HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հուշարձան դարձած ինքնաթիռները՝ Հայաստանում

Հայաստանի տարբեր վայրերում՝ օդանավակայաններից դուրս, կան հուշարձան-օդանավեր, որոնք վաղուց ապրել են իրենց դարն, ու այսօր, կարելի է ասել, միայն նրանց կմախքն է մնացել: Այս ինքնաթիռները ցուցանմուշի դեր են կատարում ոչ միայն թանգարանների տարածքներում, այլեւ առաջին հայացքից զարմանալի թվացող «վերջնականգառներում»:

Հուշարձան-օդանավերից մեկը գտնվում է Երեւանի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում: Սա խորհրդային «ՄիԳ-19» տիպի կործանիչ է: Այսպիսի օդանավերի ստեղծումն ու արտադրությունն սկսվել է Հայրենական Մեծ պատերազմից հետո՝ 1950-ականներին: Արտադրվել է շուրջ 6500 միավոր: «ՄիԳ-19»-ը ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլեւ սոցճամբարի, ասիական ու աֆրիկական մի շարք երկրների ռազմաօդային ուժերի կարեւոր բաղադրիչներից էր: Այս օդանավն ու դրա չինական տարբերակը («J-6») մասնակցել են Վիետնամի, արաբաիսրայելական ու հնդկապակիստանյան պատերազմներին: 

«ՄիԳ-19Ս» կործանիչը՝ Երեւանում (2015 թ.)

Նշենք, որ 1938-1960 թթ. Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում բազավորվել են խորհրդային բանակի ավիացիոն տարբեր ստորաբաժանումներ, սակայն դրանցում օգտագործվել են ավելի հին սերնդի օդանավեր, քան «ՄիԳ-19»-ն էր:

Եվս մեկ «ՄիԳ» գտնվում է Ալավերդի քաղաքի մաս կազմող Սանահին գյուղում՝ Միկոյան եղբայրների տուն-թանգարանի հարեւանությամբ կառուցված հուշահամալիրում: Ինչպես հայտնի է, Արտեմ Միկոյանն է «ՄիԳ» օդանավերի համահեղինակներից մեկը (Միկոյան + Գուրեւիչ = ՄիԳ): Հայտնի եղբայրների տուն-թանգարանն ու հուշահամալիրը բացվել են 1982-ի ամռանը՝ նրանց մահից տարիներ անց: Մոսկվայից Սանահին բերված «ՄիԳ-21» կործանիչն ու Արտեմ Միկոյանի ծառայողական «ԶԻՄ» մեքենան թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշներից են:    

«ՄիԳ-21Ու» կործանիչը՝ Սանահինում (2015 թ.)

«ՄիԳ-21»-երն ասպարեզ են մտել 1950-ականների երկրորդ կեսին: Կիրառվել են բազմաթիվ երկրների ռազմաօդային ուժերում: Պատմության ընթացքում արտադրվել է ավելի քան 11 հազար միավոր: Սրանք նույնպես ունեցել են չինական տարբերակ՝ «J-7» անվանումով: «ՄիԳ-21»-երը կռվել են Վիետնամի պատերազմում, արաբաիսրայելական, հնդկապակիստանյան կոնֆլիկտների, Լիբանանի կռիվների, եգիպտալիբիական, եթովպասոմալիական, իրանաիրաքյան եւ Հարավսլավիայի պատերազմների ու այլ կոնֆլիկտների ժամանակ:

Մեկ այլ «ՄիԳ» էլ կանգնեցվել է Արցախում՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում, որը ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) ծննդավայրն է: Գյուղում 1984-ից գործում է թանգարան, որտեղ այսօր, ի թիվս հնագիտական իրերի, ցուցադրվում են մարշալին ու թաղլարցի զինվորականներին նվիրված նմուշներ: «ՄիԳ-17» կործանիչը գտնվում է թանգարանի դիմաց:   

«ՄիԳ-17» կործանիչը՝ Մեծ Թաղլարում (2012 թ.)

«ՄիԳ-17»-երն օդուժ են մտել իրենց նախորդի՝ «ՄիԳ-15»-ի հաջողությունից հետո՝ 1950-ականների սկզբին: Միայն ԽՍՀՄ-ում արտադրվել է շուրջ 8000 միավոր, մոտ 3000-ն էլ՝ լիցենզիայի հիման վրա այլ երկրներում: Վերը նշվածների պես սրանք էլ կիրառվել են ոչ միայն մարտական հերթապահության, այլեւ պատերազմների ժամանակ՝ Վիետնամում, Մերձավոր Արեւելքում:   

«ՄիԳ-17»-ը՝ 2016-ին

Եթե ռազմական «ՄիԳ»-երը տրամաբանորեն հայտնվել են ռազմական գործին առնչություն ունեցող թանգարանների հարեւանությամբ, ապա հուշարձան դարձած մյուս օդանավերը, թվում է, ոչ մի կապ չունեն այն միջավայրի հետ, որտեղ այսօր գտնվում են:

Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանի Չկալովկա եւ Նորաշեն գյուղերի միջակայքում՝ «Նոյ Լենդ Ռեզորթ» հանգստյան գոտում կարելի է տեսնել ափի հարեւանությամբ կանգնած «Յակ-40» մարդատար օդանավը: «Հայկական ավիաուղիներին» պատկանած ինքնաթիռի վրայից ժամանակի ընթացքում սկսել են ջնջվել գրությունները, սակայն ոչ ամբողջությամբ:

«Յակ-40»-ը՝ Սեւանի ափին (2012 թ.)

Տեղական եւ ռեգիոնալ գծերի համար օգտագործվող «Յակ-40» փոքր օդանավերը բավականին սիրված ու ճանաչված էին ԽՍՀՄ-ում եւ դրա սահմաններից դուրս: 1960-80-ականներին արտադրվել է ավելի քան 1000 միավոր:   

Կոնկրետ այս օդանավն արտադրվել է Սարատովի ավիացիոն գործարանում 1976-ին: Նույն տարվանից սկսել է շահագործվել: Ի սկզբանե եղել է ԽՍՀՄ քաղավիացիայի նախարարության հայկական վարչության տրամադրության տակ՝ շահագործվելով միութենական «Աէրոֆլոտ» բրենդի ներքո՝ СССР-88167 համարով:

Դեռեւս խորհրդային նշագրումներով (1993 թ.)

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երբ ավիապարկերն անցան անկախացած հանրապետություններին, այս «Յակ-40»-ն էլ շատ ուրիշ օդանավերի պես մտավ նորաստեղծ «Հայկական ավիաուղիների» շարժակազմ որպես EK-88167:

EK-88167-ը՝ Սեւանի ափին (2015 թ.)

«ՀԱՈւ»-ից ծնունդ առավ «Արարատ Ավիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, որը բազավորվում էր «Էրեբունի» օդանավակայանում ու շահագործում «ՀԱՈւ»-ի՝ այստեղ գտնվող «Յակ-40», «Ան-12», «Ան-24» օդանավերը եւ «Մի-8» ուղղաթիռները: EK-88167-ը նույնպես մի որոշ ժամանակ «Արարատ Ավիայի» տրամադրության տակ էր: 1999-ին կառավարությունը որոշեց վերակազմակերպել այս ընկերությունը՝ այն միացնելով «Հայկական ավիաուղիներին», բացի ուղղաթիռային էսկադրիլիայից՝ մյուս օդանավերը տեղափոխվեցին «Զվարթնոց»: Ինչպես հայտնի է, 1998-ից արդեն սկսվել էին «Հայկական ավիաուղիների» բարդ օրերը, որոնք տրամաբանական վերջաբան ունեցան 2004-ի գարնանը ընկերության սնանկացմամբ:

Յուրօրինակ ճակատագիր ունեցավ EK-88167-ը, որն, ըստ ավիացիոն տեղեկատուների, 2001 թ.-ից չի շահագործվել: Ինքնաթիռը մի որոշ ժամանակ կայանված էր «Զվարթնոցում», իսկ հետո տեղափոխվել է Սեւանի ափ:   

«Հայկական ավիաուղիների» մեկ այլ «Յակ-40» էլ կանգնած է Աշտարակի «Վանա լիճ» ռեստորանի հարեւանությամբ՝ Քասաղ գետի ափին: Սա գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան նախորդը:

Ռեստորանն ու օդանավը (2011 թ.)

Այս ինքնաթիռն էլ արտադրվել է «Յակ-40»-ների «ծննդավայրում»՝ Սարատովում, 1977-ին: Շահագործվել է նույն թվականից: Նախորդ օդանավի պես հենց սկզբից սա նույնպես տրամադրվել է քաղավիացիայի հայկական վարչությանն ու շահագործվել Հայաստանում՝ կրելով СССР-88256 համարը: Անկախությունից հետո մտնելով «ՀԱՈւ»-ի ավիապարկ՝ այն դարձավ EK-88256: Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ շահագործումից հանվել է մինչեւ 1997 թ., ինչից հետո որոշ ժամանակ կայանված է եղել «Զվարթնոցում», ապա 2000-ականների սկզբին տեղափոխվել է այնտեղ, որտեղ այժմ գտնվում է:      

EK-88256-ը՝ Աշտարակում (2015 թ.)  

Առաջին լուսանկարում՝ Սեւանի ափին կանգնեցված «Յակ-40»-ը (2017 թ., լուս.՝ Հակոբ Պողոսյանի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter