HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Երևանի մանկապարտեզների հասանելիությունը. ըստ Տ․ Մարգարյանի՝ իր հերթին սպասում է ընդամենը 2500 երեխա, ԱՎԾ-ի տվյալներն այլ բան են հուշում

Երևանի մանկապարտեզների հասանելիության և դրա պատճառով առաջացող կոռուպցիոն ռիսկերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ  երևանցիներն ուշադրությամբ հետևում են, թե ինչ լուծումներ կառաջարկեն ավագանու թեկնածուները։  Այս հարցերի պատասխանները փորձեցինք նախ պարզել մայիսի 2-ին Դավիթաշեն համայնք այցելած Տարոն Մարգարյանից։  

-Մեր նախընտրական ծրագրում հստակ նշված է, - ասաց նա, - որ էլեկտրոնային եղանակով պետք է հերթագրում լինի։ Մեր դիտարկումները ցույց են տվել, որ ընդամենը 2500 երեխայի խնդիր ունենք ամբողջ Երևան քաղաքում, այնպիսի լուծումներ են տրվելու, որոնց արդյունքում հերթեր չկուտակվեն։

«Հետքին» հետաքրքրեց՝ ի՞նչ միջոցներով, գուցե նոր շինությունների կառուցմա՞ն, ինչին Տ․ Մարգարյանը պատասխանեց, որ նոր մանկապարտեզ կառուցելու են միայն Նուբարաշեն վարչական շրջանում և ավելացրեց, որ «եղած մանկապարտեզներում տարածքի խնդիր չունենք»։

«Հետքը» հետաքրքրվեց՝ եթե նոր շինություններ չեք կառուցելու, այդ դեպքում ինչպե՞ս եք տեղեր ապահովելու կամ ինչպե՞ս եք հաշվարկելու, թե քանի նոր տեղ է անհրաժեշտ։

-Մարդիկ իրենց դիմումները ներկայացնում են մանկապարտեզներին, - ասաց Մարգարյանը, - և հստակ երևում է, թե ինչքան երեխա է հերթում սպասում։

Ըստ նրա՝ այն պնդումը, որ հերթում սպասում են 8-9000 երեխա, ճիշտ չէ․ այդ թիվը գոյացել է այն պատճառով, որ ծնողները երեխային միանգամից մի քանի մանկապարտեզում են գրանցում։

«Ելք» դաշինքի կողմից առաջադրված ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանն իր հերթին կասկածի տակ է դնում Տարոն Մարգարյանի կողմից նշված էլեկտրոնային հերթագրման համակարգի տվյալները։ Այն չի կարող ճշգրիտ լինել, քանի որ առցանց չէ։ Ըստ Բախշյանի՝ այդ  ցուցակում երեխային հերթագրելու համար անհրաժեշտ է այցելել քաղաքապետարան և մասնագետի օգնությամբ տվյալները մուտքագրել։ Էլեկտրոնային հերթագրումն, ի դեպ, հենց Բախշյանի առաջարկով է ներդրվել, բայց այն պետք է լիներ հրապարակային։ Նա հարց է տալիս՝ եթե այդ համակարգը բաց է և թափանցիկ, ինչո՞ւ այն չի տեղադրվում համացանցում։

«Հետքի»  անցկացրած հարցման համաձայն (մայիսի 2-ի դրությամբ հարցաթերթիկը լրացրել է 106 մասնակից) 106 ծնողներից միայն մեկն է երեխային հերթագրել նշված էլեկտրոնային համակարգի միջոցով, մնացածը հերթագրել է մանկապարտեզում։ Հարցումը շարունակվում է և այն հասանելի է այստեղ:        

Երեխայի տարիքը

Թվաքանակը

 3

15486

4

13296

5

13263

6

14588

Ընդամենը

56633

Անահիտ Բախշյանը հաստատեց, որ տարբեր տարիներին քաղաքապետարանի կողմից նրան տրամադրված տեղեկությունների համաձայն հերթում սպասողների թիվն, իրոք, նվազել է։ Օրինակ՝ 2013թ․ ներկայացվել է 8000 թիվը, իսկ 2015թ․՝ 3000։

ԱՎԾ-ից փորձեցինք պարզել 2016թ․ Երևանում բնակվող 3-6 տարեկան (նախադպրոցական տարիք) երեխաների թվաքանակը։ 2016թ.  «Երևան  քաղաքի մշտական բնակչության թվաքանակն* ըստ սեռի և տարիքի, տարեսկզբի դրությամբ» փաստաթղթի ուսումնասիրության արդյունքում պարզվեց հետևյալը.

ԱՎԾ-ի 2015թ. նախադպրոցական հաստատությունների վերաբերյալ վիճակագրական ուսումնասիրության մեջ ներառված են հետևյալ տեղեկությունները։ 2016թ. Տվյալները առայժմ հասանելի չեն։

Ըստ ԱՎԾ-ի՝ 2015թ. Երևան քաղաքում գործել է 165 պետական ՆՈՒՀ, որտեղ հաճախել է 30 016 երեխա:

2015թ. Երևանի 165 պետական ՆՈՒՀ-եր հաճախող երեխաների թվաքանակը՝ ըստ տարիքի

Տարիքը

թվաքանակը

1,5-3 տարեկան

2 835

3-5 տարեկան

17690

6

9466

7

25

2015թ․ տվյալներով թվով 54 ոչ պետական հաստատություններ հաճախող երեխաների ընդհանուր թվականակը 2 273 էր: Կրթության և գիտության նախարարության կայքում հրապարակված տվյալների համաձայն Երևանի լիցենզավորված ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվը 2015-16թթ. ավելացել է 17-ով, սակայն դրանք հաճախող երեխաների վերաբերյալ ստույգ պաշտոնական տվյալներ դեռևս չկան: 

Քաղաքապետարանի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2016-17թ. ուսումնական տարում 160 (քաղաքապետարանի 2016թհաշվետվության մեջ նշված թիվն է, կայքում բերված է 162) պետական մանկապարտեզներ են հաճախել 30 295 երեխա:

Եվ եթե այս թիվը համեմատենք Երևան քաղաքում բնակվող միայն 3-6 տարեկան երեխաների ընդհանուր թվաքանակի հետ՝ 56 633,  ապա պարզ է դառնում, որ այս երեխաների առնվազն մեկ երրորդը հնարավորություն չի ունեցել հաճախելու պետական մանկապարտեզներ։ Սա այն դեպքում, եթե ենթադրենք, որ 6 տարեկանների կեսը հաճախել են դպրոցներ, իսկ ոչ պետական մանկապարտեզներ հաճախողների թիվը կրկնապատկվել է:

Մինչդեռ Տ․ Մարգարյանը խոսում է 2500 երեխայի հերթում լինելու մասին։

Օտարված և վարձակալության տրված մանկապարտեզներ 

Երևանի մանկապարտեզներում տեղերի սղության պատճառներից է այն, որ տարբեր տարիներին թաղապետների «թեթև ձեռքով» մանկապարտեզնեի շինությունները մասնավորեցվել և օտարվել են, դրանց մի մասն էլ տրվել է վարձակալության մասնավոր անձանց կամ ընկերությունների։

Անահիտ Բախշյանը երկար տարիներ է ուսումնասիրում նախադպրոցական հաստությունների խնդիրները և գտնում է, որ քաղաքն ուներ անհրաժեշտ ռեսուրսներն ավելի մեծ թվով երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար։ Նրա ունեցած տվյալներով խորհրդային ժամանակներում կառուցված ավելի քան 240 շինությունից այժմ նպատակին է ծառայում միայն 162-ը։

«Իմ ժամանակ մանկապարտեզ չի օտարվել, - ասում է Տ․ Մարգարյանը,  իսկ մանկապարտեզներում տեղերի սղության վերաբերյալ ավելացնում, - մենք այլընտրանք ենք առաջարկել․ շատերը նաև մասնավոր մանկապարտեզներ են բացել, կարող եք նայել, թե քանի մասնավոր մանակապարտեզ է բացվել վերջին 4 տարիների ընթացքում»։

Մարգարյանը խուսափում է մեկնաբանել այն, որ մասնավոր հաստատությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն ոչ բոլորն ունեն:

Փաստաբան Տիգրան Մուրադյանը գտնում է, որ նախադպրոցական կրթության ոչ բոլոր երեխաների համար հասանելի  լինելը ՀՀ կրթության մասին օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածների կոպիտ խախտում է։ Նա նույնպես ստիպված է եղել երեխային մասնավոր մանկապարտեզ տանելու այն բանից հետո, երբ Դավիթաշեն ՎՇ-ի երկու մանկապարտեզներից ստացել է մերժում։ Մուրադյանին պատճառաբանել են, որ հարկավոր էր երեխային նախօրոք հերթագրել, և միայն 6 ամիս անց ակնկալել, որ հերթը կհասնի։

«10-րդ հոդվածը սահմանում է, որ նախադպրոցական կրթությունը հանրակրթական հիմնական ծրագրի մասն է, - ասում է Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում, - և երեխային զրկելով կրթության իրավունքից՝ չի ապահովվում 17-րդ հոդվածով  սահմանված նախադպրոցական կրթության հիմնական խնդիրների իրականացումը, որոնցից են  երեխայի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը, հաշվետու տարրական կարողությունների զարգացումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը և օրենքում թվարկված մի շարք այլ կարևոր խնդիրներ»։ 

Մուրադյանի ընտանիքը երեխայի կրթության համար իր վճարում է 60 հազար դրամ։ Նա վարչապետին խնդրում է պարզել, թե ինչ չարաշահումներ են տեղի ունենում։ 

Այն հարցին, թե հնարավոր է ետ բերել օտարված մանկապարտեզները, Անահիտ Բախշյանը պատասխանում է, որ նախ պետք է փորձել վերադարձնել վարձակալության հանձնված 47 մանկապարտեզային տարածքները։ Այդ տարածքները վարձակալում են շուրջ 106 ՍՊԸ և այլ կազմակերպություններ, և դրանց մի մասի վարձակալության պայմանագրերը վաղուց վերջացել են, իսկ մյուս մասին վարձակալության է տրվել՝ անհատույց (56-ը)։ Չորս տարի շարունակ Բախշյանը բազմաթիվ հարցումներ է ուղարկել պարզելու համար, թե որ վարչական շրջանում քանի շինություն է տրվել վարձակալության, ովքեր են վարձակալում այդ շինությունները, որքան գումար է վճարվում պետբյուջե, բայց լիարժեք պատասխան այդպես էլ չի ստացել, և միայն որոշ դեպքերում է հաջողվել ինչ-որ բան պարզել։

«Օրինակ՝ Արաբկիր համայնքում  2 մանկապարտեզների շենքերում այլ կազմակերպություններ են գործում։ Թիվ 33 մանկապարտեզում «Էդի ընդ Էդիթ» ոչ պետական մանկապարտեզն է, - ասում է Բախշյանը, - մասնավոր դպրոցներ ու մանկապարտեզներ են գործում մի շարք այլ նախկին պետական մանկապարտեզների շենքներում։ 5 այդպիսի շինություն է անհատույց վարձակալության տրվել «Երկրապահ կամավորական միությանը», շախմատի դպրոցների, նույնիսկ մեկ հացի արտադրության (Նորքի 9-րդ զանգված) ու մեկ կրոնական կազմակերպության։ Աջափնյակի թիվ 44 մանկապարտեզի 152 քառ․մ տարածքն անհատույց զբաղեցնում է ինչ-որ Հրաչ Ներսիսյան, Աջափնյակի թիվ 48-ի մի մասը տրված է «Արփի-Անի» ՍՊԸ-ին»։ 

Ըստ Բախշյանի՝ այդ մանկապարտեզների թվին է դասվում նաև Մալաթիա-Սեբաստիա  ՎՇ-ի Լենինգրադյան 33 հասցեում գտնվող «Սեբաստիան», որը 2008թ․ որպես սեփականություն տրվել է համայնքին, այնուհետև այն 50 տարվա վարձակալության իրավունքով անհատույց տրամադրվել էր «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամին (այսինքն՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին)։ Բախշյանը նշում է, որ մեկ տարի անց՝ 2009թ.-ին, Ալեքսանյաններին հաջողվել է սեփականաշնորհել այն։ Պայմանագիր է կնքվել ՎՇ-ի հետ, որտեղ նշված է, որ շենքը հիմնանորոգվելու է և շարունակելու է ծառայել նույն նպատակին։

«Ցավալի է շատ, բայց  2012թ․-ից այն արդեն չի գործում։ Մանկապարտեզը հայտնի էր իր հրաշալի ավանդույթներով ու հարմավետությամբ։ Սա հակասում է նախադպրոցական կրթության մասին 2005թ․ ընդունված օրենքի պահանջներին»,- ասում է Ա.Բախշյանը։

Բախշյանը շեշտում է, որ մանկապարտեզը կառուցվել է աշխարհասփյուռ սեբաստահայերի հանգանակած միջոցներով դեռևս խորհրդային տարիներին։ 

Շինությունների օտարման մասով ուշագրավ է դիտարկել Դավիթաշեն վարչական շրջանի օրինակը։ Վարչական շրջանից ստացված պատասխանի համաձայն Դավիթաշենում խորհրդային տարիներին կառուցվել է 10 մանկապարտեզային շինություն։ Այդ շինությունները համամասնորեն բախշված էին ողջ ՎՇ-ի տարածքում և նախագծվել էին թաղամասի բնակչության թվին համպատասխան։ Ըստ Վարչական շրջանից ստացված պատասխանի՝ հինգ «չգործող շինություն» օտարվել է  մինչև 2009թ․, սակայն օտարման եղանակի կամ դրանից ստացված հասույթի մասին ՎՇ-ի ղեկավարը դժվարանում է պատասխանել, քանի որ տեղեկությունները չեն պահպանվել և առաջարկում է դիմել ազգային արխիվ։ 

Ինչպես վերադարձնել յուրացվածը նախադեպ կա

Ինչո՞ւ է սա տեղի ունեցել․այս հարցի պատասխանը փնտրելուց առաջ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք միջազգային պրակտիկայում եղել են նախադեպեր, երբ օտարված պետական գույքը վերդարձվել է։

Անկախացման շքերթից հետո ուսումնական հաստատությունների մասնավորեցման այս ամոթալի երևույթը տարածվել էր նաև նախկին խորհրդային երկրներում: Ղրղրստանում, սակայն, շուրջ յոթ տարի առաջ սկսված շարժման շնորհիվ հաջողվել է մանկապարտեզների շինությունները ետ բերել։  Այս նախաձեռնության հեղինակը նախկին ԱԳ նախարար և երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռոզա Օտումբաևան էր, որին հաջողվեց սկսել նախադպրոցական հաստատությունների վերադարձման գործընթացը: Խորհրդային ժամանակներում կառուցված 1696 մանկապարտեզային հաստատություններից մինչև 2010թ. պետական հաշվեկշռում էր մնացել ընդամենը 691-ը: Օտումբաևայի շնորհիվ սկսվեց այս հաստատությունների շենքերի մասնավորեցման գործերով լայնածավալ քննություն, հարցուցվեց ավելի քան 50 դատական գործ: Այս գործընթացի ադյունքում 2017թ. սկզբին պետության հաշվեկշիռ է վերադարձվել առնվազն 198 մանկապարտեզային շինություն:  Մեղադրյալի աթոռին են հայտնվել նաև Բիշկեկի նախկին քաղաքապետը և  քաղաքապետարանի աշխատակիցներ: Իսկ 2013թ. Ղրղրստանի խորհրդարանն օրենքի ընդունմամբ արգելեց պետական ուսումնական հաստատությունների շինությունների մասնավորեցումը:

Տիկին Բախշյանը շեշտում է, որ այս դրույթն ամրագրված է Նախադպրոցական կրթության մասին 2005թ․ՀՀ օրենքով, սակայն սա չի խանգարել, որ Ալեքսյանները յուրացնեն «Սեբաստիա» մանկապարտեզի շինությունը։ 

Առաջին լուսանկարը՝ «Ավելի լավ Երևան» Ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (3)

Նախագահ
Մանկապարտեզների հասանելիությունը դեռ պրոբլեմներից ամենակարևորը չէ, այդ անհասանելի մանկապարտեզների վիճակն ու դրանցում հրամցվող սնունդի որակը համեմատեք տարոն մարգարյանի պադավատի, տան, հատարարգրի հետ: Մանկապարտեղ կա, որ սովետի ժամանակվանից չի վերանորոգվել: Մանկապարտեզների ծառայությունը ձրի չէ, առանց դաստիրակներին ոչ մի ծնող իր երեխային չի կարող վստահել կիսաքայքայված շենքերում կազմակերպված հաստատությանը: Սնունդը միօրինակ ու էժանագին, նվազագույն քանակության անորակ զանգված է, անթույլատրելի սանիտարական պայմաններում պատրաստված: տարոնը ստուգել է, թղթի վրա ամեն ինչ ճիշտ է: Սա անհամեմատեղի ու անհամատեղելի է իր շիսոտի, 77/7 հասցեի հետ: ԵՎ այս սուբյեկտը նորից է ուզում վերընտրվել, որ ինչ անի???
Հասմիկ
չհասկացանք ստացվում է ,որ երեխայիս հերթագրեցի ,,3-ը լրացավ հնարավոր է ,որ մեկ կամ երկու տարի հետո կամ կհասնի հերթ,կամ՝ոչ։ Ես էլ ինչ անեմ աշխատանքից ստիված դուրս գամ նստեմ տանը,բա երեխայիս ով կերակրի կամ հագցնի,մնացածը չեմ ասում։Տարոն դու ?
Արտյոմ
«ԸնդՀամենը» չի,,« ընդամենը» ա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter