HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման աճը դանդաղել է, դեպի Շվեյցարիա՝ կտրուկ մեծացել

Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից արտահանումն աճել է գլխավորապես դեպի երեք երկրներ արտահանման ավելացման շնորհիվ։ Տպավորիչ է Շվեյցարիայի ցուցանիշը։ Իսկ դեպի Ռուսաստան արտահանման աճի տեմպերը թուլացել են։ Որոշ երկրների առումով անկում է գրանցվել։

Սահմանափակ է նաև ապրանքների քանակը, որոնց արտահանման ավելացմամբ էլ պայմանավորված է ընդհանուր ցուցանիշի աճը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն աշխարհի հետ շուրջ 1 մլրդ 247 մլն դոլարի առևտուր է արել։ 443.1 մլն դոլար կազմում է արտահանումը, 803.7 մլն դոլար՝ ներմուծումը։

2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանից արտահանումն աճել է 16.5%-ով, իսկ ներմուծման աճը մի փոքր ավելին է՝ 17.9%:

Հայաստանի համար արտահանման խոշորագույն շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, հաջորդում են Շվեյցարիան, Բուլղարիան, Վրաստանն ու Գերմանիան։ Այս շուկաների ցանկը մեծ չէ` շուրջ մեկ տասնյակով եզրափակվում  է այն երկրների ցանկը, որոնք ՀՀ արտահանման կազմում համեմատաբար զգալի դեր ունեն։

Բացի Շվեյցարիայից, մյուս երկրները նախորդ տարի էլ  գլխավոր շուկաներ են հանդիսացել հայկական ապրանքների համար։ Իսկ Շվեյցարիային նախորդ տարվա առաջին եռամսյակում բաժին էր հասել ՀՀ արտահանման ծավալի ընդամենը 1.9%-ը։

Այս տարվա առաջին եռամսյակում ընդհանուր արտահանումն աճել է 16.5%-ով, որը բացարձակ թվով կազմում է մոտ 63 մլն դոլար։ Այն հիմնականում պայմանավորված է երեք  ուղղություններով՝ առաջին հերթին Շվեյցարիա, ինչպես նաև՝ Ռուսաստան և Բուլղարիա արտահանման ծավալների ավելացմամբ։   

Մասնավորապես, դեպի ՌԴ արտահանումն աճել է մոտ 28 մլն դոլարով կամ 39.3%-ով, դեպի Շվեյցարիա՝ 49 մլն դոլարով կամ 7.8 անգամ, իսկ դեպի Բուլղարիա՝ 17 մլն դոլարով կամ  42%-ով։ 

Իսկ թե որ ապրանքների արտահանումն է ավելացել  դեպի նշված երկրներ, վիճծառայությունը չի հրապարակում։ Այդ տվյալներն ավելի ուշ հրապարակելու է Մաքսային ծառայությունը։ 

2016-ին դեպի Շվեյցարիա Հայաստանից արտահանումը դարձյալ աճել էր, ընդ որում՝ մի քանի ապրանքների հաշվին՝ պղնձի, ժամացույցի կոպուսների, ադամանդի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի։ Կարելի է ենթադրել, որ այս տարի աճը շարունակվել է նշված ապրանքների շրջանակում։ Աճի շնորհիվ այս տարվա առաջին եռամսյակում Շվեյցարիան դարձել է հայկական ապրանքների երկրորդ խոշորագույն շուկաներից մեկը։ Մյուսը Բուլղարիան է. երկու երկրներին էլ բաժին է  հասել ՀՀ-ից արտահանման 12.7%-ը։ 

Դեպի Ռուսաստան արտահանման աճը գլխավորապես գրանցվել է կոնյակի, գինու, սննդամթերքի, որոշ չափով էլ՝ հագուստի ու դեղամիջոցների հաշվին։ Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` հունվար-փետրվարի տվյալները։ Մյուս կողմից էլ նկատելի է, որ նախորդ տարվա համեմատ դեպի ՌԴ արտահանման աճի տեմպերը զգալի թուլացել են։ Բանն այն է, որ 2015 թվականին Հայաստանից ՌԴ արտահանումը նվազել էր՝ մեծապես պայմանավորված ՌԴ տնտեսական վիճակով։  2016-ին բավականին մեծ տեմպերով աճ գրանցվեց, որին նպաստող գլխավոր հանգամանքներից մեկը 2015-ին անկում ապրած ցուցանիշներն էին՝ համեմատության թույլ բազան։ Եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում դեպի ՌԴ արտահանումն  աճել է 2.2 անգամ, ապա այս տարվա առաջին եռամսյակում՝ մոտ  40%-ով։  40%-ն ինքնին լավ ցուցանիշ է, հատկապես երբ հաշվի ենք առնում Ռուսաստանի կշիռը հայկական ապրանքների արտահանման կազմում, պարզապես այս պատկերը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ 2016 թվականին ՀՀ-ից ՌԴ արտահանման աճը (51.5%) պայմանավորված էր նաև 2015-ի անկմամբ։ 

Իսկ Բուլղարիա Հայաստանն արտահանում է հիմնականում պղնձի խտանյութ։ 

Արտահանման որոշակի աճ կա  նաև դեպի այլ երկրներ` Գերմանիա, Նիդերլանդներ, ԱՄՆ, ԱՄԷ,  Չինաստան ու Վրաստան։ 

Նվազել է դեպի Կանադա, Իրան և Իրաք արտահանումը։ Անկումն առավել զգալի է հատկապես Կանադայի և Իրաքի առումով։ 

Իսկ դեպի ԵԱՏՄ գործընկեր-երկրներ՝ Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, Հայաստանից արտահանումը կրկին չնչին ծավալներ ունի։ Յուրաքանչյուրի դեպքում այն 1 մլն դոլար էլ չի կազմել։ 

Ինչ է արտահանվել առաջին եռամսյակում

Ինչ վերաբերում է արտահանման ապրանքային կառուցվածքին, ապա այն գլխավորապես կազմված է հինգ ապրանքախմբից՝ պատրաստի սնունդ, հանքահումք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և դրանցից պատրաստված իրեր, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր, մանածագործական իրեր։

Ամենախոշոր տեսակարար կշիռն ունի հանքահումքը, որի արտահանումն այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 20.6%-ով աճել է։ Պատրաստի սննդի արտահանումն աճել է 35.1%-ով, ոչ թանկարժեք մետաղներինը և դրանցից պատրաստված իրերինը՝ 27.1%-ով, մանածագործական իրերինը՝ 1.5%-ով։ Նվազել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր ապրանքախմբի արտահանման ծավալները՝ 3.47%-ով։

 

ՀՀ արտահանման ծավալներն ըստ ապրանքային բաժինների 2017թ. հունվար-մարտին (հազ. դոլար)
Create your own infographics

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter