HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշտարակի ԲԿ-ում լուծումը գտել են. պատերի անցքերը փակում են լաթի կտորներով

Աշտարակի բժշկական կենտրոնը գործում է 4 մասնաշենքերում, որոնք կառուցվել են 1955-1979 թվականների ընթացքում: Կառուցումից ի վեր որոշ հատվածներում կատարվել են ընթացիկ՝ կոսմետիկ վերանորոգումներ, սակայն բուժհաստատության շենքում կապիտալ վերանորոգում ընդհանրապես չի իրականացվել:

Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ շենքը կապիտալ վերանորոգելու և այսօրվա պահանջներին համապատասխանելու կարիք ունի:

Արթուր Հովհաննիսյանը

«Այսօր մարդկանց պահանջները մեծանում է, և ամեն ինչ համեմատելու մեջ է: Երևան քաղաքում կան բժշկական հաստատություններ, որոնք բարձր կարգի վերանորոգված են, համալրված են արդիական սարքավորումներով և բնականաբար մարդիկ ցանկանում են ավելի լավ վերանորոգված պայմաններում լինեն և նորագույն սարքավորումներով հետազոտվեն: Այդ առումով մեզ խանգարում է այս վիճակը: Խանգարում է մրցունակ լինել, բայց ունենք բավականին գրագետ բուժանձնակազմ, և կա բնակչության մի մաս, որ ուզում է հենց մեր մոտ բուժվել»,- ասում է Արթուր Հովհաննիսյանը:

Տնօրենն ասաց, որ վերջին տարիներին հիվանդասենյակների համար արտասահմանյան և բարեգործական կազմակերպություններից ստացել են սարքավորումներ, մահճակալներ, կողապահարաններ: Ճիշտ է՝ դրանք օգտագործված են եղել նախկինում, բայց տնօրենի ասելով՝ «բավականին լավ վիճակում են»:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ բժշկական կենտրոնին նվիրաբերվել է 47 ժամանակակից մահճակալ, ներքնակներ, վիրահատարանի գույք և այլն: Դարձյալ դոնոր կազմակերպությունների միջոցներով վերանորոգվել են ծնարանն ու նախածնարանը: Վերանորոգվել են մի քանի հիվանդասենյակներ, կենտրոնի ընդունարանը և այլն:

Դռնից այն կողմ դոնոր կազմակերպության միջոցներով վերանորոգված ծնարանն է

«Բավարարվե՞լ եղածով, իհարկե՝ ոչ: Աշխատում ենք պետական միջոցներով, բարեգործական ընկերությունների միջոցներով նոր ծրագրեր իրականացնենք»,- հավելեց տնօրենը:

Նշենք, որ հիվանդասենյակների մեծ մասում գույքը չի թարմացվել: Իսկ վերանորոգված սենյակ կամ արդիական մահճակալ, կողապահարան ասելը խիստ հարաբերական է:

Բանն այն է, որ վերանորոգված սենյակների զգալի մասում պատերը խոնավ էին, բորբոսած: Իսկ որոշ հիվանդասենյակներ, օրինակ՝ թիվ 14-ը, թեև վերանորոգված են, սալիկապատված, սակայն հիվանդներն այնտեղ չեն ցանկանում մնալ խոնավության հոտի պատճառով: Պատերն ամբողջությամբ ջրի մեջ են և գաջի հոտը շնչել հնարավոր չէ:

Վատ վիճակում է գտնվում լվացարանի տարածքը: Խոնավությունից ծեփն ամբողջությամբ թափվել է: Պատերին բացվել են անցքեր:

Բժիշկները պատմեցին, որ բժշկական կենտրոնն ապահովված չէ շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ջուր ունենում են օրական 2 ժամ՝ 1 ժամ առավոտյան, 1 ժամ՝ երեկոյան: Այդ ժամերին ստիպված ջուրը պահեստավորում են, որ կարողանան օրվա ընթացքում օգտագործել:

Աշտարակի բժշկական հաստատությունում սարքավորումների մի մասը բավականին հին է: Մի մասը մի կերպ կարողանում են օգտագործել, մյուսները չեն աշխատում և վերանորոգման կարիք է զգացվում: Քիչ, բայց նոր սարքավորումներ ևս ունեն:

Ծննդատան վիրահատարանի անզգայացման (նարկոզ) ապարատը 1980-ականների արտադրանք է: Մեր այցելության ժամանակ ծննդատան վիրահատարանի դուռը բանալիով փակ էր: Այն բացելու կարիք գրեթե չկա: Բժիշկներն ասացին, որ անեսթեզիոլոգը հրաժարվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման ապարատն օգտագործել և այդ պատճառով տևական ժամանակ է՝ ծննդատան վիրահատարանը որպես այդպիսին իր նպատակին չի ծառայում: Հղիների վիրահատություններն իրականացվում են հիվանդանոցի ընդհանուր վիրահատարանում:

Տնօրեն Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ հին են նաև ռենտգենի, ֆլուրոգրաֆիայի ապարատները: ֆիզոթերապևտիկ գործողությունների համար նախատեսված սարքավորումները մոտ 30 տարվա հնություն ունեն:

«Բազմաթիվ սարքավորումներ ունենք, որոնք հին են և նորոգելու կարիք ունեն»,-նշեց Ա. Հովհաննիսյանը:

Ռենտգեն կաբինետի բժշկն ասաց, որ մոտ 2-3 տարի է՝ չի աշխատում ռենտգենադիտման (ռենտգենոսկոպիա) ապարատը: Այն խիստ անհրաժեշտ է հատկապես աղեստամոքսային տրակտի աշխատանքը ստուգելու համար:

Սարքավորումը չի աշխատում

Բժշկական կենտրոնի տնօրենն այս վիճակից դուրս գալու ելքը տեսնում է օպտիմալացման ծրագրերի իրականացման մեջ: Արթուր Հովհաննիսյանի խոսքերով՝ այսօր բժշկական կենտրոնը զբաղեցնում է մոտ 6700քմ տարածք, մինչդեռ կարելի է ավելի փոքր տարածքով բավարարվել:

«Վերակառուցման միջոցով մենք պետք է կարողանանք որոշ բաժանմունքներ տեղակայել մի տարածքում, որի արդյունքում կազատվեն տարածքներ, և հավելյալ ծախսեր չենք կատարի: Դա վերաբերում է և' էլեկտրաէներգիային, և' գազին, և' ջեռուցմանն ու սանիտարական աշխատանքների համար նախատեսված ծախսերին, կադրային խնդիրներին և այլն»,- ասում է Արթուր Հովհաննիսյանը և հավելում, որ իրենք հաշվարկել են` բժշկական ծառայություններ մատուցելու համար բավարար է նույնիսկ 4000 քմ տարածքը:

Նա տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների հետ բժշկական հաստատության «առողջացման» և օպտիմալացման, նոր ծրագրերի իրականացման ուղիներ են փնտրում:

Բժշկական կենտրոնի տնօրենն ասաց, որ հիվանդների թիվը պակասել է: Նվազել է նաև ծնունդների թիվը: Քիչ տարածք զբաղեցնելը, ըստ տնօրենի, արդյունավետ է ոչ միայն նշված փաստերը հաշվի առնելով, այլ հիվանդների դուրս գրման ժամկետների հաշվին: Եթե նախկինում վիրահատված հիվանդին երբեմն հիվանդանոցում պահում էին 15-20 օր, ապա նոր չափանիշներով հաշված օրերի ընթացքում հիվանդին դուրս են գրում և հանձնում պոլիկլինիկական հսկողության:

Արթուր Հովհաննիսյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ տարեկան միջինն ունենում են 50 000 բնակչի ամբուլատոր սպասարկում, 5000 շտապօգնության կանչ, 2000 բնակչի հիվանդանոցային սպասարկում: Արդիականացման կարիք է զգացվում նաև շտապօգնության ծառայությունում: Օրինակ՝ այսօրվա շտապօգնության հերթափոխի ավտոմեքենան խորհրդային տարիներից ժառանգություն ստացած «Ուազ» ավտոմեքենան է:

2016թ. Աշտարակի բժշկական կենտրոնն ունեցել են 300 ծնունդ, իսկ 2015-ին՝ 330: Ծննդատան սենյակները բավարար չափով վերանորոգված չեն: Որոշ սենյակների անկյուններում նույնիսկ հատակը քայքայվել է, և անցք է բացվել դեպքի ներքի հարկ: Անցքերը փակվում են շորի կտորներով կամ կոշտ առարկաներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter