HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

85 միլիոն դրամ` տանիքի վերանորոգման համար. Խնկոյանի դպրոցում սովորում է 14 աշակերտ

Լոռու մարզի Խնկոյան համայնքի հիմնական դպրոցի վերանորոգման համար պետական բյուջեից 2009-2010 թվականներին հատկացվել է 85 միլիոն դրամ: Դրսից դպրոցը գեղեցիկ է, գրավիչ, սակայն այլ է պատկերը ներսում:

Դպրոցի տնօրեն Մարինե Առաքելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վերանորոգումից մեկ տարի անց արդեն նկատելի են դարձել հետևանքները. թափվել են դասասենյակների և միջանցքների ծեփը:

Դպրոցում 85 միլիոն դրամի շինաշխատանքներն իրականացրել է «Մ. Սիսակյան» ՍՊԸ-ն: Այս գինը չի ներառում շենքի ներսում կատարված վերանորոգումների ծախսը: Թե այդ աշխատանքներն ով և ինչ գնի սահմաններում է արել, տեղյակ չէր դպրոցի տնօրենը, քանի որ դրանք իրականացվել են մինչև իր տնօրեն դառնալը:

 Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շենքի ներսում կատարված կոսմետիկ վերանորոգումները արվել են դպրոցի խնայողությունների և նվիրատուների հաշվին:

Մարինե Առաքելյանը պատմեց, որ դպրոցի տանիքը նախկինում եղել է հարթ: Վերանորոգման ժամանակ նորմալ տանիք է կառուցվել:

Վերանորոգման ծրագրի մեջ մտել է նաև բակի ասֆալտապատումը, սակայն այն ևս անորակ է արվել և մեկ սեզոն անց սկսել է «ծաղկել», խոտը դուրս է եկել ասֆալտի տակից:

Մարինե Առաքելյանը նշեց, որ իր հիշելով` դպրոցի նախկին տնօրենը դիմել էր պատկան մարմիններին, որպեսզի շինարարների թույլ տված թերությունները վերացվեն: «Ինչպես տեսնում եք, հետևանքները չվերացան», - ասում է Մ. Առաքելյանը:

Խնկոյանի միջնակարգ դպրոցն ունի երկու մասնաշենք և տնօրենի ասելով` այն ամբողջությամբ վերանորոգվել է:

Թեև դպրոցում ասում են, որ այն հիմնանորոգված է, սակայն, օրինակ, փայտե հատակի մի մասն է փոխվել: Փոխված չէ միջանցքների, դասասենյակների, տնօրենի սենյակի հատակի զգալի մասը: Իսկ այսօր արդեն լայն անցքեր են բացվել: Փոխված հատակը ևս որակով արված չէ: Տնօրենը նշեց, որ «երևի խոնավ պայմեններում է արվել», այդ իսկ պատճառով փայտի չորանալուն պես անցքեր են բացվել:

«Նախկինում բավականին անմխիթար վիճակում էր մեր դպրոցը, դրա հիման վրա վերանորոգեցին: Կաթոցներ… անհնար էր դաս պարապել: Իհարկե, փոխվեց, կարելի է ասել 70-80%-ով բարելավվեց մեր վիճակը», - ասում է Մարինե Առաքելյանը:

85 միլիոն դրամով վերանորոգված դպրոցի շենքի նախագծային հզորությունը 100 աշակերտի համար է, սակայն այժմ դպրոցում սովորում է 14 աշակերտ:

Խնկոյանի դպրոցը չունի 1-ին, 6-րդ, 9-րդ դասարաններ: 5 դասարանում սովորող միակ աշակերտուհին՝ Լիլիթ Սարիբեկյանը դաս է անցկացնում 7-րդ դասարանցիների հետ, որոնք բոլորը տղաներ են:

«Գյուղում բնակչության խտությունը շատ ցածր է դրա համար էլ աշակերտները քիչ են մեր մոտ՝ 14 աշակերտ: Մենք ունեցել ենք նաև 75 աշակերտ», - ասում է Մարինե Առաքելյանը՝ հույս ունենալով, որ Խնկոյանում բնակչության թիվը կավելանա ինչն էլ իր հերթին կբերի աշակերտների թվաքանակի աճին:

Խնկոյանի միջնակարգ դպրոցում, ինչպես և մարզերի դպրոցների մեծ մասում, բացակայում են լաբորատոր սարքավորումները կամ դրանք այնքան հին ու մաշված են, որ անհնար է դրանցով կատարել փորձեր: Բնականաբար, որ այդ պայմաններում հնարավոր չէ լիարժեք անցկացնել դասապրոցես, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում նույն ծրագրով, բայց տարբեր դպրոցներում սովորող աշակերտների միջև:

Մարինե Առաքելյանն ասաց, որ ունեն քիմիայի լավ մասնագետ, սակայն լաբորատոր սարքավորումների կիսատ-պռատ լինելու պատճառով ոչ բոլոր փորձերն է կարողանում կատարել:

«Կատարում ենք այն փորձերը, որոնք անվնաս են», - ավելացրեց տնօրենը: Նա նշեց, որ լաբորատոր նյութերի պակաս ևս ունեն, դրանք գնում են կամ Երևանի Վերնիսաժից կամ խնդրում են այլ դպրոցներից:

տեսանյութը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter