպաստառու ընտանիք դիմել են այն կազմով, որոնք փաստացի ապրում են այդ տանը: Մխիթարի ընտանիքի համար էլ գրանցված է մեկ կով, այն դեպքում երբ նրանք պնդում են, որ իրենք չունեին, իր մայրն է տվել օգտվելու համար, իսկ մայրն առանձին ծուխ է եւ կովը նրա սեփականությունն է: Սակայն, նպաստը դադարեցրել էին նրանց չհամարելով առանձին ծուխ եւ մի ընտանիքին պատկանող ունեցվածքը վերագրել երկուսին: Աշխեն Գասպարյանի ընտանիքի դեպքում արվել էր ճիշտ հակառակը՝ նրանց ունեցվածքը հաշվառել էին աղջկա ընտանիքի անունով: Այսինքն, երկու ընտանիքների կարիքավորությունը գնահատելիս միանգամայն տարբեր մոտեցում էր ցուցաբերվել: 

 «Այցելել եմ Մխիկենց տուն, տեսել եմ 1 կով, գրանցել եմ, Աշխենենց նույնպես այցելել եմ: Նա ասել է, մեկ կովը իմն ու իմ տղայինս է, մյուսները՝ աղջկանս: Վերջինս նույնպես հաստատել է, որ դրանք իր սեփականությունն են՝ ես էլ այդպես եմ գրանցել: Մխիթարի մայրը չի եկել հաստատել, որ դա իր սեփականությունն է»,-«հիմնավորում» էր համայնքապետը: 

 Գյուղապետարանի քարտուղարուհին կարեկցանքով էր խոսում Մխիթար Գեւորգյանի ընտանիքի մասին. «Միայն երկու հողաբաժին ունի: Դույլը ձեռքին հարեւաններից ալյուր է խնդրում, օրվա հաց թխելու համար, ապրելու ոչ մի հնարավորություն չունեն: Երեխաները ոտաբոբիկ, տկլոր, անկոշիկ, մի խոսքով, սնանկ, անվճարունակ վիճակում են»: 

 «Մեր այցելած ընտանիքներից երկուսն էլ խիստ կարիքավոր էին, անհրաժեշտություն կար նպաստ տրամադրելու»,- երկու ընտանիքների կարիքավորության վերաբերյալ իր տպավորությունն արտահայտեց Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ` Սերգեյ Ասիրյանը: Մեր հարցին, թե ինչով եք բացատրում այն հանգամանքը, որ նրանց հայտարարագրված ունեցվածքը տարբեր էր իրական վիճակից, սոցիալական ծառայության պետը պատասխանեց. «Այսօր ամենուրեք քաղաքացիները կեղծում են իրենց իրական ունեցվածքի տվյալները, որպեսզի կարիքավորությունը լրացնեն մի փոքր նպաստով: Գյուղապետարանը նրանց սոցիալ տնտեսական վիճակի մասին տալիս է, որ տվյալ ընտանիքն ունի մեկ կով կամ դա եղբորն է, կամ մեկ ուրիշինը եւ շատ դժվար է հակառակն ապացուցել: Պետք է գնաս տեղում փաստացի ստուգես եւ ապացուցես: 

 «Ի՞նչ պետք է անի սոցծառայությունը, երբ ընտանիքը թաքցրել է իրական եկամուտները»,-մեր հարցին ծառայության պետը պատասխանեց, որ ճշտված տվյալները մտցվում են համակարգիչ եւ ընտանիքը մեկ տարով զրկվում է նպաստից: Այնուհետեւ սոցծառայությունը դիմում է դատարան՝ բոլոր այն ամիսների գումարը, որը նա իրավունք չուներ ստանալու, ետ գանձելու նպատակով: Պրն. Ասիրյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում չկա նման պրակտիկա, որ սոցիալական ծառայությունը դիմի դատարան գումարը գանձելու համար: «Օրենքը թույլ տալիս է դիմել, սակայն սոցծառայության ֆինանսական նեղ վիճակը թույլ չի տալիս, հայցադիմումի համար անգամ գումար չկա»: 

 Հնարավոր է սոցիալական ծառայությունները նման պրակտիկա չեն որդեգրել, սակայն նույն Կոտայքի մարզում ՀՀ գլխավոր դատախազությունը մեկ տարի առաջ քրեական գործ էր հարուցել Աբովյանի վարչատարածքի մի շարք համայնքապետերի դեմ՝ նպաստների համակարգում թույլ տրված չարաշահումների համար: Դրանից առաջ քրեական գործ էր հարուցվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի վարչատարածքի համայնքապետերի դեմ, որոնցից երկուսը դատապարտվել են չարաշահումների համար:

Համայնքապետերը պետությանը հասցված վնասը հատուցում են պետության բյուջեից 

 ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսավերահսկողության գլխավոր վարչությունը 2002թ.-ին Կոտայքի մարզի 30 գյուղական համայնքներում ուսումնասիրել էր Աղքատության ընտանեկան նպաստի (ԱԸՆ) նշանակումները եւ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որը քննությունը հանձնել է Կոտայքի մարզի դատախազությանը: Վերջիններս քննելուց հետո կիսով կրճատել են նախարարության արձանագրած անօրինականությունները: Քննության ընթացքում Առինջի (պետությանը պետք է փոխհատուցեր 12,2 դրամ) Գեղաշենի (56,1 դրամ) եւ Նոր-Գյուղի (416,9 դրամ) համայնքապետերը կամովին վերականգնել են վնասը: Քանի որ վնասի չափը չի հատում 1մլն դրամի սահմանագիծը, որի դեպքում միայն քրեական պատասխանատվության խնդիր կառաջանար, դատախազությունը կարճել էր քրեական գործը եւ Աբովյանի վարչատարածքի 7 համայնքապետերից պետությանը հասցված նյութական վնասը գանձելու համար քաղ. հայցով դիմել էր ՀՀ տնտեսական դատարան: Ըստ հայցադիմումի՝ Արամուսի համայնքապետից հօգուտ պետության պետք է գանձվեր 854,4 հազար դրամ, Պտղնիի համայնքապետից՝ 313,2; Կոտայքից՝ 445,6; Գառնիից՝ 431,7; Նուռնուսից, Զառից՝ 281,8; Ձորաղբյուրի համայնքապետից՝ 296,1 դրամ: 

Հայցադիմումների քննությունը ՀՀ տնտեսական դատարանում նշանակված էր հունիս ամսին: Համայնքապետերը հապաղում էին ներկայանալ դատարան, նրանց մի մասը մինչեւ դատաքննությունը եւ դատաքննության ընթացքում վճարեց պետությանը հասցված վնասը՝ մյուսները չէին շտապում ներկայնալ դատարան: Դատական նիստը մի քանի անգամ հետաձգելուց հետո նրանցից ոմանք ներկայացան եւ բացատրություններ տվեցին, իսկ մյուսները, օրինակ, Գառնիի համայնքապետը այդպես էլ չներկայացավ դատարան: Մեղադրողը՝ Կոտայքի մարզի դատախազի օգնական Արարատ Մուրադյանը, որ մեզ հետ միասին երկար սպասում էր համայնքապետերին՝ նրանց չերկայանալը բացատրեց նրանով, որ պետությունը դոտացիաները չի տրամադրել համայնքներին, որպեսզի նրանք վճարեին գումարը, «թե չէ՝ վաղուց էին վճարել»: 

 Քրեական գործի նյութերով, նպաստների սխալ նշանակման պատճառ են հանդիսացել՝

 1.քաղաքացու ընտանիքի կազմի

 2.անասունների քանակի

 3.սեփական հողամասի մասին ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելը: 

Համայնքապետերն սկզբում փորձել էին բացատրություններ փնտրել մեղադրանքը հերքելու համար, սակայն դրանք չհիմնավորված են համարվել: Հիմնավորված չեն համարվել նաեւ այն պատճառաբանությունները, որ տարվա սկզբին գրանցված են եղել անասուններ, որոնք հետո մորթվել են կամ վաճառվել, սակայն ծխամատյանում չեն արձանագրվել փոփոխությունները: Համայնքապետերը միանշանակ համաձայն չեն դատախազության հետ եւ իրենց բացատրությունն են տվել. «Նրա անձնական հաշվում հաշվառված 1 կովը ծնի ժամանակ սատկել է, որը համաձայն իր դիմումի հաշվառումից հանվել է, սակայն ստուգման ժամանակ հաշվի չի առնվել: Ընտանիքը կարիքավոր է»: 

Արամուսի համայնքապետ Հ. Նիկողոսյանը ՀՀ գլխավոր դատախազության ստուգումից հետո հավաստի չէր համարել միայն երեք անձանց հետ կապված տեղեկությունները եւ դատարանին ներկայացրած առարկության մեջ նշել էր. «ՀՀ գլխավոր դատախազության ստուգումների ժամանակ անտեսվել եւ հաշվի չեն առնվել մի շարք օբյեկտիվ փաստեր եւ նրանց կողմից կազմված տեղեկանքներում ոչ ճիշտ տվյալներ են արձանագրվել: «Աստղիկի 1 կովը եւ 1 մոզին չի նշվել, այդ փաստը իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ այդ ընտանիքն ընդհանրապես անասուներ չի ունեցել եւ 2001թ.-ին ձեռք էր բերել 2 հատ հորթ, իսկ ծխամատյանում հորթերի վերաբերյալ սյունակ չլինելու հետեւանքով ճշգրիտ անասնագլխաքանակը ցույց տալու համար 2 հորթերը լրացրել են 1 կովի եւ մոզու սյունակներում»: Համայնքապետը խնդրել էր հայցը բավարարել 350 հազար դրամի չափով. «Այս չափով հայցը համարում ենք հիմնավոր եւ գումար ունենալու դեպքում հայցագումարը կմուծենք»: Դատարանը հավաստի համարեց համայնքապետի բացատրությունը եւ հայցադիմումը բավարարեց մասնակի՝ 350 հազար դրամի չափով: 

Զառ-ի համայնքապետը մահացել էր մինչեւ քրեական գործի քննության ավարտը եւ նոր համայնքապետ Մաթեւոս Մաթեւոսյանը պատասխանատվություն էր կրում նախորդ համայնքապետի փոխարեն: «Նախորդ համայնքապետի ժամանակ այնպես են արել, որ մարդիկ նպաստ ստանան՝ տնտեսական գրքերում ուղղում չեն կատարել: Երբ հայտնաբերեցին խախտումները՝ 624 հազար դրամ պետք է վերադարձնեինք պետությանը: Մի մասի հետ համաձայն չէինք եւ ապացուցեցինք, որ ճիշտ ենք, մյուս մասը համայնքապետարանի բյուջեից վերադարձրինք պետությանը: Նրա ասելով, Զառում կան բավականին շատ մարդիկ, որոնց նպաստ կտար: «Հիմա մի հորթը, որ իրենից եկամուտ չի ներակայացնում՝ 30-40 հազար դրամ արժի մարդուն խանգարում է նպաստ ստանալու համար, սակայն այս ամենից հետո ո՞վ կհամարձակվի պակաս գրել»,- ասաց Զառի համայնքապետը: Ստուգումներից հետո Զառում 1522 բնակչից նպաստ է ստանում 12 ընտանիք:

«Գյուղապետերը մեր աչքերն են համայնքներում» 

 «Ես դեմ եմ արտահայտվել նախարարության կողմից կազմված ակտին: Մենք փորձել ենք ապացուցել, որ նրանց թվերն անիրատեսական են»,- ասաց Աբովյանի տարածքային սոցիալական ծառայության պետ Արտավազդ Ստեփանյանը: Նրա ասելով, նախարարության ստուգումները համընկել էին ծխամատյանների փոփոխման աշխատանքներին: Փաստագրումներն սկսվում են հունվարից մինչեւ ապրիլ: Այդ աշխատանքային գործընթացը նրանք սկսեցին տարվա կեսից: Նուռնուս գյուղում մի ընտանիքի համար գրել էին, որ 8 խոճկոր ունի, բայց իրականում չունեին, ծխամտյանում սխալմամբ գրանցվել էր, ո՞վ է մեղավորը: Մենք նրանց ապացուցեցինք, որ ակտը սխալ է կազմված եւ շարունակեցինք ընտանիքների մի մասին նպաստ վճարել:

 -Գյուղապետերն անտեղի՞ վճարեցին:

 -Կային խախտումներ, բայց ոչ այն չափով, որ նշվում էր ակտի մեջ: 

 «Ակտում նշվում էր, որ 3800 ընտանիքների մեջ 116 ընտանիքներ սխալ են ստացել նպաստը, յուրաքանչյուր ընտանիքի վերաբերյալ մենք կրկնակի ստուգում անցկացրինք: Հանրապետության դատախազությունը նորից ստուգում կատարեց եւ 2/3-ով համոզվեց մեր ճիշտ լինելու մեջ: Մյուս 50%-ի հետ համաձայն ենք»,- հայտնեց Աբովյանի տարածքային սոցիալական ծառայության պետ Արտավազդ Ստեփանյանը: 

Նրա ասելով, համայնքապետարանների կողմից էլ միտումնավորությունն այդքան բացահայտ չի եղել: «Եթե գյուղապետը խիստ կարիքավոր ընտանիքի մոզին կամ հորթը չի նշում, խիստ հանցագործություն չի դա»,- ասաց նա ավելացնելով, որ այնուամենայնիվ, համայնքապետերը մնում են իրենց աչքերը համայնքում: 

Ասել, որ համայնքապետերը միայն այդ մոտեցումով եւ կարեկցանքից ելնելով են հարցին մոտեցել, իհարկե, ճիշտ չի լինի: Բոլորին է հայտնի, որ համայնքապետերը նպաստը ծառայեցնում են ընտրություններին, խոստանալով որ ձայների դիմաց նպաստ կստանան կամ նման դեպքերում հարազատական կապերն են առաջնային դառնում: Համայնքապետերի կատարածը կրկնակի հանցանք է, քանի որ պետությունը դոտացիան հատկացնում է համայնքի հզորացմանը, սակայն համայնքապետերը կամովին ընդունելով չարաշահումների փաստը՝ դոտացիան դարձյալ ծառայեցրին սեփական կարիքներին՝ պետությանը հասցված վնասը փոխհատուցելով պետության բյուջեից: Այս ամենը արվեց իրավապահ մարմինների թողտվությամբ, այն դեպքում, երբ դատախազությունը հայցադիմումը ներկայացրել էր գյուղապետերի դեմ՝ չարաշումների մեղադրանքով եւ ճիշտն այն էր, որ նրանք հատուցեին անձնապես, չէ՞ որ ընդունել էին սեփական մեղավորությունը: Միայն Զառի գյուղապետն էր, որ մտածում էր ավագանու հետ համաձայնեցնելով չվճարել նախկին համայնքապետի 26 ամսվա աշխատավարձը, որ պետությունը պարտք էր մնացել նրան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter