HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Առեւտուր չկա, խանութների ցուցափեղկերին փոշի է նստում

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղը թեպետ շատ մոտ է կապուտակ Սեւանա լճին, սակայն կյանքն այստեղ այնքան էլ իրադարձություններով հարուստ ու աշխույժ չէ։ Գյուղը հիշեցնում է Ամասիայի, Աշոցքի հեռավոր համայնքները՝ նույնքան տխուր, ասես Հայաստանի կենտրոնից շատ հեռու է։

Գեղամավանը գտնվում է ծովի մակերեւույթից 1850 մետր բարձրության վրա, կլիման խիստ է, եւ գյուղատնտեսությամբ հպարտանալու առանձնապես առիթ չկա։ Մշակում են հիմնականում հացահատիկային կուլտուրաներ՝ ցորեն, գարի, հաճար, ինչպես նաեւ կարտոֆիլ:

Աշխատատեղերն էլ շատ չեն՝ մեկ-երկու փոքրիկ խանութ, գյուղապետարանի ենթակայության կառույցներ՝ կիսվող կամ քիչ վարձատրվող հաստիքներով։ Փոխարենը մեծ է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը։ Քիչ չեն նաեւ մշտական տեղափոխվածները։

Գեղամավանի գյուղապետ Վաչիկ Սաղաթելյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ իր ընկերներից շատերը, բարեկամների մի մասը ապրուստի միջոցներ են փնտրում Ռուսաստանի Դաշնությունում։ Գեղամավանի մի քանի բնակիչներ Ռուսաստանի Դաշնությունում անգամ ողբերգական իրադարձությունների զոհ են դարձել։ 

Գեղամավանում 4-5 փոքր խանութներ կան։ Դրանցից երկուսում, այն էլ՝ կենտրոնական փողոցում գործող, առեւտուրը շատ քիչ է, դարակներին փոշի է նստում։ Նկատվում է, որ թարմ ապրանք ստանում են ոչ այնքան հաճախ։ Տեսականին էլ փոքր է։

Խանութներից մեկի սեփականատերը տիկին Սուսաննան է։ Լրագրողի հետ շփվելու ցանկություն չունի, հատկապես զայրացած է մայրաքաղաքի բնակիչների վրա, ովքեր, նրա խոսքով, վերից են նայում գյուղի ապրողներին։

«Մի ֆիրմայից երշիկ էի ստանում։ Մի անգամ անորակ ապրանք բերեցին, առաքիչին ասացի՝ տղա ջան, բայց սա ուտելու բան չի, պատասխանեց՝ հա լավ, գյուղացին շատ ա հասկանում լավն ու վատը։ Ասացի՝ էլ ոտքդ չմտնի իմ խանութ»,-պատմում է տիկին Սուսաննան։

Առեւտրի ծավալներից Գեղամավանում շատ դժգոհ են։ «Էնքան որ՝ մեր էրեխեքը ուտելիքի կարոտ չեն մնում, գոնե թոռներիս ուզած մթերքը առնում ենք։ Թե չէ՝ սրանով արդեն նորմալ ապրուստ հնարավոր չի ապահովել»,-ասում է։

Վիճակն այնքան վատ է, որ խանութի սեփականատերը հրաժարվում է պարտքով սիգարետի վաճառքից անգամ։

Սուսաննան երկար քննադատեց լրագրողներին, քաղաքական ուժերին, սակայն հետո խոստովանեց, որ ֆեյսբուքով հետեւել է քարոզարշավին, պատմեց առանձին դրվագներ։ Միայն քաղաքական ընդդիմության հետաքրքիր ելույթները հիշելիս նրա զայրույթն անցավ, սկսեց խոսել փոփոխությունների ցանկությունից։

«Սա ի՞նչ կյանք է, որ մենք ապրում ենք։ Երեխաներս էստեղ ապագա չունեն։ Մի գյուղ եթե էսքան ծուխ ունենա, բայց չունենա մանկապարտեզ․․․ Թոռնիկիս Սեւանում ենք մանկապարտեզ տալիս։ Դպրոցն էլ էնտեղ կտանենք։ Գյուղի դպրոցն ի՞նչ է տալու մեր էրեխեքին»,-ասաց։

Լուսանկարում՝ Գեղամավանը Սեւանին կապող ամենաակարճ ճանապարհը (7,9 կմ)

Գեղամավանի մանկապարտեզը գործել է մինչև 1990 թվականը, այնուհետեւ շենքային բավարար պայմանների բացակայության պատճառով դադարեցրել գործունեությունը։ Ընդամենը վերջերս այն ենթարկվել է կապիտալ վերոնորգման, սակայն չի գործում։ 2016 թվականի դեկտեմբերից համայնքը ղեկավարող Վաչիկ Սաղաթելյանը պարզաբանեց, որ նախորդ գյուղապետերի օրոք մանկապարտեզի աշխատակազմ են ընդգրկվել մեծ թվով աշխատակիցներ, որոնց կարիք չկա, եւ համայնքի բյուջեից գումարներն ուղղվում են նրանց աշխատավարձերին, իսկ ահա երեխաների խնամքի համար գումար չի մնում։

«Մեկ տարի մանկապարտեզը պահելու համար անհրաժեշտ է 7 միլիոն դրամ։ Նման գումար գյուջեում չկա։ Բայց շուտով մանկապարտեզը կգործարկենք։ 1 միլիոն դրամ կհատկացնեմ համայնքի բյուջեից, 6 միլիոն դրամի չափով կօժանդակի որդիս, որը գործարարությամբ է զբաղվում։ Իսկ արդեն հաջորդ տարիներին ճիշտ կառավարում կիրականացնենք, որպեսզի մանկապարտեզը չփակվի»,-ասաց Գեղամավան համայնքի ղեկավարը։

Գյուղապետի որդին Իշխան Սաղաթելյանն է՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի դաշնակցական խորհրդականը, որը ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրութուններում ստացել է 3458 քվե՝ Գեղարքունիքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՅԴ թեկնածուներից ամենաբարձր ցուցանիշը։

Իշխան Սաղաթելյանի նախընտրական պաստառները Գեղամավանում փակցրել են անգամ չթույլատրվող վայրերում, տվյալ դեպքում՝ խանութի պատին

Ծննդավայրում հիմնականում ընտրել են Իշխան Սաղաթելյանին, սակայն տարեցների խաղասրահում նարդի գցող տղամարդիկ դժգոհ էին, որ իրենց համագյուղացուն ընտրելու համար ստիպված են նաեւ Դաշնակցությանն ընտրել, ինչպես պահանջում է նոր ընտրակարգը։

Գեղամավանի տղամարդիկ մշակել են խաղասրահում գտնվելու սեփական կանոնները 

Գեղամավանը նախկինում կոչվել է Շահրիզ։ 2028 թվականի կլրանա գյուղի հիմնադրման 200-ամյակը։ Շահրիզի առաջին բնակիչները եղել են Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկաստանի Մակուի շրջանի Անձուկ գյուղից գաղթած 400 գաղթականներ:

Սակայն գյուղի տարածքում կան VII դարում բնակության մասին վկայող հնագիտական տեղեկություններ: Գեղամավանում հիասքանչ խաչքարներ են մնացել Սուրբ Հովհաննես եկեղեցու ավերակների տարածքում։ Հարեւանությամբ, ասում են, նոր եկեղեցի են կառուցելու։

Գյուղում անգամ նորմալ գործառույթներով բուժհիմնարկ չկա։ Այստեղ ընդամենը բուժկետ է, որտեղ աշխատող բժիշկները հատում գրաֆիկով իրականացնում են զուտ առաջին օգնություն։ Գյուղը ծննդատուն էլ չունի։

Ինչպես վերեւում նշել ենք, ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական մի իրադարձության զոհ են դարձել մի քանի գեղամավանցիներ։

Գյուղապետարանի անմիջապես հարեւանությամբ, գյուղամիջում, մոտ 80-100 քմ մակերեսով տարածք է հատկացվել օտար ափերում զոհված գեղամավանցիների հիշատակի վայր կառուցելու նպատակով։ Ծախսերն իրենց վրա են վերցրել Ռուսաստանի Դաշնությունում ապրող գեղամավանցիները։

Վաչիկ Սաղաթելյանին հարցրինք՝ հնարավոր չէ՞ր հիշատակի վայրի համար այլ տեղ հատկացվեր, իսկ ներկա տեղում, որի մոտ նաեւ բուժկետն է, թեկուզ մանկական խաղահրապարակ լիներ։ Գյուղապետը պատասխանեց, որ վայրը հատկացվել է նախորդ գյուղապետի օրոք, եւ եթե որոշում կայացնելու հնարավորություն ունենար, ապա այդ գործը նախաձեռնողներին կառաջարկեր այլ տարածք։

Գեղամավանի աղբավայրի մասին «Հետք»-ը գրել է ավելի քան մեկ տարի առաջ։ Բնապահպանության նախարարի խորհրդականի ծննդավայրում առ այսօր ոչինչ չի փոխվել։

Գյուղի աղբահանությունը մնացել է նույն մակարդակի վրա։

 

 

Մեկնաբանություններ (2)

Արմեն
Ափսոս որ մեր հայրենի գյուղական համայքները էս օրն են ընկել, առաջ Գեղամավանը շատ լավ տեղ էր, բնակչության և աշխույժ եռուզեռով:
Սամվել Հովասափյան
Սա լացելու բան է, այս ո՞ւր ենք ազգովի գլորվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter