HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Նախարարությունը «Վենդոռ»-ի հետ ունեցած պայմանագիրը չի խզի

Գոշ լճի տարածքում «Վենդոռ» ընկերության կողմից իրականացված հետեւանքները դեռ ուսումնասիրվում են՝ բնությանը հասցված վնասի չափը դեռ հաշվարկվում է։ Ծառայողական պարտականություններում թերանալու համար նկատողություն է հայտարարվել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցներից մեկին՝ տվյալ հատվածի համար պատասխանատու անտառապահին։

Այս մասին այսօր Բնապահպանության նախարարությունում անցկացված քննարկման ժամանակ քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց նախարար Արծվիկ Մինասյանը։

Դեռ ապրիլի 15-ին, երբ քաղաքացիների մի խումբ ակցիա էր կազմակերպել Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ ընթանում էր էկոտուրիզմին նվիրված մեծ համաժողով, նախարար Մինասյանը առաջարկել էր հանդիպել ապրիլի 22-ին եւ քննարկել «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցածը։

Այսօր նախարարն ասաց, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն որեւէ աշխատանք չի կարող իրականացնել, քանի դեռ չկա նախագիծ, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի անցկացվել, հանրային քննարկումներ չեն եղել։

Լճի ափին կուտակված տիղմը ազգային պարկի կողմից, վարձակալի ֆինանսավորմամբ կտեղափոխվի։ Դրա առավելագույն ժամկետը 20-25 օրը կլինի։ «Մենք հետեւելու ենք, որպեսզի ընկերությունը հավուր պատշաճի պատասխանատվության ենթարկվի»,-հավաստիացրեց նախարարը։ 

Օբյեկտիվ վանդալիզմ

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ ազգային պարկում կատարված անտառահատումներին։

«Սա վանդալիզմի է հասնում։ Բայց համակարգում ռեֆորմի խնդիր ունենք։ Ազգային պարկի յուրաքանչյուր տեսուչի բաժին է ընկնում 600-700 հեկտար տարածք։ Միայն մարդկային ռեսուրսներով հսկել անհնար է։ Այդ պատճառով մենք համագործակցում ենք միջազգային դոնորների հետ, մասնավորապես՝ CNF-ի, որպեսզի տեխնիկական վերազինումներ իրականացնենք եւ դարձնենք անտառների հսկողությունը ավելի դյուրին»,-նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ առաջիկա բարեփոխումներից մեկն այն է լինելու, որպեսզի տեսչության գործառույթներն ընդլայնվեն․«Այսօր տեսուչներն օժտված են բացառապես արձանագրելու գործառույթներով։ Եթե անտառ մտնի բեռնատար մեքենա՝ զինված համապատասխան գործիքներով, տեսչության աշխատակիցը իրավունք չունի կանխարգելման գործառույթներ կիրառել»։

Մինասյանն ասաց, որ նախարարությունն ունի ակտիվ քաղաքացիների օժանդակության կարիքը։

Շնորհակալագիր՝ «ոչ տաք, ոչ սառը»

Արծվիկ Մինասյանը նախարարության շնորհակալագրի արժանացրեց արշավորդ եւ լեռնագնաց Տիգրան Շահբազյանին, ով բացահայտել է Իջեւանի անտառներում ավելի քան 100 ծառի հատման փաստը։

Տիգրանին օրերս հրավիրել էին Տավուշի դատախազություն եւ ոստիկանություն՝ բացատրություն տալու իր տեսածի վերաբերյալ։
Տիգրանը քննարկման մասնակիցներին պատմեց, թե ինչ էր տեղի ունենում ոստիկանությունում, ասելով, որ չնայած շնորհակալագիրն ընդունում է, բայց դա իր համար «ոչ տաք է, ոչ սառը», քանի որ կարեւորը այն է, ինչ տեղի է ունենում Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում եւ իրավապահ ծառայություններում։ Նա ասաց, որ անտառների հատումը կազմակերպված բնույթ է կրում։

Հարաբերություններ բնությունից թանկ

Քննարկմանը մասնակցող քաղաքացիներից առաջարկ եղավ խզել «Վենդոռ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագիրը, քանի որ ապացույցներ կան օրենքի մի քանի կետով խախտումների վերաբերյալ։

«Օրենքը հղում է տալիս պայմանագրային հարաբերություններին։ Մենք հիմա շարժվում ենք պայմանագրով։ Ես, լինելով մասնագիտությամբ իրավաբան, ուզում եմ, որ առաջնորդվենք պայմանագրով»,-պատասխանեց նախարարը։

Իրավաբանի կրթություն ստացող Տաթեւ Սողոյանը հակադարձեց, որ պայմանագիրը պետք է բխի օրենքից, ոչ թե հակառակը․ «Պայմանագիրը ազատ է այնքանով, որքանով օրենքն է սահմանում։ Ավելի էական խախտում, քան առերեւույթ քրեական հատկանիշները, չի կարող լինել։ Օրենքը թույլ է տալիս, որպեսզի դատական կարգով լուծարվի պայմանագիրը։ Հիմա հարցնեմ՝ ի՞նչ բացատրություն է տրվել այդ գործողությունների վերաբերյալ, որ նախարարությունը համաձայնել է շարունակել համագործակցությունը»։

Նախարարը պատասխանեց․ «Առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին բարձրաձայնելուց առաջ պետք է անմեղության կանխավարկածն ունենալ աչքի առաջ։ Իսկ բացատրությունը հետեւյալն է եղել․ ես պայմանագրով պարտավորություն եմ ստանձնել մաքրել լճի գտարածքը եւ գնացել եմ այդ գործողությանը, չմտածելով, որ դրանով լճին վնաս եմ տալիս»։

«Հետք»-ի հարցին՝ ո՞ր դեպքում նախարարությունը «Վենդոռ» ՍՊԸ-ի հետ կխզի պայմանագիրը, Արծվիկ Մինասյանը ասաց գրեթե նույնը, ինչ՝ վերեւում ենք նշել։

Կարծես թե «Վենդոռ»-ի հետ պայմանագիրը չի խզվելու որեւէ դեպքում։

Հարաբերություններ բնությունից թանկ-2

Նախարարը խոսեց անտառահատումների մասին ընդհանրապես, ասելով, որ կառավարման համակարգի ամբողջությամբ վերափոխելու կարիք կա։

«Երբ մենք խոսում ենք գյուղացու մեղքի մասին, ես չեմ մեղադրում, եթե ընդամենը անտառից պետք է փայտ բերի տաքանալու համար։ Դա ճիշտ կառավարել է պետք համապատասխան մարմինների կողմից։ Իմ մտահոգությունը կազմակերպված բիզնեսի մասին է։ Քանի նախարար եմ, ես ամբողջությամբ եմ պատրաստ լինելու պայքարելու դրա դեմ։ Ով մտածում է, որ իր հարստությունը պետք է դիզի անտառի, բնական ռեսուրսների հաշվին, ես նրա առաջին թշնամին եմ»։

Այս արտահայտության հետ կապված՝ Արծվիկ Մինասյանին հարց ուղղեցի, թե ինչ հարաբերություններ մեջ է իր կուսակից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ղեկավարող Մարտուն Մաթեւոսյանի հետ։  

«Մաթեւոսյանի հետ շատ հրաշալի հարաբերություններ ունեմ։ Ընկերական հարաբերությունները կապ չունեն պաշտոնական պատասխանատվություն ունեն։ Այն, ինչ հիմա կասեմ, որեւէ մեկին վերաբերում։ Գողն ու հանցագործը ոչ կուսակցական, ոչ ազգային պատկանելություն ունեն։ Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը։ Ցանկացած պաշտոնատար անձ, ով պատասխանատու է որեւէ տարածքի համար, պետք է ունենա իր պատասխանատվության չափն ու բաժինը խնդիրների դեպքում։ Բայց ամեն ինչ բարդել պաշտոնյաների ու անտառապահի վրա, ես համաձայն չեմ, որովհետեւ եթե հանցագործությունը կազմակերպված բնույթ է կրում, դա բացահայտել է պետ։ Մենք օբեկտիվ խնդիր ունենք բարեփոխումների՝ բացատրական, կրթական եւ այլ աշխատանքներ պետք է իրականացնենք»,-ասաց Մինասյանը։

Ինժեներ լինի, միայն թե անտառը պահի

«Հետք»-ի հարցին, թե ի՞նչ կարծիքի է ազգային պարկի աշխատակիցների կոմպետենտության մասին, նախարարը պատասխանեց, որ հիացած չէ։ Հարցը նրանում է, որ ազգային պարկը տեղյակ է եղել «Վենդոռ» ՍՊԸ կողմից իրականացվող աշխատանքներին, սակայն դա չի դիտարկել որպես խախտում, խնդիր, եւ պատշաճ չի արձագանքել։ 

Ինժեներ Արմեն Ավետիսյանը պատմեց, որ Ստեփանավանի անտառներում անձամբ է տեսել՝ հատումները կազմակերպված են անտապահների կողմից։ Արծվիկ Մինասյանը Ավետիսյանին առաջարկեց փոխել գործունեության ոլորտը եւ աշխատանքի անցնել տեղամասերից մեկում, իրականացնել անտառների պահպանություն։ Արմեն Ավետիսյանը համաձայնեց, պայման դնելով, որ դա լինի Լոռու մարզում։

Քաղաքացի Հայկ Մարկոսյանն առաջարկեց ստեղծել խորհուրդ՝ ձեւավորված ուղղակի քաղաքացիներից, որը հաճախակի նախարարի հետ կքննարկի խնդիրները։ Արծվիկ Մինասյանին ուրախացրեց այս գաղափարը։ Մայիսի 27-ին տեղի կունենա հաջորդ հանդիպումը, այս անգամ չի բացառվում ձեւավորվի խորհրդի կազմը։

Իսկ թե ինչով կշահի բնությունը նախարարություն-հանրություն համագործակցությունից, ցույց կտա ժամանակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter