HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փորձագետ. «Համայնքը պետք է դարձնել այնպիսին, ինչպիսին բնակիչն է երազում»

Մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ խոշորացված բնակավայրերի բնակիչներ մարզերում համայնքների խոշորացման ծրագրի ընդլայնումն առանց մեկնարկային ծրագրի արդյունքների վերլուծության համարում են լուրջ խոչընդոտ համայնքների հետագա զարգացման համար: Անորոշություն է տիրում խոշորացված փնջերում ընդգրկված փոքր թե մեծ բնակավայրերում: Ինը բնակավայրից ձեւավորված Ամասիա համայնքում, օրինակ, «ի՞նչ ակնկալիք ունեք համայնքների խոշորացումից» հարցին հնչում էր հիմնականում «նոր աշխատատեղերի ստեղծում» պատասխանը:

Ամասիայի մանկապարտեզում բուժքույր աշխատող Հասմիկ Ղազարյանի կարծիքով` խոշորացումը դրական փոփոխություններ է բերելու, թեպետ անցած 3-4 ամիսներին որեւէ էական տարբերություն չի զգացել անցած եւ ներկա ապրելակերպի միջեւ: Նոր աշխատատեղերի ստեղծման ցանկությունը լսում ենք տիկին Ղազարյանից, սակայն ինչպիսի՞ աշխատատեղ, ովքե՞ր են ստեղծելու, ի՞նչ եղանակով՝ զրուցակիցս պատկերացում չունի:

«Դե ասել են, որ լավ պիտի լինի,- բացատրում է Հասմիկ Ղազարյանը,- ես էլ եմ մտածում, որ հաստատ մի դրական բան լինելու է էս խոշորացումից: Հիմա, որ Ամասիան կենտրոն է, պիտի մտածեն մեր փնջի մեջ մտած մյուս գյուղերի հետ տրանսպորտով ինչ ձեւով պիտի կապվենք: Իմ կարծիքով` շատ կարեւոր բան է, թե չէ էլ ո՞րն է խոշորացման իմաստը, եթե էդ 8 գյուղերը նորից իրար հետ տրանսպորտային կապ չպիտի ունենան»:

Հասմիկ Ղազարյանը

Փնջում ներառված Ջրաձոր, Արեգնադեմ եւ Բանդիվան գյուղերից Ամասիայի մանկապարտեզ 6  երեխա է հաճախում: Հասմիկ Ղազարյանի կարծիքով` եթե տրանսպորտային նորմալ կապ ապահովվի, մանկապարտեզ եւ նախակրթարան չունեցող մյուս բնակավայրերից էլ ծնողները երեխաներին կբերեն նորակառույց մանկապարտեզ, որտեղ 60 երեխա է հաճախում:

Կարինե Հարթենյանը Ամասիայի միջնակարգ դպրոցի տնօրենն է, ասում է՝ որպես բնակիչ` իր համար դեռեւս ոչ մի որոշակի բան չկա: «Չեմ պատկերացնում, թե համայնքների խոշորացումից մեր վիճակն ինչպես կփոխվի՝ կլավանա, թե կվատանա,- ասում է Կարինե Հարթենյանը,- նոր աշխատատեղերի բացման հույս ունենք, որ մարդիկ չարտագաղթեն, լավ կլինի, եթե մի երկու բնակելի շենք կառուցվի: Վերջին տարիներին Ամասիայում ծրագրեր արվել են՝ կառուցվել են մանկապարտեզ, մարզամշակութային կենտրոն, համայնքային կենտրոն, ֆուտբոլի ժամանակակից դաշտ, բայց մեկ է` համայնքում որ շրջում ես, խորհրդային տարիների աշխուժությունը չկա»:

Կարինե Հարթենյանը

Մոտ 8 տարի առաջ Ամասիայում «WKS-Արմենիա»-ի կողմից բացված կարի գործարանի հետ կապված հույսերը չեն արդարացել՝ վարձատրությունը շատ ցածր է: «Որ բացվեց, մարդկանց մեջ հույս արթնացավ, բայց շատ արագ էլ հուսախաբ եղան, շատ ցածր վարձատրություն է, 15-25 հազար դրամ են տալիս, մարդիկ ստիպված են աշխատում, որովհետեւ այլ ճար չունեն, ստաժի համար են աշխատում,- դժգոհում է զրուցակիցս,- որ ասում ենք էս խոշորացումից հետո նոր աշխատատեղեր ենք ուզում, նկատի ունենք, որ աշխատավարձն էլ նորմալ լինի, մարդիկ չարտագաղթեն, արտագնա աշխատանքի չմեկնեն: Ես երեք զավակ ունեմ, 3-ն էլ Երեւանում են ու ասում են, որ Ամասիա չեն վերադառնա: Երիտասարդները գնում են, համայնքները ծերանում են, պատճառը աշխատատեղերի բացակայությունն է»:

Կարինե Հարթենյանին անհանգստացնում են նաեւ խոշորացված համայնքներում դպրոցների օպտիմալացման շրջանառվող խոսակցությունները: Փոքր գյուղերում դպրոցների փակվելը համայնքները կործանելու ամենաուղիղ ճանապարհն է համարում ամասիացի մանկավարժը:

Արմինե Խասիկյանը

Ամասիայի համայնքապետարանի հաշվապահ Արմինե Խասիկյանի համոզմամբ` մարդիկ ուղղակի լավ տեղեկացված չեն, թե ինչ ծրագրեր են նախատեսվում առաջիկա 5 տարում ու կոնկրետ բան չտեսնելով՝ հուսախաբվում են: «Մենք բրդի վերամշակման ծրագիր ենք ներկայացրել կառավարություն, որ նոր աշխատատեղեր կստեղծի Ամասիայում եւ 26 գյուղական համայնքներում, որտեղից պատրաստվում ենք բուրդն ընդունել,- ասում է Արմինե Խասիկյանը,- Ողջի գյուղում, որտեղ նախկինում գիշերային լուսավորության ցանց չի եղել, արդեն հենասյուներ ենք տեղադրել, որ ցանցն անցկացվի: Արեգնադեմ գյուղում էլ 60 երեխայի համար դպրոցի կառուցման նախագծի վրա ենք աշխատում: Կարծում եմ` պիտի մի քիչ էլ համբերենք, որովհետեւ երեք ամսում դժվար է շատ մեծ փոփոխություն ցույց տալը»:

Ըստ Մերի Մելիքյանի էլ` համայնքների խոշորացման ծրագրի տեսական մասը կարդալիս բավական իդիալական է թվում: Խնդիրները սկսվում են այդ ամենը գործնականում կիրառելիս: Ինչպես բոլոր պիլոտայինները, որոնք արվում են Հայաստանում ու հետո արդյունքներ «նկարվում», չկան հստակ վերլուծություններ՝ հետագա սխալներից խուսափելու համար: Մերի Մելիքյանին անհասկանալի է այն շտապողականությունը, որով ծրագիրը տարածվում է մարզերում:

Մերի Մելիքյանը

«Մեզ որ խոշորացրեցին ու դարձրեցին մեկ մեծ համայնք, էն պուճուր գյուղերն ինչպե՞ս են կառավարվելու, ինչպես են ռեսուրսները բաշխվելու, մանավանդ որ նոր ձեւավորված աշխատակազմն էդ փորձը չունի ղեկավարման: Եթե պիտի խոշորացվեր, ապա պիտի ժամանակ տրամադրվեր ու քիչ-քիչ միացնեին համայնքները՝ տեղայնացնեին, հետո անցնեին մյուսներին,- նկատում է զրուցակիցս,-Ամասիայի խոշորացված կոնտեքստը հասկանալու համար, իմ կարծիքով, պետք էր ասենք երկու համայնք միացնեին, մարդկային ինչ-որ կարողություններ զարգացնեին, որ կարողանային արդեն մեծ ծրագրի դեպքում հարկ եղած հմտությունները կիրառել»:

Մերի Մելիքյանի պատկերացմամբ` պետք է միավորվեր մեկ մեծ եւ մեկ փոքր համայնք, ասենք` Ամասիան եւ Բանդիվանը կամ Արեգնադեմը` որպես առավել մոտ համայնքներ: Այդ միացման օրինակի ու ստացված արդյունքի վրա պետք էր կառուցել հետագա ծրագրերը: «Ես պիլոտ հասկանում եմ տեղայնացումը ոչ թե մարզերի կտրվածքով, լայնամասշտաբ, այլ ավելի նեղ՝ երկու գյուղի օրինակով, ու կարծում եմ` դա ավելի ճիշտ կլիներ: Կհասկանային, թե մարդիկ ոնց կընկալեն, ոնց կզարգանան, ինչպիսի զարգացվածության ուղի կընտրեն երկու համայնքների արդեն միացյալ տնտեսությունները»: Մերիի համոզմամբ` արդեն իսկ խոշորացված համայնքներում մարդկանց զբաղվածության հարցի լուծումը պետք է լինի տեղական գյուղմթերքների մշակման կազմակերպումը: Դպրոցների խոշորացումն էլ պետք է արգելել՝ բացառելով գյուղերից երիտասարդ ընտանիքների արտագաղթը:

«Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար, փորձագետ Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ` ցանկացած բնակավայրի զարգացման գրավականը հանրության մտածողության փոփոխությունն  ու քաղաքացիական հասարակության հզորացումն է: «Համայնքը պետք է դարձնել այնպիսին, ինչպիսին բնակիչն է երազում եւ պետք չէ լինել ժլատ ցանկություններում»,- ասում է Գեւորգ Պետրոսյանը: Գյումրիում գործող «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի հրավերով Գեւորգն Ամասիայում սեմինար է անցկացնում «Քաղաքացիական հասարակության հզորացում» թեմայով: «Մենք հիմա Շիրակի մարզում ունենք մի քանի գյուղերի հրաշալի օրինակներ, որտեղ մեկ հաջողված փորձն իր հետեւից բերել է այլ ծրագրեր ու մտածողություն է փոխել: Չնայած մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ հենց մտածողության փոփոխությունն է դարձել այդ ծրագրերի հաջողության հիմքը»:

Գեւորգ Պետրոսյանը ամասիացիներին ներկայացնում է Շիրակի մարզի Սարապատ խոշորացված փնջում գտնվող Թորոսգյուղ եւ Ախուրյանի տարածաշրջանի Բասեն համայնքներում իրականացված ծրագրերը: «Երբ Բասենում մանկապարտեզի համար ջերմոցի ծրագիր առաջարկեցինք 2009թ-ին, գյուղացիներից մեկը` տարիքով մի մարդ, ասեց, թե չի աշխատի ծրագիրը, քամիներն ու կարկուտը չեն թողնի, որ աշխատող բան լիներ, սովետի ժամանակ կանեին, ավելի լավ է էդ փողին մարդա մի-մի պարկ ալյուր բաժանեք, պրծնեք: Բայց գյուղում կային նաեւ առաջադեմ մտածողության տեր մարդիկ, համայնքի ղեկավարն եւս նորարարկան գաղափարներին կողմ անձ էր ու ծրագիրը ստացվեց: Հիմա Բասենը ոչ միայն մեր մարզում, այլեւ հանրապետությունում լավագույն մոդելն է համերաշխ գյուղական համայնքի, որտեղ բաց են ցանկացած առաջադիմական գաղափարի համար»:

Մեկ համայնքում հաջողված փորձն այլ համայնքներում տարածելու լավագույն տարբերակն իհարկե գնալ եւ տեղում այդ ամենը սեփական աչքերով տեսնելն է: Սակայն դա անելու համար հարկ է, որ մարդիկ տեղեկացված լինեն: «Մենք դեռ տեսական մասն ենք մատուցում, երբ կցանկանան անցնել գործնականին, ապա դժվար չէ հասնել Թորոսգյուղ կամ Բասեն ու արդեն տեղում համոզվել իրենց լսածի մեջ: Կարեւորը` որ մարդիկ հավատան, թե էդ ամեն ինչը ֆանտաստիկայի ժանրից չէ, որ իրենք էլ կարող են անել, միայն ցանկություն է պետք: Երբ սկսեցին մտածել ոչ թե սեփական անձի, այլ համայնքի բարօրության մասին, էդ ժամանակ էլ կզարգանան»,-նկատում է Գեւորգ Պետրոսյանը:

Փորձագետի կարծիքով` պետք է մարդկանց պարզապես ցույց տալ սեփական նախաձեռնությամբ ինչ-որ բանի հասնելու ուղիները եւ օգնել դրանցից որեւէ մեկն ընտրելու հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter