HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լեռնակերտի 4-5 դարերի բազիլիկ եկեղեցին արդեն զանգակատուն ունի

Լեռնակերտը Շիրակի մարզի Արթիկի նախկին տարածաշրջանի գյուղերից է: Ծովի մակերեւույթից 1980 մ բարձրության վրա գտնվող բնակավայրի կազմավորման պատմությունը հասնում է մինչեւ 4-5-րդ դար. այդ մասին վկայում է հին գյուղատեղին եւ նոր գյուղի ձեւավորած տարածքում պահպանված 5-րդ դարի բազիլիկ եկեղեցին:

Ներկայիս բնակիչների նախնիների մի մասը գաղթել են Մուշից ու Ալաշկերտից 1840թ. եւ 1915-18 թթ.-ին: Մինչեւ օրս էլ, հատկապես` մեծահասակ լեռնակերտցիների խոսվացքում, պահպանված է մշո բարբառը: Բացի բազիլիկ եկեղեցուց Գյուղի տարածքում պահպանվել եւ մեզ են հասել Պողոս-Պետրոս մահարձանը 12-13 դարերի խաչքարերով, կիկլոպյան «Հոխեյի բերդ» եւ «Սիմոյի բերդ» ամրոցները, Թուխ մանուկ մատուռը, քարայր կացարանների համալիրը, «Ս. Հակոբ» սրբատեղին եւ այլն:

Հայաստանի տարածքում հազվադեպ կարելի է հանդիպել 4-5 դարերի թվագրության եկեղեցական կառույցների: Լեռնակերտի ս. Հովհաննես բազիլիկ եկեղեցին պահպանված եզակիներից է: Խորհրդային տարիներին այն ծառայել է, որպես գյուղի ամբար, որն էլ գուցե շինությունն ավերումից փրկելու պատճառ է եղել: 2004թ-ին բեյրութահայ բարերար Գոհար Խաչատուրեանի տրամադրած գումարներով եկեղեցին նորոգվել է, փոխվել է տանիքի փայտե ծածկը: Հիմնանորոգումից հետո եկեղեցին վերաօծվել է:

2005-2006թթ-ին, այս անգամ ռուսաստանաբնակ բարերար Գագիկ Հովհաննիսանի միջոցներով, գյուղի մուտքի մոտ կառուցվել է եւս մեկ՝ ս. Վարդան եկեղեցին,  որը սակայն չափերով զիջում է Լեռնակերտի բազիլիկ եկեղեցուն եւ չի կարող ծառայել եկեղեցական մեծ արարողություներին:

Սուրբ Վարդան եկեղեցին

Ինչ վերաբերում է 5-րդ դարի կառույց սուրբ Հովհաննես եկեղեցուն, ապա Լեռնակերտի հոգեւոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նազարյանն ասում է, որ եկեղեցին անաստվածության տարիների լուծը թոթափելուց հետո էլ իր հիմնական նպատակին չի ծառայել մինչեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի առաջին այցը գյուղ: Նրա հետեւողականության շնորհիվ եկեղեցին վերջնականապես մաքրվել եւ բարեկարգվել է:

Եկեղեցիները՝ կառուցված 4-5 դարերում, սովորաբար զանգակատուն չեն ունեցել, բացառություն չէ նաեւ ս. Հովհաննեսը: Զանգակատան կառուցումը շինությանը կից՝ կարող էր խաթարել եկեղեցու տեսքը եւ միակ ճիշտ որոշումը հարեւանությամբ այն տեղադրելն էր: Զանգակատան կառուցման առաջարկը հնչել էր ծնունդով լեռնակերտցի, Շիրակի մարզի ներկայիս մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ընտանիքից: «Իմ ու տղայիս ցանկությունն էր որեւէ կերպ, աստվածահաճո որեւէ գործով օգտակար լինել ծննդավայրիս: Առաջարկեցինք Արթիկի թեմական առաջնորդական տեղապահին կառուցել զանգակատուն՝ սիրահոժար համաձայնվեցին»,-նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Մայիսի 1-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, Արթիկի թեմական առաջնորդական տեղապահ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի եւ Արթիկի թեմի քահանաների մասնակցությամբ զանգը, նախ ի նշան մաքրագործման լվացվեց ջրով եւ գինով, ապա օծվեց սրբալույս մյուռոնով:

«Իմ պատահական այցերն այս գյուղ ցույց են տվել, որ այստեղ Աստծո խոսքի սերմը ցանում ես ու պտուղ է տալիս: Եվ ահավասիկ, Լեռնակերտի եկեղեցին պայծառազատվում եւ պայծառակերպվում է: Եվ Արթիկի թեմի ստեղծումից հետո, նախորդ առաջնորդի օրոք եւ հիմա, առաջնորդական տեղապահ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի շնորհիվ, շարունակվում է այս ծաղկման գործընթացը: Ես մի քանի անգամ անակնկալ կերպով եկել եմ Լեռնակերտ՝ մի տեսակ հետախուզելու, թե ինչ է կատարվում, եւ միշտ տեսել եմ լեփ լեցուն ժողովուրդ պատարագի ժամանակ: Եվ ուրախացել եմ, եւ ցնծացել եմ»,-հավաքվածներին իր գոհությունը հայտնեց Շիրակի թեմի առաջնորդը:

Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Նարեկ վարդապետ Ավագյան էլ իր հերթին շեշտեց, որ այն ինչ կատարվեց, մեկ անձի համար չէր, այլ մի ողջ համայնքի: «Գուցե ոմանց համար սա փոքր բան թվա, բայց փոքր կաթիլից է ծովն առաջանում եւ թող յուրաքանչյուր մարդ իր կարողության չափով ինչ որ բան անի եկեղեցու համար»,-հորդորեց Տեր Նարեկ վարդապետ Ավագյանը:

Հովսեփ Սիմոնյան

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի կարծիքով էլ պետք է ոչ միայն վերականգնել պատմամշակութային կոթողներն ու խոնարհված եկեղեցիները, այլեւ դրանք հասանելի դարձնել զբոսաշրջիկներին: «Պետք է մտածենք նաեւ զբոսաշրջության զարգացման մասին: Կարծում եմ ցանկացած տուրիստ ուրախ կլինի այցելել Լեռնակերտ եւ հիանալ 4-5 դարի կառուց համարվող այս եզակի պահպանված շինությամբ», - նշեց մարզպետը:

Լեռնակերտ գյուղը Գյումրի մարզկենտրոնից հեռու է 35, իսկ Արթիկ քաղաքից՝ 10 կմ: Երեւանից Գյումրի այցելող զբոսաշրջիկները հնարավորություն ունեն նախ այցելել Արթիկի տարածաշրջան, հիանալ Հառիճավանքով, Լմբատավանքով, ս. Հովահաննես եկեղեցիով, հետո արդեն ուղեւորությունը շարունակել Գյումրի:

Գլխավոր նկարում՝ 5-րդ դարի կառույց սուրբ Հովհաննես բազիլիկ եկեղեցին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter