Գրադի չպայթած արկը 25 տարի կոռնիձորցու տան պատի մեջ է
Վոլոդիա Հակոբյանի տունը Կոռնիձոր գյուղի ամենատեսանելի մասում է: Դարպասի վրա եղած անցքերի քանակը հաստատում է, որ տունը արցախյան պատերազմի ժամանակ հաճախ է ադրբեջանցիների կրակահերթի թիրախը եղել: 1992թ. սեպտեմբերի սկզբներին արձակված գրադի արկը ավերել է երկհարկանի տունը, խրվել նկուղի պատի մեջ ու 25 տարի մնում է այնտեղ:
«10 օր առաջ լսեցի, որ ականազերծողներ են եկել գյուղ եւ դաշտերում ականի պայթեցումներ են անում, գնացի խնդրեցի, որ գան տունը տեսնեն: Նայեցին, ասեցին, որ արկը չի պայթել, պիտի պայթեցնենք, որ հանենք, եւ նկուղի պատն էլ քանդվելու է»,- ասում է Վոլոդիան:
Վոլոդյա Հակոբյանը
Նրա կինը՝ Անժելա Հակոբյանը, չի հավատում, որ ի վերջո կականազերծեն տունը: Ասում է, որ մինչ օրս, քանի դեռ չգիտեին, որ արկը պայթած չէ՝ չէին վախենում, հիմա վախենում են: Անժելայի ասելով՝ ականազերծողների հեռանալուց հետո, արդեն 10 օր է` օրական մի խումբ գալիս է` արկը նկարում ու հեռանում: Սպասում են, թե ի վերջո երբ պիտի տունն ականազերծեն:
Անժելան պատմում է, որ պատերազմի ժամանակ Կոռնիձոր գյուղում 7 տուն է այրվել գրադի կրակոցից, տուժածներից 6-ին պետությունը փոխհատուցել է, նրանք վերականգնել են տները, իսկ իրենց ոչ մի աջակցություն չի ցուցաբերվել:
«Անցնող տարիներին վնասը փոխհատուցելու հարցով մի քանի անգամ դիմել ենք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, գրություններ ենք ուղարկել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ պաշտոնատար այլ անձանց: Մշտապես պատասխանել են, որ կփոխհատուցեն, բայց մինչ օրս տունն անգամ չեն ականազերծում»,- նշում է Անժելան:
Նա պատմում է, որ տան փլուզվելուց հետո իրենց ընտանիքը գյուղի մյուս բնակիչների հետ փախել ու պատսպարվել է Սիսիանի տարածաշրջանի Նորավան գյուղի լքված տներում: Հետո, երբ թուրքերը հեռացել են, գյուղացիները վերադարձել են իրենց տները, իսկ իրենք տուն չունեին, 7 հոգանոց ընտանիքը մենակ մնացել է այդ գյուղում:
Որոշ ժամանակ հետո իրենք էլ են վերադարձել: «Բաց երկնքի տակ ենք ապրել, մի պատուհան անգամ չէր մնացել, եկանք այսուայնտեղից հին շինանյութ հավաքեցինք, մի մասը քիչ-քիչ սարքեցինք, վարկ վերցրինք՝ տանիք կապեցինք, մի մասն էլ այրված մնում է: Շենքը վթարային է, փլվում է: Ամեն տարի դիմումներ ենք գրում, մարզպետարանից գալիս են նկարում, բայց ոչինչ չի փոխվում»,- ասում է Անժելան:
Նա ցույց է տալիս 4 հոգանոց ընտանիքի կենցաղային պայմանները. 86 տարեկան սկեսայրի «ննջարանը»՝ նկուղի մութ ու խոնավ մի սենյակում տեղավորված մահճակալը, արկի հարեւանությամբ: Ասում է, որ ինքը քաղցկեղ ունի եւ 2 տարի Երեւանի հիվանդանոցում է անցկացնում: Մտահոգված է զինվորական ծառայությունից վերադարձած 23-ամյա որդու ճակատագրով, որին ընտանեկան դժվարություններն են բաժին հասել:
«Ես ողորմություն չեմ ուզում, իմ հասանելիք փոխհատուցումն եմ պահանջում, գոնե տղաս կարողանա ապրել»,- ասում է Անժելա Հակոբյանը:
Հ.Գ. Մարզպետարանից մեզ հայտնեցին, որ ԱԻՆ-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի` ականազերծումը կիրականացվի մայիսի 2-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել