HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Patchi». առանց մակնշման և պաշտոնական ներկայացուցչի թույլտվության վաճառվող «էլիտար» շոկոլադներ

«Patchi» լիբանանյան էլիտար շոկոլադների արտադրությունը հիմնվել է 1974թ․ին։ Տարիներ շարունակ այն ընդլայնել է իր ցանցն ու այսօր խանութներ կամ, ինչպես ընկերությունն է անվանում՝ «շոկոլադի բուտիկներ» ունեն աշխարհի 21 երկրում ՝ 175 հատ։ Այդ երկրիների ցանկում է նաև Հայաստանը։ Այստեղ «Patchi»-ին իր խանութը բացել է 2009թ․ին։

«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում ևս վաճառվում են «Patchi» կոնֆետներ՝ ներկրված Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Դուբայից, որտեղ ընկերությունը նույնպես խանութներ ունի։ Շոկոլադը ներկրում է հենց «ՍԱՍ գրուպ» ընկերությունը։ Այդ կոնֆետների տեսականիի մեծ մասը տարբերվում է պաշտոնական խանութում վաճառվող ապրանքներից, իսկ արժեքը՝ գերազանցում։ Մասնավորապես՝ դրանց գինը սկսվում է մոտ 40 հազար դրամից և հասնում է մինչև 180 000 դրամը ( 400-600 գ-ի համար)։ Մենք ուսումնասիրել ենք այս կոնֆետները և պարզել, որ դրանք ոչ միայն վաճառվում են՝ առանց պաշտոնական ներկայացուցչի և Լիբանանի գլխավոր գրասենյակի թույլտվության, այլև դրանց մի մասի վրա բացակայում է հայերեն մակնշումը, իսկ մի շարք տուփերով կոնֆետներ «Patchi»-ն առհասարակ չի վաճառում։

«ՍԱՍ»-ի աշխատակից․ «Այս տեսականին կա միայն մեզ մոտ»


«ՍԱՍ»-ի մի քանի խանութներում աշխատակիցները տարբեր «բնորոշումներ» տվեցին այս կոնֆետներին․մի դեպքում մեզ ասացին, որ դրանք «գերմանական» կոնֆետներ են, մյուս դեպքում ՝ «սիրիական»։ Բայց խանութներ կային, որ աշխատակիցները գիտեին, որ շոկոլադները լիբանանյան են, բայց՝ ներկրված Դուբայից։

«ՍԱՍ» սուպերմարկետի խանութներում «Patchi»-ի մի շարք կոնֆետների տուփերի վրա հայերեն մակնշումը բացակայում էր, իսկ որոշների վրա էլ՝ մակնշում առհասարակ չկար։ Այն, որ «ՍԱՍ» սուպերմարկետի խանութներում նույն ապրանքների վրա մակնշումը փակցված է «ընտրովի», այդ մասին մենք գրել էինք։

Առանց հայերեն մակնշման շոկոլադներ

Իրացման կետերից մեկում վաճառող-խորհրդատուին խնդրեցինք ասել, թե ինչ տեսակի շոկոլադե կոնֆետներ են տուփերի մեջ՝ քանի որ մակնշումը բացակայում է։ Սրան ի պատասխան աշխատակիցը նշեց, որ դրանք «կակաո յուղից պատրաստած կոնֆետներ են, ոչ դառը, ոչ էլ՝ կաթնային» (նշենք, որ շոկոլադի բոլոր տեսակները պատրաստվում են կակաո յուղից)։ Այստեղ նաև ասացին, որ կոնֆետները սիրիական են, ու ներկայացված «տեսականին կա միայն իրենց մոտ», ինչպես նաև՝ «ներմուծված են միայն «ՍԱՍ» սուպերմարկետի համար»։

«ՍԱՍ»-ի պաշտոնական կայքում ներկայացված «Patchi» կոնֆետների որոշ տեսականու վրա ևս կարելի է գտնել «exclusive» պիտակը։

Թեև տեսակներից մի քանիսը կարելի էր գտնել «Patchi»-ի պաշտոնական  կայքում, սակայն փայտե տուփով նմանատիպ ապրանքներ, որոնց գինը սկսվում է 100 000-ից մինչև 180 000, «Patchi»-ին չուներ։ Մասնավորապես՝ 184 000 դրամ արժողությամբ սպիտակ տուփով կոնֆետների արտադրության երկիր նշված է Լիբանանը, սակայն նմանատիպ ապրանք մենք չկարողացանք գտնել ընկերության ոչ մի պաշտոնական ռեսուրսում։

Փայտե տուփով արտադրվող միակ ապրանքը, որը մեզ հաջողվեց գտնել «Patchi»-ի պաշտոնական կայքում, ուներ այսպիսի տեսք։ 

«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում վաճառվող 130 հազար դրամանոց փայտե տուփի կոնֆետները 400 գրամ են, աշխատակիցն ասաց, որ նույնը կարող ենք գնել նաև կիլագրամով։ Դրանց արժեքը՝ 100գ մոտ 4000-5000 դրամ է, այսինքն՝ 400գ կազմում է՝ առավելագունը՝ մոտ 16 000-20 000 դրամ։ Մնացած 110 000 դրամ, ստացվում է, փայտե տուփի համար է։ Այդ տուփերի վրա մակնշումը ևս «ընտրովի էր»։



 «Patchi»-ի այս ապրանքի վրա մի խանութում կար մակնշում, մյուսում՝ ոչ․ այսպիսի տուփեր ընկերության պաշտոնական կայքում չկային

Ստացվում է՝ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում առանց պաշտոնական ներկայացուցչի թույլտվության, առանց հայերեն մակնշման վաճառվում են «էլիտար» տեսակի շոկոլադներ։ Սրանով ընկերությունը ոչ միայն մոլորեցնում է սպառողին՝ առաջարկելով «էքսկլյուզիվ», բայց ըստ էության՝ անհայտ ծագման կոնֆետներ, այլև խախտում է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը․մակնշման բացակայությունը վկայում է, որ ապրանքը, հնարավոր է, հաշվառված չէ, և «ինչ-որ մաքսանենք ճանապարհով մտած սննդամթերք է» (տես՝ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի հետ հարցազրույցը

Հայերեն թերի մակնշմամբ «Patchi» շոկոլադներ․ այսպիսի տուփեր ընկերության պաշտոնական կայքում ևս չկային

Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այժմ, պարզաբանում ստանալու համար մեզ չհաջողվեց կապ հաստատել «ՍԱՍ գրուպ»-ի գրասենյակի հետ՝ իրենց կայքում նշված հեռախոսահամարով։

«Patchi»-ի գրասենյակ․ «Այցելեք Արգիշտի 4»


Մենք դիմեցինք «Patchi» -ի ընկերության լիբանանյան գրասենյակ և խնդրեցինք պարզաբանել՝ ի վերջո որոնք են Երևանում վաճառվող իրենց օրիգինալ ապրանքները և որտեղից կարելի է դրանք գնել։

«Patchi» պաշտոնական էլեկտրոնային հասեցից՝ հաճախորդների սպասարկման բաժնից մեզ պատասխանեցին, որ ««Patchi»-ի իրենց արտադրանքը Երևանում կարելի է ձեռք բերել Արգիշտի 4 հասցեում գտնվող խանութից»։

 

««Patchi» ով առնում է, գիտեն, որ իսկական ապրանքը  մեզ մոտ է»․ հայաստանյան ներկայացուցիչ


«Patchi» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է «Էյ-Սի-Բրիջ» ՓԲԸ-ն, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Մանուկյանի դստերը՝ երգչուհի Լուսինային։

                                                     Լուսանկարում՝ ձախից Անդրանիկ Մանուկյանը, աջից՝ Լուսինան խանութի բացմանը՝ 2009թ․

«Patchi» խանութի տնօրենն է Սևակ Մաջարյանը։ Թե ինչպես են ներմուծում, ոնց են Հայաստան բերվում կոնֆետները, վերջինս չկարողացավ նշել․որոշ ժամանակ առաջ հետաքրքվել են, իմացել, որ Դուբայից են բերում։ «Մենք պաշտոնական ներկայացուցիչ ենք, մենք դիստրբյուտոր չենք, որ վերավաճառենք,-ասում է Ս․ Մաջարյանը։-«Patchi»-ի ֆիրման ինքը վաճառում է միայն իր խանութներում, այսինքն՝ չի ցրում ապրանքը շուկայում»։

Բայց նույնիսկ այս դեպքում, եթե որևէ ընկերություն ցանկություն ունենար իր խանութում վաճառեր ապրանքը, պետք է կապ հաստատեր այստեղի պաշտոնական ներկայացուցչի հետ, սակայն, ըստ տնօրենի, այդպիսի փորձ երբևէ չի եղել։

«Իրենք («ՍԱՍ գրուպ», հեղ․) մեզանից չեն վերցնում, դա հաստատ,- նշում է Ս․ Մաջարյանը։-Մենք ունենք բոլոր լիցենզիաները, սննդի անվտանգության սերտիֆիկատով, ամեն ինչ օրինավոր ապրանքը ներմուծում ենք Հայաստան»։

Այն հարցին, արդյոք այս փաստն իրենց չի մտահոգում, Սևակ Մաջարյանը պատասխանեց, որ «իրենց ապրանքի որակից արդեն հաճախորդը գիտի որակի տարբերությունը»՝ հավելելով նաև որ նմանատիպ երևույթները Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում համատարած են։ «Patchi»-ի հաճախորդները գիտեն, որ իսկական ապրանքը մեզ մոտ է»,-ասում է տնօրենը։

Թեև որևէ փորձաքննություն չի արվել, սակայն Ս․ Մաջարյանն այն կարծիքին է, որ դրանք որակով զիջում են իրենց բերած շոկոլադներին։ «Իրենց մոտ մեզանից 20-30% թանկ է վաճառվում։ Բացի այդ, մեզ մոտ չես տենա էն ապրանքը, որ իրանց մոտ կա»,-նշում է տնօրենը։

«Էյ-Սի Բրիջ»- ընկերությունը ֆրանչայզինգ անող ընկերություն է, մնացած այլ հարցերով, ըստ տնօրենի, իրավասու է զբաղվել Լիբանանում գտնվող գլխավոր ընկերությունը։ Իրենք ևս հարցին տեղյակ են։ Իսկ մինչ այդ, միակ լուծումն այն է, որ սպառողն ինքը ընտրի՝ ում է վստահում։

Գլխավոր լուսանկարը՝ wordpress.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter